top of page

Հիմարների համար ստեղծված՝ «Արցախը հանձնելով Հայաստանը փրկենք» ալիբին վերջնականապես հօդս է ցնդել

08.09.2023



Հայաստանյան ընթերցողին ներկայում առավել հետաքրքրող թեմաներից մեկը Բաքվի տարածքային, գումարային եւ այլ պահանջներն են Հայաստանին։ Ավելի վաղ այդ թեմայով հրապարակումները համարվում էին իրականությունից կտրված, ծայրահեղ եւ այլն։ Ընդ որում, այդ գնահատականները հնչում էին քաղաքական լրահոսին կանոնավոր հետեւող, ուսյալ շրջանակներից։ «Ինչպե՞ս կարող է նման բան լինել»՝ սա էր միակ «փաստարկը», որը հիմնավորվում էր նրանով, թե հիմա 21-րդ դարն է, ով նման բան թույլ կտա, եւ այլն։


Ռուս մշակութաբան եւ հետազոտող Բորիս Պաստուխովն այսպես է նկարագրում ռուսական հասարակության ներկայիս վիճակը․ «Հոգեբանական օրենք կա՝ մարդը չի կարող ապրել այն գիտակցությամբ, որ ինքը կեղտ է, ուստի պետք է ռացիոնալացնի չարը։ Մարդը պետք է ռացիոնալացնի չարը, որպեսզի ինքն իրեն բացատրի, որ ինքը դողացող արարած չէ։ Դրանով ենթագիտակցական մակարդակում կարողանում է արգելափակել բոլոր տեղեկությունները, որոնք ոչնչացնում են իր ալիբին:


Այսօր մեր երկրում մարդիկ կան, կոփված ցինիկներ, ովքեր ամեն ինչ հասկանում են, բայց այս պատերազմում կարիերա են անում, փող են աշխատում։ Իսկ մյուսները մարդիկ են, ովքեր պարզապես ուզում են ապրել։ Նրանք ընդհանրապես թքած ունեն այս ամենի վրա։ Բայց ապրելու համար նրանք պետք է ինչ-որ կերպ տեղավորվեն իրականության մեջ։ Եվ նրանք շատ զգույշ տեղավորվում են՝ արգելափակելով բացասական տեղեկատվությունը, որը թույլ չի տալիս իրենց արժանի, նորմալ մարդ զգալ, ապրել անվտանգ… Այսինքն, այդ իսկ պատճառով մարդն ի սկզբանե նման քարտ-բլանշ է տալիս այն ամենին, ինչ գալիս է պետությունից։ Նա փակում է այլընտրանքային տեղեկատվությունը։ Ինչու՞ է այդպես անում: Նա երբեք ինքն իրեն չի ասի ճշմարտությունը։ Այո, նա թույլ չի տա, որովհետև նա բնածին վախ ունի։ Նա գիտի, որ դա վտանգավոր է: Նա գիտի, որ այդ տեղեկությունը կկործանի իր անդորրը»։


Սպառիչ բնորոշում, որը լիովին կիրառելի է հայ հանրության գերակշիռ մասի պարագային։ Սակայն դա կարող է տեւել մինչեւ այն պահը, երբ արդեն հնարավոր չէ աչք փակել իրականության վրա եւ շարունակել ապրել ու ապագա պլանավորել սեփական «տեղեկատվական պղպջակի մեջ»։


Խնդիրն այն է, թե ինչ է հետեւելու իրականությանն առերեսվելուն եւ տարիներ շարունակ նիկոլ-ռոբասերժ նեյրոլինգվիստիկ շուրջօրյա քարոզչական աղբը թոթափելուն։ Մեկ ա՞յլ փախուստ իրականությունից, թե գործելու վճռականություն։


32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page