top of page

Հայաստանը Եվրոպայի ճանապարհին. Եվրախորհրդարանի պատասխանն Ադրբեջանի սպառնալիքներին

14.03.2024



Եվրախորհրդարանի երեկ ընդունած բանաձևը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա անսասան աջակցութուն է արտահայտում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու անկախությանը, նաև աջակցություն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ջանքերին, այսօր կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Ընդգծելով, որ բանաձևով Եվրախորհրդարանն արձանագրել է Հայաստանի ձեռքբերումները ժողովրդավարության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում՝ Փաշինյանը ողջունեց բանաձևը՝ կարծիք հայտնելով, որ այն Հայաստանում հանրային քննարկման առարկա պետք է դառնա։


«Սա ևս մեկ առիթ է քննարկելու Հայաստանի Հանրապետության ապագայի տեսլականը, և հույս ունեմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները, հանրության տարբեր շերտեր, քաղաքացիներ վերաբերմունք կարտահայտեն Եվրախորհրդարանից հնչող այս ուղերձի վերաբերյալ, որովհետև նման ուղերձներն ունեն շատ ավելի լայն արձագանքի կարիք, քան կառավարությունը կամ խորհրդարանական մեծամասնությունը», - հայտարարեց գործադիրի ղեկավարը։


Ձաների 504 կողմ, 4 դեմ, 32 ձեռնպահ հարաբերակցությամբ Եվրախորհրդարանը երեկ ընդունեց ԵՄ-ի և Հայաստանի միջև կապերի սերտացման, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին բանաձևը։


«Եթե Հայաստանը շահագրգռված լինի թեկնածուի կարգավիճակ ստանալ և շարունակի իր ժողովրդավարությունն ամրապնդող կայուն բարեփոխումների ուղին, դա կարող է հիմք հանդիսանալ ԵՄ-Հայաստան հարաբերություններում փոխակերպման փուլի համար», - ասված է Եվրախորհրդարանի պատգամավորների կողմից համատեղ ներկայացված բանաձևում։


Բաքուն քննադատել է բանաձևը՝ այն որակելով՝ «անհիմն», «կողմնակալ», «երկակի ստանդարտների վառ օրինակ»։


Պարտադիր կատարման ուժ չունեցող բանաձևն, այդուհանդերձ, դարձավ Եվրամիության առաջին պաշտոնական արձագանքը եվրոպական ընտանիքին մերձենալու ցանկությունների մասին Երևանից վերջին շրջանում հնչող հայտարարություններին։


Նախ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, թե Հայաստանը պատրաստ է մոտենալ Եվրամիությանն այնքան, որքան Բրյուսելը հնարավոր համարի, ապա արտգործնախարար Արարատ Միրզոյանն էր անցած շաբաթ ասել՝ Հայաստանը քննարկում է Եվրամիությանն անդամակցության հնարավորությունը։


Comments


32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page