24.04.2020, ԵՐԵՎԱՆ
Այսօր՝ ապրիլի 24-ին, 82-ամյա պապիկին թույլ չէին տվել բարձրանալ Ծիծեռնակաբերդ ու ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Կոտորված 2 միլիոնն էլ իմն են, իմ աչքի լույսն են, իմ կյանքն են. քարահունջցի 82-ամյա Արտուշ Միրզոյանը Մարզահամերգային համալիրի մատույցներում սպասելու էր այնքան, մինչև նրան թողնեին բարձրանալ անմար կրակի մոտ։
«Եկել եմ գնամ անմեղ զոհերին խոնարհվեմ, ծաղիկ դնեմ, գնամ տուն։ Ես ոչ մեկին չեմ խանգարում, թերթ-մերթ չեմ կարդացել, եթե իմանայի տանից դուրս չէի գա։ Էսօր չեն թողնում, գիշերը կգնամ»։
Միջադեպին անդրադարձել է կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը։ «Հերի՛ք է կապիկություն անեք»,- հորդորում է նա իշխանություններին։
Միջադեպին է անդրադարձել նաև Աննա Դովլաթյանը, ով կից ներկայացրել է մի տեսանյութ, որում ծերունին հարգանքի տուրք է մատուցում Երևանի բակերից մեկում ստեղծված «հուշահամալիրում»:
«Առավոտից տեղս չեմ գտնում, երևի թե ինչպես շատերը...խոսքս վերաբերվում է պապիկին, ով ուզեցել էր ընդամենը իր հարգանքի տուրքը մատուցել Հայոց Ցեղասպանության զոհերին։ Անկեղծ ասած, խոսքեր չունեմ, ոչ մի խոսք չի կարող ինձ օգնել արտահայտել այն, ինչ զգում եմ, սիրտս միայն ցավում է... Տեսանյութը դիտելուց հետո, անմիջապես զանգահարեցի ամուսնուս, որպեսզի գնա պապիկի ետևից, մի բան անի, նրա կողքին լինի, քանի որ տարեց մարդու հանդեպ հարգանքը լրիվ վերացել է) Մտածում եք, այդքան արդա՞ր գտնվեցիք, մի մարդու հանդեպ, ով մի ողջ ժողովրդի սրտից էր խոսում, ում սրտում ու հոգում մի մեծ ցավ էր ապրում, ում կարող էինք իրական հայրենասեր անվանել, մենք շատ փոքր մարդ ենք նրա դիմաց։ Դուք պետք է ձեռքերի վրա տանեիք այդ ՄԱՐԴՈւՆ, ի՞նչ է այդ մի դեպքով էր որոշվելու այս դրության զարգացումը։
Թասիբով մարդը չնայելով իր աշխատանքի կորստին,միևնույնն է թույլ կտար, ու պապիկի ձեռքից բռնած կուղեկցեր հուշահամալիր։ Կարևորը Աստծուն հաճելի լիներ ձեր արարքը։ Ամենավատն այն է, որ ամուսնուս հետ խոսելիս, վստահ էի, որ այդպես էլ արել են, բայց երբ տեսազանգով նա զանգեց, որ իմ աչքով տեսնեմ ու հանգստանա սիրտս, ես շոկ ապրեցի՝ տեսնելով նրա հետ պապիկին՝ ձեռքին արդեն թառամած ծաղիկները։ Այդպես էլ նրան առավոտից չթողեցին։ Միակ միջոցը նրա ցավը մեղմելու համար այն էր, որ արհեստական հուշահամալիրը դարձավ պապիկի հոգու հանգստացման միջոց։ Թող Աստված երկար կյանք տա պապիկին...»,- գրել է Դովլաթյանը:
Kommentare