top of page

ՀԱՊԿ-ի արածն ու չարածը

17.06.2020, ԵՐԵՎԱՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով սահմանային գոտում լարվածությանը ՀԱՊԿ արձագանքին, ասել է, թե Հայաստանը չի դիմել օգնության համար, այլ ընդամենը իրազեկել է, եւ այդ պատճառով պետք չէր սպասել ինչ որ բան: Նրա խոսքով, ՀԱՊԿ-ը ընդհանուր մտահոգություն է հայտնել այն առումով, որ լարվածությունը շարունակվելու դեպքում եթե Հայաստանը դիմի, ապա ՀԱՊԿ-ը ստիպված է լինելու ներքաշվել:

Շավարշ Քոչարյանը փաստորեն դիվանագիտական նուրբ ձեւակերպման տողատակում անում է բավականին կոշտ հարցադրում՝ ի՞նչ պետք է աներ ՀԱՊԿ, եթե Հայաստանը դիմեր: Այլ կերպ ասած, եթե Հայաստանը դիմեր, ապա ՀԱՊԿ չուներ անելու այլ բան կամ փախչելու տեղ, քան օգնել Հայաստանին՝ կանոնադրության համաձայն: Հակառակ պարագայում ՀԱՊԿ-ը պարզապես կգրեր իր իսկ մահախոսականը, թեեւ ամենեւին այնպես չէ, որ ներկայումս այդ կառույցը այսպես ասած կենդանի կամ աշխույժ ռազմա-քաղաքական բլոկ է: Մյուս կողմից, ՀԱՊԿ-ի «կենդանությունը» ներկայումս մեծ հաշվով կախված է Հայաստանից եւ ստացվում է, որ Հայաստանը կենդանություն չի հաղորդել ՀԱՊԿ-ին, չդիմելով օգնության: Այլ կերպ ասած, թեեւ թվում է, որ Հայաստանը ՀԱՊԿ այսպես ասած արհամարհվող անդամն է, խորքային առումով իրերի դրությունը գործնականում այդպիսին չէ եւ ՀԱՊԿ-ի բանալին Հայաստանի ձեռքին է:

Տվյալ պարագայում հարցն այն է, թե Հայաստանը որքան է ինքնիշխան այդ բանալին տնօրինելու հարցում: Ըստ այդմ, բանալին հարկավոր է գործի դնել այն ժամանակ, երբ այդ ինքնիշխանությունը կլինի բավականաչափ՝ կազմակերպության առաջ լուրջ հարցեր դնելու համար: Ըստ այդմ, Երեւանն այժմ ունի լուծելու այլ հարցեր, ինքնիշխանության աստիճանն ավելի ու ավելի բարձրացնելու համար: ՀԱՊԿ-ը դրան սպասում է թերեւս տագնապով, որովհետեւ Հայաստանում պետական խորքային արդիականացման արդյունավետ ընթացքի պարագայում ամեն հաջորդ օր ՀԱՊԿ-ի համար ավելի բարդ է լինելու Հայաստանի դրած հարցերից խուսանավելը: Ընդ որում հարցեր, որոնք ամենեւին պայմանավորված չեն լինելու ռազմական գործողությունների անմիջական առկայությամբ:


ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Լրագրի մեկնաբան

Comments


32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page