top of page

Հայաստանյան բանկերն ՊՆ-ի ու այլ պետական կառույցների փաստաթղեր են ուղարկում պատահական մարդկանց. HETQ

2020-ի հունիսից Մարիամ Խաչատրյանն իր էլեկտրոնային հասցեին «Հայբիզնեսբանկից» ծանուցումներ է ստացել: Դրանք տարբեր անձանց բանկային գործարքների քաղվածքներ են: Սկզբում Մարիամը մտածել է, որ շփոթմունք է և ջնջել է հաղորդագրությունները։ Մինչ այդ, Մարիամ Խաչատրյանը հայաստանյան բանկերում հաշիվներ չի ունեցել։ Նա ընտանիքի հետ Ռուսաստանի Դաշնությունից Երևան է տեղափոխվել 2020 թվականին՝ կորոնավիրուսի համավարակի ընթացքում:

Մարիամի էլեկտրոնային հասցեին նամակների հոսքը չի դադարել: Դիմել է բանկ՝ պատասխան նամակ գրելով էլեկտրոնային այն հասցեին, որից ստացել է հաղորդագրությունը։ Բանկի աշխատակիցը պատասախանել է, գրել է՝ «Ok»։ Որոշ ժամանակ անց նա կրկին հաղորդագրություններ է ստացել, նորից է գրել բանկին, այս անգամ բանկի աշխատակիցը ներողություն է խնդրել ու շնորհակալություն հայտնել զգուշացնելու համար։

Մոտ երկու շաբաթ առաջ, ամուսնու հետ զրուցելիս, երբ պատմել է, որ արդեն մոտ 650-ից ավել նամակ է ստացել, որոնց հասցեատերը ինքը չէ, ամուսինն առաջարկել է բարձրաձայնել կատարվածի մասին: Մարիամը սկսել է դասակարգել հաղորդագրություններն ու տեսել է, որ այդ ընթացքում հաղորդագրություններ է ստացել հայաստանյան ևս 3 բանկից՝ «Էվոկաբանկ», «Կոնվերս Բանկ», «Ինեկոբանկ»։

«Ես մինչ այդ չէի պատկերացնում, որ դրանք տարբեր բանկերից են, հետո սկսեցի հերթով դասավորել ու տեսա, որ «Հայբիզնեսբանկից» ստացել եմ 422 մեյլ, «Կոնվերսից»՝ 16, 38-ը՝ «Էվոկայից», 177-ը՝ «Ինեկոյից» ու դրանք այն նամակներն են, որոնք չեմ ջնջել»,- պատմում է Մարիամը։

Մարիամը որոշել է բարձրաձայնել սրա մասին, քանի որ ավելի քան 3 տարի ստանում է անծանոթ մարդկանց անձնական տվյալներ պարունակող նամակներ։ «Հայբիզնեսբանկից» ստացված նամակներում Պաշտպանության նախարարության և բանկին առնչվող գործարքների մասին տեղեկատվություն կա։ Նախարարության փակ մրցույթին դիմելու համար ՍՊԸ-ներից մեկը երաշխավորագիր է վերցրել «Հայբիզնեսբանկից»։ 2020-ին ուղարկված մեկ այլ նամակով փոխվարչապետ Տիգրան Ավինյանը դիմել է Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին։

Էլեկտրոնային փոստին ուղարկվող հաղորդագրությունները, որոնք նա ստանում է, համարվում են բանկային գաղտնիք։ Բոլոր փաստաթղթերում գրված է, որ այն չի կարելի փոխանցել երրորդ անձի։

«Հայբիզնեսբանկի» դեպքում Մարիամը ստացել է նաև բանկի նույն անուն, ազգանունով՝ (Մարիամ Խաչատրյան) աշխատակցին հասցեագրված հաղորդագրությունները, նրա էլեկտրոնային հասցեին են ուղարկվել բանկի բոլոր ներքին հաղորդագրությունները, որոնց հասցեատերերը աշխատակիցներն են։

«Ստացվում է, որ ես անկախ իմ կամքից տիրապետում եմ լրիվ անծանոթ անձանց տվյալների, ստանում եմ հաշիվների քաղվածքները, բանկային գործարքների մասին տեղեկություն, վարկերի վճարման ժամանակացույց, ու եթե իմ փոխարեն դրանք ընկնեն զեղծարարների ձեռքը, շատ հեշտությամբ կարող են մարդկանց գումարները տնօրինել»,- ասում է Մարիամը։

«Հետքը» գրավոր նամակով դիմել է 4 բանկին էլ, ինչպես նաև՝ Կենտրոնական բանկին, պարզելու՝ թե վերահսկողության ինչ մեխանիզմներ ունի կառույցը բանկերի անվտանգության համակարգերի ու անձնական տվյալների պաշտպանության համար։

Մեր հարցումներին բանկերը դեռ չեն պատասխանել։

Կենտրոնական բանկի պատասխանում ասվում է՝ չի կարելի բացառել այն հանգամանքը, որ նման խնդիրներ կարող են պարբերաբար առաջանալ նաև հաճախորդի կողմից սխալ տվյալների տրամադրման պատճառով, և այս պարագայում խնդիրն ավելի քիչ կարող է առնչվել ֆինանսական կազմակերպության ներքին կարգավորումներին կամ տեխնիկական խնդիրներին:

«Ձեր կողմից նշված հարցը կարևոր ազդակ է ԿԲ արդյունավետ վերահսկողության իրականացման համար: Նշենք, բնականաբար, ֆինանսական կազմակերպությունը պատասխանատու է իր հաճախորդների անձնական տվյալների պաշտպանության և դրանց արտահոսքի դեպքերի հնարավորինս նվազեցման համար: Կենտրոնական բանկը վերահսկում է իր կողմից լիցենզավորված կառույցներին, սակայն այդ վերահսկողության նպատակը հավաստիանալն է, որ ֆինանսական կազմակերպություններում ներդրված են առանձին դեպքերը բացառելու գործուն համակարգեր: Կառույցի կողմից ներկայում իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքների հիման վրա, ըստ անհրաժեշտության, կձեռնարկվեն վերահսկողական միջոցառումներ և կարգավորման փոփոխություններ»,- նշված էր ԿԲ պատասխանում:

Ստացվում է՝ բանկերից նման կերպ կարող է տվյալների արտահոսք լինել: Ու որեւէ բացատրություն չկա, թե դա ինչպես է հնարավոր: Եվ արդյոք պատասխանատվություն կկրի որեւէ մեկը այս արտահոսքի համար: Արձանագրենք, որ այս փաստաթղթերի մի մասը բանկային գաղտնիք լինելուց բացի, առնչվում է պետության անվտանգությանն ու շահերին։



14.05.2023

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page