22.08.2023
Երևանի կենտրոնում՝ իր բնակարանում, դաժանաբար սպանվել է 28-ամյա տրանսգենդեր կին, Հայաստանի ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները ցնցված են տեղի ունեցածից։
«Մի շաբաթ առաջ իրեն հանդիպեցի Փակ շուկայի մոտ, մենք մի քիչ շփվեցինք, անգամ ունեմ հոլովակ իր հետ, ընկերներին հայտնել է, ասել է, որ ինձ հետևում են, ինձ սպանելու են, ես ուզում եմ իմ տան շքամուտքում ունենալ անվտանգության համակարգեր», - «Ազատությանն» ասաց Լիլիթ Մարտիրոսյանը, որ հիմնել և ղեկավարում է ԼԳԲՏ համայնքի իրավապաշտպան կազմակերպությունը։
Մահացած տրանսգենդեր կնոջ անունը Ադրիանա էր։ Սպանությունից ժամեր անց ոստիկանությունը կասկածյալին ձերբակալել է Բավրայի սահմանային անցակետում, երբ նա փորձում էր հեռանալ երկրից։ Ըստ իրավապահների՝ 26-ամյա տղամարդը սուր ծակող-կտրող գործիքով հարվածներ է հասցրել Ադրիանային, ապա հետքերը թաքցնելու նպատակով հրդեհել է բնակարանը, իսկ ձերբակալվելուց հետո խոստովանել արարքը։ Ընդ որում, ըստ Քննչականի՝ և՛ սպանության կասկածյալը, և՛ զոհը Արմավիրի մարզի նույն բնակավայրից են։ Արդյո՞ք նրանք ծանոթներ են եղել, և որն է եղել սպանության շարժառիթը, Քննչական կոմիտեն առայժմ չի հայտնում։
Քրեական գործ հարուցվել է երկու՝ սպանության և գույքը վնասելու կամ ոչնչացնելու հոդվածներով, առանց հանցանքը ծանրացնող հանգամանքներ հաշվի առնելու։
«Տրանսգենդեր անձանց թիրախավորում են մի շարք հանգամանքներով։ Այն մարդիկ են հիմնականում թիրախավորում, որոնք թաքնված են, չեն ուզում իրենց սեռական կողմնորոշվածությունը ցույց տալ, ովքեր ատելությամբ են լցված ոչ միայն տրանսգենդեր անձանց նկատմամբ, այլ նաև ամբողջ ԼԳԲՏ համայնքի հանդեպ», - նշեց Լիլիթ Մարտիրոսյանը՝ շարունակելով՝ կսպասի Քննչականի պարզաբանումներին սպանության շարժառիթի մասին, սակայն գրեթե վստահ է, որ պատճառը Ադրիանայի գենդերային ինքնությունն է եղել ու տարբերվող արտաքինը։
Լիլիթի ղեկավարած կազմակերպությունը տարեկան տասնյակ բռնության դեպքեր է արձանագրում տրանսգենդեր անձանց նկատմամբ։ Անհանդուրժողակության մթնոլորտն, ասում է, սահման չունի. - «Այս ռեպորտաժը չի հերիքի, որ ես ներկայացնել, թե Հայաստանում ինչ ահավոր միջավայր է ստեղծվել ատելության խոսքի, օրենքների բացակայության, պաշտպանված չի զգում անձն իրեն այստեղ, ցանկացած ոլորտում ատելությունն այնքան բարձր է, որ մարդիկ քոմենթների տեսքով խրախուսում են բռնությունը։ Ես ահազանգել եմ, որ այս դեպքը լինելու էր»։
Իրավապաշտպանի խոսքով՝ վստահ է եղել, որ մի օրը բռնության դեպքերից մեկը կարող է մահով ավարտվել։ Բռնության ցանկացած դեպքից հետո ոստիկանություն դիմում են, ընթացք տրվում է, բայց, Լիլիթի գնահատմամբ, իարվապահները հաճախ մատների արանքով են նայում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների հանդեպ բռնության դեպքերին։ Օրինակ է բերում՝ 2018-ին կրկին սեփական բնակարանում դաժանաբար ծեծի էր ենթարկվել մեկ այլ տրանսգենդեր անձ, հանցագործը հայտնաբերվել էր, սակայն մեկ օր անգամ չի անցկացրել կալանքի տակ։
Երեք տարի ձգձգված քննությունից ու դատավարությունից հետո ամբաստանյալ Եսաի Կաջոյանը համաներվել էր, իսկ տուժողի ներկայացուցիչը դիմել է եվրոպական դատարան. - «Քոմենթում են, որ պետք է նմանատիպ դեպքերը շատ լինեն, շատ լավ է եղել, որ տենց բան է եղել, խնդրում ենք հաջորդ ԼԳԲՏ անձանց անձանց էլ ենթարկեք նմանատիպ բռնության։ Սա արդեն խոսում է նրա մասին, որ հասարակությունը ունի սխալ պատկերացում ԼԳԲՏ համայնքի մասին, և իրենց դաժանության մակարդակն արդեն պիկի է հասել»։
Ադրիանայի սպանության լուրը հայտնվել է գրեթե բոլոր լրատվամիջոցներում, իսկ մեկնաբանություններում ատելության խոսքի հրավառություն է՝ «Ապրի վառողը», «Սաղին մի տե պիտի վառեն», «ափսոս որ չի հասցրել փախնի», «լավ ա արել, ճիշտ ա արել» և այլն։ Ընդ որում, Հայաստանի փոփոխված քրեական օրենսգրքով 2022 թվականից սկսած պատիժը ծանրացնող հանգամանք «ռասայական, ազգային, էթնիկ խտրականությունից բացի, համարվում է նաև «անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով» ծագած ատելությունն ու անհանդուրժողականությունը։
Սա, մասնագետների խոսքով, նաև նման դեպքերի մասին է, երբ մարդկանց խտրական են վերաբերվում գենդերային ինքնության պատճառով։ Այնուամենայնիվ, վերջին մեկ տարում քրեական օրենսգրքի նոր կետերը պրակտիկայում չեն կիրառվել, «Ազատությանը» հայտնեցին իրավապաշտպան կազմակերպություններից։ Մինչ այդ, համայնքի ներկայացուցիչներն ասում են՝ երբեմն ստիպված են հեռանալ Հայաստանի շարունակական սպառնալիքների պատճառով։
«Ես գեյ եմ իմ կողմնորոշումով, Հայաստանում խտրականությունը եղել է աշխատավայրում, թե բժշկական հաստատություններում, տարբեր ճյուղերում, դրա համար որոշում կայացրի Հայաստանից դուրս գալ, որպեսզի ավելի ապահով լինեմ, ու առաջնայինը կյանքի խնդիրն է», - պատմեց Արթուր Մանուկյանը, հավելելով՝ շարունակ ապրել է ատելության մթնոլորտում, սակայն երկրից որոշել է հեռանել, երբ հաձակվել են իր տան վրա. - «Շատ եմ սիրում Հայաստանը միանշանակ, հնարավորության դեպքում եթե հասարակությունն ունենար առողջ հանդուրժողականություն, ես սիրով կմնայի Հայաստանում, կստեղծագործեի, կաշխատեի և այլն»։
«Հասարակ սրճարանները ինձ համար Հայաստանում մնացել են երազանք, առհասարակ տրանսգենդեր անձինք չեն կարողանում օգտվել այն հասարակական վայրերից, որը ստեղծվել է հասարակության համար, որովհետև ես համ հաճախորդների կողմից եմ թիրախավորվում, համ աշխատակազմի», - ասում է Լիլիթ Գալստայանը։
Իրավիճակը կրկնակի բարդ է հատկապես տրանսգենդեր անձանց համար, քանի որ նրանց միանգամից տարբերում են արտաքինով, Լիլիթի խոսքով՝ իրենց կյանքը գրեթե ոչ մի օր չի անցնում առանց վիրավորանք կամ սպառնալիք լսելու։