Համարում է վնասակար

16.01.2020

Պետք է փորձենք մշտական խաղաղություն ունենալ բոլոր հարեւանների հետ: Այս մասին Sputnik Արմենիայի եթերում ասել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը:

«Հիմա տարբեր փորձագետներ ասում են, որ մի քանի տարի խաղաղ կապրենք, կհզորանանք, կվերազինվենք եւ մեր բաժին հաղթանակը կունենանք։ Կներեք, ես այս մտածողությունը համարում եմ հետադիմական եւ վնասակար։ Ես ուզում եմ, որ մատով ցույց տան, թե ում 18 տարեկան որդու հաշվին են դա ուզում անել»,–ասաց նա։


Նազարյանը նշեց` պետք է փորձենք երկարատեւ խաղաղություն ունենալ մեր բոլոր հարեւանների հետ. տարածաշրջանը վերջապես պետք է մարդկային դեմք ունենա։

Հարցին, թե Նազարյանը հակադարձո՞ւմ է այն պնդումներին, որ այլեւս ոչ մի պատերազմով հնարավոր չէ հետ բերել կորցրած տարածքները` Նազարյանը պատասխանեց, որ ինքը պատերազմով չի ուզում դա անել։


«Ես ուզում եմ քաղաքական գործընթացների միջոցով դա անել»,–հավելեց նա։

Նազարյանն անդրադարձավ նաեւ այն կարծիքին, թե պարտված երկրի ղեկավարը բանակցել չի կարող` ասելով`գուցե հենց պարտված ղեկավարն այժմ առավել լավ է պատկերացնում մեր դրությունը։


«Փաշինյանի ոտքերն ամուր կերպով գետնին են, ոչ թե երկնքում` երազանքների մեջ։ Նա շատ լավ պատկերացնում է, թե ինչ հնարավորություններ ունենք մենք հիմա, ինչ հնարավորություններ կարող ենք օգտագործել մեզ համար շահեկան դիրքերում հայտնվելու համար»,–ասաց Նազարյանը։