top of page

Հմայքի ասպետ Ավետ Ավետիսյանը


Առաջին դերը Ոսկանն էր՝ Ա. Շիրվանզադեի «Չար ոգի» պիեսում։ Հետո իր զարգացած մտավորականի կատարելատիպով եւ հզոր տաղանդով հաջորդաբար կերտեց մոնումենտալ անկրկնելի կերպարներ, որոնք նրան բերեցին փառք ու ճանաչում։ Խաղաց բազմաթիվ ներկայացումներում՝ Դ.Դեմիրճյանի «Քաջ Նազար» (Սաքո), Գ.Սունդուկյանի «Խաթաբալա» (Զամբախով), «Քանդած օջախ» (Փարսիղ), «Էլի մեկ զոհ» (Սարգիս), Պ.Պռոշյանի «Հացի խնդիր» (Միկիտան Սաքո), Մ.Լերմոնտովի «Դիմակահանդես» (Շպրիխ), Վ.Շեքսպիրի «Օթելլո» (Յագո), Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» (Սաղաթել), «Քաոս» (Մարութխանյան) եւ այլն։ Նկարահանվեց «Նամուս», «Գիքոր», «Պեպո», «Զանգեզուր», «Դավիթ Բեկ», «Պատվի համար», «Սայաթ—Նովա», «Մորգանի խնամին», եւ մի շարք այլ հայկական ֆիլմերում։

Դերասան, որ միշտ խաղաց բացասական դերեր, բայց մնաց ժողովրդի սիրելին։ «Անհավատալի բան։ Բացասական դեր խաղացող դերասանին երկրորդ օրը փողոցում տեսնելիս մարդիկ այլակերպվում էին, Ավետ Ավետիսյանը սիրվեց։ Խաղալ Բազազ Արտեմ եւ սիրվե՞լ, խաղալ Զիմզիմով եւ ժողովուրդը պաշտի՞ նրան։ Սա բացառիկներին տրված երկնային մի պարգեւ է, որ ընդամենը Ավետ Ավետիսյան անուն ազգանվան մեջ ամփոփվեց։ Ավետ Մարկիչ, ինչպես մենք սիրում էինք մեծարել մեր մեծ դերասանին։ Բացառիկ մի անուն՝ հայ դարավոր թատրոնի պատմության փառահեղ էջերում։ Անուն, որ կարող ես հանգիստ դնել հայ թատրոնի ամենաերեւելիների շարքում՝ Աբելյանի, Փափազյանի, Զարիֆյանի, Ներսիսյանի...»,–«ՀՀ»—ի հետ զրույցում նշում է դերասան, արվեստաբան Սերգեյ Առաքելյանը, որին բախտ է վիճակվել ճանաչել նրան։ Ավետ Ավետիսյան, գյուտ հայկական բեմի եւ հայկական կինոյի համար, նկատում է արվեստաբանը։ Իր խոսքով՝ բացառիկներից մեկը, ում մասին խոսելիս անջրպետ չես կարող դնել։ Դժվարանում է ասել՝ բեմի՞, թե՞ կինոյի դերասան էր, «որովհետեւ ամեն տեղ նույն բացառիկ մակարդակն էր։ Մի «գիծ», որից կարծեմ թե Սունդուկյանի անվան թատրոնում չեմ հիշում, որ ավելի բարձր կանգնած լինեին։ Կան չէ՞ հռչակված զրնգուն անուններ՝ Հրաչյա Ներսիսյան, Փափազյան... Բայց ինձ համար նախ եւ առաջ Ավետ Ավետիսյան։ Ինչո՞ւ, որովհետեւ թատրոնական լեզվով ասած՝ հմայքի ծով էր»։


Առաքելյանն ասում է՝ երջանիկ է եղել՝ ունենալով նրա հետ անգամ ընտանեկան շփումներ։ Բազմաթիվ անգամներ իր հարկի տակ լսել է Զիմզիմովի, Զամբախովի մենախոսությունները, նրա հումորը, կատակները։ Զարմանում է՝ հիշելով նրա մարդկային տեսակը՝ լինել այդքան մեծ, այդքան իմաստնացած, իմաստուն մարդ եւ այդքան միամիտ։ Ասում է՝ երեխայի պես կարող էր խաբվել, որովհետեւ մաքուր էր իր արվեստի պես, պղծված չէր։ Բեմը եւ այդ շռայլ ծափահարությունները չեն շեղել դերասանին։ Նա փողոցում քայլել է, որպես սովորական մարդ, եւ հենց դրանով նա սիրվեց։ Առաքելյանը հիշեց այն տարիները, երբ ինքը «Ագիտ բրիգադա» դերասանական խմբի ղեկավարն էր, արվեստագետների մի խումբ, որ սպասարկում էր գյուղեր, քաղաքներ, շրջաններ, մարզեր. «Եվ մենք սարերն էինք բարձրանում, եւ այդ մարդը չէր զլանում, գալիս էր առանց վարձատրության, անհավատալի բան։ «Ագիտ բիրգադայում» էլի մեծեր կային՝ Բաբկեն Ներսիսյանը, Մետաքսյա Սիմոնյանը, Օֆելյա Համբարձումյանը, Ռուբեն Մաթեւոսյանը, մի խոսքով՝ սերուցքը մեր, ամբողջ Մերանգուլյան անսամբլն իր ողջ կազմով, բայց եթե չկար Ավետ Ավետիսյանը, պակասը զգում էինք։ Հետաքրքիր մի դեպք։ Արամուս գյուղում այդ խմբի համերգն էր։ Ինչ—որ աղմուկ, խլրտուն սկսվեց։ Պարզվում է ի՞նչ՝ երկու հոգի վիճում են՝ Ավետ Ավետիսյանը եկե՞լ է, թե՞ ոչ։ Մեկն ասում է՝ «Այ տղա եկել է, ես տեսա», մյուսը, թե՝ «Գժվե՞լ ես ինչ է, Զիմզիմովը լայաղ կանի գա մեր գյուղ, էդ ինչ ես ասում»։ Թաթուլ Դիլաքյանը, որ վարում էր համերգը, ասաց՝ «Ի՞նչ է եղել»։ Ժողովուրդը դահլիճից. «Բա ինչ է, մեզ խաբում եք՝ աֆիշին գրում եք Ավետ Ավետիսյան, Ավետը չի գալիս»։ «Ո՞նց չի գալիս, Ավետ Մարկիչ, բեմ եկեÕք»,—հրավիրեց Դիլաքյանը։ Ավետ Մարկիչը բեմ եկավ հանդա՜րտ, աջ ձեռքը գրպանը դրած. «Բարեւ, ժողովուրդ»։ Դահլիճում ապշեցին. «Հա՜ էլի, կենդանի Զիմզիմովն ա»։ Առասպել է ընկալվել դերասանը, մարդիկ չեն պատկերացրել, որ Ավետ Ավետիսյանը կթողնի մայրաքաղաքը, ակադեմիական թատրոնը, կգա ինչ—որ մի հեռավոր գյուղում համերգի։ Առաքելյանն ասում է՝ այ սա էր դերասանի մեծությունը, եթե նրան տանեիր մեծ թատրոն եւ բերեիր ամենահեռավոր գյուղի բեմ, նա կմնար նույն Ավետ Ավետիսյանը, որովհետեւ նրա համար ոչ թե բեմը, այլ հանդիսատեսն էր կարեւոր։


Հիշում է, նկարահանումների ժամանակ դաշտում, խոտերի մեջ կեսը պառկած սպասում են իրենց մուտքին, Ավետ Մարկիչը կարդում է Պեպոյի մենախոսությունը։ «Հիշում եմ մարդկանց աչքիս առաջ՝ չոբանները փայտերին հենված սպասում էին, լսում էին, չէին հավատում, որ նա է։ Մեծ մարդ։ Հրաշալի ընտանիք ուներ, կինը ժողովրդական արտիստուհի Սիրան Ալավերդյանն էր։ Հիմնականում սունդուկյանական կերպարներում խաղում էին միասին, որովհետեւ նրանք «լողում էին» սունդուկյանական լեզվի մեջ, կարծես Թիֆլիսն էր փռվում ձեր առաջ։ Չգիտեմ դա ինձ համար ի՞նչ էր՝ երջանկություն, գուցե ճակատագի՞ր, որ ես կարողացա այդ հսկայի հետ հավասար իրավունքով սեղան նստել։ Ես շատ երախտապարտ եմ Ավետ Մարկիչին, թեկուզ այն բանի համար, որ նվաստիս իրավունք էր տալիս այդ տարբերությունը չզգալ՝ գիգանտի եւ սովորական մահկանացուի։ Սա հազվադեպ մարդկանց տրված հոգու շռայլություն է։ Մեծերը սիրում են չէ՞ մեծերի հետ նստել, կանգնել, իսկ նա՝ ընդհակառակը»,—շեշտեց արվեստաբանը։ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը հիշում է՝ մինչեւ դեկտեմբեր ամսվա վերջ կարճ վերնաշապիկ էր հագնում, կանգնում էր Սունդուկյան թատրոնի դռան շեմին։ «Մի անգամ, երբ տղերքով գալիս են, որ պիտի մտնեն թատրոն, Ավետ Ավետիսյանը, որի զոքանչի թաղումն էր նախորդ օրը, հետաքրքրվում է, թե ինչու չէին եկել թաղմանը։ Նրանք մեղա գալով ասում են, թե գնացել էին դուբլյաժի, փող աշխատելու։ Ինքը թե՝ «Հա, լավ եք արել, բայց դե պիտի գայիք։ Գայիք, տեսնեիք ինչ մի դագաղ էի առել, մի դագա՜ղ, բոլորի աչքը վրան մնաց»,—ծիծաղով հիշում է Ղազանչյանը։ Իրական կյանքում, ասում է, իր կերպարներին նման չէր բացարձակ։ Բարության ու միամտության մարմնացում. «Զարմանալի երեւույթ էր։ Նախ ինչի՞ էին էդ դերերը տալիս նրան, չեմ հասկանում։ Ոչ մի կապ չուներ Զամբախովի, Զիմզիմովի հետ։ Բայց շշմելու էր կերտում»։


Ավետիսյանը խնջույքներ շատ է սիրել, ընկերներին անգամ ուրիշների խնջույքներին էլ է հրավիրել։ «Մեզ էլ հետը տանում էր։ Ասում էր բոլորին՝ կգաք։ Որ կամուկաց էինք անում, թե՝ մենք հրավիրված չենք, ասում էր՝ ես եմ ձեզ հրավիրում, ուրիշի խնջույքին էլ էր ինքը հրավիրում։ Տարվա մեջ չորս օր իրենց տանը հրաշալի հավաք էր՝ իր ծննդյան օրը, տիկին Սիրանինը, Լեւոնինն ու Սուրիկինը։ Այդ օրերին ամբողջ թատրոնը իրենց տանը լցված էր։ Բոլորին ասում էր՝ խմե՛ք, լցրե՛ք, կերե՛ք։ Հզոր երեւույթ էր, ամենակարող»,—շեշտեց Ղազանչյանը՝ ընդգծելով՝ այս դերասաններից յուրաքանչյուրին, եթե առանձին վերցնես, մի ազգի թատրոն են։

«Ֆիլմ» թերթի երկարամյա խմբագիր Ռուբեն Մաթոսյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ երբ 1970 թվականին Արման Մանարյանը նկարում էր «Մորգանի խնամին» հեռուստատեսային ֆիլմը, ինքը Ավետ Մարկիչին խնդրեց խոսք ասել Մինթոեւի՝ իր կերպարի մասին։ «Զանգահարեց կանչեց հրապարակ, ասելով՝ «Արդեն գրել եմ, եկեք վերցրեք»։ Այն ժամանակ ձեռագիր էին տալիս։ Եկա, նկարահանումից առաջ մի տասը րոպե խոսեցինք այն մասին, թե ինչպես է պատկերացնում իր դերը։ Մի ապշելու բան ասաց. «Բոլոր դերերն էլ ինձ համար հոգեհարազատ են», բայց առանձնացրեց Արտաշես Հայարտյանի «Պատվի համար» ֆիլմում իր խաղացած դերը եւ «Պեպոյի» դերը։ Հաճելի, հումորով զրուցակից էր, բայց թվում էր նաեւ կաշկանդված, իրեն վերեւից նայող մարդ չէր, շատ մարդկային էր անմիջական, խելոք։ Որքան բացասական էին դերերը, ինքը նույնքան՝ մարդկային առումով բարի եւ հետաքրքիր»,–ասաց Մաթոսյանը։

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

«ՀԱՅԱՍՏՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»

Comments


32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page