top of page

Հանրահայտ շուշեցիներ

13.06.2023

19-20-րդ դարերին Շուշին եղել է Կովկասի մշակութային-կրթական կենտրոններից մեկը: Հայ եւ ինչո՞ւ ոչ՝ համաշխարհային մշակույթի մեծ թվով կարկառուն գործիչներ ծնունդով հենց այս քաղաքից էին: Իմ խորին համոզմամբ, Շուշին իրավամբ կարող է համարվել ողջ հայության մշակութային մայրաքաղաքը: Եվ բնավ ո՛չ ադրբեջանցիներինը:


Շուշիի մասին այս հոդվածս վաղուց էի պատրաստվում գրել: Այն ցանկանում էի նվիրել մի անվանի հոգեւորականի հիշատակին, ով երկար տարիներ (1920-ականների կեսերից մինչեւ իր կյանքի վերջը, մահկանացուն կնքել է 1980-ականների սկզբին) ապրել է Ղարաբաղում: Երբ մահացավ, իրեն Շուշիում հողին հանձնեցին: Այդ հոգեւորականը տատիկիս եղբարն էր: Նա 15 տարեկան հասակում լքեց հայրական տունն ու իր ամբողջ կյանքը նվիրեց Հայ առաքելական եկեղեցուն ծառայելուն: Եվ այնպես ստացվեց, որ տատս այս կյանքում իր եղբորն այլեւս չհանդիպեց…


1980-ականների սկզբին հորեղբայրս ու իր որդիները հատուկ մեկնել էին Շուշի՝ հոգեւորականի գերեզմանին այցելելու նպատակով: Երբ վերադարձան, իրենց հետ բերեցին մի քանի սեւ-սպիտակ լուսանկար, որոնց վրա պատկերված էր հոգեւորականի գերեզմանին տեղադրված մեծ հայկական խաչքար՝ պատրաստված բնական բազալտից:


Շուշիի ազատագրումից հետո՝ 1992 թ. ազգականներս մեկ անգամ էլ գնացին այդ քաղաքը: Բայց գերեզմանն արդեն չգտան: Ավելի ճիշտ՝ գտան միայն դատարկ, մեռած ու քարուքանդ արած գերեզմանոցը… Վերադարձան եւ պատմեցին տեսածի մասին: Բոլորս պարզապես ցնցված էինք: Հայրս ու հորեղբայրս (երկուսն էլ, ցավոք, արդեն ոչ եւս են) դեռ երկար թախծոտ վրդովվում էին, վեճի բռնվում այն մասին, թե ադրբեջանցիներին քանի օր էր պահանջվել այդ բազալտե խաչքարը կռաններով ու լինգերով կոտրել-ջարդելու համար: Ես նրանց խոստացա, որ մի օր անպայման գրելու եմ այդ ամենի մասին: Հիմա կատարում եմ տված խոստումս…

Նախ մի քանի խոսք Շուշիի մասին:


Ըստ Ռուսաստանի կայսեր՝ Թիֆլիսում (Թբիլիսի) կովկասյան կուսակալի դիվանատան կողմից հրատարակված «1917 թվականի Կովկասյան օրացույցի»՝ 1916 թ. դրությամբ «Շուշիում հաշվվում էր 43.869 բնակիչ (25.404 տղամարդ, 18.465 կին), որոնցից 23.396 հոգի (13.937 ար., 9.459 իգ.) կազմում էին հայերը (53.3 տոկոս) եւ 19.121 հոգի (10.521 ար., 8.600 իգ.)՝ թաթարները (43.6 տոկոս)»:


1920 թ. մարտի 23-ին Արցախի մայրաքաղաքում տեղի ունեցավ հայ բնակչության զանգվածային կոտորած: Հայաբնակ թաղամասերը ավերվեցին եւ հրի մատնվեցին: Կովկասյան թաթարները (ներկայիս ադրբեջանցիները) ոչնչացրեցին շուրջ 20 հազար հայ: Մազապուրծ եղածները ստիպված էին լքել հայրենի Շուշին:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնապաշտպանության ջոկատների կողմից Շուշին 1992 թ. մայիսի 9-ին ազատագրելու հիմնական դրդապատճառներից մեկն այն էր, որ ռազմական հենակետ դարձրած այդ բերդաքաղաքից ադրբեջանական կողմը հակամարդկային, հիրավի ֆաշիստական եղանակներով, ռազմական տեխնիկայի տարբեր տեսակների, այդ թվում՝ համազարկային կրակի «Գրադ» ռեակտիվ համակարգերի կիրառմամբ պարբերաբար հրետակոծում էր ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտը: Յոթ եւ կես ամիս շարունակ արկակոծվող Ստեփանակերտի տասնյակ հազարավոր բնակիչներ դուրս չէին գալիս ռմբապաստարան ծառայող նկուղներից: Ապրում էին առանց էլեկտրականության, ջրի, կենցաղային տարրական պայմանների: Մի կերպ գոյատեւում էին…


Արդի վավերագրերը վկայում են 20-րդ դարի 1990-ականներին հարբած եւ թմրամիջոցներ լիուլի օգտագործած ադրբեջանցի վայ-մարտիկների «սխրանքների» բազմաթիվ փաստերի մասին: Այդ վայ-մարտիկները միայն իրենց հաճույքի եւ զվարճանքի համար, ընկերների հռհռոցի ուղեկցությամբ, ցանկացած պահի կարող էին սկսել Ստեփանակերտի գնդակոծումը: Եվ նրանք թքած ունեին, թե միջազգային մարդասիրական նորմեր գոյություն ունեն, որ համազարկային կրակի «Գրադ» ռեակտիվ համակարգերի կիրառումը խաղաղ բնակչության դեմ արգելված է, որ արկերից ոչ թե զինվորականներ, այլ խաղաղ մարդիկ, ծերեր, կանայք, երեխաներ են մահանում ու վիրավորվում…


2020 թ. նոյեմբերին Բաքու-Անկարա-միջազգային ահաբեկիչներ եռյակ դաշինքի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի հետեւանքով, ադրբեջանաթուրք «ենիչերիները» կրկին զավթեցին Շուշի քաղաքը: Եվ այն ներկայումս մնում է օկուպացված: Մասնավորապես, 2020 թ. հոկտեմբերին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ (Ղազանչեցոց) Մայր տաճարը Ադրբեջանի զինված ուժերի կողմից ենթարկվեց բացարձակ ու ցուցադրական հրթիռակոծման: Դրանից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ցինիկաբար հայտարարեց, թե դա «հավանաբար հայերն են արել»:


Ողջ աշխարհով մեկ տարածվեցին տաճարին բարբարոսական նպատակաուղղված հրթիռային հարվածներով պատճառված ավերումների լուսանկարներն ու տեսահոլովակները: Ընդ որում, երկրորդ այդպիսի հարվածը հասցվել էր, երբ տաճարում էին ռուսաստանյան լրագրողները, որոնցից Յուրի Կոտենոկը ծանր վիրավորվեց: Այդ ահաբեկչական ակտից հետո ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Միխայիլ Գուսմանի հովանավորյալ, գործակալության բարձրաստիճան պաշտոնյա Սաադատ Կադիրովան հրապարակախոս Վլադիմիր Սոլովյովի «Երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումներից մեկի ընթացքում Ղազանչեցոց քրիստոնեական տաճարը լկտիաբար համեմատեց «արտաքնոցի» հետ: Այդ խայտառակ ելույթից հետո Կադիրովան կարծես թե հեռացվել է աշխատանքից…


Ներկայումս, Բաքվի վարչակարգի նորօրյա սուլթան Ալիեւ Բ-ի հրահանգով ընթանում է Շուշիի հայ պատմական ժառանգության ակտիվ ոչնչացումը: 21-րդ դարի վայրագները նպատակաուղղված «ձեռնամուխ են եղել» այդ գործընթացին օկուպացված ողջ տարածքներում. արդեն մասնակի ոչնչացվել է Կանաչ Ժամ եկեղեցին, պղծվում է հայ Շուշվա խորհրդանիշը՝ Ղազանչեցոց Ամենափրկիչ տաճարը, որի գմբեթը հանել-ոչնչացրել են: Համեմատեք եւ զգացեք առկա քաղաքակրթական անդունդը: Իմիջիայլոց. Արցախի իշխանությունները 2020-ի աշնան ագրեսիայից քիչ առաջ վերանորոգել էին Շուշիի այսպես կոչված Վերին Գովհար-աղա մզկիթը:


Իսկ ադրբեջանական ռեժիմը դեռ 1960-ականներին՝ ԼՂԻՄ-ի օրոք քանդեց Շուշիի միակ ռուս ուղղափառ եկեղեցին, որը կառուցվել էր 19-րդ դարի 30-ական թթ. Շուշիի Ղումլուղ թաղամասում՝ ռուս զինվորականների հանգանակած միջոցներով: Իսկ այսօր Ադրբեջանի իշխանությունները ջանում են բարբարոսության մեջ մեղադրանքները բարդել հայերի վրա, քաղաքի վերին՝ հայկական մասում գտնվող Սբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) եկեղեցին առանց խղճի խայթ զգալու ներկայացնելով որպես «հայերի կողմից յուրացված Սուրբ Գեւորգ եկեղեցին», որն իրականում քաղաքի ստորին՝ մուսուլմանական մասում էր եւ նրանց կողմից ավերվող Կանաչ ժամ տաճարի հետ ոչ մի կապ չունի:


Զանվածաբար ոչնչացվում են Շուշիում ծնված-մեծացած հայերի հուշարձանները: Մինչդեռ այդ հայերն իրենց գործունեությամբ ոչ միայն փառավորել են Շուշին ու Արցախը, այլեւ, կարելի է ասել, ողջ աշխարհին են փառք ու պատիվ բերել: Նշեմ ընդամենը մի քանի փաստ: Այսպես՝ 2021 թ. ադրբեջանցի վանդալները հեռուստա- եւ տեսախցիկների առջեւ հպարտորեն քանդում էին խորհրդային անվանի պետական եւ կուսակցական գործչի, ԽՍՀՄ ռազմարդյունաբերական համալիրի ստեղծողներից մեկի՝ ԽՍՀՄ սեւ մետալուրգիայի նախարար, Սոցիալիստական աշխատանքի հերոս Հովհաննես Թեւոսյանի (1902-1958) արձանը:


Նույն ճակատագրին է արժանացել առասպելական ռազմաօդաչու, ծովային գրոհային, Անդրկովկասում միակ Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի (1913-1944) արձանը:


Ի դեպ, այստեղ հարկ է մատնանշել այն առանձնակի ցինիզմը, որով Ադրբեջանն առ այսօր Հովհաննես Թեւոսյանին եւ Նելսոն Ստեփանյանին հպարտորեն ներկայացնում է «Ադրբեջանական ԽՍՀ-ից հերոսների» ընդհանուր ցուցակում…


Կցանկանայի նշել Շուշիում ծնված եւս մի քանիսի անունները, ովքեր փառաբանել են իրենց հայրենի քաղաքը, սակայն Բաքվի վարչակարգի տարօրինակ քմահաճույքով «ջնջվել են պատմությունից»՝ Արցախի հոգեւոր մայրաքաղաքում հայկական տարրի գերակայությունը մոռացության մատնելու նպատակով…


Առասպելական զորավար, ռուսական բանակի գեներալ-լեյտենանտ Իվան Դավթի Լազարեւ (1820-1879), ով Ռուսաստանի համար Կարսն է գրավել 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ:


«Գեներալ-ադյուտանտ Իվան Դավթի Լազարեւն այն ականավոր գործիչներից էր, ովքեր ակամա իրենց վրա են սեւեռում ժամանակակիցների ուշադրությունը, իսկ այնուհետ փոխանցում իրենց անունները պատմությանը, որպեսզի օրինակ դառնան գալիք սերունդների համար»,- այսպես է գրել Լազարեւի մասին ռուս անվանի զորապետ եւ պատմաբան Վասիլի Պոտտոն:


Մ. Յու. Լերմոնտովի մորաքրոջ եղբայր եւ մերձավոր բարեկամ, Շուշիի գավառապետ Ակիմ Պավելի Շան-Գիրեյ (1818-1883):

Օրգանական քիմիայի անվանի մասնագետ Նիկոլայ Զինին (1812-1880): Նա 1868 թ. Դ. Ի. Մենդելեեւի հետ միասին ստեղծեց Ռուս քիմիական կազմակերպությունը եւ մինչեւ 1878 թ. եղել է դրա նախագահը:


Շուշիում են ծնվել հանրահայտ նկարիչ եղբայրներ Միքայել (1897-1961) և Սերգեյ (1912-1986) Արուտչյանները: Ավագ եղբայրն իր կյանքի ընթացքում նկարազարդել է ավելի քան 100 գիրք և կինոնկար: Կրտսերը դարձավ Հայաստանի ժողովրդական արտիստ, «Հայֆիլմ» կինոստուդիայի նկարահանած մի շարք կինոնկարների գլխավոր նկարիչն էր՝ ներառյալ «Պատվի համար»-ն ու «Քաջ Նազար»-ը: Սերգեյի որդին՝ 1947 թ. Երևանում ծնված Ռուբեն Արուտչյանը, նույնպես արվեստաբան է, Հայաստանի վաստակավոր նկարիչ: Նա, մասնավորախպես, Երևանում մի քանի տարի առաջ տեղադրված Հոլոքոստի զոհերի հուշարձանի հեղինակն է:

Ծնունդով Շուշիից հայի ընտանիքում է Թիֆլիսում ծնվել երաժշտության հիրավի հանճար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, 1953-1962 թթ. Մոսկվայի Մեծ թատրոնի գլխավոր դիրիժոր Ալեքսանդր Մելիք-Փաշաևը (1905-1964):


Արմատներով Շուշիից էր նաև մեկ այլ հանրահայտ երաժշտագետ՝ կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիևը (1931-1996), ում հայրը՝ Լեոն Թարվերդյանը, ծնվել է Շուշիում: Թարիվերդիևը ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ է, 132 կինոնկարների ու բեմական ներկայացումների երաժշտության հեղինակ, գրել է հարյուրավոր երգեր ու ռոմանսներ, 4 բալետ, 5 օպերա, մեծ թվով կամերային և սիմֆոնիկ գործեր: Առավել մեծ համբավ է նրան բերել «Գարնան տասնյոթ ակնթարթ», «Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ», «Եղջերու թագավորը», «Սիրել» ֆիլմերի համար ստեղծած երաժշտությունը:


Խորհրդային հռչակավոր քանդակագործ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Երվանդ Քոչարը նույնպես Շուշիի արմատներ ուներ. նրա հայրը՝ Սիմոն Քոչարյանը, ծնվել էր Շուշիում, իսկ ինքը՝ արդեն Թիֆլիսում:


Հանրահայտ գեղանկարիչ Յուրի Սարկիսովը (Տեր Սարգսյան, 1928-2012) ծնունդով շուշեցի էր:


Խորհրդային և ռուսաստանյան գիտնական, ռազմական գործիչ, ՌԳԱ ակադեմիկոս, ՌԴ կառավարության գիտության և տեխնիկայի բնագավառում մրցանակի դափնեկիր Աշոտ Սարկիսով (ծնողները ծագումով Շուշիից էին, ինքը ծնվել է 1924 թ. Թուրքմենստանում):


Խորհրդային և ռուսաստանյան ազգագրագետ, պատմական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի բնական գիտությունների «Հասարակական գիտություններ և ստեղծագործություն» բաժանմունքի ակադեմիկոս Ալլա Տեր-Սարգսյանց (1937-2019, ծնողները ծագումով Շուշիից էին):


Այդ քաղաքում չէին ծնվել, սակայն հենց այնտեղ էին ուսանել և իրենց մասնագիտական ուղին սկսել գիտության, մշակույթի, քաղաքականության մի խումբ հայտնի գործիչներ: Նրանց թվում է կոմպոզիտոր, Շուշիի երաժշտական դպրոցի շրջանավարտ Անդրեյ Բաբաևը (1923-1964).

ՀԷՄՀԻ գիտահետազոտական կենտրոնի (ներկայումս՝ ՌԳԱ Ե . Պրիմակովի անվան Համաշխարհային էկոնոմիկայի և միջազգային հարաբերությունների ազգային գիտահետազոտական ինստիտուտ) առաջին տնօրեն (1956-1965 թթ.), ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս Անուշավան Արզումանյանը (եղել է Շուշիի ռեալական դպրոցի շրջանավարտը):


Աշխարհահռչակ քանդակագործ («հայ Էրզյա»), Ռոդենի սան Հակոբ Գյուրջյան (1881-1948):


Եղբայրներ Պավել (1858-1937) եւ Աբրահամ (1872-1969) Ղուկասովներ՝ ռուսաստանյան անվանի նավթարդյունաբերողներ:


Հայ գրականության դասական, պատմավեպերի, պատմվածքների ու պիեսների հեղինակ Մուրացան (Գրիգոր Տեր-Հովհաննիսյան, 1854-1908):


ԽՍՀՄ պետական անվտանգության մարմինների նշանավոր գործիչ, գեներալ-մայոր Միխայիլ Ալահվերդով (1900-1968):


Ռուսերենի բառարանների հեղինակ, խորհրդային լեզվաբան, մոսկովյան բանասիրական դպրոցի հիմնադիրներից մեկը՝ ՄՊՀ պրոֆեսոր, ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ Ռուբեն Ավանեսով (1902-1982):


Խորհրդային առասպելական հետախույզ Ռուբեն Ագամալով (1905-1982):


Հայտնի նկարիչ-պրիմիտիվիստ Էդմոնդ Պետրոսյան (1948-2019):


Լեռնային Ղարաբաղում 1918-1920 թթ. իրադարձությունների մասնակցի ու ականատեսի հուշերի (ռուսերենով՝ միակ այդպիսի հուշերի) հեղինակ Զարեհ Մելիք-Շահնազարյան (1903-1992): Հուշերի անվանումն է «Ղարաբաղյան զինվորի նոթեր»:


Ներկա դրությամբ, պաշտոնական Բաքուն սանձը կորցրած՝ արմատապես խեղաթյուրում է պատմությունը: Նախ Ադրբեջանի, իսկ հետո ողջ թյուրք աշխարհի «մշակութային մայրաքաղաք» հայտարարված Շուշիի պատմության «նոր»՝ ադրբեջանական վարկածում բացարձակորեն անհետացել են հիշատակումներն այդ քաղաքի բազմադարյա հայկական, ռուսական եւ պարսկական ժառանգության մասին: Այսօր Շուշին վերածվել է մի «շինհրապարակի», որտեղ ակտիվորեն տարվում է այլ ժողովուրդների մշակութային եւ պատմական ժառանգության ոչնչացում: Դե, այդ ուղղությամբ Ադրբեջանը հարուստ փորձ է կուտակել: Օրինակ՝ 2000-ականների սկզբին Բաքվի վարչակարգի կարգադրությամբ Նախիջեւանի Հին Ջուղայում ոչնչացվեց ավելի քան 5000 պատմական հուշարձան՝ միջնադարի ժամանակաշրջանի հայ վարպետների պատրաստած խաչքարեր:


Այդ շինծու պետությունը, ի դեմս նախագահ Իլհամ Ալիեւի (Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտ, աշխարհի ամեն տեսակ ակադեմիաների ու համալսարանների դոկտոր եւ այլն, եւ այլն) համաձայնություն է տվել Հարավային Կովկասի հնադարյան պատմամշակութային ժառանգության կարեւորագույն բաղադրիչներից մեկի իսպառ ոչնչացմանը: Մինի սուլթան Ալիեւ Բ-ն արդեն իր «փառավոր» էջն է ավելացրել վանդալիզմի համաշխարհային պատմությանը՝ որպես «Հին Ջուղայի խաչքար-հուշարձանների դեմ մարտում հաղթանակած զորավար»:


Բարեբախտաբար, պահպանվել են ֆոտո- եւ տեսավկայություններ, որոնցում հստակորեն երեւում է, թե ադրբեջանական բանակի զինվորներն ու սպաները շինարարական տեխնիկայի, ծանր մեխանիզմների միջոցով ինչպես են բարբարոսաբար ոչնչացնում խաչքարերը՝ պատմական հիրավի անգին հուշարձանները շինարարական աղբի վերածելով… Հին Ջուղայի հայ գերեզմանոցում խաչքարերի զանգվածաբար ոչնչացումը այն ժամանակ դատապարտվեց Եվրախորհրդարանի հատուկ բանաձեւով: Փաստաթղթի ընդունման կողմնակիցները մատնանշել էին Ադրբեջանի կողմից համամարդկային նշանակության մշակութային հուշարձանները ոչնչացնելու անթույլատրելիությունը: Սակայն Բաքուն այդ ամենն անտեսեց:


Ցավով պետք է արձանագրել, որ նման բախտի նաեւ Շուշին է արժանանալու:


Այնտեղ 2020 թ. բռնազավթումից հետո արդեն մեկնարկել է պատմամշակութային հուշարձանների ոչնչացման ակտիվ գործընթացը: Եվ ընդամենը մի քանի տարի հետո այնտեղ արդեն ոչ մի բան չի մնա… Ավելի ճիշտ, լինելու են միայն ադրբեջանա-թուրքական նորակառույցներ:


Շարունակելով հոդվածիս սկզբնական թեման, նշեմ, որ հոգեւորական ազգականիս անունը Ծաղիկ էր: Այդպես էին նրան անվանել ծաղիկների եւ բուժիչ բույսերի հանդեպ տածած սիրո ու հետաքրքրության համար: Այնպես որ, նա ոչ միայն կրոնական սպասավոր, այլեւ բնածին սնխչի էր՝ քրիստոնեական հոգեւորական լինելով հանդերձ: Շուշիում եւ քաղաքի մերձակայքում Ծաղիկը բոլորին օգնության ձեռք էր մեկնում, այդ թվում՝ նաեւ ադրբեջանցիներին, հատկապես երեխաներին: Իրեն էին դիմում ե՛ւ ցերեկը, ե՛ւ գիշերը, եւ նա ոչ մեկին չէր մերժում:


Ծաղիկը անվիճելի հեղինակություն էր վայելում ինչպես հայերի, այնպես էլ ադրբեջանցիների շրջապատում: Ցավոք, իրեն առնչվող արխիվային փաստաթղթեր գտնելու իմ փորձերը հաջողությամբ չպսակվեցին: Հայ առաքելական եկեղեցու Արցախյան թեմի այն տարիների առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը 2018 թ. ինձ տեղեկացրել է, որ ոչ մի փաստաթուղթ չի պահպանվել: Հայերին վերաբերող արխիվներն ամբողջությամբ ոչնչացվել էն ադրբեջանցիների կողմից դեռ 1990-ականների սկզբին: Սրբազանը խորհուրդ տվեց դիմել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:


…Մանկուց լսել եմ մերձավորներիս գովասանալից խոսքերը Ծաղիկի մասին:


Պատմել են նրա եզակի արխիվի մասին, որը Ծաղիկը հավաքել է գրեթե կես դար:


Այդ արխիվում հազվագյուտ հին գրքեր կային, հայկական քրիստոնեական մագաղաթներ: Այդ գրքերում շատ էր գրված այն մասին, որ տիեզերքը հիմնված է հայի սիրո եւ բարության վրա… Սակայն կյանքն ապացուցեց, որ իրականում աշխարհում հաճախ իշխում են չարությունն ու ատելությունը: Մանուկ տարիներից միշտ հույս էի փայփայում, որ օրերից մի օր կտեսնեմ այդ հիանալի արխիվը: Իսկ հիմա խոր կսկիծով ստիպված եմ փաստել, որ այն անվերադարձ կորել է՝ հոգեւորականի արխիվն ու ժառանգությունն ադրբեջանցիներն անողոքաբար ոչնչացրել են:


Ամփոփելով թեման, ցանկանում եմ ընդգծել, որ մենք՝ հայերս, անպայման վերադառնալո՛ւ ենք Շուշի: Լիահույս եմ, որ ինքս էլ կվերադառնամ՝ ազգականիս գերեզմանին հուշաքար տեղադրելու համար: Եթե չկարողանամ, ապա որդիս կանի իմ պատգամով, եթե ոչ որդիս՝ ապա թոռս… Բոլոր դեպքերում, մենք անպայման կվերադառնա՛նք մեր հայրենի Շուշի քաղաք:


Արամ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հասարակական գործիչ, հրապարակախոս, Մոսկվայի լրագրողների միության անդամ

Opmerkingen


32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page