25.06.2020 ԵՐԵՎԱՆ
Հայաստանի ներքաղաքական իրավիճակը աստիճանաբար մոտենում է հասարակածին, որից այն կողմ նոր ընտրական մեկնակետն է: Դրա վկայությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդարանական ելույթն էր: Այն հեղափոխության վերադարձի մասին էր: Հայաստանում թավշյա հեղափոխությունը վերադառնում է ելման դիրք, պարզապես «երկրի հակառակ կողմից»: Այլ կերպ ասած, վերադառնում է ոչ թե Սերժ Սարգսյանի վարչապետությամբ եւ ՀՀԿ մեծամասնությամբ, այլ Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ եւ Իմ քայլը մեծամասնությամբ:
Վարչապետի ելույթը խոշոր հաշվով կոչ էր քաղաքական այն միավորներին, որոնք դիրքավորվում են թավշյա հեղափոխության դիրքում՝ հավաքվելու կոչ, ակնարկելով, որ դա է խորհրդարանում հայտնվելու հնարավորությունը: Սակայն, խնդիրն անշուշտ միայն խորհրդարանում հայտնվելու հանգամանքը չէ: Կա առավել կարեւոր խնդիր՝ հեղափոխության վերարտադրություն հնարավորինս ուժեղ լեգիտիմության պահպանությամբ, որը թույլ կտա նաեւ լուծել մյուս հիմնարար խնդիրը՝ վերարտադրություն արդար եւ ազատ ընտրության միջոցով:
Քիչ է հավանականությունը, որ գալիք ժամանակահատվածում, եթե անգամ չդիտարկենք արտահերթ ընտրության տարբերակը, եւ լինի հերթական ընտրություն, Հայաստանում ձեւավորվի այնպիսի ներքին միջավայր, որտեղ նախկին համակարգը որեւէ կերպ դուրս գա քաղաքական մրցակցությունից, եւ մրցակցությունն ընթանա միայն հեղափոխության դիրքից ներկայացող ուժերի շրջանակում: Առավել եւս, որ հեղափոխության դիրքից ներկայանալը դեռ ամենեւին չի նշանակում իրական քաղաքականության ռեժիմում լինել հեղափոխության վստահելի ուժ:
Ինչ է նշանակում հեղափոխության քաղաքական վերադարձ: Աստիճանաբար խմբավորվում, հստակվում են այն քաղաքական շրջանակները, որոնցից բաղկացած է եղել թավշյա հեղափոխության քաղաքական մասը՝ ժողովրդական մասին զուգահեռ: Այդ առումով, հեղափոխությունը միավորել է ոչ միայն նախկին կառավարող համակարգի ընդդիմադիր ուժերին: Հեղափոխությունը միավորել է բոլորին, եւ այդտեղ է նաեւ հեղափոխության բացառիկությունը, որ այն դարձել էր անհրաժեշտ եւ սպասված բոլորի համար: Խոսքն իհարկե հիմնական դերակատարների եւ ոչ թե թիմերի ներկայացուցիչների մասին է:
Իհարկե, յուրաքանչյուրն ունեցել է իր ակնկալիքը, իր դիտարկման շրջանակով՝ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Միքայել Մինասյան, Գագիկ Ծառուկյան, Կարեն Կարապետյան, Սամվել Կարապետյան, ճյուղավորվող ռուսական տնտեսա-քաղաքական շրջանակներ Կրեմլի դիրքորոշման ձեւավորման վրա իրենց ազդեցությամբ:
Հեղափոխության քաղաքական վերադարձը այդ համախմբի ուրվագծերի աստիճանական հստակեցումն է, դիրքավորման ճշգրտումը, նաեւ դրանով հանդերձ հեղափոխությանն ուղեկցած նպատակների «հետին թվով» երեւակում, եթե մինչ այդ դրանց մասին հնարավոր էր խոսել գերազանցապես վերլուծության մակարդակով: Ներկայիս շրջափուլի առանձնահատկությունը նաեւ այն է, բացի այլեւս հանրային վստահությամբ կառավարող ուժի հանգամանքից, որ չկա մեկ ընդհանուր նպատակ, որը անհրաժեշտություն է բոլորի համար: Թեեւ, այդպիսին առնվազն իրական քաղաքականության խորքային ռեժիմում կարող է դառնալ Հայաստանը ռուսական ենթակայությունից դուրս բերելը, քանի որ գործնականում բոլոր մասնակիցներն են անձնական փորձով համոզվել դրա ռազմավարական վտանգավորության մեջ: Առավել եւս այժմ, երբ Ռուսաստանը կորցնում է աշխարհակարգը եւ վրան հույս դնելն այլեւս կարող է բխել միայն լուրջ կոմպրոմատից:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Լրագրի մեկնաբան