top of page

Հայ լինելու առեղծվածը


...Որպես մարդ էակՙ լինելով մասնիկը համընդհանուր մարդկության, նաեւ իմ ժողովրդի զավակն եմ ի ծնե ճակատագրված որպես հայ մարդ: Ինչպես որեւէ մարդ էակՙ նաեւ իր ժողովրդի զավակը:


Բայց հայ լինելու զգացման հետ, առավել եւս դրա խորացած գիտակցումով, գալիս են նաեւ բազմաչարչար իմ ժողովրդի ցավերը: Ցավեր, հատկապես այս Քսաներորդ կոչված դաժան դարում կուտակ-կուտակ բարդված, դեռ մանկուց իմ աշխարհընկալման մեջ մտած, որոնք կրկին ու կրկին բորբոքվում, տանջում են իմ մեջ ոչ միայն հային անմիջականորեն, այլեւ ավելի խորքում մարդ էակին, հենց համընդհանուր մարդկության մասնիկ մարդ էակին մանավանդՙ հայ մարդուն, որ իր ժողովրդի բարդակուտակ ցավերը խորապրելովՙ ի խորոց զգում, հաղորդակցում, տանջվում է նաեւ համամարդկային ցավերի վերապրումով, ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմի օրերին եղավ այն պատանու մեջ, որ ինքս էի, եւ նույնիսկ բուռն արտահայտություն է գտել իմ օրագրում, ահա արդեն լույս տեսած առաջին հատորում են այդ էջերը, այն ժամանակ, անշուշտ, արեւմտահայերեն գրված:


Այդ երեկո, քառասուն տարի առաջ, այն ձորակում խոժոռ ժայռերի միջեւ, երբ սթափեցնող ետդարձը եղավ գոյութենական մենության խորասուզող զգացումից դեպի առօրյա իրականություն, մի նոր դարձ եւս կատարվեց իմ հոգեկան աշխարհում, մի նոր զգացման, ավելինՙ մի նոր գաղափարի անդրադարձում հանկարծ:


Առօրյա՞: Ի՞նչ է առօրյան, որի մեջ գտնվում եմ: Ոչ թե լոկ ներկա ընթացիկ կյանքն է, այլեւ միաժամանակ այն ներկա պահը, ուր հասել ու շարունակում է ապրել իմ ժողովուրդը իր հազարամյակներով երկար պատմական կյանքի ընթացքում, գոյատեւած հնագույն ժողովուրդներից մեկը աշխարհում իր ուրույն դեմքով մարդկային համընդհանրության մեջ:


Ի՞նչ էր այդ անդրադարձումը, որի մեջ կարծես միաձուլվեցին երկու պահերըՙ հոգուս վրա դարձյալ ծանրացած անձնական ու ազգային ցավերի հերթական մի պահը անցողիկ կյանքիս կեսին, եւ մեր ժողովրդի պատմական երկար կյանքի ներկա պահը դարերի դարերում, ի դարս դարուց, in saecula saeculorum: Անօրինակ մի ապրո՞ւմ էր դա: Կամ վաղուց նախազգացված ու սպասված այն Գաղափա՞րը, որ մեկեն հայտնվեց ու նորագյո՞ւտ թվաց:


Հզոր մի լուսարձակ լիներ կարծես, որի լույսը երկարեց պատմական ներկայից դեպի ժամանակների խորքերը: Ու տեսա, որ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ամբողջ իր պատմությունն է ժամանակների խորդուբորդ ընթացուղիում, բնականաբար իր պատմական ճակատագրի վերիվայրումներով հանդերձ, ու ընդհանրապես ամեն ինչով իր երկար կյանքում, քո անցողիկ կյանքից վեր, բայց մանավանդ իր ստեղծած մշակույթով, որ իր ընդհանրական ազգային հոգու արտահայտությունն է, իր ուրույն դեմքը աշխարհում:


Ավելի ոգեկան իրակություն է Ժողովուրդը իր պատմության ընթացքով անցյալից դեպի ապագա:


Դա այն Ոգին է, որ շաղկապում է նույնազգի անհատների բազմությունը պատմական ներկայի առօրյայում որեւէ ժամանակ: Բազմություն, որ առօրյա իրականության մեջ այս ու այն կողմի քամիներից հողմակոծվածՙ քիչ թե շատ ավազանում է փշուր-փշուր, այլազան ու հաճախ ներհակ տարընթացություններով, կենցաղային պտուտահողմերից մինչեւ քաղաքական փոթորկումները, եւ այդ Ոգու շաղկապումով, շաղախումով է միայն, որ կհարատեւի որպես կենդանի Ժողովուրդ իր պատմությամբ:


Քանի չի մեռել Ոգին, չի մեռնի նաեւ Ժողովուրդը, նույնիսկ երբ ճակատագրի վերիվայրումները, ժամանակների խորդուբորդ ընթացուղիում, հասցնեն այնպիսի խորխորատի, ինչպես մեր Մեծ եղեռնն էր...


Սփոփի՞չ էր այդ Գաղափարըՙ նաեւ տված այն մի նոր ապրումով, երբ դեռ նստած էի այն ժայռերի միջեւ մասրենու մոտ: Այդ Գաղափար-ապրումը: Լայն առումովՙ երեւի այո, սփոփեց: Բայց նաեւ պարտավորիչՙ այն Ոգու առաջ, որ բուն իսկ Ժողովուրդն է: Որովհետեւ այդ Գաղափար-ապրումը արձագանքներ տվեց եւ եւս հանապազորդող անդրադարձումներով:


Հնագույն ժողովրդի զավակ լինելը ոչ թե մակերեսայնորեն հպարտանալու բան է, այլ այն գիտակցումը, թե ոգեկան խոր պատասխանատվություն ես կրում Ժողովրդի առաջ, որի մասնիկն ես ու երկարաձիգ ճակատագրի ժառանգըՙ ոչ միայն նրա առաքինություններով, այլեւ թերություններով ու մեղքերով հանդերձ, որոնց անդրադառնալով զգաստորենՙ նախ եւ առաջ քո մեջ հաստատես լավը եւ ջանաս հաղթահարել հոռին:


Ու այն գիտակցումը նաեւ, թե մանավանդ մեր ժողովրդի պարագային, մեր բնաշխարհի հայտնի աննպաստ պայմանները ստիպել են Ոգունՙ լինել անվհատորեն մշտարթուն, պայքարել ոսոխների դեմ, ստեղծագործությամբ հաղթահարել ողբերգությունները, ստեղծելով ու վերստեղծելով, ու թրծված կամքով հարատեւել ի հեճուկս պատմական ճակատագրի գրեթե անդադրում հարվածներին բոլոր կողմերիցՙ արեւելքից ու արեւմուտքից, հյուսիսից ու հարավից, այլեւ պառակտիչ տարընթացություններինՙ ներսից: Միշտ ի հեճուկս: Սա է, անշուշտ, Ոգու այն կենսական ջիղը, որի շնորհիվ մեր ժողովուրդը, այնքան երկար իր պատմական կյանքով ընթացած, նույնիսկ այս դարասկզբի օրհասական փորձությունը կրած, հասել է ներկա ժամանակներին ու շարունակում է կենսալիր ապրել իր դժվար, կնճռոտ առօրյան որպես հնագույն մի ժողովուրդ աշխարհում իր ուրույն դեմքով:


Հենց ի հեճուկս: Ոգու այդ կենսական ջղի էլ ժառանգն ես...


Այսպիսի մտածումներով այն օրը, ավելի քան քառասուն տարի առաջ, դուրս եկա այդ ձորակից, ուր գրեթե մթնել էր արդեն, իսկ քամին դեռ ոռնում էր, ի՜նչ փույթ: Ոչ միայն փարատվել էր այն վատ տրամադրությունը, հոգիս թեթեւացել այդ ծանրությունից, այլեւ զգաստ, պինդ մի զգացում կար մեջս, որ հետզհետե ամրացել էր այն պահից սկսյալ, երբ զուտ մարդկայնությունս ընդոստ ետ դարձրեց գոյութենական մենության երկյուղալի, անիմանալի ոլորտներից դեպի երկրային կյանքի ջերմացնող աշխարհընկալումը: Չէ, պատրանային չէ մարդկային առօրյան ամեն տեսակ երեւույթներով հանդերձ, ինչպես նաեւ անձանց ենթակայական տրամադրությունների փոփոխությամբ: Ու պատրանային չէ հենց անմիջական առօրյան, ուր ապրում եմՙ երկրագնդի վրա իմ երկրում, իմ մայրաքաղաք Երեւանում, իմ թաղամասում, իմ կորած-մոլորած Խնկո-Ապոր փողոցում, թեկուզ առայժմ մեր վարձու կիսանկուղում: Մի խոսքովՙ իմ ժողովրդի մեջ:


Ու թեպետ քամին դեռ փչում էր ամեն կողմից, մերթ-մերթ գետնի փոշին տալով երեսիս, թանձրացած մթնշաղի մեջ այդ զգաստ, պինդ զգացումով նայում էի տների լուսավորված պատուհաններին, ճամփիս պատահած հատուկենտ անցորդներին: Ժամացույցի գործարանի տակով մտա Խնկո-Ապոր նեղլիկ փողոցը, քիչ հետո դարձա արահետն ի վար, եւ ահա մեր կիսանկուղի էլ միակ պատուհանը լուսավոր: Դուռը բաց է: Ներսում վարդագույն լուսամփոփի տակ այնքան ջերմիկ մթնոլորտ: Կինս վերադարձել է աշխատանքիցՙ Հայաստանի պետական երգչախմբի երեկոյան փորձից, ընթրիքն է պատրաստում, իսկ տղաս դեռ կլանված է Ժյուլ Վեռնով, ճամփորդում է իր սիրած Պագանելի հետ...


Այդ օրից հետո, շուտով, էականորեն նշանակալից իրադարձություններ եղան մեր ժողովրդի կյանքում: Իրադարձություններ, որ առօրյայից վեր ցցվող ընդհանրական երեւույթներ էին ժողովրդի պատմական կյանքի ընթացքին: Լարելով իր «ի հեճուկս» ջիղըՙ Ոգին ասես փորձում էր առօրյայի ավազացած բազմությունը ժայռացնել, իր շաղկապումը վերածելով միասնացնող, պնդացնող շաղախի: Սկսած 1965-ի բազմաբյուր հեղեղացած պոռթկումից Երեւանում Մեծ եղեռնի հիսնամյակինՙ Ապրիլի 24-ին:


Ապրիլի 24-ըՙ երիտթուրքերի ծրագրած ցեղասպանության սկզբնավորման եւ ամբողջ Մեծ եղեռնը խորհրդանշող թվական: Մեր ի դարս դարուց, in saecula saeculorum պատմության ամենաճակատագրական թվականը, որ դարձել էր ցեղասպանության զոհ մեր միլիոնավոր նահատակների ոգեկոչման, մեր բնաշխարհի մեծագույն մասի հափշտակման դեմ ընդվզման թվական: Այդպես էր Սփյուռքի գաղթաշխարհում Ապրիլի 24-ըՙ եկեղեցիներում հոգեհանգիստ մեր նահատակներին ի հիշատակ, դպրոցներում եւ ազգային ակումբներում սգահանդեսՙ «Երբեք չմոռնանք մեր նահատակ մեկուկես-երկու միլիոնը եւ մեր սուրբ հայրենիքը»: Բայց... օ աբսուրդ, ափիբերան զարմացանք, երբ 1946-48-ին հարյուր հազարով հայրենադարձեցինք գաղթաշխարհից ու տեսանք, որ Սովետական Հայաստանում ոչ միայն չի հիշվում Ապրիլի 24-ը, այլեւ ահաբեկող մատ թափ տալով «Մոռացեք» է հրամայում բոլշեւիկյան բութ բռնապետությունը, որ չգիտես ինչ հաշվով մի պահ բացել էր երկաթյա վարագույրի դուռը այդ տարօրինակ, չասելու համար ողբերգական ներգաղթի առաջ ու կրկին փակեց, հայրենադարձության գաղափարն իսկ վարկաբեկեց, մանավանդ 1949-ի հունիսի 13-14-ի գիշերը չգիտես ինչու կատարված, անշուշտ Ստալինի հրամանով, անակնկալ, ահաբեկիչ, զանգվածային աքսորին, երբ տեղացի հայերի հետ Սիբիր քշվեցին շատ հայրենադարձներ եւս, որոնք դեռ երեկ խանդավառությամբ ներգաղթել էին իրենց հայրենիքըՙ Հայաստան գալու մղումով միայն, ոչ թե Սիբիր աքսորվելու...


Այնուամենայնիվ, սակայն, ոչ մի Ստալին չէր կարող իսպառ հանգցնել անթեղված կրակը, որքան էլ իր բռնապետության մոխիրը թափեր ժողովրդի հիշողության վրա: Ում հարցնեիր Երեւանում կամ շրջաններում, մեծ մասամբ կլսեիր, որ տարեց գաղթական է «Երկրից» կամ գաղթականի հետնորդ: Հայրենադարձներն էլ, թեպետ ափիբերան զարմացած ու ահաբեկված, հիշեցնում էին, այնուամենայնիվ, թեկուզ իրենց զարմանքն արտահայտող շշուկով, Ապրիլի 24-ը, եւ անթեղված կրակը խորքից կայծեր էր տալիս:


Եվ հանկարծ, ահա, բոցը դուրս ժայթքեց Մեծ եղեռնի հիսնամյակինՙ 1965-ի Ապրիլ 24-ին այդ պոռթկումով, հարյուր հազարավոր ցուցարարների ժամ առ ժամ աճած հեղեղով Երեւանի փողոցներում. «Մեր հողե՜րը, մեր հողե՜րը»: Արտակարգ երեւույթ Սովետական Միության մեջ, որի խախուտ հիմքերը դեռ այն ժամանակ զգացվում էր արդեն, սկսել էին քայքայվելՙ բոլշեւիկա-կոմունիստական մեծաբարբառ հավակնոտ գաղափարախոսության բորբոսնումով, դրա մոգոնած լենին-ստալինյան բռնատիրական շինծու, արյունռուշտ հասարակարգի ճահճացումով:


Եվ ապա, 1988-ի փետրվարին, Ոգու շաղախած միլիոնանոց ժայռացումը: Դա պարզապես բողոքի անտաշ բռունցքացում չէր, այլ արդարություն պահանջող բարեկերպ կոթողացումՙ առօրյայից այնքան վեր բարձրացած, որ իր այժմեականությամբ ու պատմական խորքով իսկույն երեւելի դարձավ աշխարհին: Ես այդ օրերին Կիպրոսում էի եւ ականջովս լսեցի Լոնդոնի ռադիոյից, թե «մի ամբողջ ժողովուրդ» («an entire people») ոտքի է ելել իր արդար իրավունքին տեր կանգնելու «զգաստ ու քաղաքակիրթ» («sober and civilized») միլիոնանոց ցույցով, որի մեջ ոչ մի «հակասովետական» կամ «հակառուսական» շեշտ չկա: Կիպրոսի հեռուստատեսությամբ մի կարճ պահ էլ տեսա այդ միլիոնից Երեւանումՙ թեւ-թեւի մտած արանց ու կանանց կանոնավոր շարքեր, ռուսերեն խոշորատառ պաստառ, թե հավատում են «վերակառուցմանը» («պերեստրոյկային»), եւ նույնիսկ Գորբաչովի դիմանկար:


Հայ ժողովուրդը միահամուռ կոչ էր անում սովետական համակարգի «վերակառուցում» հայտարարած Մոսկվայինՙ գոնե մասամբ շտկել իր հանդեպ կատարված լենին-ստալինյան անարդարությունը, օրինապես լուծել գոնե Ղարաբաղի վաղուց ծեծված հարցը, վերամիավորել «ադրբեջանական» իշխանության տակ անիրավությունների ենթարկված այդ մարզը մայր Հայաստանին: Եթե այդ միլիոնանոց բացառիկ միահամուռ կոչին պետական խոր լրջությամբ անդրադառնար Մոսկվան, գուցե դա փրկության մի լաստ լիներ փտած համակարգը «վերակառուցելու» դժվար ճանապարհին...


Բայց իր կործանման եզրին հասած պարտիական-սովետական ռեժիմը ոչ միայն իսկույն, անխորհուրդ հապճեպությամբ, կոչին մերժումով պատասխանեց, այլեւ «մի ամբողջ ժողովրդի» արդարություն պահանջող այդ բարեկերպ կոթողացման գլխին, որ աշխարհի ուշադրությունն էր գրավել, բերվեց հարվածների անդադար տեղատարափ, հենց դատարկաբան շաղակրատ Գորբաչովի իսկ արձակած հակահայ հիստերիայով ու, առավել եւս, Սումգայիթի ու դեռ այլուր շարունակվող եղեռնագործությամբ թեժացած մթնոլորտում: Սովետական ներքին զորք մտցվեց Ղարաբաղ մի ռուս գեներալ Սաֆոնովի գլխավորությամբ, եւ «ադրբեջանական» միշտ նենգամիտ ղեկավարությունը այդ կաշառյալ գեներալի ձեռքով էր արդեն գործում Ղարաբաղի հայերի դեմ անասելի կեղեքումներով, նպատակըՙ հուսահատվեն, լքեն իրենց բազմադարյան հայրենիք Արցախը, հեռանան: Հենց «ադրբեջանական» ղեկավարության մեջ մի ուրիշ մոսկովյան ստոր դրածո Պոլյանիչկոյի բերանով իսկ հայտարարվեց, որ Ղարաբաղը «ադրբեջանական» հող է, կգրավեն զենքի ուժով, դուրս կորչեն հայերը եւ վերջ: Դա արդեն հիշեցնում էր ցեղասպան հրեշ Թալեաթ փաշայի կարգախոսը. «Չկան հայեր, չկա հայկական հարց»: Իսկ «ադրբեջանական» նախկին բռնապետ սովետական ղեկավար Հեյդար Ալիեւը դաս էր տալիս Բաքվում հոխորտալով, թե ինչպես իր իշխանության տարիներին լրիվ հայաթափեց Նախիջեւանը եւ Ղարաբաղում էլ պակասեցրեց հայերի թվաքանակը, շատացրեց «ադրբեջանցիներին» այնտեղ:


Ու վերջապեսՙ Գորբաչովի նախագահությամբ սովետական պետության գործած բացառիկ անմտությունը (չասելու համար տխմարությունը, նույնիսկ հանցագործ տմարդիությունը): Մի բութ գեներալ Գրոմովի գլխավորած «Օղակ» լրիվ ռազմական գործողությունըՙ ռուս-սովետական բանակի ամբողջ ուժով, տանկերով, հրանոթներով, ռազմական ուղղաթիռներով եւ այլ տեխնիկայով, իրագործելու «ադրբեջանական» ղեկավարության փայփայած ծրագիրըՙ պատմականորեն հայաբնակ տարածքներն իսպառ հայաթափել, ծաղկուն գյուղերը հափշտակելով: Տեղահանվեցին տասնյակ հազարավոր հայեր Ղարաբաղի մարզին հարակից իրենց խոր պատմական բնավայրից, գնդակոծությունների տակ զոհեր էլ եղան, պապենական գերեզմաններն անգամ պղծվեցին: Այդ խեղդող «Օղակը» Ղարաբաղի մարզ էլ թափանցեց, ակնհայտ էրՙ իրագործելու Պոլյանիչկոյի բերանով հայտարարվածն էլ ամբողջ մարզի վերաբերյալ: Ի՞նչ էր այդ չարահամբավ ռազմական գործողությունը: Փաստորեն, ընդառաջելով «ադրբեջանական» նենգ, շողոքորթ ղեկավարության ցանկություններին, սովետական պետությունը (չեմ վարանի կրկնելուՙ անմտորեն, տխմարորեն, հանցագործ տմարդիությամբ) իր բանակի լրիվ ուժով մղում էր չհայտարարված պատերազմ Սովետական Միության ներսում իր սեփական հայ քաղաքացիների դեմ, հայ «եղբայրական» ժողովրդի դեմ, այլեւ ընդհանրապես հայության դեմ: Կատարյալ աբսուրդ: Բոլշեւիկյան քարացած ուղեղի հիվանդագին խելացնորություն: Եվ կամ... սատանայական մատի դավադրությո՞ւն, որ այդ քարացած ուղեղի պետությունը մղի ինքնակործանման... ո՞վ գիտե: Այնքան տարօրինակ էր այդ ամենը, այնքան աբսուրդ...


Մտածում եմ: Մի՞թե լենին-ստալինյան բոլշեւիկյան Մոսկվան հենց սկզբից էլ չէր գիտակցում, որ «եղբայրական» օգնության ձեռք մեկնելով Քեմալին, այս կողմից էլ նորելուկ «Ադրբեջանին» հատկապես սատարելով, գործում է ի նպաստ պանթուրքիզմի նկրտումներին Ռուսաստանի համար այնքան կենսական այս տարածաշրջանում: Մի՞թե չէր գիտակցում, որ Հայաստանի պատմական կարեւորագույն տարածքներ «Ադրբեջանին» հանձնելով եւ թույլ տալով, որ դրանք հայաթափի «ադրբեջանական» ղեկավարությունը, հենց պանթուրքիզմի երախն է գցում դրան ուժեղացնող պատառներ: Մի՞թե այսօր էլ չի գիտակցում, որ իր այս ավելի քան աբսուրդ գործողություններով Ղարաբաղի եւ հարակից հայաբնակ շրջանների դեմ, որոնք ամրոց են ոչ միայն Հայաստանի, այլեւ Ռուսաստանի համար այստեղ, դավաճանաբար պանթուրքիզմի դաշույնն է խրում Ռուսաստանի փորը հարավից: Մի՞թե չգիտե, որ արեւմտյան քաղաքականության խորքում կա հեռահար ծրագիր, որ կոչվում է «Crescent» («Լուսնի մահիկ», ֆրանսերենՙ croissant, որ ըստ հեղինակավոր Լարուս բառարանիՙ «մահմետականների եւ ի մասնավորի թուրքերի խորհրդանշանն» է), եւ որի ձգտումն է հենց պանթուրքիզմի «մահիկով» Ռուսաստանը փակել հարավից: Եվ մի՞թե... եւ այլն: Ճիշտ չե՞մ մտածում քեզնից ութ հարյուր տարի հետո, ո՜վ հեռատես մեր նախնի Մատթեոս Ուռհայեցի, որ դատապարտում էիր Բյուզանդիային իր հայահալած քաղաքականության համար, որով ճանապարհ բացեց սելջուկ-թուրքերի ներխուժման առաջ, եւ որն էլ ի վերջո հասցրեց բուն իսկ Բյուզանդիայի կործանմանը...


Մոսկվայում ռուս մտավորականներ սկսել էին գիտակցել արդեն ինչը ինչոց է, կազմել Ղարաբաղին աջակցող կոմիտե, բողոքի ցույց էին արելՙ հայերին պատմական բնավայրից տեղահանելու ցեղասպան ոճիրը կատարող «Օղակ» գործողության դեմ: Սկսել էին գիտակցել նույնիսկ Ղարաբաղ ուղարկված որոշ ռուս խելամիտ զինվորականներ, որոնք ջանում էին գոնե մեղմացնել հայերի վրա ճնշումը: Բայց այդպիսի ռուսները, մտավորական թե զինվորական, անզոր էին պետական քարացած ուղեղների կամ, գուցե՜, սովետական այդ պետությունը ինքնակործանման մղող սատանայական դավադիր մատի՞ դիմաց:


Քիչ առաջ ասացի, որ հայերի արդարություն պահանջող միահամուռ կոչը կարող էր փրկության լաստ լինել «վերակառուցման» դժվար ճանապարհին: Բայց սովետական պետությունը, իր պարտիական-սովետական ռեժիմով, ճիշտ հակառակն արեց: Եվ հայոց արդարություն պահանջող կոչի բարեկերպ կոթողացումը, բնականաբար, վերածվեց դիմադրության կոշտ բռունցքացման: Ղարաբաղի հարցը, փրկության հնարավոր լաստ լինելու փոխարեն, դարձավ ժայթքուն հրդեհ, որի կայծերից ուրիշ բռնկումներ էլ ժայթքեցին Սովետական Միության այլ վայրերում եւս, ուր լենին-ստալինյան անարդարություններ էին կատարվել ուրիշ ժողովուրդների էլ հանդեպ: Պարզվեց, որ այդ անարդարությունները թաքուն ատելություններ էին կուտակել «սովետական եղբայրական ժողովուրդների մեծ միության» շենքում: Շենքը ճաթռտում էր...


Այդ պարտիական-սովետական ռեժիմը, կարծես, ինքն իսկ փութացնո՞ւմ էր իր կործանումըՙ ինքնաոչնչացման ապաբանական մոլուցքով բռնված, ինչպես անդունդի եզրը հասած անձնասպանը: Թե՞ սատանայի մատը, անդունդի եզրը հասցրած նրան, հրում էր, որ ընկնի...


Ու եղավ այն, ինչ պետք է լիներ: Փուլ եկավ Սովետական Միությունը, բայց իր դեռ թունավոր խլյակները թափելով ամենուրեք:


Այդ թոհուբոհի ընթացքում անկախացանք, ինչպես սովետական մյուս հանրապետությունները եւս: Դարավոր երազա՞նք: Ոգեւորությո՞ւն: Բայց մեր անկախ Հայաստանի Հանրապետությունը, ինչպես պարզ էր, որ պիտի լիներ, ընկավ գեոպոլիտիկ ծուղակի մեջՙ Սովետական Հայաստանի անձուկ սահմաններում: Իսկ այդ Սովետական Հայաստանը, երիտթուրքերի կատարած ցեղասպանությունից, հեղափոխական փոթորկումներից, Լենին-Քեմալ խաղից հետո, դեռ նաեւ լենին-ստալինյան հավելյալ մկրատումներից էլ կրճատվածՙ պատմական Հայաստանի հազիվ մեկ-տասներորդն էր, տարածքով ամենափոքրիկ հանրապետությունը հսկա Սովետական Միությունում, փակ սահմանների հարավային մի անկյունում: Սովետական Միության փլուզումով կտրվեցին կենսականորեն իրար հանգուցված միութենական կապերը: Այս ու այն կողմից թուրքերի թշնամական շրջափակում: Տնտեսական ծանրագույն վիճակ, գրեթե սով: Ձմեռները անլույս, ցուրտ, երկարատեւ: Ու նաեւՙ նորանկախ հանրապետության վզին փաթաթված աղետի գոտին, որ մնացել էր տասնյակ տասնյակ հազարներով զոհեր խլած, քաղաքներ ու գյուղեր ավերակած 1988 դեկտեմբեր 7-ի ահռելի երկրաշարժից, ընդ որում այնքան տարօրինակ, անբնական թվացած երկրաշարժ, որ ժողովրդի մեջ կասկածներ էր հարուցել Գորբաչովի դեմ (շատերը հեռուստացույցի էկրանին նկատել էին, ինչպես ինքս էլ Աթենքում, ուր գտնվում էի այն ժամանակ, որ նա, երբ այդ ժամին ելույթ էր ունենում Նյու Յորքում, հաճախ նայում էր թեւի ժամացույցին, իսկ երբ ՍՍՀՄ Մինիստրների սովետի նախագահ Ռիժկովը, որ աշխարհի առաջ իսկույն դռները բացել էր օգնություն փութացնելու աղետյալ հայ ժողովրդին, նրանՙ Գորբաչովին էլ կանչել է Նյու Յորքից փութալու Սովետական Հայաստան, այստեղ նաՙ այդ Գորբաչովը, ավերակների մեջ նույնիսկ սաստող խոսք է ասել, թե այսպիսի աղետից հետո՞ էլ դեռ շարունակում են Ղարաբաղի հարցը բարձրացնել իր առաջ):


Անկախացման այդպիսի պայմաններում երեկվա պայքարակից ընկերների, այժմ պետական նորելուկ այրերի անփորձություն թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության հարցերում, հապճեպ որոշումներ ու հախուռն գործողություններ, արդեն անհատ բնավորությունների ընդհարումներ ու պառակտումներ, գաղափարական ու քաղաքական տարընթացություններ, սունկերի պես բուսնող այլազան մեծխոսիկ կուսակցություններ, մինչեւ իսկ ինքնագլուխ պատեհապաշտների փոքր խմբավորումներՙ մերթ գիշերային զինյալ բախումներով (ի դեպ, ինքս մի անգամ, սեփ-սեւ կատարյալ խավարում խարխափելով տուն գալու ճանապարհին, հանդիպեցի այդպիսի գիշերային բախման, երբ Մերգելյան ինստիտուտի առաջ բուլվարում հանկարծ սկսվեցին կրակոցներ, բարեբախտաբար դեռ ինձնից բավական հեռու, իսկ երբ ավելի հեռացան դեպի Կոմիտասի փողոց, բնազդս արդեն առանց խարխափելու, շիփ-շիտակ վազքով գտավ մեր տան մուտքը):


Իսկ անդին շարունակվում էր մեզ պարտադրված Ղարաբաղյան պատերազմը, մեր ազատամարտիկները պայքարում էին ամբողջանվեր վճռականությամբ, իսկ դիմացն արդեն չկար ռուս-սովետական բանակ, եւ հաղթանակների էին հասնում, հայրենի հողը ազատագրելով գերությունից, իրենց իսկ ձեռքով կատարելով այն, ինչ «զգաստ ու քաղաքակիրթ» պահանջել էինք սովետական պետությունիցՙ շտկել լենին-ստալինյան անարդարությունը, եւ ի պատասխան ստացել էինք Սումգայիթ եւ «Օղակ»... Տեղի էր ունենում շատ տարօրինակ մի բան: Մեր ազատամարտիկները, պայքարելով ու զոհվելով սեփական հողի ազատագրման համար, նաեւ ի նպաստ Ռուսաստանի էին գործած լինում այս կենսական տարածաշրջանում, պանթուրքիստական նկրտումների երախից ետ խլելով գոնե Ղարաբաղյան ամրոցը: Պարադո՞քս: Պատմական ճակատագրի իրոնիա...


Հայի առեղծվածը դարձյալ ու դարձյալ, ինչպես քանիցս իր այնքան երկարատեւ պատմության ընթացքում: Հայրենի հողի գեթ մի կտորում իսկ համառ գոյատեւման առեղծվածը: Ոգին այս պատմական ճգնաժամին եւս, գեոպոլիտիկ ծուղակի մեջ շրջափակված, գերլարումով մաքառում էր բոլոր այդ ներքին ու արտաքին փորձությունների դեմՙ այնքան փորձություններով անցած, խորքում զգաստ ժողովրդի ահա կրկին խորվիրապային տառապանաց, համբերության, տոկունության եւ, բնական է, ծանրագույն պահերին հոգեկան կոշտացման գնով, ջանալով ամուր պահել իր շաղախած ժայռացումը: Որ սակայն վերից սկսել էր ճաքճքել արդեն...


Մի նոր ուրվական եկել, սավառնում էր անկախացման մեր գլխավերեւում: Ուրվական, որ իջնելով մեր տառապող առօրյայի մեջ, կենդանի կերպարանք առավ բարեմույն դեմքով, իր բերած կենցաղային «հումանիտար» օգնություններով, որոնց հետ բերում էր նաեւ ու «հօգուտ» մեզ պարտադիր համարում, որպես գերագույն ուղեցույց եւ հիմնարար օգնություն, իր «դեմոկրատական» սկզբունքներըՙ մարդկային իրավունքներ, օրինական ազատություններ, շուկայական հարաբերություններ: Արեւմտյան դեմոկրատիա...


Հայաստանում մեր ժողովուրդը, սակայն, որ մինչեւ Քսաներորդ դարասկիզբը, սուլթանական եւ ցարական մականների տակ, գրեթե նահապետական-ֆեոդալական կենսակերպով էր ապրել, եւ ապա, ցեղասպանության, հեղափոխությունների, առաջին դառնագին վաղանցուկ անկախացման, ռազմա-քաղաքական փոթորկումների օրհասական բովով անցած, մտցվել էր մի անհասկանալի սովետական սոցիալիզմի պարտադրած, չտեսնված-չլսված բռնատիրական կենսակերպի մեջ Սովետական Հայաստանում, ուր «երկաթյա վարագույրով» աշխարհից կտրված ապրել էր յոթանասուն տարի, բավական բան կորցնելով իր ավանդական կերպարից, եւ Քսաներորդ դարավերջում ահա կրկին անկախացած դժնդակ պայմաններումՙ պատրա՞ստ էր ընկալելու այդ Արեւմտյան դեմոկրատիան:


Պատրաստ չէր ու չէր էլ կարող լինել մեկ օրից մյուսը:


Դեռ հին աթենացի հույներն իսկ, աստիճանաբար ստեղծելով ու զարգացնելով Սոլոնից մինչեւ Պերիկլես ժողովրդավարական ազատությունների կենսակերպ դեմոկրատիան (հունարեն բառ), որ մեծ թափ տվեց իրենց քաղաք-պետության հզորացման ու գերիշխանության, միաժամանակ օրենքների խիտ ցանց էին դրել այդ կենսակերպի ներքին հակասությունների դեմ, որոնք մարդկային բնության մղումների, կրքերի համար դուռ էին բացում այլասերումների, չարաշահումների առաջ: Եվ այդ խիտ ցանցն էլ, այնուամենայնիվ, ծակոտկեն էր, եւ պերիկլեսյան «ոսկեդարում» իսկ դեմոկրատիան սկսեց արդեն ծեծվել որպես վիճահարույց խնդիր: Այս նոր արեւմտյան դեմոկրատիայում, որ թվում է ավելի պոռոտախոս եւ համաշխարհայնության ձգտող, քան հին հունականը, օրենքների ցանցն էլ թվում է ավելի ծակոտկեն, եւ ավելի ու ավելի նյութապաշտ դարձող այլասերումները, մանավանդ ներկայիս օրեցօր զարգացող գիտա-տեխնիկական միջոցների էլ ընձեռած հնարավորություններով, առաջացնում են ամբողջ մարդկության համար վտանգավոր դարձող հրատապ խնդիրներ, անցյալի հումանիստական արժեքների նիհիլիստական աղճատում, եւ ոչ միայն մարդկային հասարակության բարոյականի ապականում մի տեսակ քաղաքակիրթ վայրենությամբ, այլեւ երկրագնդիՙ տիեզերքում մարդկության բնօրրանի իսկ շահամոլական, գուցե արդեն անվերաշրջելի հետեւանքների հասցնող ապականում:


Իսկ այս գեոպոլիտիկ ծուղակում անկախացած Հայաստանի Հանրապետությունը դեռ ո՛չ ժամանակ, ո՛չ էլ ձեռնհասություն էր ունեցել օրենքների ցանց մշակելու այլասերումների դեմ: Եվ սկզբնական ծանրագույն պայմանների մեջ շվարումից հետո, աչքերը բացվելով ասես ի վերուստ հայտնված այդ դեմոկրատիայի առաջ, դրա բերած ազատություններն ընկալվեցին առանց չափ ու սահմանի, սանձարձակորեն հասնելով նույնիսկ անիշխանականության զգացման, որ գուցե բնական էր իսկՙ իբրեւ սովետական բռնապետության կաշկանդանքներից հանկարծ ազատված լինելու հակազդեցություն: Եվ «շուկայական հարաբերություններ» կոչվածն էլ ընկալվեց ոչ թե իբրեւ առաջարկն ու պահանջը բնական գործընթացներով հավասարակշռող տնտեսական համակարգ, այլ պարզապես առուծախի շուկա, բազար, որ ճարպիկների առաջ դռներ բացեցՙ սովորական փերեզակություն, սեփականաշնորհում կոչված արտոնյալ թալան, իսկ բարձր ոլորտում մենաշնորհյալ օլիգարխություն: Փաստորեն, մոտավորապես այն, ինչ ժամանակին Արեւմուտքում կատարվել է աստիճանաբար պատմության ելեւէջող ընթացուղու հոլովումով, իսկ մեզանում ահա կատարվում է պատմական շատ կարճ ժամանակում անբնականորեն, հոլովման դիսսոնանտ ջարդվածքով, այն էլ քաղաքական, տնտեսական շրջափակման արտառոց պայմաններում: Հասարակությունը, հանկարծահար, երկծայրի բեւեռացած արդեն, մի ծայրումՙ աղքատության մակարդակին ժողովրդական զանգված, մյուս ծայրինՙ չգիտես ինչու հարստություն կուտակող եւ ինքն իրեն ընտիր («էլիտ») որակած նորածին բուրժուազիա դեռ գավառական մտայնությամբ, իսկ մեջտեղումՙ զանազան ասպարեզներում հմտացած մասնագետների եւ առհասարակ դեռ կորովի աշխատունակ ուժերի անգործ մնացած բազմություն, որ գործ ու ապրուստ ճարելու հույսով կամ պատրվակով բռնեց արտագաղթի ճամփան, որ վարակիչ համաճարակի նման աղետալի դարձավ նույնիսկ:


Ուֆ, ինչ ծանր սրտով գրվեց իրավիճակը գեթ ուրվագծող այս էջը, ինքս ինձ առարկայական հայացք պարտադրելով հանդերձ: Բայց դեռ այն էլ կա, որ մեզ բարեմույն դեմքով ներկայացած այդ դեմոկրատիան ինքն իսկ երկիմաստ ու կասկածելի դարձրեց իրեն մեր աչքինՙ բուն էական մարդկային իրավունքների հարցում: Նախՙ բերեց իր պոչին կպած ինչ-ինչ կազմակերպություններ ու մանավանդ աղանդներ, որոնք իբր թե վերականգնելու համար սովետական տարիներին մեր ժողովրդի մեջ խախտված հոգեւոր-բարոյական հատկություններըՙ սկսեցին բացահայտորեն մարդորսությամբ զբաղվելՙ ագռավների նման իրենց սեւ կտուցը խոթելով ամեն մի ծակուծուկ: Իսկ այդ մարդորսության թեւերի տակից մի ուրիշ նպատակի հոտ է գալիս: Երկրորդ. մարդկային իրավունքների ամենահրեշավոր ոճրային խախտումն է կատարվելՙ հայոց ցեղասպանությունը, Թուրքիան բացահայտորեն տմարդի ստախոս լկտիությամբ ժխտում է կատարվածը, իսկ մարդկային իրավունքների պաշտպան այդ դեմոկրատիան, հաշվի առնելով Թուրքիայի այդ ժխտումը, Հայոց ցեղասպանությունը ճանաչել-չճանաչելու հարցը վերածել է քաղաքական խաղի, եւ այդ խաղը ամեն տարի ապրիլի 24-ին, հիմարի տեղ դնելով հուզված սպասող ամբողջ հայությանը, դառնում է անամոթ, եղկելի ֆարս, թե դեմոկրատիայի համաշխարհային շեֆ ԱՄՆ-ի պրեզիդենտը գեթ «ցեղասպանություն» բառը միայն արտասանելո՞ւ է թե ոչ, եւ նա, ով էլ լինի հերթական պրեզիդենտը, միշտ խուսափում է արտասանելուց: Իսկ մշակույթի պաշտպան UNESCO կազմակերպությունը ծպտուն իսկ չի հանել, երբ Թուրքիայում եւ Նախիջեւանում ավերում էին հայկական հուշարձանները, հայոց հետքերն իսկ ոչնչացնելու մշակութային շարունակվող ցեղասպանությամբ: Երրորդ. այդ արեւմտյան դեմոկրատիան յոթանասուն տարի խիստ քննադատական դատապարտող աչքով է նայել Սովետական Միությանըՙ այս կամ այն կերպ որակելով, մինչեւ իսկ «Չարի կայսրություն» ի վերջո, ինչե՜ր են գրվել սովետական լենին-ստալինյան բռնակալության դեմ (ինքս եմ կարդացել այդպիսի բաներ), եւ ահա, Սովետական Միության փլուզումից հետո, հանկարծ, այդ նույն դեմոկրատիան փաստորեն պաշտպանում է «հրեշ» Ստալինի մոգոնած ներքին ապօրինի սահմանները իբր «տարածական ամբողջականության» սկզբունքով, որով անվերջ քննարկումների ու չգիտեմ ինչերի քաղաքական խաղ դարձնելով հենց Ստալինի իրոք հրեշավոր անարդարության զոհ Ղարաբաղի այնքան ողբերգություններ պատճառած հարցը մեր գլխին: Չորրորդ... բայց չէ, էլ սիրտ չունեմ անդրադառնալու այն մշակութային խորթություններին էլ, որ արագ աճող մոլախոտի նման ցանցնվեցին մեր բուն ինքնատիպ մշակութային արժեքների ծաղկանոցում, ասես հաշիշաբույր մոլախոտ, որ գրավում է մանավանդ ջահել հոգիներին, եւ քսենոֆոնյան ժամանակներից հայտնի մեր հյուրընկալ օտարասիրությունը վերածում է, բուն իսկ հայրենի երկրում, ինքնամոռաց օտարամոլության, եւ... բայց չէ, հերիք է, հերիք:


Ծանր սրտովՙ ահա մի պարբերություն եւս, ավելի երկար, ու այն էլ դեռ կարելի էր շարունակել: Գրողը տանի, ինչո՞ւ եմ ինձ տանջում գրելով այս բաները, այս տարիքիս մանավանդ, երբ ահա ութսունվեցն էլ ետեւում թողեցի այս ամառ, ոտք կոխեցի ութսունյոթի արդեն, զգում եմ, կարծես թե խախուտ գետնին: Մտքովս չէր էլ անցնում, որ այսքան կապրեմ: Զարմանալի է: Իսկ այս երկարած տարիքը, վերջերս պարզվեց ինձ համար, կամաց-կամաց տրամադրում է անտարբեր նայել ապրածդ անցյալ թե ոգեւորություններին, թե դառնություններին...


Սակայն բնավորությանս ի բնե հատուկ տարերային անկեղծությունը կյանքի երեւույթների հանդեպ, առավել եւս գիտակից անկեղծություն դարձած ինքս իմ առաջ, ինչպես անդրադարձել եմ այս տարօրինակ գրվածքիս դեռ հեռավոր թվացող սկզբում, երբեք չի հանդուրժել ու չի հանդուրժի անարդարություն ու կեղծիքՙ ուր էլ լինի, կենցաղում թե հասարակական կյանքի որեւէ ասպարեզում:


Գուցե իրոք տարիքս, մերթ ընդ մերթ, ինձ անտարբերության է տրամադրում անցյալիս նույնիսկ արդյունավետ ոգեւորությունների, բայց մանավանդ ամբողջ երիտասարդությունս մթագնած ահավոր դառնությունների հանդեպ, երբ քսանմեկ տարեկանիս, հենց միայն հայ լինելուս առեղծվածի մղումով հայրենադարձ, ընկա ստալինյան դժոխքը: Անցյալի հանդեպ այդ անտարբերությունը, ավելի հանգիստ այդ հայացքը բոլորովին ուրիշ բան է ու երեւի բնականՙ անխուսափելի գալիքից առաջ: Ի դեպ, անտարբեր եմ այդ «անխուսափելիի» հանդեպ եւս, չեմ մտածում դրա մասին, նույնիսկ ներսիցս, ակամա, ծիծաղ է պոռթկում, երբ դա միտքս է գալիս: Այդ հարցում բնությունս ի խորոց չի ընդունում ոչ ստոիկյան, ոչ քրիստոնեական ուսմունքների հորդորը, դեռ պատանությանս օրերից սիրտս ու միտքս ազատ ուրախությամբ ընդունել, հրաշալի գյուտի նման ընկալել են պանթեիստ Սպինոզայի հորդորը, թե իմաստությունը ոչ թե մահվան, այլ կյանքի մասին խորհրդածելու մեջ է:


Իրական կյանքի մասին, ոչ թե առասպելաբանված անդենականի դժոխքով, դրախտով եւ այլն:


Ձեռագիրն այստեղ ընդհատվում է:


ԿԱՐՊԻՍ ՍՈՒՐԵՆՅԱՆ

Comments


32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page