Հարգե՛ք տնից

21.04.2020, ԵՐԵՎԱՆ

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ հուշահամալիր մուտքը փակ է լինելու` անվտանգության նկատառումներից ելնելով, որոշումը կհաստատվի նաև Պարետատան կողմից, հայտնել է վաչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

Նրա խոսքով՝ դեպի հուշահամալիր մուտքը, ըստ էության, ապրիլի 21-ից է փակվում՝ անվտանգային և կազմակերպչական պատճառներով։

Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար ՀՀ-ում մարտի 16-ից մայիսի 14-ն արտակարգ դրություն է հայտարարված։ Խիստ սահմանափակված է բնակչության տեղաշարժը, արգելված են հանրային վայրերում բազմամարդ հավաքները։

Աղաջանյանը հայտնել է, որ Ցեղասպանության 105-րդ տարելիցի միջոցառումները կսկսվեն ապրիլի 23-ին՝ ժամը 21։00-ին, երբ եկեղեցական զանգերի ներքո կմարվեն Երևանի և մարզկենտրոնների փողոցների լույսերը։ Նա նշել է, որ քաղաքացիներին կոչ կարվի նաև մարել բանակրանների լույսերը, պատուհանից բջջային հեռախոսի լույսերի վառումով խորհրդանշել միասնականությունն անմար կրակի շուրջ։

«Լուսավոր ոգեկոչման րոպեն կունենա նաև իր խորհրդանշական արձագանքը Ծիծեռնակաբերդից` Լիանա Ալեքսանյանի և Կամո Սեյրանյանի կողմից «Արի իմ սոխակ» երգի կատարմամաբ։ Ապրիլի 24-ին՝ առավոտյան ժամը 8-ից սկսած, քաղաքացիները կարող են ՀՀ-ից հաղորդագրություն ուղարկել 1915 կարճ համարին, իսկ արտասահմանից՝ 037433191500 հեռախոսահամարին՝ իրենց անվամբ հաստատելով հեռակա մասնակցությունն օրվա խորհրդին։ Հաղորդագրություն ուղարկած քաղաքացիների անունները կարտացոլվեն հուշահամալիրի սյուներին»,- հայտնել է Աղաջանյանը։

Նա նշել է, նաև, որ ապրիլի 24-ին՝ առավոտյան ժամը 10-ից, մեկնարկելու են ՀՀ նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի և կաթողիկոսի այցերը Ծիծեռնակաբերդ։ Խոնարհումի արարողությունն ուղեկցվելու է դաշնակահար, վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի կենդանի կատարմամաբ։

Հարգանքի տուրքը գեղարվեստական ծրագրով կմեկնարկի ապրիլի 24-ին՝ ժամը 22։00-ին: Այն ընդգրկելու է դասական և ժողովրդական ստեղծագործություններ և տևելու է մինչև լուսաբաց։ Հայաստանում ապրիլի 21-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 1401-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 62-ով: Առողջացածների ընդհանուր թիվը 609 է, մահացել է 24 հոգի։

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan.Online-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ yvnonline@gmail.com

Գլխավոր խմբագիր՝ Աննա Սարգսյան