25.04.2020, ԵՐԵՎԱՆ
Երեկ գիշեր ժամը՝ 22։ 30- 23։00-ն ընկած սահմանում Երևանի Մուշ Թաղամասում ծեծել են Սահմանադրական կարգի տապալման գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի դստերը, փեսային, փեսայի քրոջը, մորն ու հորը։
«Ա1+»-ի հետ զրույցում Սեդա Սաֆարյանն ասաց, որ բռնություն գործադրողները եղել են մի խումբ (5-6 հոգի) անհավասարակշիռ մարդիկ։ Ըստ տիկին Սաֆարյանի՝ նրանք գիշերը բարձրաձայն հայհոյել են, փեսան էլ դուրս է եկել և փորձել պարզաբանում ստանալ, թե ինչու են հայհոյում և մարդկանց անդորրը խանգարում։
«Փեսայիս խփել են առանց պատճառաբանության, ու էդպես վրա են տվել։ Ուզում եմ հասկանալ, եթե միայն փեսայիս հետ էր խնդիրը, ինչո՞ւ էին նաև կանանց ծեծում։ Էսքան խուլիգանության դեպք էինք տեսել, սենց բան չէի տեսել։ Ուղղակի ապշած եմ»,- ասաց Սեդա Սաֆարյանը, և հավելեց, որ ծեծողները բակից մի փոքր էլ հեռացել են, նոր ծեծել, որ չնկարահանվեն։
Այնուհետև կանայք փորձել են միջամտել, սակայն իրավիճակն ավելի է սրվել։ Սեդա Սաֆարյանի խոսքով՝ նույնիսկ հարևաններն են միջամտել, սակայն նրանց նույնպես խփել են, թե ինչու են միջամտում։ Տիկին Սաֆարյանի խոսքով՝ միջադեպին մասնակից ոստիկանության նախկին աշխատակցի կինը զանգել է ոստիկանություն, սակայն ամուսինը հետ է զանգել և տեղեկացրել, որ ամեն ինչ հանդարտվել է, կարիք չկա ժամանել դեպքի վայր։
«Ոստիկանների ասելով՝ իրենց ապակողմնորոշել են, դրա համար իրենք թեև դեպքի վայր գալու մտադրություն են ունեցել, բայց չեն եկել և հետ են գնացել։ Ասացին՝ մենք կարող էինք բռնել ծեծողներին, եթե ոստիկանության նախկին աշխատողը մեզ չապակողմնորոշեր»,- պատմեց Սեդա Սաֆարյանը։
Գիշերվա մինչև ժամը 03։00-ը տիկին Սաֆարյանն ու հարազատները Ոստիկանության Շահումյանի բաժնում են եղել։ Ըստ տիկին Սաֆարյանի՝ այդ ընթացքում էլ ծեծողներին չէին հայտնաբերել և նույնիսկ ինքնությունը չէին ճշտել։ Սեդա Սաֆարյանի խոսքով՝ հարազատները դեռ բուժզզննում չեն անցել։
«Երեխուս գլուխը ցավում է, ասում է՝ ընկած վիճակում քացով խփել են, ձեռքերով գլուխը պահել է։ Աղջկաս տալի ականջին բռունցքով հարվածել են, քացով ծնոտին են խփել»,- ասաց նա։ Սեդա Սաֆարյանը քիչ անց պատրաստվում է կրկին ներկայանալ ոստիկանություն, պարզել, թե ինչ ընթացքում է գործը։
Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը Ֆեյսբուքի իր էջում նշել է, որ քրոջ՝ փաստաբան Սեդա Սաֆարյանի փեսայի ձեռքին կոտրվածքներ կան։
«Քիչ առաջ տեղեկացա, որ անհրաժեշտ բուժօգնության համար բուժհաստատություն տեղափոխված փաստաբան Սեդա Սաֆարյանի փեսայի ձեռքի վրա հայտնաբերվել է երկու տեղից կոտրվածք։
Ընտանիքի մյուս անդամների բժշկական ստուգման արդյունքների մասին լրացուցիչ կհայտնենք»,- գրել է Ստյոպա Սաֆարյանը։