02.05.2020, ՀՈԳՎԱՐԹՍ
Այն օրվանից, երբ հայերեն թարգմանությամբ լույս տեսան Հարրի Փոթերի մասին վիպաշարի առաջին գրքերը, այդ բացառիկ գրական ստեղծագործությունը դարձավ տողերիս հեղինակի երկու դեռահաս զավակների, ասել է թեՙ մեր ընտանեկան առօրյայի անբաժան մասը: Վստահ եմ, որ այդպես է ուրիշ ընտանիքներում եւս: Դստրիկս առաջին գիրքը կարդաց ոչ ավելի, ոչ պակաս, տասներկու, երկրորդըՙ ութ անգամ, եւ դասարանով բեմադրեց հատվածներ այդ ստեղծագործությունիցՙ ինքն անձամբ կատարելով Հարրի Փոթերի դերը...
Եվ, բնականաբար, երեխաներս շոշափեցին երկրորդ վեպում հայի մեկ անգամյա հիշատակության փաստը:
Այդ հատվածն առկա է վեպի բացասական կերպարներից մեկիՙ Կախարդության եւ վհուկության Հոգսվորթի դպրոցի ուսուցիչ Լոքհարթի խոսքում.
«- Սիրելի՛ տղաս, - ասաց Լոքհարթըՙ ուղղվելով եւ խոժոռ հայացքով նայելով Հարրիին,- Ողջամի՛տ եղիր: Իմ գրքերը ոչ ոք չէր գնի, եթե մարդիկ չմտածեին, որ այդ ամենը ինքս եմ արել: Ոչ ոք ցանկություն չունի կարդալու ոմն պառավ ու գարշատես հայ կախարդի մասին, որը մի ամբողջ գյուղ է մարդագայլերից փրկել: Սոսկալի տեսք կունենար գրքի շապիկի վրա: Այդ մարդը բոլորովին ճաշակ չուներ» (Ջ. Մ. Ռոուլինգ, Հարրի Փոթերը եւ գաղտնիքների սենյակը, թարգմանությունըՙ Ալվարդ Ջիվանյանի, Երեւան, «Զանգակ», 2016, էջ 326):
Հայ, այն էլ կախարդ, այն էլՙ պառավ ու գարշատես... ճիշտ է, նա մի ամբողջ գյուղ փրկել է մարդագայլերից, սակայն այդ փաստը հատկապես հայ ընթերցողի վրա թողնում է տհաճ տպավորություն...
Սույն խնդրին ժամանակին անդրադարձել է Լիբանանում բնակված գերմանուհի գրականագետ, լուսահոգի Ինգրիդ Լեյեր Սըմաանն իր «Հարրի Փոթերը եւ ասացվածքի հերոս դարձած հայ առեւտրականը» անգլերեն ուսումնասիրության մեջՙ հրատարակված Բեյրութի «Հայկազեան հայագիտական հանդէսում»: Ստորեւ թարգմանաբար ներկայացնում ենք այդ հոդվածիՙ հարցին առնչվող հատվածները.
«Այս հոդվածի նպատակն է քննել, թե ինչպես է արեւելյանի եւ Արեւելքի մասին գրած եվրոպացի ու ամերիկացի հեղինակների մի շատ խառը խումբ... իրենց ընթերցող հանրությանը ներկայացրել ասացվածքի հերոս դարձած հայ առեւտրականին: ....Ո՞վ կենթադրեր, որ ոսկեգույն մազերով եւ ատամները միշտ բաց Գիլդերոյ Լոքհարթը, «Հարրի Փոթերը եւ գաղտնիքների սենյակը» գրքի Կախարդության եւ վհուկության Հոգսվորթի դպրոցի վարպետ պրոֆեսորը, այդ «եղբայրության» թերեւս ամենավերջին ներկայացուցիչն է:
.....Առաջին հայացքից թվում է, թե այս ամենավերջին ներկայացուցիչը բազմաթիվ փոփոխություններ է կրել, մինչեւ որ կփոխակերպվեր ոսկեգույն մազերով վարպետ պրոֆեսորի, հեղինակՙ մի շարք դասագրքերի, որոնք նա գործածում է որպես դասավանդման առարկաՙ լինելով Կախարդության եւ վհուկության Հոգսվորթի դպրոցի ինքնապաշտպանության մութ ուժերի ամբիոնի վարիչ եւ պրոֆեսոր: Հետաքրքրասեր դեռահասը կամ պատանի ընթերցողը կարող է հարցնելՙ ասացեք, Աստծու սիրուն, ի՞նչ կամ ո՞վ է այդ «պառավ ու գարշատես հայ կախարդը» (շեշտված էթնիկ ինքնությամբ, այն էլՙ գրքերի մի շարքում, որտեղ ուրիշ դեպքերում ստերեոտիպացում չկա): Կարիք չկա, որ հերոսն իր ուղեղը զբաղեցնի այսպիսի մանրուքներով. նա ամեն ինչ գիտի այդ խաբեբա վաճառականի արհամարհելի եւ ամբողջովին կեղծ ու էժանագին նկարագրի մասին: Ընթերցողը խնդիր չի ունենա սահմանելու ինքնությունն այս «հայի», միակ օտարազգիի, որը հայտնվում է բրիտանական հանրային դպրոցի արկածների վերաբերյալ ամենաբնութագրական այս վերջին գրքում, թեեւ մենք, անշուշտ, գործ ունենք, վհուկների եւ կախարդների բրիտանական տեսականիի հետ: Հա՞յ: Խնդիր չէ. ընթերցողը վաղուց պատկերացրել էՙ ո՛վ եւ ի՛նչ է իրենից ներկայացնում այդ մարդը:
Մենք, որ քննել ենք «տգեղ» հայ վաճառականի «արքետիպը», նույնպես խնդիր չունենք: Կարդալով «Հարրի Փոթերը եւ գաղտնիքների սենյակը», ես չէի ազատվում այն զգացողությունից, որ Լոքհարթն ինձ ծանոթ է թվում, թեեւ նա նման չէր իմ ուսուցիչներից որեւէ մեկին: Եվ այդ զգացողությունն ուժգնացրին գրքի ամերիկյան հրատարակության մեջ առկա Մերի Գրանդպրեի պատկերազարդումները: Այնուհետեւ հանելուկն ինձ համար լուծվեց, երբ պատմության ամենալարված պահերից մեկում Լոքհարթը դեն նետեց իր դիմակը եւ խոստովանեց իր խաբեբա ու շառլատան լինելը, որովհետեւ ոչ ոք «ցանկություն չունի կարդալու ոմն պառավ ու գարշատես հայ կախարդի մասին»: Նա կարող էր կախարդի փոխարեն ասել «հայ վաճառական»: Մենք «հայ» բառը լսում ենք միայն մեկ անգամ, սակայն դա տեղի է ունենում մի այնպիսի վճռական պահի, որ այն կարող է արձագանքել Հոգսվորթի դպրոցի սենյակներում ու միջանցքներում, եւ, համոզված եմ, նաեւ այս բեսթսելերի երիտասարդ ու մեծահասակ ընթերցողներից շատերի հիշողության մեջ:
Ջ. Ք. Ռոուլինգը հազարավոր պատանի եւ դեռահաս ընթերցողներին տվել է հաճելի ընթերցանության փորձառության բազմաթիվ ժամեր, սակայն, գիտակցաբար կամ անգիտակցաբար, տվել է նաեւ ամենավատ տեսակի էթնիկ ստերեոտիպացման մի շատ ստոր օրինակ» (տես Ingrid Leyer Semaan, Harry Potter and the Proverbial Armenian Merchant, «Հայկազեան հայագիտական հանդէս», Պէյրութ, հատոր Ի., 2000, էջ 425):
Համաձայն ենք Ինգրիդ Լեյեր Սըմաանի հետ, որ Ռոուլինգի հայ կախարդը բրիտանական եւ առհասարակ եվրոպական գրականության մեջ հիշատակված ժխտական հայ հերոսների (առաջին հերթինՙ խաբեբաների) արձագանքն է:
Լիբանանահայ միջավայրում բնակված գերմանացի գրականագիտուհին նմանապես իրավացի է, որ պատանեկան վեպում «հայի» կողքին ժխտական մակդիրներ դնելն, անշուշտ, ստերեոտիպացում է: Սակայն առկա է «մեղմացուցիչ դեպք հանցանաց»: Հայի մասին այդպես արտահայտվողն ինքը բացասական կերպար է, որը պիտակավորում է իսկապես դրական գործ կատարածՙ մի ողջ գյուղ մարդագայլերից փրկած հային: Ճիշտ ինչպես Պուշկինի հանրահայտ «Ты раб, ты трус, ты армянин» խոսքը պետք է քննել իր համատեքստումՙ չմոռանալով, որ տխրահռչակ դարձած այդ խոսքերն ասում է ավազակ լեռնցինՙ որպես հանդիմանություն ավազակություն չանող իր որդուն...
Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ
«ԱԶԳ»