Հնդկական զենք հայկական բանակին

23.07.2022

Հայկական բանակի զինանոցը համալրելու համար նոր աղբյուրների որոնումների արդյունքում կարող է նոր և խոշոր գործընկեր հայտնվել՝ Հնդկաստանը։ Այդ երկրի որոշ ԶԼՄ-ներ ավելի վաղ հայտնել էին ՀՀ ՊՆ պատվիրակության հունիսյան այցի մասին Նյու Դելի՝ պաշտպանական մատակարարումները քննարկելու նպատակով:


Թե կոնկրետ ինչ է ուզում ստանալ հայկական կողմը, հասկանալի պատճառներով չի գովազդվում, բայց փաստն ինքնին բավականին ուշագրավ է։ Հնդկաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության փորձ, թեկուզև ոչ մեծ, Հայաստանն արդեն ունի․2020 թվականին հանրապետությունը մի քանի միավոր Swathi հակամարտկոցային ռադար է գնել։


Ռազմական փորձագետ, ՀՀ պաշտպանության նախարարության նախկին պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը կարծում է, որ հայ-հնդկական պաշտպանական համագործակցությունն իսկապես լավ հեռանկարներ ունի: Ավելին, մի շարք գործոնների պատճառով Հնդկաստանի օգտին ընտրությունը կարող է ամենառացիոնալ որոշումը դառնալ ներկա իրավիճակում։


«Իհարկե, հայկական պատվիրակության այցի մասին այս արտահոսքը մամուլ այնքան էլ օգտակար ու հաճելի չէ։ Հաշվի առնելով առանձնահատկությունները, այդպիսի բանակցությունները լռություն են սիրում, գոնե մի որոշ ժամանակ։ Ինչ վերաբերում է առհասարակ փաստին, ապա դա բավականին դրական իրադարձություն է։ Ես կարծում եմ, որ ռազմական համագործակցության հնդկական վեկտորը մեզ համար լավագույններից մեկն է», - Sputnik Արմենիային տված մեկնաբանության մեջ նշեց Հովհաննիսյանը։


Նա հիշեցրեց, որ ավանդաբար Հնդկաստանը եղել և մնում է ռուսական զենքի խոշորագույն գնորդներից մեկը: Այս տարիների ընթացքում Նյու Դելին Մոսկվայից սպառազինությունների ամենալայն անվանացանկ է ստացել՝ սկսած ավիակրից և վերջացրած համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով ու հակաօդային պաշտպանության միջոցներով: Ռուսական զենքը, ինչպես հայտնի է, հայկական զինանոցի կորիզն է։ Այլ կերպ ասած՝ Հնդկաստանը կարող է Հայաստանին տալ այն, ինչ արդեն ծանոթ է, և լրացուցիչ ադապտացիա և վերապատրաստում չի պահանջվի։


«Սպառազինության այն տեսակները, որոնք Հայաստանը վերջին տարիներին ձեռք է բերել ՌԴ-ից (իսկ դրանք նույն Սու-30 կործանիչներն են, «Տոր» զենիթային համալիրները, «Սմերչ» ռեակտիվ համակարգերն ու շատ այլ միջոցներ), Հնդկաստանն ունի առատորեն։ Օրինակ` այնտեղ մոտ 250 միավոր Սու-30 կա, և դա տպավորիչ թիվ է, որը Հնդկաստանին դարձնում է այդ մեքենաների խոշորագույն օպերատորն աշխարհում: Եվ Նյու Դելիին ոչինչ չի խանգարում վաճառել կամ լիզինգով հանձնել 6-8 «ՍՈւ»-եր, որոնք մեր չորս նույնատիպ ինքնաթիռների հետ միասին թույլ կտային լիարժեք էսկադրիլիա ձևավորել», - ասում է ռազմական փորձագետը։


Զուգահեռաբար Նյու Դելին ակտիվորեն համագործակցում է արևմտյան երկրների, առաջին հերթին` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ: Տեղական արտադրության հնդկական շատ սպառազինություններ ստեղծվել են արևմտյան պլատֆորմներում։ Հենց այդ պատճառով էլ այդ երկրի զինանոցը բավականին հետաքրքիր սիմբիոզ է, և Հայաստանի համար այդ հնարավորությունը բաց թողնելը, մեր զրուցակցի կարծիքով, թեթևամտություն կլիներ։


Հովհաննիսյանն ինքը նախկինում մի քանի հոդված է գրել, որտեղ մանրամասն վերլուծել է պաշտպանության ոլորտում հայ-հնդկական պոտենցիալ փոխգործակցության հնարավորություններն ու ուղղությունները, նկարագրել է հնդկական ռազմարդյունաբերական համալիրի վիճակը և այլ խոշոր ռազմական տերությունների հետ կոոպերացիայի գործընթացը, պատմել լեռնահրաձգային ստորաբաժանումների ստեղծման հնդկական փորձի մասին(այդ ստորաբաժանումները կարող են մարտական գործողություններ վարել բարձրլեռնային տեղանքում): Վերջինը հատկապես արդիական է Հայաստանի համար, որի պաշտպանական սահմանների մեծ մասը բնութագրվում են հենց չափազանց բարդ ռելիեֆով։


Ընդհանուր առմամբ, նրա կարծիքով, Հնդկաստանի հետ հնարավոր բանակցությունների հաջողությունը մեծապես կախված կլինի հայկական դիվանագիտության քաղաքական կամքից և արդյունավետությունից:


Աշոտ Սաֆարյան

Սպուտնիկ Արմենիա