«Պոլիտեխնիկական ինստիտուտում սովորելիս, դասախոսները ասում էինՙ մասնագիտությունդ ճիշտ չես ընտրել: Ինստիտուտն ավարտելուն զուգահեռ ստացա ժողովրդական վարպետի կոչում: Ամեն տարի ժողարվեստի ստեղծագործողների տանը ցուցադրություններին մասնակցում էի», պատմում է փայտարվեստի վարպետ Արմեն Խաչատրյանը:
Երեւանյան հայտնի վերնիսաժի բազմաբղետ աշխարհում ամենատարբեր նյութերի տարաձեւ հորինվածքներ շատ կտեսնես, բայց գեղարվեստական նրբաճաշակությամբ ու անհատականության կնիքով գործերՙ հազվադեպ, այնպիսիք, որոնք քիչ են տուրք տալիս հանրային ճաշակին ու քաղքենու սովորական քիմքին: Վարպետ Արմենի ու նրա հարեւան երկու փայտագործների վաճառասեղանների իրերը բազմազանությամբ աչքի չեն ընկնում, դրանքՙ զարդատուփեր, աղամաններ, գդալներ են, թալիսմաններ, չարխափաններ, հերակալներ եւ այլ նման բաներ: «Հայրս դարբին էր, փոքր տարիքից ճկված, գեղեցիկ մետաղներ եմ տեսել շուրջս ու դրանցով պատրաստված առարկաներ: Բայց սիրում եմ փայտը, բնական նյութ է եւ իր տեքստուրան մշակելուց ցույց է տալիս, ինչպես մարմարը, որ շատ օգնում է փորագրությանը: Փայտարվեստով սկսեցի զբաղվել պատահականորենՙ մի հաղորդումից ազդված, որ պատմում էր Ռուսաստանի եկեղեցիներին կից գործող դպրոցների մասին, որտեղ իկոնաներ վերականգնելու արվեստ են սովորեցնում», շարունակում է Արմենը: Զարդանախշերով ու փորագրություններով կիրառական նշանակության առարկաներից նրա հետաքրքրություններն աստիճանաբար անցնում են գեղարվեստական ձեւերին ու ստեղծագործական վերաբերմունք ձեւավորումՙ մասնավորապես բարձրաքանդակ փորագրության արվեստի հանդեպ: Թեմայի ընտրությունը դառնում է կարեւոր խնդիրներից մեկը:
Վրձին չբռնած վարպետի համար հայ միջնադարյան մանրանկարչությունը ուսումնասիրության հիմնական առարկան էր: Նկարչության այբուբենըՙ գծի ճշգրտությունն ու նրբությունը, գույնի նրբերանգների արտահայտությունները սովորում է մանրանկարի հայ վարպետներիցՙ փորձելով նրանց աշխատանքներից վերարտադրություններ կատարել փայտի վրա: Թորոս Ռոսլինը դառնում է իր ուսուցիչն ու խորհրդատուն: Ավելի ուշ, կատարելագործվելով տեխնոլոգիայի մեջ, Արմենը պարզ վերարտադրությունից ստեղծագործական որակներ է ձեռք բերում: Ժամանակի ոգին ճիշտ զգալու համար մանրազնին ու երկարատեւ հետեւում է հին եւ միջնադարյան շրջանի հայ արվեստի զարգացումներին, նկատում ամենափոքր դետալներն անգամ: Հայոց մեծ դարձիՙ քրիստոնեության ընդունման 1700-ամյակի խորհուրդը փոփոխություններ է առաջացնում նրա ներաշխարհային ու ստեղծագործական միջավայրում, իր ներսում հայտնաբերել է սկսում հոգեւոր մարդուն... Առաջին մանրանկարային փորձերը աստվածաշնչյան թեմաներովՙ Սբ. Ծննդի, Մկրտության պատկերներն էին: Մանրանկարների փոխադրումը փայտի վրա վարպետը սոսկ ընդօրինակման աշխատանք չի համարում, քանի որ նյութի փոփոխությունն առաջադրում է իր կանոնները, նոր տարրերի անհրաժեշտություն առաջացնում: Փայտագործի իր վարպետությունը, գեղարվեստական մտածողությունը, սակայն, դրսեւորման լավ հնարավորություն են ստանում բարձրաքանդակ փորագիր աշխատանքներում: Ավետման, Թադեւոս եւ Բարդողոմեոս առաքյալների, Անառակ որդու վերադարձի թեմաները պահանջում էին կրոնական կյանքի, հոգեւոր գրականության իմացություն: Սկսում է ուսումնասիրել հայ եւ օտար պատմիչների աշխատություններ, ձեռագիր մատյաններ, մերձենում եկեղեցական կյանքին: Շուրջ երեք տարի աշխատում է «Աբգար թագավորի նամակը Հիսուսին» բարձրաքանդակ փորագրության վրա: Պատմագրությունից մեզ հասած ուշագրավ այս դրվագը փայտի մանրաքանդակ աշխատանքում ստացել է գեղարվեստական բարձր դրսեւորում:
45X60 չափսի փայտի փորագրության բազմաֆիգուր կոմպոզիցիայում տրված է ժամանակաշրջանի մթնոլորտը, ստեղծված է պալատական միջավայր. յուրաքանչյուր փոքրիկ դետալՙ հագուստի ծալքեր, հայացքի ուղղություն, ջահ, զինանշան, կարպետ լրացնում ու ամբողջացնում են գործը. թագավորի, պալատական սուրհանդակի, խորհրդականների, գրչի կերպարներին ճշմարտացիություն, բնականություն հաղորդում:
Արմենն ընտրել է փայտանյութի երկու տեսակՙ մուգ, երկարակյաց ընկուզենի եւ ժամանակի մեջ համաչափորեն գունափոխվողՙ սպիտակից մինչեւ շագանակագույն տանձենի: Փայտի բնականությունն ու ջերմությունն օր-օրի կլանում է նրան, հարազատանում, որին նա նոր կյանք ու նշանակություն է հաղորդում, սովորական առօրյականությունից փոխադրում հոգեւոր, բարձր ոլորտ:
Այդ կենսական անհրաժեշտություն փայտանյութը
Հնագույն շրջանից մարդ-արարածն ունեցել է ծառի պաշտամունք: Հին հույներն անտառի աստվածություն են ունեցել: Այծոտն, մորուքավոր ու պոչավոր, մազակալած Պանը հովանավորում էր անտառներն ու բացատները: Հինավուրց Գալիայում, Իռլանդիայում եւ Բրիտանիայում դրուիդներըՙ կելտերի հնագույն հավատամքների ու սովորույթների անվանդական հետնորդ քրմերը, ապրում էին անտառներում ու սրբություն էին համարում ծառերը: Մարդկային բնավորությունները նրանք զուգորդում էին ծառերի հետ, ու դրուիդների հորոսկոպում մարդկանց խառնվածքներն ըստ համապատասխան ծառատեսակների էին մեկնաբանվում: Մովսես Խորենացին «Հայոց պատմության» մեջ հիշատակում է, որ Արմավիրում գտնվող Սոսյաց անտառների տերեւների սոսափյունով քրմերը գուշակություններ էին անում: Գրեթե բոլոր ժողովուրդների մոտ ծառատունկն օրհնված գործ է եղել: Անտառըՙ մարդու կենսական գոյությունն ապահովող ամենաանհրաժեշտ բնամիջոցներից մեկն էՙ ամենաթանկ կենսանյութիցՙ թթվածնից մինչեւ կենցաղային տարբեր կարիքները եւ գեղագիտական պահանջները բավարարող փայտի իրերն ու առարկաները: Կավի հետ փայտն էլ մարդուն ուղեկցել է դեռ քարանձավային շրջանից: Մարդու պրպտող միտքը հետագայում գտավ ու կիրառել սկսեց բազմազան շատ այլ նյութեր ու էլեմենտներ, սակայն փայտը էկոլոգիական մաքրությամբ, նաեւ բուժական նշանակությամբ, բակտերիասպան ու օգտակար մյուս հատկանիշներով մնաց անգերազանցելի եւ ամենահումանիստական նյութը: Այսպես է մտածում նաեւ նյույորքաբնակ արձանագործ Մարտին Կակոսյանը, որի պապը տոհմիկ գյումրեցի բրուտագործ էր ու ինքն էլ կավի հետ վաղուց բարեկամացած. «Շատ հնուց լաստեր էին փայտից պատրաստում հեռավոր վիկինգներն ու շատ այլ ցեղեր, հետո նավագնացությունը զարգացավ: Չմոռանանք, որ Նոյի հայրենիքում ենք ապրում, ու Տապանը փայտի մեծ գերաններից էր պատրաստված: Փայտի հետ ենք մեր սկզբից, մանկության օրորոցից մինչեւ մեր վերջին օրը: Ուզում եմ հիշել մեր ժամանակների ամենահումանիստ մարդկանցից մեկիՙ Հովհաննես Պողոս II պապիՙ մահից առաջ ասված խոսքերը. «Ինձ պարզ եղեւնափայտի արկղի մեջ դրեք», ու այդպես էլ եղավ...
Մարդու կեցության շատ խնդիրներ ապահովող փայտանյութը, իբրեւ արտահայտության միջոց միաժամանակ էսթետիկ ու արվեստային մթնոլորտ է ստեղծում:
Հայկական փայտարվեստ
Ժողովրդական մշակույթի այս ճյուղիՙ փայտարվեստի շատ արժեքավոր նմուշների հավաքածո Երեւանում կարելի է տեսնել հիմնականում երկուՙ փայտարվեստի եւ ժողարվեստի թանգարաններում: Իբրեւ շուտ ոչնչացող նյութ, փայտը վաղ անցյալում իրենից ստեղծված իրերի մասին քիչ վկայություններ է թողել: Մեզ հասած փայտե առարկաներից, որոնց վրա մարդն իր պատկերավոր մտածողության հետքն է թողել, Սեւանի Լճաշենի պեղումնաբանական գտածոներից մ. թ. ա. 2-րդ հազարամյակով թվագրված սայլն էՙ հավերժության նշանի, կենաց ծառի փորագրություններով, որը վերականգնված պահպանվում է պատմության թանգարանում: Այստեղ են գտնվում նաեւ Սեւանի Առաքելոց վանքի խոյակները, Սեւանի երկու եկեղեցիների դռներըՙ զարդարված թռչնակերպ ու կենդանակերպ պատկերներով, Մշո Առաքելոց վանքի դուռըՙ պատրաստված կաղնեփայտիցՙ բարձրարվեստ փորագրությամբ:
Ժողարվեստի թանգարանի աշխատակից, պատմական գիտությունների թեկնածու, ազգագրագետ Ամալյա Սարգսյանը իր հայտնած վերոհիշյալ տեղեկություններին հավելում է նաեւ Հայաստանում տարածված հազարաշեն ծածկով բնակարանների ավանդույթի մասին. տան սյուների խոյակները, որպես կանոն, փորագրվում եւ վրան արձանագրվում էին կառուցման տարեթիվն ու վարպետի անունը: Մ.թ. ա. 2-րդ դարից, ինչպես եւ ավելի վաղՙ ուրարտական շրջանից պահպանված որոշ իրեր ենթադրել են տալիս կահույքի նախատիպերի գոյության մասին: Իսկ ըստ հայ, ասորի եւ արաբ պատմիչների, Հայաստանից բարձրորակ փայտանյութ է արտահանվել Եգիպտոս. «Ցավոք, այսօր մենք կորցնում ենք ոչ միայն փայտարվեստի, այլեւ ժողարվեստի շատ տեսակների ավանդույթներըՙ խեցեգործության, գորգագործության, մետաղի գեղարվեստական մշակման, ասեղնագործության եւ այլն: Այսօրվա աղետալի վիճակը հնարավորություն չի տալիս թանգարանին նոր ցուցանմուշներ ձեռք բերելու, եղածն էլ դժվարությամբ ենք պահպանում, գորգերն ինքներս ենք լվանում գետում:
Արվեստի գործերի նկատմամբ պետական հովանավորության անհրաժեշտությունը բոլոր ժամանակներում է եղել եւ մնում է նաեւ այսօր: Հիշենք պատմությունը, Եկատերինա 2-րդը չնայած երկրի աղետալի վիճակներինՙ գեղանկարչական աշխատանքներ, քանդակներ էր գնում Եվրոպայից: Հետագայում նաեւ այդ հավաքածոյի հիման վրա ստեղծվեց Էրմիտաժը:
Այսօրվա անտարբերությունից եւ ոչ հոգածո վերաբերմունքից մեր վարպետները ենթարկվում են շուկայի պահանջներին եւ կորցնում գեղարվեստական շատ որակներ»:
***
1977 թվականին այն ժամանակվա փայտարդյունաբերության նախարար Ալբերտ Ստեփանյանի անձնական նախաձեռնությամբ եւ գեղանկարիչ, արվեստի տեսաբան Վանիկ Շարամբեյանի օժանդակությամբ ստեղծվեց Երեւանի փայտարվեստի թանգարանըՙ բավականին սակավաքանակ նմուշներով: Թանգարանին կից սկսեց գործել նաեւ արհեստագործության դպրոցըՙ ժողովրդական կորսվող արվեստը փրկելու նպատակով: Այդ գործի շարունակությունն այսօր ազգային մշակույթի նվիրյալ, հոգածու ձեռքերում է. թանգարանի տնօրեն, մասնագիտությամբ ճարտարապետ Հենրիկ Սոլախյանը Թերլեմեզյանի ուսումնարանում ժամանակին մի քանի առարկաների հիմնադիր է եղել, ժողարվեստների գիտակ է, բազմապրոֆիլ վարպետՙ փայտագործ, գորգագործ, դարբին:
Պարոնյան թիվ 4 հասցեի բազմահարկի առաջին հարկի գեղեցիկ ցուցասրահում փայտանյութն իրեն բնորոշ հարազատ մթնոլորտ է ստեղծել, ներդաշնակ ու հանգիստ, տան ու օջախի մտերմիկ ջերմությամբ: Երեք բաժիններից բաղկացած ցուցադրության մուտքը հին մշակույթը ներկայացնող հատվածն էՙ փայտագործական նմուշներին զուգահեռ այլ արհեստների աշխատանքներով: Դրանք XVIII-XX դարերում հայ մարդու կենցաղում կիրառված իրեր ենՙ հմայիլներ, նռնակերպ գդալնոց, երկկողմ զարդանախշ հավքերով սյուն, դանդղաններ, բազմաձեւ գաթանախշիչներ, որոնք համարվել են չարխափաններ, տունը, օջախը, ընտանիքը պահպանող խորհրդանիշ: Մի առանձին հետաքրքրությամբ այս իրերը մեզ ներկայացրեց ֆոնդապահուհի Մելանյա Միրզոյանը: Մնացած երկու բաժիններում ցուցադրվող դեկորատիվ, կիրառական նշանակության առարկաները (գրակալ, գուլպայի կաղապարներ, իլիկներ, մաքոքներ, օրորոցներ, երաժշտական գործիք-քեմանի) տարաձեւ զարդանախշերով դրվագված նրբաճաշակ ու նրբամիտ վարպետների ձեռարվեստի արժեքավոր գործեր են: Թանգարանի հավաքածոյի յուրահատուկ մաս է կազմում քանդակի բաժինըՙ պրոֆեսիոնալ նկարիչների եւ արձանագործների (Լեւոն Թոքմաջյան, Գագիկ Ղազարյան) կատարմամբ:
«Զարդապատկերի յուրաքանչյուր տարր համամարդկային բնույթ է կրում: Սակայն յուրաքանչյուր մշակույթ ունի իր համակարգը: Գաղտնիքը թաքնված է այդ համակարգի մեջ: Մի շատ պարզամիտ մոտեցում կա այս հարցում , ինչպես, օրինակ, խաղողը հայկական համարելը: Սակայն դա ընդամենը բուսական տարր է, որ շատ երկրներում է աճում: Միանգամայն այլ դրսեւորում ունի խաղողի հայկական զարդանախշի տարատեսակը: Կա նաեւ մեկ այլ մոտեցում, թե բնական փորագրությունը համարվում է առավելություն, սակայն, դա արվեստի հետ բնավ կապ չունի», Հ. Սոլախյանը մեր նախորդ զրուցակցի նման այն համոզման է, որ շուկան վտանգում է ժողովրդական մշակույթի գեղարվեստականությունը, որի հետեւանքով կորչում են գեղեցիկ ավանդույթները: Նա թերահավատությամբ է վերաբերում վարպետներիՙ Երեւանում մասնագիտացված խանութի առաջարկինՙ անիրատեսական համարելով, իսկ վերնիսաժային որոշ պատրաստուկներ նրան պարզապես վախեցնում են իրենց կոպտությամբ: Բազում բարդություններով է լի նաեւ հայկական փայտարվեստը դրսում ներկայացնելու առաջարկը. «Արվեստի, մշակույթի նման խնդիրները աղքատ երկրի համար չեն»:
Այս միտքը շարունակում է իմ մյուս զրուցակիցըՙ Մարտին Կակոսյանը. «Ինչպես ամեն ինչ, ճաշակը եւս տենդենց ունի փոփոխության: Մեր վարպետների որոշ գործեր հնարավոր է Արեւմուտքում դիտվեն իբրեւ էկզոտիկ նմուշներ, բավական աշխատանք է կատարվում, բայց ոչ այնքան ճիշտ ուղղությամբ: Այսօր Արեւմուտք թափանցել է աֆրիկյան, լատինամերիկյան, Միջին Արեւելքի երկրների փայտագործական մշակույթը: Դրանց մի մասը կիրառական կամ դեկորատիվ նշանակության պատմական այս կամ այն երեւույթը կամ էպոխան արտացոլող իրեր են, ինչպես ինկերի ժամանակաշրջանը, բայց դրանք անցածի շատ որոշակի կրկնություններ են: Աֆրիկյանն առանձնանում է սեւ փայտի յուրահատուկ տեսակով, բացի այդ նրանք շարունակում են իրենց ավանդական պրիմիտիվ արվեստըՙ մարդկային, կենդանական ֆիգուրներՙ հատուկ ձեւակազմավորված, աղճատված անատոմիական կազմավածքներով, շեշտադրված մարմնամասերով»:
... Վերնիսաժի շատ հետաքրքրական, բայց անմշակ տարածքում փայտագործ վարպետների աշխատանքներով հետաքրքրվողները մեծ մասամբ օտարերկրացիներ ու սփյուռքահայեր են: Արմեն Խաչատրյանի հոգեւոր թեմաներով բարձրաքանդակ փորագրություններն այստեղ չես գտնի, Հայաստանում դրանց պահանջարկը քիչ է. ինքը չի դժգոհում, բայց զգում է տարբեր մշակութային փոխշփումների, արտերկրում ներկայանալու անհրաժեշտություն:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ