top of page

Հայ բեմի Չապլինը. Կարպ Խաչվանքյանի հիշատակին

26.06.2023

«Ես կյանքում այլ եմ, բեմի վրա՝ բոլորովին ուրիշ: Ես սրամտությամբ չեմ փայլում եւ ինձ չեմ համարում սրամիտ մարդ, թեեւ բեմում խաղում եմ միայն նմաններին: Երբեք ոչ երգել եմ, ոչ պարել եմ, ոչ մի բանաստեղծություն չեմ արտասանել եւ ոչ էլ գիտեմ: Եթե ասեն՝ Կարպ, սկզբից մինչեւ վերջ մի բանաստեղծություն ասա, թե չէ կգնդակահարենք, երդվում եմ՝ չգիտեմ ոչ մի հատ՝ ոչ ռուսերեն, ոչ հայերեն…


…Մեկ ուրիշ դերասան նույն դերը կխաղա՝ քրտինքի ոչ մի կաթիլ ճակատին: Ես այդպես չեմ կարող: Եթե խաղում եմ, տրվում եմ անմնացորդ, լիովին, ինչքան մեջս կա: Եվ դա է, որ ինձ հոգնեցնում է: Եվ դա է, որ չեմ սիրում խաղալ ներկայացումներ այնպես, ինչպես դպրոցականը չի սիրում հանձնել քննություն… Ես միշտ երազել եմ խաղալ, թերեւս, գլխավոր մի դեր, բայց՝ համր մարդու եւ հաշմանդամ, որը նստած-գամված լինի մի տեղում, որը չշարժվի եւ չխոսի, բայց լինի բեմի վրա սկզբից մինչեւ վերջ…»:


Կարպ ԽԱՉՎԱՆՔՅԱՆ


Դերասանին թեեւ բախտ չվիճակվեց խաղալ այդպիսի մի դեր, սակայն իր մարմնավորած բոլոր դերերն իսկական հրավառություն էին առաջացնում դահլիճում, ստիպում հանդիսատեսին ուշաթափվել ծիծաղից: Բավական է՝ բացվեր վարագույրը, եւ նա հայտնվեր բեմում, հանդիսատեսի տրամադրությունն արդեն իսկ տոնական էր: Նրա մասնակցությամբ ցանկացած ներկայացում կարելի էր նայել տասնյակ անգամ եւ չհոգնել, չձանձրանալ: Յուրաքանչյուր բեմ կերազեր ունենալ այդպիսի մեկին: Բայց նա եզակի էր, անկրկնելիորեն եզակի:


Խաչվանքյանն իր խաղով ոգի էր տալիս նաեւ խաղընկերներին, ստիպում նրանց տալ ավելին, քան կարող էին: Այսպիսին էր ծիծաղի մաեստրոն բեմում: Իսկ կյանքո՞ւմ…


Տողերիս հեղինակին բախտ է վիճակվել, մանավանդ իննսունականների կեսերին, հաճախակի հանդիպել, զրուցել նրա հետ: Այսօրվա նման հիշում եմ. նոր էր վերադարձել ամերիկյան հյուրախաղերից: Արդեն տեղյակ էի դժբախտ այն պատահարին, որ տեղի էր ունեցել լոսանջելեսյան բեմում՝ Ժիրայր Անանյանի «Ես եմ, եկել եմ» ներկայացման երկրորդ արարի ժամանակ: Թակեցի բնակարանի դուռը, բավականին ուշացումով բացեց՝ սայլակով էր, միայնակ: Ներս հրավիրեց: Տխուր էր: Նախապես պայմանավորվել էինք՝ գիտեր, որ հարցազրույցի եմ եկել: Երբ խնդրեցի պատմել պատահարի մասին, աչքերը խոնավացան. «Անիծվեր այդ Ամերիկան,-ասաց,- ես այնտեղ գնացի լիովին առողջ մարդ եւ վերադարձա գրեթե կործանված…»: Եվ վերհիշեց, թե ինքնամոռաց խաղի ժամանակ ինչպես չի նկատել, որ հասել է բեմի այն եզրին, որից ներքեւ նվագախմբի «փոսն» է…: Եվ ընկել է մի քանի մետր բարձրությունից: Ուշագնաց վիճակում հասցրել են հիվանդանոց: Ուղիղ մեկ ամիս բժիշկների մաքառումից հետո հազիվ են ուշքի բերել՝ լրջորեն վնասվել էր ողնաշարը: «Գիտե՞ք՝ ինչ ասացին բժիշկները,- շարունակեց դերասանը,- քեզ փրկել է քո ազգանունը՝ կազմված խաչ եւ վանք բառերից: Հրաշքի է նման, փառք Աստծուն»: Հետո ծանոթացրեց ամերիկյան թերթերի այն հրապարակումներին, որոնք նվիրված էին իրեն: Ես դրանք կարդացի թարգմանաբար: Ամերիկացի թատերագետները Կարպ Խաչվանքյանին համեմատել էին իրենց մեծն Չառլի Չապլինի հետ՝ միայն այն տարբերությամբ, որ Չապլինը չէր խոսում, իսկ հայ կատակերգակ արտիստը խոսում է…


Թեեւ կոտրված էր բեմում փոթորիկ առաջացնող սիրելի դերասանը, այդուհանդերձ, բարյացակամ էր զրուցելիս: Իմ այն հարցին, թե՝ հումորն ի՞նչ տեղ ունի Ձեր կյանքում, սիրո՞ւմ եք կատակել մարդկանց հետ, չէ՞ որ բեմից միայն ուրախացնում եք մարդկանց, արձագանքեց. «Ես աշխարհի ամենատխուր մարդն եմ ոչ միայն հիմա, այլ այդպիսին եմ առհասարակ: Ինքնամփոփ մարդ եմ: Եթե խնդրես փոքրիկ մի անեկդոտ պատմեմ, անկեղծորեն, ոչ մի անեկդոտ չգիտեմ…»:


Բեմից ուրախություն ճառագող ինքնամփոփ մարդը, այդուհանդերձ, իր մեջ ուժ գտավ՝ կրկին բարձրանալու բեմ, հանդիպելու իրեն մշտապես կարոտող հանդիսատեսին, կրկին թնդացնելու մշտապես լեփլեցուն դահլիճը եւ ասելու՝ ես եմ, ձեր սիրելի դերասանը, կրկին եկել եմ: Սակայն, ցավոք, նրա մասնակցությամբ թատերական հրավառություններն այնքան էլ երկար չէին շարունակվելու. նրան վերապահված էր յոթուկես տասնամյակի կյանք, որից 54-ը նվիրաբերել էր Երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին, որին հաճախ «Կարպի թատրոն» անվանումով էին հիշատակում:


Չթվարկենք Խաչվանքյանի մարմնավորած դերերը, որոնք գերազանցում են մեկը մյուսին, սակայն հավելենք, որ բեմական ակնառու հմայքով հանդիսատեսին գերած դերասանն անխամրելի կերպարներ է ստեղծել նաեւ հայկական մի շարք ֆիլմերում՝ «Ճանապարհ դեպի կրկես», «Ատամնաբույժն արեւելյան», «Պատվի համար», «Տաքսի-տաքսի» (ֆիլմ-բեմադրություն), «Արարատյան դաշտի աղջիկը»: Հանդես է եկել նաեւ որպես ռեժիսոր. բեմադրել է Արտեմի Այվազյանի «Սեր աստղերի տակ», Էլդար Ռյազանովի եւ Էմիլ Բրագինսկու «Բաղնիքդ անուշ», այլ ներկայացումներ:


Հիշենք մեր սիրելի Չառլի Չապլինին… Հեռվից-հեռու էլ նա մեզ կվարակի տեւական ծիծաղով…

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page