05.05.2024

Համաշխարհային համատեսքում տարբեր աշխարհակարգերի սահմաններում գտնվող հայ ժողովուրդն այլ ելք չի ունեցել, քան վարել այնպիսի քաղաքականություն, որտեղ հնարավորինս բարիդրացիական հարաբերություններ կառուցվեն, թե՛ Արևելքի, թե՛ Արևմուտքի հետ:
Սակայն ազգային յուրօրինակությունն ու ինքնատիպությունը պահպանելու և հունահռոմեական ու պարսկական ազդեցություններից ձերբազատվելու համար Մեծ Հայքի թագավորությունը որդեգրեց քրիստոնեական ուղին, որի պետական մակարդակով ընդունումն ուներ ոչ միայն քաղաքական կարևորություն, այլև ազգային-հոգևոր վերազարթոնի նշանակություն, քանի որ հայ ժողովուրդը վերադարձավ միաստվածության ակունքներին: Վերջին ժամանակներում տարբեր անձանց կողմից, մանավանդ համացանցում, չարությամբ և ատելությամբ հնչում են քննադատություններ քրիստոնեական հավատքի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վերաբերյալ, թե եկեղեցին հանուն հայրենիքի չի ուսուցանել, նվիրվել և հարկ եղած ժամանակ կյանքը զոհաբերել:
Ինչքան էլ մարդիկ փորձեն ներքին կամ արտաքին ինչ-ինչ դրդապատճառներով նման անհարկի դիրոքորոշումներ ցուցաբերել, իրականությունն այն է, որ հայի ինքնության և հայապահպանության մեջ մեծ դերակատարություն է ունեցել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին:
Ուշագրավ է, որ օտարազգի Եվսեբիոս Կեսարացին վկայում է, որ Հայաստանը տակավին քրիստոնեություն ընդունելուց շատ չանցած հանուն հավատքի ու հայրենիքի պատերազմել է Հռոմեական զորքերի դեմ և պարտության մատնել Մաքսիմինոս Դայա կայսեր (305-313թ.-ին) զորաբանակին` պաշտպանելով հայրենիքը և հավատքը: Քրիստոնեությունը մշտապես կոչ է արել միաբանության: Հանրային հարաբերություններում միմյանց հանդեպ սիրով, ազնվությամբ, արդարությամբ, հավասարությամբ, արժանապատվությամբ առաջնորդվելու պատգամներով` կարևորելով սիրիր ընկերոջդ, ինչպես սիրում ես քո անձը պատվիրանը:
Պատմության ընթացքում հայոց կաթողիկոսների մեծամասնությունը կանգնած են եղել պետության ու ժողովրդի կողքին, առավելապես հայապահպանության և ինքնության հարցերում: Այդ պատճառով նրանք միշտ ձգտել են ամրապնդել հայ եկեղեցու ուրույն դիմագիծն ու յուրօրինակությունը համաքրիստոնեական աշխարհում: Այնուամենայնիվ նախարարական տներն առաջնորդվել են հիմնականում անձնական շահերի դիտանկյունից և թուլացրել երկիրը: Հիշատակելի է Սբ. Սահակ Պարթևի ջանքերը հայոց պետականության պահպանման գործում և նրա հայտնի խոսքն ու հորդորը հայոց նախարարներին, որպեսզի չնպաստեն գահընկեց անելու հայոց թագավորին. <<Ավելի լավ է հիվանդ մեր ոչխարը, քան առողջ օտարի գայլը>>:
Տպավորիչ է Ներսես Մեծ կաթողիկոսի քայլը, ով ուներ նաև զինվորական կրթություն: Նա 371թ.-ի Ձիրավի ճակատամարտի ժամանակ քաջալերում է հայ մարտիկներին, որ աներկյուղ և հավատով զինված մարտնչեն թշնամու դեմ: Իսկ ինքը բարձրանալով Նպատ լեռան գագաթը ողջ մարտի ընթացքում բազկատարած աղոթում է, մինչև հայոց զորքը լիակատար հաղթանակ է տոնում: Այսպիսով` ոգեշնչելով հայոց բանակին ու հաստատուն պահելով հաղթելու հավատքի մեջ: Սբ. Սահակ Պարթևի և Սբ. Մեսրոպ վարդապետի շնորհիվ հայոց գրերի ստեղծումով հայ եկեղեցին կարողանում է այդ դժվարին ժամանակներում վերջնականապես ամրապնդել հայի ինքնությունն ու հարատևությունը:
Արդ` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շնորհիվ 5-րդ դարում լուծվում է հայ ժողովդրի հարատևության խնդիրը: Այդուհանդերձ այդ ծանր ժամանակներում, երբ պետականությունը կորսվեց հայ նախարարների ձեռքով, Սուրբ Սահակ Պարթևի մտահոգությունն այնքան մեծ էր, որ Աստված նրան արժանացնում է մարգարեական տեսիլիքի, որտեղ հաստատվում է, որ վերականգնվելու է հայոց թագավորությունն ու Լուսավորչի կաթողիկոսական տոհմը: Այս շրջանում էր, որ հայ եկեղեցու վարդապետ Մովսես Խորենացին գրում է իր հանրահայտ <<Ողբը>>:
Ցավալիորեն կարելի է նշել, որ մեր հասարակությունն իր վարքով ու բարքով չի տարբերվում 5-րդ դարի հայ հասարակությունում տարածված անարդարություններից ու անբարոյական վիճակից: Նման շարունակությունը միշտ էլ ի վերջո պատճառ է դառնում պետականության կորստի: Այս ամենի արդյունքում հայ ժողովուրդն արդեն ստիպված էր օրհասական կռիվ տալ 451թ.-ին Ավարայրի դաշտում, որտեղ ճակատամարտի գործուն մասնակիցներից էին հոգևորականները` Ղևոնդ երեցը և բազմաթիվ հոգևորականներ: Նրանք մշտապես ձգտել են տեսնել հայոց հզոր պետականություն և իբրև հոգևոր հայրեր մտահոգ ու հոգատար են եղել հայ ազգի համար:
Այդպիսի մի դրվագ կարող ենք հիշել, երբ 703թ.-ին հայ իշխանները ջարդում են արաբական ջոկատը, զորավար Մուհամեդ իբն Օկբայն մեծ զորքով շտապում է դեպի Հայաստան ավերելու երկիրը: Սահակ Ձորափորեցի կաթողիկոսը հասկանալով, որ մեր փոքրաթիվ ջոկատները ի զորու չեն հաղթելու, թեև տկար ու հիվանդ լինելով, մեն-մենակ ընդառաջ է գնում արաբական բանակի դեմ, որպեսզի կարողանա կասեցնել նրանց ներխուժումը:
Եվ տկարության պատճառով մահանում է Խառան քաղաքում, սակայն նախքան այդ մի խնդրագիր է թողնում արաբ զորավարին, որն ազդվում է նամակից ու դադարեցնում արշավանքը: Այսպիսով` այդ օրերին հայոց կաթողիկոսը փրկում է Հայաստանն ավերումներից: Այդ դարաշրջանում Սբ. Հովհան Օձնեցին Դամասկոս քաղաքում հայոց ազգի, եկեղեցու, հայրենի հողերի վերաբերյալ համարձակ հարցեր է բարձրացնում և շահը ազդվելով նրա պատկառանքից ընդառաջումներ և զիջումներ է կատարում:
Հայոց պետականության կերտման գործում մեծ դեր են կատարում նաև Սբ. Ներսես Շնորհալին, Ներսես Լամբրոնացին: Ներսես Լամբրոնացին, որ պետականության գաղափարախոսության մեծ գործիչներից էր, հսկայածավալ աշխատանք է կատարում արտաքին քաղաքականության մեջ, նաև իր կատարած աշխատանքի, ջանքերի շնորհիվ է, որ Կիլիկիան Հայաստանը 1198թ.-ին միջազգայնորեն ճանաչվում է որպես պետություն: Հայ հոգևորականները մեծ ներդրում են ունեցել ազգայի-ազատագրական պայքարում: Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսի ջանքերով 1677թ.-ին Էջմիածնում, Արցախի մելիքների և հոգևորականների մասնակցությամբ գումարվում է խորհրդակցություն Արևելյան Հայաստանի ազատագրության համար:
Իսկ 1699թ.-ին Անգեղակոթի գաղտնի ժողովից հետո Իսրայել Օրու հետ միասին Մինաս վարդապետ Տիգրանյանը ուղևորվում է Եվրոպա, ուր պիտի փորձեին աջակցություն ստանալ եվրոպական տերություններից: 1722թ-ից սկսած ազատագրական պայքարում անմոռանալի է Եսայի Հասան- Ջալալյան կաթողիկոսի դերը, ով իր շուրջը համախմբված հոգևորականների օգնությամբ ստեղծում է հակապարսկական պայքար, որի շնորհիվ ազատագրում է Արցախը և ստեղծում հայկական անկախ իշխանություն:
Ազատագրական պայքարով առանձնանում է մեկ ուրիշ կաթողիկոս` Ներսես Աշտարակեցին: Ռուս-պարսկական պատերազմի ժամանակ 1826-28թթ. նա հայրենասիրական կոչ է ուղղում հայ ժողովրդին, որով ոգեշնչում էր զենք վերցնել և կռվել թշնամու դեմ: Նրա ջանքերով կազմավորվում են բազմաթիվ կամավորական ջոկատներ: Այնուամենայնիվ ցարական կառավարությունը երբեմն իր դժգոհությունն էր արտահայտում Ներսես Աշտարակեցու գործունեությունից, տեսնելով, թե ինչպես է կաթողիկոսը ձգտում ստեղծել հայոց պետականության նախահիմքեր, որի պատճառով ցարական կառավարությունը նրան հեռացնում է Բեսարաբիա:
Հատկանշական է, որ հայ ազգի ազատության համար պայքարող Խրիմյան Հայրիկը նշում է, որ միամտություն է ուրիշ ազգերի հետ հույսեր կապելը: Դա հավասար է ինքնասպանության: Նա կարևորում է ժողովրդի մեջ վառ պահել հավատքը, հորդորում է չհուսահատվել, այլ հույսով լցված սպասել, քանի որ մի օր անպայման հայոց ազգը վերազարթոնք կապրի:
<<Այն ազգ և աշխարհ, որ Հայ չէ, մեզ հետ չի լար, այլ մեզ չի պետք օտարին լաց: Բավական է, որ թե՛ տարաշխարհիկ գաղթական հայեր, և թե՛ Բյուզանդիոնի պանդուխտ հայեր հիշեն մեր հայրենյաց չարչարյալ որդիքներ և լան: Ես գիտեմ, և դու գիտես, թե սոսկ լալով ու ողբով եթե շաղախենք մեր հայրենյաց հող` հայրենիք չշինվիր: Օր մի ևս, Երկինք այդ կենդանարար ցող Հայոց դաշտերուն վերա կը ցողեյ, դու կտեսնես, թե ինչպես Հայոց աշխարհն ևս կը վերածնի հրաչյուք:
Միայն թե մենք աննկուն արիությամբ գործենք, և Աստված մեր օգնականն է>>,- ասում էր նա: Խրիմյան Հայրիկը շեշտել է, որ աշխարհով մեկ սփռված հայությունը պետք է հավաքվի հայրենիքում: Հայությունն իր հոգևոր և նյութական արժեքները պետք է կենտրոնացնի հայրենյաց երկրում և ստեղծի այնպիսի պայմաններ, որ հայը չհեռանա իր դրախտանման օրրանից: Անմոռանալի է Գևորգ 5-րդ Սուրենյանց կաթողիկոսի դերը Սարդարապատի ճակատամարտում:
Երբ թուրքերի մոտեցող բանակին համընթաց Երեւանի քաղաքային խորհուրդը որոշում է Երեւանն առանց դիմադրության հանձնել թուրքերի ողորմածությանը և Վեհափառ հայրապետին խորհուրդ են տալիս հեռանալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, Գևորգ կաթողիկոսը կտրուկ մերժում է Սբ. Էջնիածինը թողնել և Սևանա կղզում ապաստանելու առաջարկը` ասելով, եթե հայոց զորքը չի կարող պաշտպանել իր սրբությունները, ապա ինքը մենակ սուր կվերցնի ու կնահատակվի սուրբ տաճարի շեմին, բայց չի հեռանա Սբ. Էջմիածնից: Սա բեկումնային պահ էր հայոց նոր պատմության մեջ: Կաթողիկոսի պատասխանը կայծակի արագությամբ տարածվում է բնակչության մեջ եւ նրա խիզախ կեցվածքը խոր տպավորություն է գործում զորքի ու ողջ ազգի վրա:
Վեհափառ հայրապետի հրամանով Արարատյան դաշտի բոլոր եկեղեցիների զանգերը ղողանջում են, դրանց սկսում են ձայնակցել մյուս եկեղեցիների զանգերը` Էջմիածնից մինչեւ Երեւան, Արագածից մինչեւ Սեւան: Կուսակցական ու քաղաքական կամքի բացակայության պայմաններում ինքնապաշտպանական պայքարը գլխավորում են Էջմիածնի ճեմարանի տեսուչ Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանը, Էրզրումի հոգեւոր առաջնորդ Զավեն եպիսկոպոս Մահտեսի-Բաբայանը, վարդապետներ Եզնիկն ու Թադեւոսը, տեր Հովհաննես քահանա Տեր-Մկրտչյանը: Գեւորգ 5-րդ կաթողիկոսն ասում էր. <<Ես միշտ հավատացել եմ իմ ժողովրդի ոգուն: Ես գիտեմ նրա անցած ճանապարհի դառնությունները: Ես համոզված եմ նաեւ, որ ազգն իմ հայոց անարգ թշնամուն դեռ չի ասել իր վերջին խոսքը: Եվ խոսքն այդ պիտի լինի հաղթական>>:
Շուրջ հինգ հարյուր բարձրաստիճան եւ կրտսեր հոգեւորականներ մարտնչում են Սարդարապատի ճակատամարտում: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Գևորգ Չորեքչյան կաթողիկոսը կարճ ժամանակ անց հայրենիքի, սփյուռքի և Մայր Աթոռի տրամադրած նյութական միջոցներով պատրաստել է տալիս <<Սասունցի Դավիթ>> և <<Գեներալ Բաղրամյան>> տանկային շարասյուները, որոնք իրենց նպաստն են բերում երկրորդ աշխարհամարտի հաղթանակին: Գարեգին Ա Հովսեփյան կաթողիկոսը 1943թ.-ին գրում է. <<Եվրոպայի և մարդկության վերածնունդը կախումն ունի ոչ միայն զենքի հաղթությունից, այլև կենդանի հավատի վերածնունդից:
Մեր աղոթքն է, որ այս պատերազմը <<բարւոյ պատերազմի>> փոխարկվի ըստ ամենայնի և առիթ դառնա մարդկության զգաստության և իր որդեգրած ուղիների վերաքննության: Արդարությունն է և հավատն այն ժայռը, որի վրա շինված տունը անսասան է փոթորիկներից և հեղեղներից>>: Հիշենք նաև սփյուռքում հայ եկեղեցու անփոխարինելի դերատակարությունը հայի ինքնության և պահպանման գործում: Պատմությունը ցույց է տալիս, որ առանց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սփյուռքահայությունը արագորեն ձուլվելու է տեղի երկրների ազգերի մեջ և փոշիանալու է:
Հովհաննես սրկ. Մանուկյան