03.12.2020
Իսրայելում հասունանում է քաղաքական ճգնաժամ, ինչը մեծ հավանականությամբ կարող է բերել կառավարող կոալիցիայի փլուզման եւ հերթական արտահերթ ընտրության: Այն կլինի չորրորդը մեկ տարվա ընթացքում: Երեք արտահերթ ընտրությունից եւ կառավարություն ձեւավորելու անհաջող փորձերից հետո, 2020-ի գարնանը Իսրայելի կառավարող Լիկուդ եւ ընդդիմադիր Կախոլ Լավան կուսակցությունները կազմեցին կոալիցիոն կառավարություն: Կոալիցիայի պայմանների թվում էր այն, որ կառավարման ժամկետի մի մասը վարչապետ կլինի Լիկուդի առաջնորդ, ներկայիս վարչապետ Նաթանյահուն, մյուս կեսի ընթացքում Կախոլ Լավանի առաջնորդ Բենի Գանցը, որը կոալիցիոն կառավարությունում այժմ պաշտպանության նախարար է:
Ներկայում սակայն կոալիցիան փլուզման եզրին է: Իսրայելի Կնեսետում ընդդիմադիր կուսակցությունները առաջ են մղում խորհրդարանի լուծարման օրինագիծը, որին աջակցել է նաեւ Բենի Գանցը եւ նրան առաջնորդող ուժը: Կոալիցիոն գործընկերը Լիկուդին եւ դրա առաջնորդ, վարչապետ Նաթանյահուին մեղադրում է բյուջեի ընդունումը եւ քննարկումները ձգձգելու համար: Եթե չլինի համաձայնություն, ապա կոալիցիան կփլուզվի եւ կանխատեսվում է, որ կլինի արտահերթ նոր ընտրություն: Դժգոհությունը Նաթանյահուի հանդեպ հասունանում է վաղուց, քանի որ կոալիցիոն գործընկերոջը դուր չի գալիս օրինակ նրա գաղտնի բանակցությունները արտաքին քաղաքական հարցերով, որոնք դիտվում են կոալիցիոն պայմանավորվածությունների խախտում:
Այժմ փաստորեն Ւսրայելի կառավարող կոալիցիան չի կարողանում պայմանավորվել բյուջեի հարցում: Իսրայելական բյուջեում անկասկած կլորիկ փողի տեսքով արտացոլվում է նաեւ Բաքվի հետ «բիզնեսը»: Իսրայելը Արցախի դեմ մատակարարում էր սպառազինություն, նաեւ մարտական պայմաններում փորձարկելով այդ այդ սպառազինությունը հայերի դեմ:
Այժմ Իսրայելում քաղաքական վեճ է նաեւ Արցախում հայկական կյանքերի հաշվին ստացված փողը բաժանելու համար: Հատկանշական է, որ քաղաքական ճգնաժամը հաջորդում է Արցախում պատերազմի դադարին: Արցախյան պատերազմում իսրայելական շահառությունը միայն ցինիզմի կամ անմեղսունակության դիրքից է հնարավոր դիտարկել պարզապես բիզնես:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ Լրագրի մեկնաբան