top of page

Հազարավոր մարդիկ սոված քնում են գետնին, մեքենայի մեջ, որտեղ պատահի. Արցախում կատարվողն աննախադեպ է

24.09.2023

Տարեց ու երեխա, անհաշվելի թվով մեքենաներ, խիտ լվացք ու կաթսաներ կրակի վրա. Արցախի տարբեր բնակավայրերից փախած ընտանիքները ռուս խաղաղապահների տեղակայման վայրում են, դպրոց- համալսարանների շենքերում, քնում են գետնին, մեքենայի մեջ, որտեղ պատահի:


«Թոռնիկներիս հետ վախից չենք քնում, դողդողում են, գիշերը չեն կարողանում քնել։ Ռուսների մոտ հասել ենք, ասել են՝ էստեղ ապահով կլինի։ 12 հոգով ենք», - ասում է կանանցից մեկը։Այս ընտանիքը հարյուրավոր այլ ընտանիքների հետ օդանավակայանի տարածքում է գիշերում, սնունդ չկա, կան ուշաթափվողներ։Ավելի քան 8 հազաար քաղաքացի է տեղահանվել իր տնից ադրբեջանական զինուժի հարձակման հետևանքով։


Այսօր Հակարիի անցակետով դեպի Արցախ են ուղևորվել թե ռուս խաղաղապահների, թե Կարմիր խաչի բեռնատարները, ալյուր, վառելիք են տարել։ Երեկ ադրբեջանական կողմը ցուցադրել է, թե ինչ մթերք են Արցախ ճանապարհել։ Ստեփանակերտում, սակայն, հումանիտար աղետը շարունակվում է։

«Չի կարող էական ազդեցություն ունենալ, որովհետև պատկերացրեք՝ ինը ամսվա մեջ ինչպիսի դեֆիցիտ է առաջացել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը։


Նրա տեղեկացմամբ՝ Ստեփանակերտ-Բաքու պաշտոնական շփումների օրակարգում հենց հումանիտար հարցերն են. 5 օր է՝ նաև հոսանք չկա։


«Երկկողմ հանդիպման ժամանակ մենք այդ հարցը բարձրացրել ենք, նաև ադրբեջանական կողմը նշել է, որ դրական է վերաբերվում այդ հարցին, և որոշակի սպասումներ կան, որ պետք է վերականգնվի հոսանքը, ինչպես նաև գազամատակարարումը, բայց մինչև հիմա առարկայական բան չկա», - նշեց նա։


Եվլախից հետո Բաքու- Ստեփանակերտ հանդիպում էլի է եղել. հումանիտար հարցերից բացի, ապաշրջափակման հարցն է, որ ադրբեջանցիները հետ քաշվեն Արցախի բնակավայրերից, Ստեփանակերտի մոտակայքից, ասում է Հայաստանի Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Արցախյան կողմը դիմել է ռուսական կողմի միջնորդությանը, որպեսզի նրանք օգնեն այդ ադրբեջանական զորքի տարբեր ուղղություններով, որոշակի գոնե պարամետրով հետ քաշվելուն։ Ես նման տեղեկություն չունեմ, որ հետ եմ քաշվել, միայն գիտեմ, որ եղել են հատվածներ, որտեղ տարբեր խմբեր գտնվել են շրջափակման մեջ, բայց նրանց հնարավոր եղել է այդ շրջափակումից դուրս բերել», - ասաց նա։Բաքվի հետ քննարկվել է նաև Լաչինի միջանցքի ռեժիմի հարցը։


«Կա՞ն արդյոք ցուցակներ, որոնցում կան սահմանափակումներ որոշ մարդկանց, օրինակ՝ մարտական գործողությունների մասնակիցների, հնարավոր արգելքների և այլ նոր թեմաներով», - հայտնեց նա։


Արցախցի կանայք չեն պատկերացնում, թե միջանցքը բացվելու դեպքում իրենք ինչպես են հեռանալու՝ տղամարդկանց թողնելով գերության վտանգի մեջ։ Մարտական գործողություններից 5 օր անց դեռ զոհերի, վիրավորների հստակ թիվ չկա, բազմաթիվ ընտանիքներ փնտրում են իրենց հարազատներին, որ ենթադրաբար մնացել են ադրբեջանական օղակի մեջ։ Միայն Կարմիր խաչի մեքենաներն են մտել երեկ Մարտունի, այսօր Մարտակերտ։ Արցախից տեղեկացրին՝ Մարտակերտից 17 վիրավորների ու 30 զոհերի մարմիններ են տեղափոխում։


Արցախի առողջապահության նախարարն ասում է՝ ծանր վիճակում գտնվող 30 վիրավորներ կան, որ պետք է Երևան տեղափոխվեն։ Ըստ Վարդան Թադևոսյանի՝ կա պայմանավորվածություն, որ Կարմիր խաչի ուղեկցությամբ Արցախ կգնան Հայաստանի շտապօգնության մեքենաները։


Առողջապահության նախարարությունից տեղեկացրին՝ վիրավորների տեղափոխություն դեռ չի եղել։


6 երեխաների հետ Ստեփանակերտում մնացած կինը սպասում է՝ մի ճանապարհ բացվի, հեռանա Արցախից։ Ասում է՝ չորս կողմն ադրբեջանցիներ են, այստեղ ապրել չի կարող. - «Բոլոր կողմն էլ իրենք են, անտառներում իրենք են, մեր տնից մի քիչ ներքև էլ են իրենք»։


Ցերեկվա ժամերին բոլորը բակում են, որովհետև տանը ոչ լույս կա, ոչ գազ, ոչ էլ հեռախոսը լիցքավորելու հնարավորություն։ Դժվարը երեկոյան տուն մտնելն ու քնելն է, լուսացնում են նստած, մի աչքը բաց։

Commentaires


ԱՄՆ-ում բուժվող Պարգև Սրբազանը՝ տարօրինակ պատերազմի, չկոտրվելու, պատմության ու ապագայի մասին

bottom of page