top of page

Հայելի

05.06.2020, ԵՐԵՎԱՆ

Կորոնավիրուսային համավարակի ընթացքում հայաստանյան հասարակական-քաղաքական անցուդարձին, քննարկումներին եւ համավարակի դեմ պայքարի կանոնների պահպանման հանրային վարքին հետեւելիս ակամա սկսում ես նախապատվություն տալ թեզին, թե ծովից ծով Հայաստանից մի 29 հազար քառակուսի կիլոմետրանոց հողակտորի վրա ծվարած Հայաստանի Հանրապետության հասնելը  ոչ այնքան մեր հայի չար բախտով ու թշնամիներով բացատրվող անարդարություն է, որքան մեր տեսակի արատավոր կողմերով պայմանավորված գրեթե «քրտինքով վաստակած» օրինաչափություն:


Այս օրերին ինձ հարցական է թվում անգամ Պարույր Սեւակի ներշնչանքի հիմնավորվածությունը նրա «Քիչ ենք, բայց հայ ենք» բանաստեղծությունում: Մեծ պոետը այսօր մեզ, մեր վարքն ու խոսքը տեսնելով՝ թերեւս որոշ շտկումներ մտցներ իր՝ միայն գովասանական տողերից բաղկացած գլուխգործոցում, քանզի նրան, ինչին այսօր ականատես ենք, ավելի շուտ համապատասխանում է «Քիչ ենք, որովհետեւ հայ ենք» եզրահանգումը… Որ կորոնավիրուսային համավարակը մեզ ավելի է քչացնում եւ հյուծում առանց այդ էլ դժվարին պայմաններում գոյատեւող ու զարգացման ճիգեր գործադրող փոքրիկ Հայաստանը, նրա բնակիչների մի զգալի մասին ակնհայտորեն չի հուզում այն աստիճան, որ այս պայմաններում համակեցության երեք պարզ կանոն խստորեն պահպանի՝ խուսափի մարդկային կուտակումներից, պահի անհատական տարածություն եւ դիմակ կրի: Սա՝ ընդհանուր հանրության մասով: Քաղաքական դաշտի մասով պատկերն ավելի հուսահատեցնող է: Այստեղ քաղաքականից միչեւ անձնական բազում շահերով պայմանավորված՝ միմյանց ծվատելու զբաղմունքը գոնե մինչեւ համավարակային իրավիճակի կայունացումը հետաձգելու անկարողությունն ակնհայտ է: Ոմանք գուցե ներքուստ ցանկանում են դրանից խուսափել, բայց արատավոր քաղաքական ավանդույթ-սովորույթի իներցիայից դուրս գալ հավանաբար չի ստացվում:

Օրական մահերն արդեն երկնիշ թվերով հաշվելու ֆոնին քաղաքական եւ դրան հարակից տարբեր բովանդակության շրջանակների որոշ ներկայացուցիչների դրսեւորումները նման են ոչ այլ ինչի, քան հիվանդի մոտ նրա փրկությունը լավ թե վատ կազմակերպել փորձողներին գոռում-գոչյունով խանգարելուն, նրանց տեղը գրավելու համար հրմշտոց առաջացնելուն՝ հընթացս էլ մեղադրելով, թե հիվանդին փրկել չի հաջողվում: Սրան էլ գումարվում է հանգամանքը, որ հիվանդն էլ իր «ուժերի ներածին չափով» է դժվարացնում իրեն փրկելու գործը: Պատկերավոր ասած՝ հենց բժիշկը հիվանդասենյակ է մտնում` դեղահաբը դնում է բերանը իբր կուլ տալու, հենց բժիշկը գնում է՝ թքում է լեզվի տակ թաքցրած հաբը…

Վարակի պայթյունաձեւ տարածումը ի սկզբանե կանխելուց հետո ներկա իրավիճակում հայտնվելն առաջին հայացքից խուճապի եւ մեղադրանքների բավարար հիմք է տալիս: Սակայն հենց այսպիսի իրադրություններում խուճապն ու մեղադրանքն ամենավատ խորհրդատուն են, քանի որ դրանք դուռ են բացում բուն խնդրի լուծումից շեղվելու եւ մեղադրանքների տիրույթում հին ու նոր բազմաբնույթ թեմաների շրջապտույտի մեջ հայտնվելու համար: Պետք է փորձել «սառը» գլխով պատճառահետեւանքային կապերը պարզել եւ ըստ այդմ առաջ շարժվել:

Դու անմեղ ես, ուրիշներն են մեղավոր

Իրավիճակի պատճառահետեւանքային շղթայում հանրային համակեցության կազմակերպման կարգուկանոններն արհամարհելու մեր ավանդական «վճռականությունը» որոշիչ գործոն է: Սա անտեսել կամ դրա գոյությունն իսպառ ժխտել հնարավոր է միայն ներկա կառավարության դեմ մարտ առանց կանոնների ոգով քաղաքական մրցակցության ջատագով լինելու կամ՝  կառավարող ուժի ներկայացուցիչների հանդեպ անձնական խոր հակակրանք, եթե չասենք՝ ատելություն տածելու դեպքում: Այս օրերին ԱԺ-ում եւ նրանից դուրս հաճախ հնչող «ժողովուրդն ի՞նչ մեղք ունի, կառավարությունն է ապաշնորհ պայքարում վիրուսի դեմ» միտքը դրա վկայությունն է:

Իհարկե, ամեն ոք ազատ է ատելու կամ հակակրելու ում ուզի, ինչ ուզի: Գործող կառավարությանը փոխարինել ցանկացողներից, կառավարող քաղաքական ուժի հանդեպ հակակրանք կամ ատելություն տածողներից չի պահանջվում փոխել իրենց վերաբերմունքն իրենց մրցակցության կամ հակակրանքի օբյեկտների նկատմամբ: Այս պահին ընդամենն անհրաժեշտ է իրարից անջատ քննարկել ժողովրդի եւ կառավարության պատասխանատվության բաժինների տիրույթում առկա բացթողումները, որպեսզի առանձին-առանձին հնարավոր լինի հասցեական եզրակացությունների ու լուծումների հանգել, իրավիճակը բարելավել:


Համաճարակային պայմաններում ժողովրդին պատասխանատվությունից լիովին ազատելը զրոյացնում է նրա անպատասխանատու մասին կարգի հրավիրելու հնարավորությունը: Նրանք, ում նպատակը վարակի տարածման կորը Հայաստանում հարթելն է, միայն անջատ տարբերակով քննադատությամբ ու առաջարկներով կարող են նպաստել համավարակի կասեցմանը: Մնացյալ տիպի «քննադատությունները» մեծ հաշվով քաղաքական դիակապտություն են համավարակի դեմ մարտի դաշտում…

Ամենաուշը հաջորդ ընտրությունների ժամանակ (լինեն դրանք հերթական, թե արտահերթ) ներկա կառավարությունը կստանա նաեւ համավարակի դեմ պայքարի իր գնահատականը, այնպես, ինչպես այլ երկրների կառավարությունները կստանան: Մինչ օրս անգամ ամենավատ համաճարակային դրության մեջ գտնվող երկրներում իրավիճակի հաղթահարման լուծումը հրատապ նոր քաղաքական դասավորումները չեն համարվում. ինչպես հայտնի ասույթն է հուշում՝  գետանցումում ձիերին չեն փոխում…

Բայց մեր հասարակությունն ինքն իրեն գնահատական տալու ընտրական համանման մեթոդ չունի, անկարգապահ հասարակությանն այլ «պահուստային» նոր հասարակությամբ հնարավոր չէ փոխել: Միակ միջոցն այն է, որ հասարակությունը կարողանա ինքն իր հետ անկեղծ լինել, բարձրաձայնի արտառոց անկարգապահության իր հնամյա խնդիրն ու ձեռնամուխ լինի կարգուկանոնին առանց «մահակի» ենթարկվող հանրային օրգանիզմ դառնալուն՝ մահակը թողնելով որպես սակավաթիվ «համառներին» կարգի հրավիրելու գործիք: Որքան էլ տհաճ է՝ պիտի ընդունենք, որ կորոնավիրուսից շատ առաջ էլ մեր հասարակական «ուղեղում» կարգուկանոնի կենտրոնը «թերֆունկցիայի» վիճակում էր: Դրա ֆոնին անցած երեք տասնամյակների ընթացքում խանութում կամ այլուր հերթ կանգնելը շատից-քչից յուրացնելը մեծ ձեռքբերում կարելի է համարել: Ոչ վաղ անցյալի հանրային «դաստիարակչական» փորձերից էլ հիշենք ամրագոտիները կապելու հայտնի պատմությունը: Այն ժամանակվա իշխանությունների գլխին մեղադրանքների հեղեղ տեղաց «խեղճ ժողովրդին» տույժ ու տուգանքների նոր լծի տակ գցելով բյուջեն լցնելու, «գայիշնիկներին» փող աշխատելու նոր հնարավորություն տալու եւ հազարումի այլ «հիմնավորումներով»: Նախորդ իշխանությունները բազում հարցերում մեղադրվելու ծանրակշիռ հիմքեր անշուշտ տվել էին, եւ ժողովրդին խեղճ կարելի էր անվանել այդ ամենը հանդուրժելուն այլընտրանք չունենալու, բայց ոչ իշխանության՝ անվտանգ երթեւեկությանը նպաստող միջոցառում նախաձեռնելու համար: Սակայն թացն ու չորն իրար խառնելու հայկական հասարակական-քաղաքական ժանրի կանոնով, ինչը մինչ օրս էլ գործում է, դա չտարանջատվեց: Ոչ ոք ստիպված չէր ու հիմա էլ ստիպված չէ «գայիշնիկներին» հարստացնել, դրա համար բավական էր եւ է ընդամենը ամրագոտին կապել եւ անվտանգ երթեւեկության մյուս կանոնները եւս չխախտել: Թե որքանով է դա մեզ հաջողվում, հուշում է ճանապարհատրանսպորտային պատահարների տարեկան զոհերի միջին թիվը՝ մոտ 340[1]:

Եթե անցած տարիների ՃՏՊ զոհերի թվի հանրագումար անենք, ապա կտեսնենք, որ այն հասել է արցախյան պատերազմում մեր զոհերի թվին: Դա մեզ սթափեցրե՞լ է: Ոչ. զոհերի թիվը չի նվազում: Պարտավոր չե՞նք խորհել, թե դրա որ մասի պատասխանատուն է կառավարությունը (անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն է կառավարող), որ մասինը՝ հասարակությունը (իմա՝ վարորդներն ու հետիոտները): Կարո՞ղ ենք պնդել, թե ամբողջ պատասխանատվությունը կառավարությանն է: Հնարավոր համարո՞ւմ ենք, որ կառավարությունը որպես խիստ միջոցառում ամեն մի մեքենայի կամ հետիոտնի մի ոստիկան կցի, որ խախտումները կանխի, բացահայտի, տուգանի…

Դառնանք կորոնավիրուսային համավարակին: Մահերի աճող թիվը սթափեցրե՞լ է մեզ: Դարձյալ՝ ոչ: Պարտավո՞ր ենք որպես հասարակություն մտածել, թե ինչն ենք սխալ անում, ի՞նչ պիտի փոխենք մեր վարքում: Կարո՞ղ է կառավարությունը ՀՀ ամեն քաղաքացուն մի ոստիկան կցել, որ նրան ստիպի ձեռքերը լվանալ, դիմակ կրել, անհատական տարածք պահպանել, չենթարկվողներին տուգանել…

Հանրային եւ անհատական պատասխանատվության բարձրացմանն այլընտրանք չկա, անհնար է առանց դրա հատկապես ճգնաժամային վիճակներում արդյունավետ դիմագրավում կազմակերպել: Մահ սփռող այս օրերին հունիսի 1-ին տասնյակ մարդկանց մասնակցությամբ տարբեր վայրերում երեխաների տոն կազմակերպողները մեկ այլ ճգնաժամային իրադրության, օրինակ, պատերազմի ժամանակ լուսաքողարկման հրաման լինելու դեպքում նույն հաջողությամբ հրավառությամբ ծնունդ ու կնունք կտոնե՞ն… Սա մի խնդիր է, որ չլուծելու դեպքում տարբեր իրավիճակներում հառնելու է նաեւ եկող կառավարությունների առջեւ՝ անկախ այն բանից, ներկա թե այլ քաղաքական ուժեր կկազմեն այդ կառավարությունը:

Եթե մենք այս պահին չունենք հանրային, քաղաքացիական, անհատական պատասխանատվության բավարար չափով ինքնագիտակցություն եւ չենք էլ ցանկանում այն որպես խնդիր անգամ քննարկել, ապա պիտի համակերպվենք փաստին, որ նաեւ համավարակի ժամանակ մարդկային կյանքերով վճարում եւ դեռ վճարելու ենք դրա գինը, ճիշտ այնպես, ինչպես տարեկան ՃՏՊ մեծ թվով զոհերով երթեւեկելու մեր «մշակույթը» չփոխելու գինն ենք վճարում:

Ինչո՞ւ ուրիշները հաջողեցին

Այս օրերին Հայաստանում շատերն են  կորոնավիրուսի դեմ պայքարում հաջողած այլ երկրների շարքում հիշատակում Գերմանիայի օրինակը: Հիշատակելիս, սակայն, այստեղի ընթացքին ոչ բավարար իմացության պատճառով կամ միտումնավոր անտեսվում է այդ հաջողության կարեւորագույն բաղադրիչը՝ կարգուկանոնին հետեւելուն վարժված հասարակության դերը: Փորձեմ ՃՏՊ եւ կորոնավիրուսային սահմանափակումների խախտումների համեմատական օրինակով պարզաբանել միտքս:

82 միլիոն բնակչությամբ Գերմանիայում ճանապարհատրանսպորտային պատահարներից զոհերի տարեկան միջին թիվը 3050 է[2]: Այստեղ ավտոճանապարհային ցանցի երկարությունը կազմում է մոտ 644 000 կմ (դաշնային ավտոմայրուղիներ, ներերկրամասային եւ միջերկրամասային ավտոճանապարհներ, միջհամայնքային եւ ներհամայնքային ճանապարհներ)[3]: Այսքան կիլոմետրի վրա 58,2 միլիոն ավտոմեքենա է շարժվում, չհաշված այլ երկրներից եկող ավտոմեքենաները[4]:

3 միլիոնանոց բնակչութամբ Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարներից զոհերի թիվը տարեկան մոտ 340 է: Հայաստանում ավտոճանապարհային ցանցի երկարությունը կազմում է մոտ 11 000 կմ[5](միջպետական, հանրապետական, տեղական, քաղաքային): Հայաստանում շահագործվող ավտոմեքենաների հստակ թիվը հայտնի չէ, մոտավոր հաշվարկները հիմք են ընդունում ապահովագրական բյուրոների տրամադրած վիճակագրական տվյալները  ու ավտոմեքենաների ներմուծման տվյալները: Ըստ դրանց՝ մոտ 550 000 ավտոմեքենա կա գրանցված[6]:

Ալկոհոլ գործածած վիճակում մեքենա վարելը Հայաստանում երթեւեկության առօրյայի մաս է: Օրինակ, 2018 թ. միայն հունվար ամսին ճանապարհային ոստիկանությունն արձանագրել էր անսթափ վիճակում վարման 498 դեպք: 2019-ի նույն ամսին՝ 591: Երբ կառավարությունը վարորդների իրավախախտումների համար 9 բալանոց համակարգ ներդրեց, նորից հանրային վրդովմունքի ալիք բարձրացավ` ինչպե՞ս կարելի է, բա որ բալերը լրանան՝ մարդը զրկվի՞ վարորդական իրավունքից… Նույն կերպ համավարակի ժամանակ կարանտինի հայտարարումից մինչ օրս կանոնների խախտումների համար տուգանքները շատերը անգթություն են համարում համավարակի պատճառով առանց այդ էլ ֆինանսական խնդիրների առջեւ կանգնած մարդկանց հանդեպ: Լավ, իսկ տուգանքի, պատժի ո՞ր միջոցն է պիտանի «խեղճ ժողովրդին»  կարգուկանոնի ենթարկելու համար: Եկեք քննարկենք՝ հասկանանք: Թող հասարակությունն ասի՝ իրեն ինչպե՞ս պատժեն, որ կարգուկանոն հարգի…

Դառնանք կորոնավիրուսի դեմ պայքարում հանրային վարքի համեմատությանը: Գերմանիայի Դաշնային Հանրապետության ամենամեծ՝ 18 մլն բնակչությամբ երկրամասում՝ Հյուսիսհռենոսյան Վեստֆալիայում սահմանափակումների ուժի մեջ մտնելու առաջին փուլում շաբաթական մոտ 2000 խախտումներ էին անձանագրվում, ինչը որոշ ժամանակ անց նվազեց մինչեւ շաբաթական 300-ի: 6,3 մլն բնակչությամբ Հեսսենի երկրամասում մարտի կեսից մինչ հիմա ընդհանուր 6500 խախտումներ են արձանագրվել[7]: Հայաստանի բնակչությանը թվով մոտ՝ 2 մլն 897 հազար բնակչությամբ Շլեզվիգ-Հոլշտայն երկրամասում սահմանափակումների մեկնարկից մինչ օրս 1148 խախտումներ են արձանագրվել[8]:

Հիմա Հայաստանում համավարակային կանոնների խախտումների թիվը նայենք: Ըստ ոստիկանութան հաղորդագրության՝ մայիսի 29-ի դրությամբ արձանագրվել է 16 000-ից ավելի խախտում[9]: Սա՝ չհաշված սննդամթերքի անվտանգության տեսչության՝ հանրային սննդի օբյեկտներում մշտադիտարկումների ժամանակ արձանագրած խախտումները, առողջապահութան եւ աշխատանքի տեսչական մարմնի հայտնաբերած խախտումները…

Հետեւաբար, պետք չէ հանրային ելույթների ժամանակ համավարակի դեմ պայքարում այլ երկրների հաջողություններին հղում անել՝ ամբողջական համատեքստից «մոնտաժելով» հաջողության հասնելու հարցում հասարակական բարձր պատասխանատվության գործոնը: Դրա փոխարեն պետք է հանրային խոսքի ամեն հնարավորություն, անկախ դիմադիր թե ընդդիմադիր լինելուց, գործածել հասարակությանը կանոններին հետեւելու անխուսափելիությունն ու կարեւորությունը բացատրելու համար: Միայն դա անելուց հետո կարելի է այսպես ասած հանգիստ խղճով անցնել կառավարության գործողությունները թեկուզեւ քարը քարին չթողնելով քննադատելուն: Միայն այդ կերպ կարելի է օգտակար լինել իրավիճակի հաղթահարմանը, իհարկե, եթե բանախոսների առաջնահերթ նպատակը դա է:

Համեմատություններում մեր հարեւան Վրաստանն էլ է ներգրավվում, որտեղ բարեբախտաբար այլ զարգացումներ եղան: Թեեւ այդ մասին համապարփակ համեմատական վերլուծություն չկա, բայց կարելի է ենթադրել, որ այնտեղ համավարակի դեմ հաջող պայքարը նաեւ մեր հարեւանների քաղաքացիական ամեն դեպքում մեզանից բարձր գիտակցությամբ էր պայմանավորված: Չմոռանանք, որ Վրաստանում ժողովրդավարական ճեղքումը դեռ 2000-ականների սկզբին տեղի ունեցավ, եւ բարեփոխումները, հատկապես ոստիկանության, հասարակական կարգապահության բարելավման բերեցին:

Դիմակների մասին

Երբ մայիսի 25-ից Հայաստանում դիմակի կրումը պարտադիր դարձավ, սկսվեց հերթական անպտուղ բանավեճը՝ ինչո՞ւ առաջ դիմակ կրելը անհրաժեշտ չէր համարվում, այն կրելն անհարմարություն է առաջացնում եւ այլն: Հերթական անգամ տպավորություն էր, թե ընդդիմախոսներն աշխարհում կորոնավիրուսի շուրջ կատարվողից անտեղյակ են:

Շարունակեմ համեմատությունը: Գերմանիայի Դաշնային Կառավարությունը ապրիլի 22-ից դիմակի կրումը դարձրեց պարտադիր[10]՝ հետեւելով Ավստրիայի օրինակին, որտեղ դիմակի կրումը պարտադիր էր մարտի 30-ից եւ արդյունքներ էր տալիս[11]: Գերմանիայում կառավարությունը դիմակը պարտադիր դարձրեց քաջ իմանալով, որ շուկայում դիմակ չկար, քաղաքացիները գնել չէին կարող: Իրավիճակն այնպիսին էր, որ բուժհաստատությունները հազիվհազ էին դիմակ ձեռք բերում: Կառավարությունը քաղաքացիներին խնդրեց բամբակե խիտ գործվածքից տնայնագործ դիմակներ կրել, քանի որ մասնագետները նախնական «դիմակը չի օգնում» դիրքորոշումից ընթացիկ դիտարկումների արդյունքում հրաժարվել էին՝ անձանագրելով, որ անգամ ոչ բժշկական հատուկ դիմակները (դրանք ֆիլտրերով FFP2, FFP3 դասակարգման դիմակներն են), եթե բոլորն են կրում, զգալի խոչընդոտում են վարակի տարածմանը:

Իհարկե, գերմանացիների մոտ էլ հարց առաջացավ, թե ինչպե՞ս է, որ մինչ այդ դիմակ կրելը արդյունավետ չէր համարվում, իսկ հիմա հակառակն է ասվում: Բայց նրանք առաջնահերթ զբաղվեցին դիմակներ կարել-դնելով, նոր միայն հարցադրումներ անելով, որոնց պատասխանը վիրուսաբաններն ու համաճարակաբանները տվեցին: Այստեղ մարդիկ չսկսեցին առանց դիմակ շրջել ու կառավարությանը ամենժամյա ռեժիմով այպանել, որ դիմակ չկա, չսկսեցին անվճար դիմակ ուզել: Ի դեպ, վերջերս արդեն հնարավոր է սուպերմարկետներում կամ դեղատներում ամենասովորական հայտնի կապույտ-սպիտակ բարակ շերտից դիմակներ գնել: Դրանք առավելագույնը 3 ժամ կարող են օգտագործվել: Այստեղ 10 հատի գինը սկսվում է 13 եվրոյից (նախկինում դրանց հատը մի քանի սենթ արժեր ընդամենը) եւ խնայող գերմանացիները հաշվեցին, որ ավելի արդյունավետ է ընտանիքի ամեն անդամի համար շաբաթվա կտրվածքով նվազագույնը 7 բամբակե կտորից մշտական գործածման դիմակ կարել եւ 60 աստիճան կամ ավելի տաք ջրով լվանալ-արդուկել, քան հարյուրավոր եվրոներ ծախսել: Սա նաեւ յուրովի պատասխան է բազմապատիկ թանկացած ստանդարտ արտադրության դիմակների, որոնց վաճառողները որոշ ժամանակ անց ստիպված կլինեն տնայնագործ դիմակների մրցակցության մեջ վերանայել գնային քաղաքականությունը (օրերս դա արդեն նկատվում է):

Ամեն դեպքում, զարմանալի է, որ հնարամտութամբ հայտնի, ամեն ինչ «ձեռքից եկող» հայերս դիմակը եւս դարձրինք անհաղթահարելի խոչընդոտ եւ կանոններին չենթարկվելու նոր առիթ: Իսկապես որ ծայրահեղությունների ազգ ենք՝ լավ, թե վատ առումներով… Արցախյան պատերազմում մերոնք կռվի դաշտում չէին կանգնել չէ՞ ու ասում, թե մինչեւ յուղը վրան Կալաշնիկով ավտոմատ, պիտակը վրան զինվորական հագուկապ, մեծ կալորիականությամբ օրապահիկ եւ մնացյալ անհրաժեշտ պարագաները չունենան՝ հաղթել չենք կարող…

Որքան էլ հակասական թվա, բայց կորոնավիրուսի հարուցած ճգնաժամը ամենահարմար պահն էր եւ դեռ է, որ հասարակական պատասխանատվության մեր վարքում ճեղքման հասնենք՝ ԱՄԵՆՕՐՅԱ կարգապահ վարքագծի տեր դառնանք, ոչ թե ճակատամարտից ճակատամարտ զգաստանանք: Էլ ե՞րբ, եթե ոչ հիմա, երբ մեզանից յուրաքանչյուրի ու բոլորիս միասնական կարգապահությամբ է հնարավոր վիրուսի դեմ պայքարում իրադրության տերը դառնալ: Եթե կարողանանք հասնել մեր վարքի փոփոխման, ապա դրա պտուղները կվայելենք երկարաժամկետ, դրանք մեզ կտան ավելին քան միայն համավարակի դեմ հաղթանակը:

Իրինա Ղուլինյան-Գերց ———————————————————————–

Տվյալների աղբյուրներ՝ [1] https://hetq.am/hy/article/114056 [2]https://www.destatis.de/DE/Presse/Pressemitteilungen/2020/02/PD20_061_46241.html [3] https://de.statista.com/statistik/daten/studie/2990/umfrage/gesamtlaenge-der-strassen-des-ueberoertlichen-verkehrs/ [4] https://www.kba.de/DE/Statistik/Fahrzeuge/Bestand/bestand_node.html [5] https://www.adb.org/sites/default/files/publication/28908/transport-outlook-arm.pdf [6] https://enlightngo.org/post/11630 [7] https://www.swp.de/panorama/gefahr-nicht-gebannt-zahl-erfasster-corona-verstoesse-in-einigen-laendern-ruecklaeufig-46660088.html [8] https://www.n-tv.de/regionales/hamburg-und-schleswig-holstein/Mehr-als-1000-Verstoesse-gegen-Corona-Auflagen-im-Norden-article21814568.html [9] https://www.azatutyun.am/a/30643455.html [10] https://www.dw.com/de/maskenpflicht-f%C3%BCr-alle-in-ganz-deutschland/a-53211406 [11] https://www.tagesschau.de/ausland/schutzmaske-osterreich-101.html

Comments


32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page