Հայկական օդային գերակայությունը

15.07.2020

Հայաստանի հակաօդային պաշտպանության ուժերը հուլիսի 14-ին խոցել էին իսրայելական արտադրության, իրենց տեսակի մեջ բարձր համարում ունեցող հետախուզական անօդաչու սարք, որը կիրառել է Ադրբեջանը՝ Hermes 900:


Հայկական զինուժն այն խոցել է ՕՍԱ ԱԿՄ զենիթային համակարգով, որի շուրջ վերջին ամիսներин առաջացել էր բավականին աղմուկ, այսպես ասած ներքաղաքական իրադարձությունների համատեքստում:


Դրանց արդյունքում հայտնի դարձավ, որ ոչ այնքան նոր այդ համալիրները այսպես ասած նորացվել են հայ մասնագետների ջանքով: Տավուշի երկնքում ադրբեջանական անօդաչուն, կամ ավելի շուտ այն բաց թողած ադրբեջանցիները զգացել են հայ մասնագետների ուժը:


Ընդ որում, այն թերեւս արժանանալու է նաեւ ռազմական գործի եւ ռազմաարդյունաբերության օտարերկրացի մասնագետների ուշադրությանը, հաշվի առնելով տեղեկությունները, որ այդ մակնիշի դրոնը բավականին հաջող կիրառվում է այլ կոնֆլիկտային գոտիներում եւ գործնականում եղել է «անհաղթահարելի» կամ «անորսալի»:


Այդ իմաստով, Տավուշի սահմանագոտում իրադարձությունները ունեն շատ ավելի բազմաշերտ բնույթ եւ տեղավորվում են օդային գերակայության այն ռազմավարության շրջանակում, որի մասին վերջին երկու տարիներին խոսում է պաշտոնական Երեւանը պաշտպանության նախարարի շուրթերով: Այդ գերակայության շրջանակում Երեւանը հայտարարեց ՍՈՒ 30 ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչների ձեռքբերման մասին, որի առաջին խմբաքանակը Հայաստան եկավ նախորդ տարեվերջին, իսկ նոր խմբաքանակը սպասվում է մոտ ապագայում:


Օդային գերակայությունը սակայն լոկ բազմաֆունկցիոնալ արդիական ավիացիան չէ, այլ նաեւ արդիական հակաօդային պաշտպանությունը, առավել եւս այսպես ասած «ստանդարտից դուրս», այլ կերպ ասած հայկական տեխնոլոգիական նրբերանգներ պարունակող պաշտպանությունը, որը հակառակորդի համար հասանելի չէ:


Այդ իմաստով, Տավուշում տեղի ունեցածը հայկական զինուժի համար ինչ-որ իմաստով նաեւ օդային գերակայության ռազմավարության մարտական փորձարկում էր՝ իհարկե առանց հարվածային բազմաֆունկցիոնալ ավիացիայի գործադրման, որն արձանագրել է հաջողություն: Ի դեպ, հայտարարվել է, որ հայկական ուժերը հակառակորդի ագրեսիան զսպելու համար պատժիչ գործողություններում օգտագործել են նաեւ հայկական արտադրության հարվածային անօդաչուներ, առաջին անգամ, եւ դարձյալ՝ բավականին հաջող:

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan.Online-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ yvnonline@gmail.com

Գլխավոր խմբագիր՝ Աննա Սարգսյան