top of page

Հայաստան-ԵՄ. ապագա կա՞

12.06.2023

Գերմանական բուլվարային օրաթերթերից B.Z.,որ «Բեռլիներ ցայթունգից» տարբերվելու համար լրացուցիչ իրեն է կցում «Բեռլինի ձայնը» (Die Stimme Berlins) բաղադրիչը, հունիսի 6-ի ուշ երեկոյան ծանուցեց նույն օրը մի քանի ժամով Պոտսդամ ժամանած Ֆրանսիայի նախագահ Մակրոնի եւ ԳԴՀ կանցլեր Շոլցի հանդիպման մասին: «Գերմանա- ֆրանսիական բարեկամությունը կոմայից արթնացավ », այսպես է սկսում իր հոդվածը Միշայել Զաուերբիերը (հոդվածագրի նույնաբովանդակ լուսանկարներով առատ այս նյութը հրապարակել է նաեւ «Բիլդը») եւ շարունակում, Բեռլինի եւ Փարիզի միջեւ խոր ճգնաժամից հետո, Պոտսդամում ընթրիքի ժամանակ իրենց հարաբերությունները վերականգնում են 64 ամյա Շոլցն ու 45 ամյա Մակրոնը»: Փոխանցենք շարադրանքն ամփոփ:


Պոտսդամը Շոլցը լավ գիտի՝ այդ քաղաքում է ապրում: Առանց փողկապի նրանք շրջել են քաղաքում, Գերմանիայի կանցլերը փոխանցել է քաղաքի իրադարձություններով հարուստ պատմությունը, անգլերեն անշուշտ, կանցլերը ֆրանսերեն չի սովորել, մինչ Մակրոնը գերմաներեն հազիվ է խոսում: Երկու երկրների ղեկավարների հետ նույնիսկ շփվել են անցորդները՝ լուսանկարվել: Բուլվարային թերթն անշուշտ փոխանցում է, որ քաղաքի միակ աստղային ռեստորանը 1783 թվականից կանգուն պրուսական ավանդույթները նորոգ պահող հյուրատանն է գործում, ուր նախընտրել են ընթրել Ֆրանսիայի եւ ԳԴՀ-ի առաջնորդները: Անձ գլուխ՝ 135 եվրո առանց խմիչքի ընթրիքը, որ ներառում է՝ ծնեբեկ, եղնիկի փափկամիս, խավրծիլի աղանդեր, պետական գանձարանի հաշվին է, գրում է թերթը: Սեղանի շուրջ քաղաքական թեմաներն իհարկե գաղտնի են ընթացել, գրում է հեղինակը, սակայն, ըստ նրա, կռահել դժվար չէ՝ գլխավոր թեման Ռուսաստանի հարձակումն է Ուկրաինայի վրա: Նաեւ՝ Գերմանայի եւ Ֆրանսիայի տարբեր մոտեցումները, ԵՄ հանձնաժողովի առաջարկները դրանք «միագիծ» տեսնելու ուղղությամբ:


Ուրբաթ օրն է Շոլցը կուսակից սոցիալ- դեմոկրատների հետ հանդիպմանը պահանջել ԵՄ-ն բարեփոխել: «Ուկրաինան, Հայաստանը եւ արեւմտյան Բալկանյան երկրները պիտի միության մեջ ներառվեն»: Շոլցի ձեւակերպումներն է մեջբերում հոդվածագիրը՝ շարունակելով՝ «Սակայն՝ առաջիկայում մոտ 40 անդամակից երկրներից յուրաքանչյուրն այլեւս իրավունք չպիտի ունենա իր հզոր ԵՄ հանձնակատարն ունենալու»: «Ոչ մի կառավարություն 40 նախարար չի հանդուրժի», ասել է կանցլեր Շոլցը: «Եվրոպան պետք է վերջապես դառնա վճիռ կայացնող միություն: Սա նշանակում է, որ «անդամների պարզ մեծամասնությունը պետք է որոշի ԵՄ արտաքին եւ հարկային քաղաքականությունը»: «Ցայժմ մեկ երկրի «ոչ»-ը տապալել է բոլոր որոշումները»


Կոշտ բարեփոխումներ են անհրաժեշտ, որ միայն Գերմանիան եւ Ֆրանսիան կարող են համատեղ իրագործել՝ որպես ԵՄ ամենաուժեղ երկրներ: Սակայն այլընտրանքից զերծ, որ ԱՄՆ-ի, Չինաստանի եւ Ռուսաստանի միջեւ հաստատուն լինի»: «Ժողովրդավարական Եվրոպայի հաջողության» պայմանն այսպես է ուրվագծել Շոլցը, իսկ նրա եւ Ֆրանսիայի նախագահի միջեւ ժամեր տեւած առանձնազրույցը ըստ երեւույթին առաջիկայում մեզ՝ Հայաստանի քաղաքացիներիս ուշագրավ նախադասություններ ունկնդրելու առիթ կտա: Մեկ անգամ այդ անակնկալն արեց՝ Բեռլինում ակնարկելով ԼՂ հայերի ինքնորշման իրավունքի անհրաժեշտության մասին հիշատակությամբ: Հիմա՝ Հայաստանը… ԵՄ անդա՞մ…


Բառերի ակրոբատիկա՞…Մակրոնը ուշ երեկոյան վերադարձել է Փարիզ, իսկ Շոլցը թվիթերյան գերմաներեն, ֆրանսերեն գրառմամբ մեկ անգամ եւս ընդգծել է «երկու երկրների անբաժան բարեկամությունը: Միասնաբար ընդառաջ ենք գնում մեր ժամանակների, այս օրերի մարտահրավերներին», գրել է կանցլերը:


ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

«ԱԶԳ»

ԱՄՆ-ում բուժվող Պարգև Սրբազանը՝ տարօրինակ պատերազմի, չկոտրվելու, պատմության ու ապագայի մասին

bottom of page