Հայկական շուկան կրկին լցվել է թուրքական ապրանքներով` ի վնաս հայ արտադրողի

25.07.2022

Անցած տարվա թուրքական ապրանքների ներմուծման էմբարգոն դրական ազդեցություն էր ունեցել Հայաստանի տեղական արտադրողի վրա։ Հիմա, երբ էմբարգոն հանված է, մի շարք տեղական արտադրողներ տուժում են։ Այս մասին հայտնել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ խոսելով Հայաստան-Թուրքիա ապրանքաշրջանառության մասին։

«Արտադրողները, որոնք հույս ունեին, որ այդ արգելքը 3 տարի տևելու է, ներդրում կատարեցին, սարքավորումներ ներկրեցին և հիմա կանգնած են փաստի առջև։ Ստացվում է՝ թուրքական ապրանքն անարգելք գալիս է, հայկականն էլ պետք է տեղում մրցակցի դրա հետ, իսկ սա անհավասար մրցակցություն է, քանի որ թուրքական ապրանքներն անհամեմատ էժան են»,- բացատրեց Պարսյանը։

Հայկական այդպիսի արտադրողներ, տնտեսագետի տվյալներով, մասնավորապես մանածագործական ոլորտի, քիմիական արտադրությամբ, նաև թղթերի ու թղթից իրերի արտադրությամբ զբաղվողներն են։

Թուրքական ապրանքների վրա 2021թ-ին դրված արգելքի արդյունքում 2020թ․համեմատ Թուրքիայից ներկրումը նվազել էր շուրջ 5,5 անգամ։ Այս պահին մենք վերադառնում ենք մինչ էմբարգոյի ժամանակաշրջանի ներմուծման ծավալներին։

«Իրականում թուրքական ապրանքների ներկրումն ավելի շատ է, քան պաշտոնական վիճակագրությամբ արտահայտվում է, քանի որ թուրքական ապրանքների մաքսային արժեքը շատ հաճախ ցածր է ներկայացվում։ Եթե գնահատենք իրական ցուցանիշներն, ավելի մեծ ծավալի ներմուծում կունենանք Թուրքիայից»,- ասաց Պարսյանը։

Խոսելով թուրքական ապրանքների էժանության մասին` Պարսյանը նշեց, որ դրան նպաստող տարբեր գործոններ կան։ Նախ՝ էլեկտրաէներգիան այնտեղ ավելի էժան է, պետությունն արտահանման ուղղությամբ սուբսիդավորման քաղաքականություն է իրականացնում, ինչպես նաև թուրքական լիրայի արժեզրկումն էլ ուղղակիորեն ազդում է ներկրվող թուրքական ապրանքների ավելի մատչելի լինելու վրա։

Տնտեսագետը ավելացնում է՝ միանշանակ կարող ենք ունենալ թուրքական ապրանքներին այլընտրանք` ավելի մատչելի տարբերակներ, սակայն դրա համար պետք է որոշակի ժամանակ աշխատանք տարվի իրանական, ռուսական, վիետնամական ապրանքաշուկաների հետ։ Դրանք կարող են լինել փոխարինող, սակայն երբ այդ շուկաները տեսնում են, որ թուրքական ապրանքն անարգելք մտնում է մեր շուկա, այդ ուղղությամբ զարգացումներ տեղի չեն ունենում։

«Մենք պետք է հասկանանք՝ ո՛ր ապրանքները կարող ենք տեղում արտադրել, ու այդ ապրանքների ներմուծման արգելքը դնենք։ Տնտեսական տրամաբանությունից ելնելով` թուրքական ապրանքները մեր շուկայում չպետք է լինեն, զուտ տնտեսական տրամաբանությունը հուշում է, որ այս ապրանքների ներհոսքը մեր տնտեսություն մեծ վնասներ է հասցնում»,- ասաց տնտեսագետը։

Պարսյանը որպես օրինակ նշեց, որ մենք նարինջ չենք կարող տեղում արտադրել, այսինքն` դա պետք է դիտարկել որպես ներկրման տարբերակ։ Բայց երբ ունենք, օրինակ, տեքստիլ արտադրություն, ապա այդ ոլորտում պետք է արգելափակումներ մտցվեն։ Նրա խոսքով՝ Թուրքիայի համար դեպի Հայաստան 250-260 մլն դոլարի արտահանումը շատ չնչին է, իսկ մեզ համար դա էական նշանակություն ունեցող ծավալ է։

Հայաստանը Թուրքիայից հիմնականում ներմուծում է հագուստ, նարինջ, սարքավորումներ, շինանյութ և այլն։ Հայաստանից Թուրքիա ևս արտահանում լինում է, սակայն շատ նվազ ծավալներով։ Օրինակ՝ անցած տարի ընդամենը կես միլիոն դոլարի չափով արտահանում ենք ունեցել։

«Հայաստանից Թուրքիա գրեթե ոչինչ չի արտահանվում, հիմնականում՝ ժամացույցի մասեր, զարդեր և նախկինում արտահանվում էր չմշակված կովի կաշի։ Թուրքական շուկան Հայաստանի համար փակ է ու այն էլ տարբեր՝ ոչ միայն տնտեսական պատճառներով։ Թուրքիան, օրինակ, կարող է ներկրվող ապրանքների նկատմամբ մինչև 47 տոկոս մաքսատուրք կիրառել, իսկ Հայաստանի դեպքում մաքսատուրքերը միասնական են ԵԱՏՄ-ի հետ։ Չի կարող Հայաստանը թուրքականի նկատմամբ, օրինակ, 40 տոկոս կիրառի, երբ ԵԱՏՄ-ում դա 15 տոկոս է սահմանված»,- ասաց Պարսյանը։

Բացի այդ, տնտեսագետը նաև նշում է, որ Թուրքիայի կառավարությունը բազմաթիվ քաղաքական և այլ շարժառիթներով սահմանափակումներ է մտցնում հայկական ապրանքների նկատմամբ։ Նրա տվյալներով՝ 2000-ականներին, երբ Հայաստանից արտահանվում էր «Արարատ» կոնյակը, Թուրքիայի կառավարությունն արգելեց այդ ապրանքի արտահանումը Հայաստանից, այն պատճառաբանությամբ, որ դա կարող է թուրք սպառողին մոլորության մեջ գցել, քանի որ իրենց մոտ Արարատն այլ կերպ են կոչում։

Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ միայն 2022թ-ին առաջին հինգ ամսվա ընթացքում Թուրքիայից Հայաստան է ներկրվել մոտ 76 մլն դոլարի ապրանք։ Համեմատության համար՝ ընդհանուր 73 մլն դոլարի ապրանք էր ներմուծվել 2021թ․ ամբողջ ընթացքում, երբ կիրառվում էր թուրքական ապրանքների էմբարգոն։ Նախորդող տարիներին Թուրքիայից ներմուծումը տարեկան գերազանցել է 200 մլն դոլարը։

Sputnik Արմենիա