15.06.2023
Ուղղակի եռակողմ հանդիպումները և՛ Վաշինգտոնում, և՛ Բրյուսելում, և՛ Մոսկվայում բերել են այն համոզման, որ մենք այլևս չպետք է գնանք այսպիսի ճանապարհով, այսինքն՝ բռնության, ուժի կիրառման ճանապարհով։ Եթե դա հասկանալի էր 2020թ․ պատերազմից հետո, անհասկանալի է այլևս այսօր, երբ որ մենք ամեն օր հայտարարում ենք խաղաղության պայմանագրի դետալների մասին, համաձայնությունների, ճանապարհների ապաշրջափակման մասին: Եվ սրան զուգահեռ որևէ տնտեսական գործունեության նկատմամբ նման անհանդուրժողական վերաբերմունք, երբ որ կարող էր բանակցությունների սեղանին քննարկվել և հասկանալ, արդյո՞ք դա բնապահպանական խնդիր կարող է առաջացնել, թե՝ ոչ։ Այդ ճանապարհը ինչո՞ւ ընդունելի չի Ադրբեջանի իշխանությունների համար, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հարց է ուղղել պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
«Իրավացի եք, պարոն Բագրատյան: Թեև դա նաև միջազգային իրավունքն է ինքին պահանջում, բայց բազմիցս նաև Ադրբեջանի ղեկավարությունն այլ դերակատարների ներկայությամբ ստանձնել է հավելյալ պարտավորություն չդիմել ուժի կիրառմանը: Այդ մասին պայմանավորվածությունը նաև Հայաստանի վարչապետի հետ հերթական հանդիպման բանակցության արդյունքում է ձեռք բերվել, և այդ մասին հաղորդագրություն է տարածվել, որից հետո հերքում, կարծես թե, չի հնչել ադրբեջանական կողմից: Այո, այս գործելաոճը գոյություն ունի, կրկնում եմ, այդ գործելաոճն անընդունելի է: Պետք է անընդունելի լինի նաև միջազգային հանրության համար: Եվ այստեղ ուզում եմ հավելել, որ ուշագրավ է, որ այսօր այդ Ձեր նշած վայր` Երասխի այդ հատված, մեկնել է Եվրոպական միության մշտադիտարկման առաքելությունը, վաղը մեր հրավերով այնտեղ ներկա կգտնվեն նաև Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները: Հարցն անշուշտ կպահենք նրանց ուշադրության կենտրոնում»,- ասել է Միրզոյանը:
Comments