top of page

Հայ-ռուսական հարաբերությունների նոր փուլը. միմյանց վրա ցեխ են շպրտում ու անկեղծորեն զարմանում

28.10.2023



Հայ-ռուսական հարաբերություններում լարվածությունը շարունակում է խորանալ։ Երևանը երեկ բողոքի նոտա է փոխանցել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին՝ ռուսական «‎Առաջին ալիքի» եթերում հեռարձակված «Նիկոլ Փաշինյան. աղետ բերողը» հաղորդման առնչությամբ։


Պաշտոնական Երևանն անընդունելի է համարել դրա ընթացքում հայաստանցի բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին հնչած վիրավորական արտահայտությունները և բողոքի նոտա է փոխանցել Ռուսաստանին։


Դրանք հաղորդման հեղինակինն էին, թե թելադրված էին Կրեմլից՝ Ազգային ժողովի նախագահն այսօր ուղիղ չպատասխանեց։ Միևնույն ժամանակ, ռուսական կողմին մեղադրեց ոչ դաշնակցային քաղաքականության համար։


«Կարծում եմ՝ այդ հարցը ճիշտ է տալ ռուսական կողմին, որովհետև հայկական կողմը մշտապես իրեն պարկեշտ հռետորաբանության մեջ է պահել ու երբևիցե իրեն ոչ դաշնակցային ու ոչ գործընկերային ձևով չի դրսևորել», - նշեց Սիմոնյանը:

Ազգային ժողովի նախագահի կարծիքով՝ ռուսական կողմի քայլերը Հայաստանում հակառակ արդյունքն են ունենում։


«Իրենք ինչ-որ բաներ են անում, փորձում են ինչ-որ բաներ անել, որոնք մեր հասարակության մեջ, որը բավականին փոքր է, բավականին տեղեկացված է, ժողովրդավար է, հակառակ էֆեկտն է տալիս: Ես չգիտեմ՝ իրենց խորհրդատուները ովքեր են, բայց այդ նույն ծրագիրը, որի մասին նշեցիք, նույն հայտարարությունները Հայաստանի Հանրապետությունում հակառակ արձագանքն են ունենում: Պետք է երկու անգամ մտածեն հաջորդ անգամ նման բան անելուց», - ասաց Սիմոնյանը:


Հայ-ռուսական լարված հարաբերությունների ֆոնին տեղեկություններ կան, որ Երևանը մտադիր է փոխել Ռուսաստանում իր դեսպանին ու Մոսկվա գործուղել պատգամավոր, գործարար Գուրգեն Արսենյանին։ Որ Երևանն առաջարկել է իր թեկնածությունը, երեկ հենց Արսենյանն էր հաստատել։


«Եթե ռուսական կողմի պատասխանը կլինի, Հայաստանի Հանրապետության համապատասխան պաշտոնյան կստորագրի այդ հրամանագիրը», - նշել է Արսենյանը:


Իշխանական պատգամավորը հերքել էր այս օրերին շրջանառվող տեղեկությունները, թե Մոսկվան համաձայն չէ իր թեկնածությանը։ Հայաստանի արտաքին գերատեսչությունից դեռ չեն մեկնաբանում՝ երբ է նոր դեսպանի ագրեմանն ուղարկվել Մոսկվա ու արդյոք ռուսական կողմից արդեն պատասխան կա։


Ռուսաստանում Հայաստանի գործող դեսպանը՝ Վաղարշակ Հարությունյանը երկու տարի էլ չի պաշտոնավարել, թե ինչո՞ւ է Երևանը որոշել փոխարինել նրան, իշխանությունները չեն պարզաբանում։


Չնայած Երևան-Մոսկվա լարվածությանը այսօր Ազգային ժողովում արտգործնախարար Միրզոյանը վերահաստատեց, որ Ռուսաստանը Սյունիքում գլխավոր հյուպատոսություն է բացելու։ Ասաց՝ դժվարանում է ասել, թե հիմա աշխատանքները որ փուլում են, բայց ընդգծեց՝ Երևանը համաձայնությունը տվել է՝ դիտարկելով հնարավոր բոլոր նրբերանգները։



«Կդժվարանամ ասել՝ Ռուսաստանի Դաշնությունը հիմա այդ հյուպատոսության բացման որ փուլում է, այդուամենայնիվ, դա իրենց անելիքն է», - նշեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ ընդգծելով, - «Այդ հետաքրքրությունը Սյունիքում բացել գլխավոր հյուսպատոսություններ, որևէ կերպ ներկայություն տարբեր երկրների շրջանում այսօր կա, Իրանի Իսլամական Հանրապետությունն արդեն ունի, Ֆրանսիան է հայտարարել նման մտադրության մասին, կան էլի երկրներ, ում հետ այդ խոսակցությունը կա, բայց քանի որ վերջին անգամ պայմանավորվածություններ չկան, չէի ցանկանա բացահայտել»:


Հայաստանի արտգործնախարարը նախօրեին Թեհրանում մասնակցում էր «3+3» ձևաչափով բանակցություններին, հանդիպել էր Իրանի նախագահի, Թուրքիայի արտգործնախարարի, ոչ ֆորմալ զրույց ունեցել՝ Ադրբեջանցի պաշտոնակցի հետ։ Ռուսաստանի արտգործնախարարի հետ բանակցությունների մասին, սակայն, չի հաղորդվել։


Զուգագեռ, երեկ Մոսկվան հայտարարեց, թե հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև, դա Բայրամով-Լավրով երկրորդ հեռախոսազրույցն էր վերջին մեկ շաբաթվա ընթացքում:


Հայաստանի գործընկերոջ հետ Սերգեյ Լավրովի հնարավոր զրույցի ու շփումների մասին վերջին շաբաթներին հաղորդումներ չեն եղել:

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page