top of page

Հայաստանը կպոկվի՞ Ռուսաստանից, թե՞ ոչ

20.09.2022

Հայ հասարակությունը ցանկացած քաղաքական քայլ ընկալում է բացառապես «իսկ եթե պատերազմը սկսվի» տեսանկյունից։ Այնինչ, պատերազմն արդեն ընթանում է՝ 2020 թվականին Արցախում, իսկ դրանից հետո՝ Հայաստանի տարածքում։ Բայց Արցախի մի մասի օկուպացիան, ագրեսիան Ջերմուկում և Սոթքում, Սյունիքը պոկելու փորձերը Երևանում պատերազմ չեն համարում։


Հիմա կրկին ասում են՝ պատերազմ կլինի, եթե հետեւենք ԱՄՆ-ի՝ որոշում կայացնելու, ՀԱՊԿ-ից դուրս գալու և այլընտրանքային անվտանգության համակարգ կառուցելու կոչերին։ Եթե մենք պոկվենք Ռուսաստանից, ապա պատերազմ կսկսվի, Հայաստանը կվերածվի Սիրիայի, ասում են Երեւանում։ Նրանք մոռանում են, որ 2018 թվականից Հայաստանի իշխանությունը անընդհատ ասում է, որ չի պատրաստվում դուրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, բայց արի ու տես՝ պատերազմը միեւնույն է՝ բռնկվել է, և առաջին հերթին Ռուսաստանն է շահել, զորքերը մտցնելով Արցախ։


Նրանք մոռանում են, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից Հայաստանի իշխանությունը խոսում է միայն խաղաղության մասին՝ համաձայնելով ռուս-թուրքական տանդեմի բոլոր աներևակայելի պայմաններին՝ Փաշինյանը չի այցելել Արցախ, այնտեղից զորքերը դուրս է բերել, Գորիս-Կապան ճանապարհը զիջել է, նաեւ Բերձորի միջանցք, Խծաբերդ, Փառուխ, Աղավնո, ամեն օր հավատարմության երդում է տալիս եռակողմ հայտարարությանը և խոսում «խաղաղության պայմանագրի» մասին՝ 29,8 հազար քառ. կմ վրա։ Բայց պատերազմը, այնուամենայնիվ, սկսվել է, արդեն խոսվում է «Ջերմուկի ճակատամարտի» մասին, և հարյուրավոր երիտասարդներ մահացան մեկ գիշերվա ընթացքում:


Ժամանակն է հասկանալու, որ թուրքերի հետ խաղաղության մասին անընդհատ խոսակցությունները և ռուսներին հավատարմության երդումները մեզ ոչ թե պաշտպանում են պատերազմից, այլ երաշխավորում են դա։ Սա չի նշանակում, որ եթե մենք այլ անվտանգության համակարգ ունենանք, ապա ապահովագրված կլինենք պատերազմից։ Ոչ, սա նշանակում է, որ եթե մենք սկսենք ընտրել սեփական անվտանգության համակարգը, ապա հնարավորություններ կլինեն ոչ միայն պատերազմից խուսափելու, այլև կորցրածը վերադարձնելու, որքան էլ դա անհավատալի թվա։ Որովհետև եթե կորցրածը չվերադարձվի, ապա Ջերմուկի, Սոթքի, Գորիսի, Սևանի, Երասխի ճակատամարտերը ժամանակի հարց են դառնում։


32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page