Հերոսներ կա՛ն

28.08.2020

Մեր երեխաներին կարող ենք ապացուցել, ի ցույց դնել, որ հերոսները լինում են ոչ միայն գրքերում, այլև հենց այստեղ են` մեր կողքին։ Սարդարապատում հուլիսյան հաղթական մարտերի հերոսների պարգևատրման արարողության ժամանակ այսպիսի հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հերոսներ կան, նրանք ապրում են մեզ հետ նույն քաղաքում ու գյուղում։ Նրանք հերոսացել են, և մենք էլ կարող ենք»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` այսօրվա պարգևատրման իրադարձությունը բացառիկ է նրանով, որ պարգևատրվողներից 24-ը ներկա են։ Մյուսները ներկա չեն, քանի որ այս պահին էլ իրականացնում են ՀՀ սահմանները և անվտանգությունը պաշտպանելու` իրենց ծառայությունը։


Փաշինյանն ասաց` այսօր ինքը կապիտան Ռուբեն Սամանյանին պարգևատրում է, իսկ վաղը նա սովորականի նման ծառայությունը կշարունակի իր զորամասում։

Վարչապետի խոսքով` ՀՀ պատմության մեջ առաջին անգամ է, որ 16 զինծառայողներ պարգևատրվում են «Մարտական խաչ» առաջին աստիճանի, 55 զինծառայողներ՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով։


Նշենք, որ արարողությանը ներկա են Արցախի Հանրապետության նախագահը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ազգային ժողովի նախագահը, կառավարության անդամները և այլ պաշտոնյաներ։


Պարգևատրվածների մեջ է կապիտան Ռուբեն Սանամյանը, որը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով՝ արժանանալով Հայաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչմանը:


«Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի արժանացավ նաև ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Յուրի Խաչատուրովի որդին` Գրիգորի Խաչատուրովը։


Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել էր հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր էին արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրքեր:


Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում էր գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan.Online-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ yvnonline@gmail.com

Գլխավոր խմբագիր՝ Աննա Սարգսյան