top of page

Հայ երգի արքան. ձոն Ռուբեն Մաթևոսյանին

11.06.2023

«Ճշմարիտ երգիչը նաեւ ճշմարիտ բանաստեղծ է. ես այդպես մտածեցի, երբ նրա կատարմամբ լսեցի հայ երգը: Արյունը սառել էր երակներումս: Ես պարզապես անէացել, արձանացել էի եւ հրաշքը վայելում էի փակ աչքերով: Ես սթափվեցի հիպնոսից, երբ բեմի վրա մի փոքրամարմին տղայի փոխարեն մի հսկա տեսա՝ Դավթից ուժ առած: Դա պարզապես մոնումենտ էր, պատրաստի արձան: Ճիշտ այդպես ես կկերտեի նրա կիսանդրին…»:


Երվանդ ՔՈՉԱՐ


Հանճարեղ Երվանդ Քոչարն ուզում էր կերտել կիսանդրին այն մարդու, որ ծնվել էր փառավորելու հայ երգը մայր հայրենիքում, սփյուռքում, աշխարհով մեկ: Որին ճանաչելու, գնահատելու ու ծափահարելու էին աշխարհի մեծ երաժիշտները, երգահաններն ու կոմպոզիտորները: Մի արվեստագետի, որի մուտքը, մեծանուն Տաթեւիկ Սազանդարյանի բնորոշմամբ, «ճակատագրական եղավ ոչ միայն այսօր արդեն սահմաններ չճանաչող երգչի կյանքում, այլեւ բախտորոշ իրադարձություն հայ երգարվեստի համար առհասարակ: Ժամանակն ապացուցեց, որ Ռուբեն Մաթեւոսյան երգիչն իր կարողություններով հեղաշրջեց ժողովրդական երգի կատարման ու մեկնաբանման մեր պատկերացումները: Նա ստեղծել է երգերի իր անթոլոգիան եւ մնում է հայ երգի կատարողության առաջին ջութակը…»:


…Երբ 1941 թ. դեկտեմբերի 12-ին հոր՝ քարտաշ վարպետ Մացակի՝ մեծ Հայրենականում զոհվելուց երկու ամիս անց լույսաշխարհ է գալիս ապագա երգիչը, մորը թվում է, թե բժշկի ձեռքերում հայտնված փոքրիկը չի շնչում:


Բարեբախտաբար, դա միայն թվում էր. նա ապրեց, որ երջանկացներ սիրասուն մորը, ապրեցներ նրան ու դառնար կոմիտասյան մաքրաջինջ երգի հավատավորը, հայ երգի տերն ու մշակը:


Երեխա էր, երբ առաջին անգամ տանը երաժշտական գործիք է հայտնվում: Երաժշտական ակնհայտ ձիրք ունեցող Ռուբենն ուրախությամբ ու ոգեւորված տուն է կանչում բակի երեխաներին, ցույց տալիս դաշնամուրը: Հետո սովորելու էր Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում: Բայց նրան կանչողը երգն էր: Եվ մի օր համարձակվում է արդեն մեծ ճանաչում ունեցող իր բարեկամի՝ Արաքսյա Գյուլզադյանի տանից զանգահարել մեծ երախտավոր Արամ Մերանգուլյանին՝ խնդրելով լսել իր կատարումները: Քայլն արված էր, հաղթահարված՝ արվեստագետի համար իր առաջին մեծ քննությունը: Եվ դա սովորական մուտք չէր, ինչպես շատերի դեպքում: Հայտնի երգիչ Շարա Տալյանն այսպես բնութագրեց այդ մուտքը. «Հանձին Ռուբեն Մաթեւոսյանի՝ երգարվեստի հրապարակ է իջել բնությունից շռայլորեն օժտված մի իսկական երգիչ, հայ երգի կատարողականության արվեստի առանձնահատկությունների զգացողողության տաղանդ, որը Ռուբենին հեռու է պահել սխալ ազդեցություններից: Այս երգեցողությունն է պահանջում մեծն Կոմիտասը: Մենք մեծ հպարտությամբ հայ երգի կատարման իրավունքի բանալին փոխանցում ենք Ռուբեն Մաթեւոսյանին…»:


1961 թ. արժանանում է հեռուստատեսության եւ ռադիոյի պետկոմի նախաձեռնած մրցույթի լավագույն կատարողի մրցանակին: Այդ օրը նա կնքվում է իբրեւ երգիչ: Երգարվեստում նրա առաջին ուսուցիչը դառնում է մեծահամբավ Արամ Մերանգուլյանը: Եվ սկսվում են երգչի համերգային շրջագայություններն աշխարհի հորիզոնականներով: Նրան լսում են չեխերը, սլովակները, հունգարները, ծափահարում Փարիզում, Լիոնում, Մարսելում, Վալանսում: Ծափահարում են գրեթե բոլոր երկրներում, բոլոր հայտնի համերգասրահներում:


1969 թվական: Մոսկվայի Մեծ թատրոնում նշվում է հայ երգի վեհափառ Կոմիտասի 100-ամյակը: Այստեղ են համբավավոր երաժշտական խմբերն ու բնագավառի վարպետները: Իսկ պատվարժան հյուրերի համար նախատեսված օթյակում՝ մեծանուն Արամ Խաչատրյանը, Դմիտրի Շոստակովիչը, երկրի ղեկավար անձինք: Երգիչը կատարում է Կոմիտասի «Դլե յամանը»: Ավարտին առաջինը ոտքի է կանգնում Շոստակովիչը, աչքերը թրջվում են… Ծափահարում են հոտնկայս: Իսկ մինչ այդ՝ մի քանի տարի առաջ, Ռուսիո մայրաքաղաքում ընթանում են Հայ արվեստի տասնօրյակին նվիրված միջոցառումները: ԽՍՀՄ կոմպոզիտորների միության դահլիճ: Կրկին այստեղ են մեծերը՝ Արամ Խաչատրյան, Շոստակովիչ, Խրեննիկով, այլ երեւելիներ: Երգչին լարվածությամբ հետեւում է Շոստակովիչը: Երբ ավարտվում է, նրան է մոտենում անվանի կոմպոզիտորը, հայտնում իր հիացմունքը ու գրառում կատարում. «Հազվադեպ է պատահում, որ ժողովրդական երգեր կատարող երգիչը, հատկապես տենորը չի բղավում, ուժ չի գործադրում: Այդ առումով ինձ համար անակնկալ էր երիտասարդ Ռուբեն Մաթեւոսյանը: Շատ կիրթ եւ ճաշակով երգիչ է, երգում է հանգիստ, լայն շնչառությամբ՝ հասկանալով մատուցածը, եւ գլխավորը՝ երգում է հոգու ձայնով»:


Հոգու ձայնով երգող «ամենաերգչի» աստղը տեսանելի էր բոլորին, եւ բնավ պատահական չէ, որ ժամանակի բոլոր անվանի երաժիշտները, անսամբլների ղեկավարները երազում էին, որ Ռուբեն Մաթեւոսյանը զարդարի իրենց կոլեկտիվները: Ահա ինչ է գրել այդ մասին մեծանուն Թաթուլ Ալթունյանը. «Արամ Մերանգուլյանը դողում էր Ռուբենի համար եւ դեմ էր, որ նա հանդես գար այլ կոլեկտիվի հետ: Խոստովանում եմ՝ թեեւ մեծ դժվարությամբ, սակայն ինձ հաջողվում էր երբեմն գողանալ նրան: Բացի հազվագյուտ ձայնից, նա ունի մեծ արագությամբ երգն իրենով անելու տաղանդ: Եվ իրոք, Ռուբեն Մաթեւոսյանն անմիջապես նվաճում է ունկնդրի սիրտը…»:


Վաստակաբեռն երգչին սիրել ու գնահատել են ժամանակի բոլոր մեծերը, իսկ համաժողովրդական սիրո մասին խոսելու կարիք էլ չկա: Բայց քանի որ մաեստրոյի հոբելյանն է, տեղին է վերհիշել եւս մեկ մեծանուն հայի՝ նույնքան սիրված արվեստագետ Արմեն Ջիգարխանյանի՝ ժամանակին հնչեցրած ողջույնի ու գնահատանքի խոսքը. «Այսօր շատացել են ինքնակոչ աստղիկները, բայց մոդա է, կանցնի: Սակայն դու ես հայոց երգի գերաստղը, գագաթն անհասանելի: Սրանք միայն իմ խոսքերը չեն: Մոսկվայում քո բոլոր ելույթներից հետո այսպես էին մտածում համերգին ներկա շատ արվեստագետներ, ողջ Մոսկվան: Ռուբեն ջան, դու մեր հարազատն ես եւ Երեւանում, եւ Մոսկվայում: Մենք քեզ կարոտում ենք, շուտ-շուտ արի, մեր բարի արագիլ…»:


Ինչպես վերհիշում է նաեւ իմ լավ բարեկամ, վաստակաշատ արվեստաբան Սերգեյ Առաքելյանը, տասնամյակներ առաջ մայրաքաղաքի Լուսաշխի տանը հանդիպում էր հանճարեղ Վահրամ Փափազյանի հետ: Նրա կողքին էին Մետաքսյա Սիմոնյանը, Բաբկեն Ներսիսյանը, ժամանակի անվանի այլ արտիստներ: Հանդիպման ավարտին դերասանն իր մոտ է կանչում հանդիպումն իր կատարումներով զարդարած երգչին. «Տղաս, լավ ես երգում, շատ լավ ես երգում,- այնուհետեւ շրջվելով դեպի դահլիճը՝ ասում.- արվեստագետ, հատկապես երգիչ՝ չեն դառնում, ծնվում են: Երգիչ է ծնվել այս փոքրիկ հսկան… Երգիր, տղաս, դու շատ լավ ես երգում…»:


Այսօր էլ շարունակում է երգել ժողովրդի սիրելին՝ Հայաստանի ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացու» մեդալակիր, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր, Երեւանի պատվավոր քաղաքացի, Պատվո շքանշանակիր, հայրենիքում ու արտերկրում բազում այլ մրցանակների արժանացած, Հայաստանի ռադիոյի՝ Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների վաստակավոր անսամբլի գեղարվեստական ղեկավար, Հայ երգարվեստի միության նախագահ, հայ երգի ամենաերգիչ Ռուբեն Մաթեւոսյանը:


Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page