top of page

Հայ Լավրովի հակահայ պլանը

26.07.2023



Մոսկվայում եռակողմ հերթական հանդիպումից հետո Լավրովը հրապարակեց իր անունով պլանը․ Արցախը հանձնվում է Բաքվի ենթակայությանը՝ ազերբայդժանի օրենսդրության շրջանակում։ Բացառվում է որեւէ կարգավիճակ, իսկ «ԼՂ հայերի իրավունքների» ցանկը կարող եք գտնել ՀՀ ԱԳՆ եւ ինքզինքը Հայաստանի քաղաքացիական հասարակություն ներկայացնող կազմակերպությունների՝ ՄԱԿ-ին ուղղված դիմումում։ Նշենք ընդամենը, որ դրանք հանգում են սոցիալական հարցերին։


ՀՀ տարածքը մասնատվում է միջանցքներով, ՀՀ-ն երաշխավորում է ազերբայդժանեցի «փախստականների վերադարձը» եւ անվտանգությունը։ ԼՂ հայերի «իրավունքներ եւ անվտանգություն»՝ ազգային փոքրամասնությունների իրավունքների փոխադարձ պահպանման, ավելի պարզ ասած՝ ազերբայդժանեցիների զանգվածային բնակեցման դիմաց բանաձեւով։ Այս բանաձեւի իմաստն այն է, որ Արցախի բնակչությունը ոչ միայն որեւէ իրավունք ու անվտանգություն չի ունենալու, այլեւ մնալու է պատանդի վիճակում՝ Լավրովի անունով պլանի իրականացման համար, աստիճանական արտաքսման հեռանկարով։ Որից հետո այս սխեման կիրառվելու է ՀՀ այլ շրջաններում, «ազերբայդժանեցի փախստականների» իրավունքների պահպանման շրջանակում։


1991-ի Ալմաթայի հռչակագրի շրջանակում տարածքային ամբողջականության եւ Լեռնային Ղարաբաղը ազերբայդժանի մաս ճանաչումը ենթադրում է ՀՀ տարածքի վերաձեւում, որի մասին Մոսկվայի հանդիպման նախօրեին խոսել էին Ալիեւը եւ Փաշինյանը։ Ընդ որում, ճանաչումը տեղի է ունենում միակողմանի, այսինքն՝ ՀՀ կողմից, «սահմանազատումը եւ հաղորդակցությունների բացումը» պարզեցնելու համար։


Սա Հայաստանի պետականության վերացման ծրագիրն է։ Այս ամենը նորություն չէ Լրագրի ընթերցողների համար, քանի որ 2022-ի օգոստոսից, երբ ռուսները փոխեցին Բերձորի միջանցքի ռեժիմը, մենք մանրամասն նկարագրել ենք այս հեռանկարը։ Այս ծրագիրն անհնար կլիներ առանց Երեւանի առաջնորդության եւ ռուսների օպերատիվ երաշխավորության։ Առանց Արցախը Հայաստանից կտրելու եւ քաղաքական իրավունքներից հրաժարվելու, դրանք հումանիտարով նենգափոխելու շուրջ ներքին կոնսենսուսի։


Վերջին օրերին Փաշինյանի, ՀՀ ԱԳՆ կոչվող կառույցի, Արցախի ղեկավարության (հանուն արդարության նշենք, որ Արցախի նախագահը իր երկարուձիգ հայտարարության մեջ հիշատակել էր քաղաքական կարգավորման պահանջը, սակայն դա էլ ենթարկած էր հումանիտար մոտեցմանը), Երեւանում ու Ստեփանակերտում հանրահավաքների ուղերձների, ռոբասերժ «ընդդիմության», «վերկուսակցական» միավորումների, ՀՅԴ աշխարհով մեկ ցրված լոբբիստական կազմակերպությունների բառապաշարում իսպառ բացակայում է իր հայրենիքում հազարամյա ազգային պետական կյանքը շարունակելու՝ Արցախի բնիկ մեծամասնության իրավունքի պահանջը, խոր ու համապարփակ լռության է մատնված Հայաստանի եւ Արցախի վերամիավորման մասին 1989 թ․ որոշումը։ Չխոսելով արդեն 1921-ի ռուս-թուրքական պայմանագրերի, Նախիջեւանի կարգավիճակի խնդիրների մասին, որոնց իրավական-քաղաքական մեծ ներուժը գիտակցաբար չեզոքացվում է։


Հենց այս հիմքով էլ Նիկոլ դրածները հասան իրենց ուզածին՝ արտաքին կոնսենսուս Արցախի ոչնչացման շուրջ։ Սեփական իրավունքներից, տարածքներից ու շրջանային ինքնիշխան դերակատարությունից հրաժարված երկրները գլխացավանք են դառնում բոլորի համար, եւ խնդիրները լուծվում են նման երկրների հաշվին։ Նիկոլի երեկվա ասուլիսը այդ հրաժարումի պաշտոնական մանիֆեստն էր։


Պլանները պարտադիր չէ, որ իրականանան, դրա համար իրավիճակի պատճառահետեւանքային կապերի հստակ ընկալում եւ համարժեք քայլեր են պետք, հայ պետության առայժմ չկիրառված մոդելով։ Խոսքն իհարկե ներքին կոնսենսուսի մեջ գտնվող ագենտուրայի մասին չէ, այլ ազգային ուժերի։ Խնդիրը շատ պարզ է՝ կամ վերանում է Հայաստանը, կամ Մերձկասպյան Արեւմուտքը ենթարկվում է լայն ֆորմատավորման։


32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page