08.09.2020
Երվանդ Քոչարին չի կարելի սովորական նկարիչ համարել, հանրածանոթ որակումները, մակդիրներն այս դեպքում անիմաստ են
1939 թ. Հայաստանը պատրաստվում էր նշելու ազգային դյուցազնավեպի 1000-ամյա հոբելյանը։ Հարկավոր էր ստեղծել «Սասունցի Դավթի» արձանը։ Սակայն ժամանակը սուղ էր, ո՞վ կիրագործեր այդ դժվարագույն աշխատանքը։ Քաղաքի լավագույն քանդակագործները հրաժարվում էին. ի՞նչ անել... «Ես արդեն ձեռնարկել էի պլաստիլինից մի փոքրիկ արձան»,- գրում է Փարիզից նոր հայրենիք վերադարձած Երվանդ Քոչարը։ Արձանի էսքիզը պատրաստ էր։
–Կարո՞ղ եք, արդյոք, հասցնել,–մտահոգված հարցրել է Գրիգոր Հարությունյանը։
–Այո, եթե միայն իմ պահանջներն առանց ուշացման կատարվեն,–ինքնավստահ պատասխանել է քանդակագործը։
Նրան հարկավոր էին օգնական ու գիպս։ Կայարանի հրապարակում սկսվել են աշխատանքները։ «Ավելի լավ է շտապել, քան ուշանալ»,— ասում էր քանդակագործը։ Շատերը թերահավատորեն են մոտեցել գործին։ Անգամ Գրիգոր Հարությունյանն էր անհանգիստ, ով անընդհատ կայարան է գնացել աշխատանքին հետեւելու համար՝ գուցե, քանդակը ավարտին չհասցնե՞ն։ Տասնութ օր անց հոյակերտ արձանը պատրաստ էր...
Հունիսի 15—ը հայ անվանի գեղանկարիչ, քանդակագործ Երվանդ Քոչարի ծննդյան օրն է։ Նա ծնվել է արվեստի քաղաք Թիֆլիսում։ Հայրը գինեգործ էր։ Փոքրիկ Երվանդին ծնողներն առանձնակի սիրով են վերաբերվել, միեւնույն ժամանակ կարեւորել են որդիների կրթությունը։ Տղան սովորում էր Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, զուգահեռ ուսանում նկարչության ու քանդակի դպրոցում։ Ընդամենը տասնմեկ տարեկան էր, երբ իր «Միայնակ կինը» նկարը հիացրեց շատերին եւ հուշեց ապագա արվեստագետի տաղանդի մասին։ Սա հետագայում ոգեւորելու էր, որպեսզի տասնիննամյա երիտասարդը մեկնի Մոսկվա՝ ուսանելու Կոնչալովսկու արվեստանոցում։ Ուսումնառությունից մեկ տարի անց Երվանդ Քոչարը հայրենի Թիֆլիսում էր։ Մի շարք նկարներ, ցուցահանդեսներ, եւ կարճ ժամանակ անց Երվանդ Քոչարը հասարակության մեջ հեղինակություն էր։ Անվանի նկարչի կողքին՝ մանկավարժ։
Երվանդ Քոչարը սկսեց ճանապարհորդել, որն էլ ձեւավորեց արվեստագետի ճաշակը, մտածելակերպը։ Նա ներշնչվեց Լեոնարդո դա Վինչիի կտավներով, իսկ ահա Փարիզը «արթնացրեց» զգացողություններ։ Խորհրդավոր ու պատմական երկրներում ստեղծվեցին Երվանդ Քոչարի շատ ու շատ արվեստի գործեր, որոնք ցուցադրվում էին ու արժանանում հիացմունքի։ Աշխարհը ճանաչեց Երվանդ Քոչարին, անհայտ ու հեղինակավոր թերթերում հայ նկարչի ու քանդակագործի անունն էր, ով կերպարվեստի նոր մոտեցումների՝ «տարածական գեղանկարչության» վարպետներից դարձավ։ «Արվեստագետը պետք է լինի աղավնու պես միամիտ եւ օձի պես խորագետ՝ զարգացած եւ իմաստուն»,— ասում եւ այսպես էր ստեղծագործում անվանի գեղանկարիչը։
…Խորհրդային Հայաստանում շատ հայ արվեստագետների մեղադրում էին հակահեղափոխական քարոզչության մեջ, որոնցից մեկն էլ Երվանդ Քոչարն էր լինելու։ Փարիզից վերադառնալով Թիֆլիս, ապա՝ Երեւան, Երվանդ Քոչարը ենթարկվելու էր հետապնդումների։ Երբ կայարանում տեղադրվեց Սասունցի Դավթի քանդակը, ժողովրդի հիացմունքի հետ մեկտեղ երեւան եկան անհիմն մեղադրանքները։ Հայտնի քանդակագործի արձանը համարվեց «վտանգավոր»։ 1941 թ. Երվանդ Քոչարին բանտարկեցին՝ «մերկացրած սրով հեծյալը նայում է դեպի «բարեկամ» Թուրքիա…» մեղադրանքով, իսկ հոյակերպ քանդակը ոչնչացրեցին։ «Երբ մարդը կորած է բոլորի համար, նա գտնում է ինքն իրեն... եւ իր Աստծուն»,–ասաց ու երբեք չհուսահատվեց քանդակագործը…
Արվեստագետի համար «սեւ ու մութ» խցում ամենից դժվարը չստեղծագործելն էր։ Անգամ այդ բանտային պայմաններում Երվանդ Քոչարը նկարում է երիտասարդ Մովսես Մովսիսյանի դիմանկարը, ով ձերբակալված էր դաշնակցական լինելու մեղադրանքով։ Նա ռետինե կրկնակոշիկներն այրել էր, խառնել շաքարաջրի հետ եւ ստացել ներկանյութը։ Բանտարկյալներն իրենց հերթին մի կատու են գտել, որի պոչի մազերից նկարիչը վրձին է պատրաստել։ Սպիտակ սաթինը, որի մեջ փաթաթված հաց են բերել բանտընկերոջ համար, ծառայել է որպես կտավ… «Ո՞վ է մեզ մղում ծնվելու, ո՞վ է մեզ մղում ապրելու եւ ո՞վ է մեզ մղում մեկնելու այստեղից։ Ոչ ոք իմացել է, ոչ ոք գիտե եւ ոչ ոք կգիտենա, քանզի այդ խորհուրդը հաղորդվում է միայն հենց մահվան պահին...»,— մահվան սարսուռը քանդակագործը զգացել է բանտում անցկացրած երկու դժվարին տարիների ընթացքում։ Անգամ ազատագրվելուց հետո էլ արվեստագետը ազատ քայլելիս անընդհատ հետ է շրջվել՝ գուցե իր թիկունքում բանտապահնե՞րն են...
Հայրենիք վերադառնալուց միայն երեսուն տարի անց վերջապես տեղի է ունենում Երվանդ Քոչարի առաջին ցուցադրությունը։ Ազատ, անկաշկանդ գույներ, որոնք պետք է արտացոլեին դարաշրջանի տագնապները։ Նրա ստեղծագործությունները կրում էին սիմվոլիզմի եւ էսթետիզմի գեղագիտությունը։ Նրա գեղանկարներում կյանքի փիլիսոփայությունն է։ «Պատերազմի արհավիրքը» գեղանկարը խտացումն է իր մտատանջությունների, ապրումների ու վախերի։ Մարդը կանգնած է մահվան շեմին։ Նրանց մարմինները գալարվում են լարվածությունից, ցավից ու անորոշությունից, իսկ ձիերը պատերազմի «ահազանգն» են, որոնք սպառնում են մարդկանց կործանել։ Սա Երվանդ Քոչարի բողոքն էր պատերազմի դեմ։ Նա իր արվեստով խաղաղության էր ձգտում, միեւնույն ժամանակ ցույց տալիս դարի չարիքները։ «Եթե ես չլինեի Մինասը, կցանկանայի լինել միայն Երվանդ Քոչարը»,–Մինաս Ավետիսյանի պես Երվանդ Քոչարով հպարտանում էր մի ողջ ժողովուրդ։
…Տարիներ անց «Սասունցի Դավիթ» արձանը «վերածնվում» է։ 1959 թ. դեկտեմբերի 3—ին սպիտակ ծածկոցը հանդիսավոր իջել է հայ ժողովրդի հավաքական կերպար «Սասունցի Դավթի» վրայից։ Ժողովուրդը հիացմունքից սկսել է անդադար ծափահարել ու գովեստի բացականչություններ շռայլել։ «Անպատմելի է, թե ինչ տեղի ունեցավ. մարդիկ անվերջ ու անդադար գրկախառնվում էին Քոչարի հետ, համբուրում ձեռքերն ու ճակատը, ծնկի գալիս»,— Գրիգոր Հասրաթյանի հուշերն են։ Հերոսական, անպարտ, հաղթական Սասունցի Դավիթը, ում սուրը շողշողում է օդում, իսկ փոքր պատվանդանը մեր բռնագաղթված հայրենիքի խորհրդանիշն էր լինելու։ «Ես կարող էի վիթխարի ժայռաբեկորներ բերել ու պատվանդան դարձնել մեր Դավթի համար՝ քարաշատ Հայաստանում քար չէր պակասի... Բայց հրեղեն ձիու ոտքերը պատվանդանից դուրս են մնացել... Ես ցանկանում եմ ասել, որ փոքր է Հայաստանը, եւ մեր ժողովրդի մի կարեւոր հատված դրսում է»,— նշել է Երվանդ Քոչարը։
Ինչպես «Սասունցի Դավիթ» քանդակում է ազատատենչ հայի ոգին, այնպես էլ Վարդան Մամիկոնյանի արձանում։ «Իմ Վարդանը ձիու վրա նստած, թուրը բարձրացրած, արշավում է, բայց չի պաշտպանվում։ Նրան պետք չէ վահան»,–սա գաղափարի պայքար էր՝ հնարավոր չէ «սպանել» հայի անխոցելի ոգին։ Նա աննկուն է, ինչպես ազատության ու հպարտության խորհրդանիշ «Զվարթնոցի արծիվ» ուղենիշ կոթողը։ Այս յուրատիպ քանդակները շարժման մեջ են, «շնչող», «մտքով ու սրտով», որոնք հուզում են դիտողին։ «Ո՛չ, ո՛չ եւ հազար անգամ ոչ, Երվանդ Քոչարին չի կարելի սովորական նկարիչ համարել, հանրածանոթ որակումները, մակդիրներն այս դեպքում անիմաստ են։ Ինչպես բնութագրել նրան՝ հզո՞ր, թե՞ հանճարեղ. այս երկու տատանումների մեջ կարելի է տատանվել»,–ֆրանսիացի արվեստի պատմաբանը հակվեց հանճարի կողմը, թեեւ քանդակներին նայելիս ակամայից մրմնջում ես՝ հզո՜ր...
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ