top of page

Հայաստանի հերթական նվաստացումը

5 ՄԱՅԻՍԻ 2023

FLYONE ARMENIA ավիաընկերությունը հայտնել է իր ևս մեկ՝ Երևան-Փարիզ-Երևան չվերթի չեղարկման մասին:

Ավիաընկերությունում դա բացատրել են նրանով, որ մայիսի 2-ին թուրքական ավիացիոն իշխանությունները չեն տրամադրել իրենց օդային տարածքով տարանցման թույլտվություն (overflight): Պատճառը չի հաղորդվում։

Ապրիլի 29-ին հայտնի դարձավ, որ Փարիզ-Երևան երթուղով FLYONE ARMENIA-ի չվերթը հարկադիր վայրէջք է կատարել Քիշնևում՝ իր օդային տարածքով թռիչքներ իրականացնելու Թուրքիայի արգելքի պատճառով: Ինչպես հայտարարել է ավիափոխադրողի տնօրենների խորհրդի ղեկավար Արամ Անանյանը, Թուրքիայի ավիացիոն իշխանություններն առանց նախնական ծանուցման և առանց ակնհայտ հիմքերի չեղարկել են իրենց օդային տարածքով դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնելու FLYONE ARMENIA-ի թույլտվությունը:

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. ԱՄԵՆԱՅՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ, տեսանելի ապագայում այնուամենայնիվ կպարզվի, թե ինչն է պատճառ ծառայել իր օդային տարածքով հայկական ինքնաթիռի թռիչքը թույլատրելուցթուրքական կողմի հրաժարման համար։ Իսկ քանի դեռ այդ պատճառները «անտեսանելի» են, կան բոլոր հիմքերը՝ կասկածելու, որ ստեղծված իրավիճակը քաղաքական աստառ ունի։ Ինչպես ասում են՝ մեկ անգամը պատահականություն է, երկու անգամը՝զուգադիպություն, երեք անգամը՝ օրինաչափություն։ Իսկ տվյալ դեպքում երկու անգամն արդեն քաղաքականություն է։ Իսկ եթե քաղաքականություն է, ապա դա Անկարայի կողմից Երևանի վրա ճնշում գործադրելու միջոց է։ Պատահական չէ, որ օդային հաղորդակցության հետ կապված հարցերը հայտնվել են հայ-թուրքական մեկնարկած գործընթացի հիմնական տարրերի շարքում։

Այդ գործընթացի համատեքստում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մոտ մեկ ամիս առաջ, օրինակ, այսպիսի հայտարարություն արեց.


«Մոտ ապագայում Թուրքիայում Հայաստանի դեսպանատան բացումը կարող է տեղի չունենալ, քանի որ սկզբում մենք պետք է այլ քայլեր կատարենք։Մենք բացել ենք մեր օդային տարածքը Հայաստանի համար, իրականացվում են բեռնափոխադրումներ, մեկնարկել է օդային փոխադարձ հաղորդակցությունը, մեր տարածքով հայկական ավիափոխադրողները կարող են թռչել երրորդ երկրներ»։ Այսպիսով, ակնհայտ է, որ ավիացիայի ոլորտում հայ-թուրքական փոխգործակցությունը Անկարան դիտարկում է որպես հայ-թուրքական քաղաքական օրակարգի կարևորագույն տարր: Սա՝ մի կողմից։ Մյուս կողմից ՝ Անկարան մեծ լավություն է համարում ավիացիոն ոլորտում փոխգործակցության հնարավորության տրամադրումը Երևանին։ Այսինքն ամեն դեպքում խոսքը ավիացիայի քաղաքականացման մասին է։

Մինչդեռ հայտնի է, որ Երևանի նկատմամբ Անկարայի յուրաքանչյուր քայլը համաձայնեցվում է Բաքվի հետ։ Այլ կերպ ասած, Թուրքիան և Ադրբեջանը տանդեմով են հանդես գալիս Հայաստանին վերաբերող ամեն հարցում։ Իսկ դա նշանակում է, որ հայկական ինքնաթիռների համար Թուրքիայի օդային տարածքի փակումը բնավ պարտադիր կապված չէ այն բանի հետ, որ Երևանն ինչ-որ բանով չի գոհացրելԱնկարային։ Երևանը պետք է գոհացնի նաև Բաքվին, համարում են Թուրքիայում։ ԱՄՆ-ում բանակցություններ են ընթանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև, այդ բանակցություններին բավականին անսպասելիորեն մասնակցում է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը և... Թուրքիան փակում է իր օդային տարածքը հայկական ինքնաթիռների համար։ Զուգադիպությո՞ւն է։ Իսկ գուցե դա թուրք-ադրբեջանական տանդեմի ճնշման քաղաքականությո՞ւնն է հայկական կողմի դիրքորոշման վրա:

ԹԵՊԵՏ, ԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆՔ ԱՆԻ։ Լոկ կնշենք, որ մինչ Անկարան և Բաքուն օգտագործում են ավիացիոն թեման Երևանին «յուղելու ու դաղելու» համար, Երևանն ինքը այդ առումով, մեղմ ասած, անհամարժեք պահվածք է ցուցաբերում։


Ձեռքում ունենալով ճիշտ նույնպիսի ավիացիոն գործիք, հայկական իշխանությունները դեռ ոչ մի անգամ չեն օգտվել դրանից։ Հիշեցնենք, որ 2021 թվականի հոկտեմբերից Բաքու-Նախիջևան չվերթ իրականացնող ադրբեջանական ինքնաթիռները թռչում են Հայաստանի օդային տարածքով։ Այս ընթացքում Ադրբեջանը հերթական ռազմական ագրեսիան իրականացրեց Հայաստանի դեմ անցած տարվա սեպտեմբերին։ Հայաստանը չփակեց իր օդային տարածքը ադրբեջանական ավիացիայի համար։ Անցած տարվա դեկտեմբերից Ադրբեջանը շրջափակել է Արցախը, բայց դա էլ չստիպեց Երևանին զրկել թշնամուն հայկական երկնքում սավառնելու հնարավորությունից։

Վերջերս Հայաստանի «հպարտ» քաղաքացիների «պրոֆեսիոնալ» տոնն էր։ Նրանց տոնը չի մթագնում այն նվաստացուցիչ վիճակը, որում հայտնվել է երկիրը։ Նրանց չի մտահոգում այն, թե ինչպես են Հայաստանի հանդեպ վարվում հարևանները, որոնց հետ «հպարտ քաղաքացիները» պատրաստվում են ապրել խաղաղության դարաշրջանում։ «Հպարտներին» չի հուզում, թե ինչպես են իրենց ծանակում, ինչպես են ծաղրում։ Այդ ի՞նչ հպարտության զգացում է, որ կարելի է ապրել նվաստացումից:

Հ.Գ.- Թուրքիան փակել է իր օդային տարածքը դեպի երրորդ երկրներ հայկական օդանավերիթռիչքների համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Նրա խոսքերը մեջբերել է Haber Global-ը։ Թուրք նախարարը օդային տարածքի փակումը բացատրեց Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանի բացմամբ. գործողություն, որի նպատակն էր ոչնչացնել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը կազմակերպած երիտթուրքերի պարագլուխներին: Հուշարձանի բացումն Անկարայում անվանեցին «սադրանք»։ Չավուշօղլուն սպառնաց նոր քայլերով, եթե Հայաստանի կողմից նման գործողությունները շարունակվեն։ Թուրքական կողմը կարող է արգելել նույնիսկ VIP-չվերթները, ասաց նա։

Գուցե իրոք դա էր հայկական ինքնաթիռների համար թուրքական երկինքը փակելու պատճառներից մեկը։ Բայց ինչ-որ շատ երկար մտածեց Անկարան՝ նախքան դա հնչեցնելը։ Նկատենք, որ օդը փակեցին ապրիլի 29-ին, իսկ պատճառը նշեցին միայն մայիսի 3-ին։ Համոզիչ չէ…


Արա Մելիքսեթյան

«Գոլոս Արմենիի»

Comments


Ռուսաստանից վերադարձել է Հայաստան և ստեղծել CreamLeo-ն՝ հայկական բնական քաղցրավենիքի արտադրանքը

bottom of page