top of page

Հիշում ենք լեգենդար Շարա Տալյանին և լսում նրա կատարումները՝ խորն ու աննման

13 июн. 2023 г.
3 мин. чтения

13.06.2023

«Շարա Տալյանը հայ երգի կոմիտասյան երգեցողության ոճի լավագույն հետեւորդներից է: Նրա երգեցողության ոճն ունի միայն իրեն հատուկ ու եզակի երանգը: Նա կարեւորում էր երկար տեւողությամբ հնչյունների վրա ձայնի սահումներն ու տատանումները, ավելորդ էր համարում գեղգեղանքներն ու կլկլոցները: Նա պնդում էր, որ հայ երգը կատարելիս պետք է փոխել մտածելակերպն ու հոգեբանությունը՝ ելակետ ունենալով ոչ թե ռոմանսը կամ բայաթին, այլ հայ երգի երանգներն ու ոլորտները»:


Աշոտ ՍԱԹՅԱՆ, կոմպոզիտոր



Նրա երգերն այսօր էլ լսելիս ակամայից զուգահեռներ ես անցկացնում նոր ժամանակների ինքնակոչ ու ինքնահավան բազմաթիվ հայտնիների հետ եւ… խղճում վերջիններիս: Լավ, սրանք երբեւէ չե՞ն լսել Տալյանին, Վաղարշակ Սահակյանին, Օֆելյա Համբարձումյանին, Ռուբեն Մաթեւոսյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին, Նորայր Մնացականյանին, մեր մյուս ժողովրդական երգիչներին: Եվ չես հասկանում, թե ինչպես են հռչակվել «աստղեր»…

Ինչեւէ, գանք սիրված երգչին. ծնվել է Թիֆլիսում, հայտնի Տալյանների ընտանիքում: Նրա աշուղ հոր՝ Ջամալիի պապը նշանավոր աշուղ Քամալին էր, հոր մոտ ազգականներից էր նաեւ աշուղ Շերամը՝ Գրիգոր Տալյանը: Ասել է թե՝ մանկուց էր հայտնվել աշուղական երգարվեստի միջավայրում, հաճախակի ներկա եղել աշուղական մրցումներին եւ ակամայից սիրով համակվել երաժշտության հանդեպ: Այդ սերն ավելի էր խորանալու Ներսիսյան դպրոցում՝ աշակերտելով կոմպոզիտորներ Գրիգոր Սյունիին եւ Կոմիտասի աշակերտ Սպիրիդոն Մելիքյանին: Հենց այդ տարիներից էլ սկսելու էր երգել դպրոցի երգչախմբում որպես մենակատար:

Դեռ չէր ավարտել դպրոցը, երբ 1912-ին Թիֆլիսում մասնակցում է Տիգրան Չուխաճյանի «ԼեբլեբիջիՀոր-հոր աղա» կոմիկական օպերայի բեմադրությանը՝ ճանաչվելով Հոր-հոր աղայի դերերգով: Նույն տարում կայանում է Արմեն Տիգրանյանի թումանյանական «Անուշի» պրեմիերան՝ Ալեքսանդրապոլում: Սարոյի դերում՝ Շարա Տալյան: Այս կերպավորումով մեր ազգային հիշողության մեջ երգիչը մնալու էր որպես Սարոյի դերի չգերազանցված կատարող:


1913-1916 թթ., որպես երգեցողության ուսուցիչ եւ խմբավար, Շարա Տալյանն աշխատում է Հյուսիսային Կովկասի Սուրբ Խաչ քաղաքում, հայ մանուկներին ուսուցանում երգ ու երաժշտություն, կազմակերպում քառաձայն երգչախումբ, դասավանդում ու տարածում Կարա-Մուրզայի, Մակար Եկմալյանի, Կոմիտասի երգերը: Երգիչը, սակայն, համոզված էր, որ բարձունքների հասնելու համար անհրաժեշտ է կատարելագործել սեփական արվեստը, ուսումնասիրել համաշխարհային երգարվեստի նվաճումները: Այդ նպատակով 1916-1917 թթ. սովորում է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայում, զուգահեռաբար տեղի հայկական եկեղեցում հանդես գալիս որպես երգչախմբի մենակատար:


Դեռ չէր ավարտել դպրոցը, երբ 1912-ին Թիֆլիսում մասնակցում է Տիգրան Չուխաճյանի «ԼեբլեբիջիՀոր-հոր աղա» կոմիկական օպերայի բեմադրությանը՝ ճանաչվելով Հոր-հոր աղայի դերերգով: Նույն տարում կայանում է Արմեն Տիգրանյանի թումանյանական «Անուշի» պրեմիերան՝ Ալեքսանդրապոլում: Սարոյի դերում՝ Շարա Տալյան: Այս կերպավորումով մեր ազգային հիշողության մեջ երգիչը մնալու էր որպես Սարոյի դերի չգերազանցված կատարող:


1913-1916 թթ., որպես երգեցողության ուսուցիչ եւ խմբավար, Շարա Տալյանն աշխատում է Հյուսիսային Կովկասի Սուրբ Խաչ քաղաքում, հայ մանուկներին ուսուցանում երգ ու երաժշտություն, կազմակերպում քառաձայն երգչախումբ, դասավանդում ու տարածում Կարա-Մուրզայի, Մակար Եկմալյանի, Կոմիտասի երգերը: Երգիչը, սակայն, համոզված էր, որ բարձունքների հասնելու համար անհրաժեշտ է կատարելագործել սեփական արվեստը, ուսումնասիրել համաշխարհային երգարվեստի նվաճումները: Այդ նպատակով 1916-1917 թթ. սովորում է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայում, զուգահեռաբար տեղի հայկական եկեղեցում հանդես գալիս որպես երգչախմբի մենակատար:

1923 թվական. կարեւոր իրադարձություն Գյումրիում. կազմակերպում եւ ղեկավարում է քաղաքի օպերա-օպերետային խումբը, որի կազմում էին Հայկանուշ Դանիելյանը, Լեւոն Իսեցկի-Հովհաննիսյանը, Հայկ Դանզասը, Ալեքսանդր Մելիք-Փաշայանը, այլք, որոնց հետ բեմադրում է Շառլ Գունոյի «Ֆաուստ», Անտոն Ռուբենշտեյնի «Դեւը», Պյոտր Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերաները, Իմրե Կալմանի «Սիլվա» եւ այլ օպերետներ:


Երգչին, ի վերջո, կանչելու էր մայրաքաղաքը. 1927-ին հաստատվելով Երեւանում՝ անցնում է գործի ստեղծում է «Հայ աշուղներ» ազգագրական խումբը՝ ամենուր տարածելով մեր տաղերգուների եւ գուսանների երգերն ու տաղերը: Շուրջ 10 տարի անց կազմակերպում է գուսանական երգերի անսամբլը, որում, որպես մեներգիչ, հանդես է գալիս նաեւ Վաղարշակ Սահակյանը՝ «Սայաթ-Նովա» գուսանականի ապագա գեղարվեստական ղեկավարը: Շարա Տալյանը մեծ ջանադրությամբ ունկնդրին է ներկայացնում Բաղդասար Դպիրի, Նաղաշ Հովնաթանի, Գյուրջի-Նավեի, Միսկին-Բուրջիի, Սայաթ-Նովայի, Ջամալու, Շիրինի, Ջիվանու, Շերամի երգերը:

Հայ ժողովրդի երաժշտական կյանքում 1933 թ. նշանավորվելու էր ազգային օպերային թատրոնի հիմնադրումով: Դրա կազմակերպիչներից ու անդամներից մեկն էլ Շարա Տալյանն էր: Մոտ 20 տարի ստեղծագործելով ազգային թատրոնում՝ նա ստեղծում է 30-ից ավելի դերերգեր՝ Սարո, Արշակ 2-րդ, Դավիթ Բեկ, այլ կերպարներ: Որքան էլ արժեքավոր ու բազմաբեղուն էր նրա գործունեությունն այս բնագավառում, այնուամենայնիվ, նրա ստեղծագործության գագաթնակետն ու տարերքը հայ աշուղական երգն էր: Նա «Հայ երգի երեկո» խորագրով բազմաթիվ համերգներ է ունեցել հայրենի տարբեր քաղաքներում ու շեներում, արտասահմանում: Մուշեղ Աղայանի հետ գրի է առել, կազմել ու խմբագրել Սայաթ-Նովայի, հավաքել ու կազմել Ջիվանու երգերի առաջին նոտային ժողովածուները: Ավելին՝ Ջիվանին ունեցել է ունկնդրին անհայտ ու մոռացված երգեր: Շարա Տալյանին ենք պարտական «Սպիտակ մազեր», «Պանդուխտի երգը», «Առ նազելին», «Խեղճ մարդը», «Ինչ կամենաս ընկերիդ», «Հոգսերով լի» երգերի համար, որոնք սիրված երգիչն է դուրս բերել մոռացության անթափանց քողի տակից:


ԽՍՀՄ Պետական մրցանակի արժանացած ժողովրդական երգիչը վերջին անգամ ելույթ է ունեցել 1956-ին՝ Մոսկվայի Մեծ թատրոնում՝ հայկական արվեստի եւ գրականության երկրորդ տասնօրյակի եզրափակիչ համերգում: 1965-ին լռում է երգչի սիրտը, բայց նրա երգը, հայրենի աղբյուրների նման, շարունակում է իր կարկաչը հայ հոգու երկինքներում…


Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

bottom of page