top of page

Հայաստանի նախագահն այլևս ոչ թե Անգլիայի թագուհու, այլ թագավորի կարգավիճակում է

07.05.2023

Մայիսի 6-ին Լոնդոնում կայացավ Չարլզ Երրորդի թագադրման պաշտոնական արարողությունը։ Ու թեև «անգլիական թագուհու կարգավիճակ» կիսահեգնական արտահայտությունը մասամբ համապատասխանում է իրականությանը, նոր թագավորի լիազորությունները շատ ավելի ընդարձակ են լինելու, քան Հայաստանի նախագահինը։

Իհարկե, ճիշտ են ասում՝ բրիտանացի միապետները թագավորում են, բայց չեն կառավարում։ Իրոք, 1265 թվականից, երբ Անգլիայում ստեղծվեց առաջին պառլամենտը, թագավորի իրավունքներն ու պարտականությունները սկսեցին շատ արագ նվազել ու նվազել՝ Բալզակի շագրենի կաշվի նման։


Սակայն իրականում թագավորի զրոյական կարգավիճակի մասին լուրերը խիստ չափազանցված են թեկուզ այն պատճառով, որ նա բացարձակ կախված չէ որևէ քաղաքական ուժից կամ գործչից։ Ընդամենը մեկ օրինակ բերեմ։


Երևի գիտեք, որ մեզ մոտ Հանրային հեռարձակողի խորհրդի բոլոր անդամներին նշանակում է վարչապետը։ Իսկ վարչապետը շատ կոնկրետ կուսակցություն է ներկայացնում։ Հիմա ասեք՝ եթե ձեզ պաշտոնի է նշանակել քաղաքական գործիչը, դուք թույլ կտա՞ք, որ եթերում նրա հասցեին կամ նրա քաղաքական ուժի հասցեին սուր քննադատություն հնչի։ Ախր, եթե վարչապետն իմանար, որ դուք ունակ եք նման, կներե′ք, հանդգնության, ձեզ կյանքում չէր նշանակի այդ պաշտոնում։


Բրիտանիայում հանրային հեռարձակողի՝ ԲիԲիՍի-ի շեֆին նշանակում է թագավորը, որը երբեք ձեզ չի ստիպի քաղաքական պատվեր կատարել այն պարզ պատճառով, որ ինքը որևէ քաղաքական նախասիրություն չունի, ոչ էլ ձեր քննադատությունից է վախենում, որովհետև ընտրվելու խնդիր չունի։ Հենց այդ պատճառով էլ միշտ խոստովանել եմ՝ շատ կերազեի, որ Հայաստանը թագավոր ունենար։ Ախր, նա նույնիսկ նախագահին կարող էր նշանակել, մինչդեռ մեզ մոտ նախագահ է ընտրում խորհրդարանական մեծամասնությունը, ինչը այդ իշխող ուժի հանդեպ շատ որոշակի պարտավորություններ է ենթադրում։ Չգրվա′ծ պարտավորություններ։ Մեզ մոտ թագավորը կարող էր նշանակել նաև Մարդու իրավունքների պաշտպանին՝ դրանով իսկ ապահովելով նրա լիակատար անկախությունը։ Էլ ո՞րն ասեմ, էլ ո՞րը…


Չարլզ Երրորդը թագադրումից հետո իրավունք կունենա նույնիսկ ցրել պառլամենտի ստորին պալատը և նոր ընտրություններ նշանակել։ Սակայն նման բան վերջին անգամ եղել է գրեթե 200 տարի առաջ՝ 1830 թվականին։ Չարլզը դժվար թե դիմի այդ քայլին, մանավանդ որ առանց միապետի միջամտության էլ վերջին տարիներին Մեծ Բրիտանիայում երեք վարչապետ է փոխվել։


Ի դեպ, կա մի բան, որը մեր Վահագն Խաչատուրյանը երբեք չի կարող անել, իսկ Չարլզ Երրորդը կարող է։ Այո′, շատ ճիշտ եք, խոսքը վարչապետ նշանակելու մասին է։ Ընդ որում, նման բան Չարլզի մայրը՝ Եղիսաբեթ Երկրորդը, արել է առնվազն երկու անգամ։ 1957 թվականին ժողովուրդն ընտրեց պահպանողականներին, որոնք, սակայն, վարչապետի հարցում չէին կարողանում կողմնորոշվել։ Այս անորոշության պայմաններում թագուհին ասաց իր վճռորոշ խոսքը և վարչապետ նշանակեց Հարոլդ Մաքմիլանին։ Նույնը կրկնվեց նաև 1963 թվականին, երբ թագուհու որոշմամբ վարչապետ դարձավ Ալեքսանդր Դուգլաս-Հյումը։ Իսկ դուք ասում եք՝ անգլիական թագուհի։


Ընդհանրապես, մենք սիրում ենք կրկնել՝ ոչ ոք, նույնիսկ երկրի նախագահը, օրենքից վեր չէ։ Այնինչ, Բրիտանիայում միապետը հենց օրենքով օրենքից վեր է և կարող է խախտել ցանկացած օրենք։ Դուք նրան չեք կարող քրեական պատասխանության ենթարկել, նույնիսկ դատարան կանչել որպես վկա։ Նա կարող է մեքենան վարել ցանկացած արագությամբ, առանց վարորդական իրավունքի, իսկ ճանապարհորդելու համար անձնագրի կարիք չունի։ Նույնիսկ եկամտահարկ չի մուծում։ Ճիշտ է, Եղիսաբեթ Երկրորդը ուղիղ 30 տարի առաջ հրաժարվել է այդ արտոնությունից՝ ասելով, թե չի ուզում այդ առումով տարբերվել իր հպատակներից՝ հասարակ քաղաքացիներից։ Այո′, թագավորները տարբեր են լինում՝ մեկը հայտնի է իր բարեգործությամբ, մյուսը՝ իր մեծամտությամբ ու կամակորությամբ։ Եղիսաբեթ Երկրորդը, օրինակ, բարեգործական նպատակներով հատկացրել է հսկայական մի գումար՝ գրեթե մեկուկես միլիարդ ֆունտ ստեռլինգ։ Այնինչ, կայսր Իոսիֆ Երկրորդը Վիեննայի թատրոն այցելելիս հայտարարել էր, թե չի սիրում ողբերգական ավարտով ներկայացումները։ Դրանից հետո թատրոնի տնօրինությունը ստիպված լրիվ վերափոխել էր Շեքսպիրի «Համլետ»-ի ու «Ռոմեո և Ջուլիետ»-ի եզրափակիչ գործողությունները։


Դե ինչ, եթե այդպես է ուզում ղեկավարը, եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ լինի, Համլետը չի մեռնում, իսկ Ռոմեոն և Ջուլետն ամուսնանում են, ապրում են երկար ու երջանիկ։


Արմեն Դուլյան

Comments


Ռուսաստանից վերադարձել է Հայաստան և ստեղծել CreamLeo-ն՝ հայկական բնական քաղցրավենիքի արտադրանքը

bottom of page