top of page

Հոկտեմբերի 27-ից անցել է 24 տարի. ո՞վ է իրականում Նաիրի Հունանյանը, ով փոխեց Հայաստանի պատմությունը

27.10.2023

Այս դիմանկարի համար հիմք են ծառայել «Առավոտի» վաստակաշատ լրագրող Աննա Իսրայելյանի հիշողությունները եւ Նաիրի Հունանյանին ուսանողական տարիներից բավական լավ ճանաչող շուրջ տասնյակ անձանց հետ զրույցները։ Ներկայացնելու ենք նաեւ կենսագրական որոշ մանրամասներ, որոնք, կարծում ենք, առավել ամբողջական պատկերացում կտան Նաիրի Հունանյանի նկարագրի վերաբերյալ։


Մտահորիզոն


Նաիրի Հունանյանի հետ 1984-85-ին Աննա Իսրայելյանը սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի առաջին կուրսում։


«Անկեղծ ասած, այդ շրջանից նրա վերաբերյալ միակ հիշողությունն այն է, որ հանդիպումներ էր կազմակերպել բանաստեղծ Արմեն Մարտիրոսյանի, երգիծաբան Հրանտ Ղազարյանի «Հորիզոնի» հետ։ Վերջինս խիստ վրդովվեցրել էր հատկապես բանահյուսություն դասավանդող Նելլի Հակոբյանին, թե սա ի՞նչ ցածր մակարդակ է ապագա բանասերների համար։


Նաիրին «Հորիզոնի» հետ հանդիպումը կազմակերպեց եւ անգամ այն լուսաբանեց «Երեւանի համալսարան» թերթում բանակ զորակոչվելուց անմիջապես առաջ։ Բանակից զորացրվեց վաղաժամկետ՝ մեկ տարի անց։ Պատճառն ինչ-որ հիվանդություն էր՝ կարծեմ դեղնախտը։ Համենայնդեպս, մեր ընկերներից մեկը հիշեց, որ Նաիրին տեւական ժամանակ դիետիկ սնունդ էր ստանում»,- հիշում է Իսրայելյանը:


Ուսանողական շարժման առաջնորդներից


Նաիրի Հունանյանը, հատկապես առանձնացավ ղարաբաղյան շարժման շնորհիվ, քանզի ուսանողական ցույցերի առաջնորդներից մեկն էր։ Նա մեկն էր այն ուսանողներից, որ 1988-ի մայիսի 26-ին արցախցի դերասանուհի Ժաննա Գալստյանի հետ 220 լսարանում կազմակերպված հանդիպման ժամանակ հայտարարեց, թե գնում են նստեն օպերայի աստիճանների վրա ու չեն հեռանա այնտեղից, մինչեւ ՀԽՍՀ Գերագույն սովետի նստաշրջան չհրավիրվի, որտեղ կքննարկեն Հայաստանին վերամիավորվելու վերաբերյալ ԼՂԻՄ-ի դիմումը։ Այս նախաձեռնությանը հետո միացան նաեւ այլ բուհեր։ Ուսանողական առաջին նստացույցի՝ 21-օրյա տեւողությամբ, մեր բազմազան երթերի, այս դասադուլների՝ այս ամենի հիմնական կազմակերպիչներից մեկն էր Նաիրին։ Եվ այդ պատճառով էլ սերտորեն համագործակցում էր ինչպես «Ղարաբաղ» կոմիտեի անդամների, այնպես էլ քաղաքական այլ գործիչների հետ։ Եվ սա է նաեւ բացատրությունը, թե ինչու էին այդքան բազմաթիվ հոկտեմբերի 27-ին ԱԺ նիստերի դահլիճում նրան ճանաչող պատգամավորները։


ՀՈՒԴ, «ոչ Ռոբին»


Հայ ուսանողության դաշինքն այս ամենին կազմակերպական ձեւ տալու մի փորձ էր, որն այդպես էլ ձեւավորված որոշակի կառուցվածք չունեցավ։ Այն ստեղծվեց 1988-ի նոյեմբերին։ ՀՈՒԴ-ի ղեկավարումը կոլեգիալ էր, որը խիստ խոցում էր Նաիրի Հունանյանի ինքնասիրությունը։


Ի դեպ, Ալեքսան Հարությունյանն այս կազմակերպությունն այլ կերպ չէր անվանում, քան ՀՈՒԴԱ։ Նրանք իրոք համակուրսեցիներ չեն եղել՝ Նաիրին արդեն գնացել էր բանակ, երբ Ալիկը զինվորական ծառայությունից հետո սկսեց սովորել կուրսում։


ՀՈՒԴ-ն իր ինքնահրատ պաշտոնաթերթն ուներ՝ «Դաշինքը» (անվանումն անմիջապես զուգահեռվեց Դաշնակցության հետ), որի ընդամենը երեք համար լույս տեսավ։


Ֆինանսական մեքենայություններ


Թերթի առաջին համարի լույսընծայման համար ՀՈՒԴ-ի անդամ ուսանողները որոշ գումար էին հավաքել եւ այն հանձնել Նաիրի Հունանյանին։ Սակայն 1989-ի ապրիլին լույս տեսած առաջին համարը Հայաստանի ազգային անկախություն կուսակցության ղեկավար Մեխակ Գաբրիելյանի շնորհիվ ձրի տպագրվեց՝ նրա նվերն էր ուսանողներին։ Իսկ տպագրության համար հավաքված գումարն անհետացավ…


Հավելենք, որ «Դաշինքը» նաեւ շատ լավ էր վաճառվում՝ արժեր 1 ռուբլի, բայց թերթը տարածողներից ոմանք վկայում էին, թե շատերը մեկ համարի դիմաց 50-200 ռուբլի էին վճարում, որ այն ժամանակների համար շատ մեծ գումարներ էին։


Դրանք ուղղակի նվիրատվություններ էին, աջակցություն թերթին, որոնց ճակատագիրը (Նաիրի Հունանյանին փոխանցելուց հետո) եւս անհայտ մնաց։


Ֆինանսական նման կասկածելի պատմությունները Նաիրի Հունանյանի համար բնութագրական էին նաեւ նրա գործունեության այլ փուլերում։ Պատահական չէր, որ Դաշնակցության ներկայացուցիչները հայտարարեցին, թե կուսակցությունից նրա հեռացման պատճառը նյութական զեղծարարություններն էին։


Գաղափարական մարտիկը


Իր յուրաքանչյուր ցանկություն, քայլ կամ մտադրություն Նաիրի Հունանյանը գաղափարական փաթեթավորմամբ, պաճուճանքով էր պարուրում։ Եվ առնվազն այս էր պատճառը, որ անկախ վերոնշյալ զեղծարարությունների վերաբերյալ կասկածներից եւ լուրերից (որոնք նրա գործընկերները նախընտրում էին լռության մատնել կամ հերքել՝ ուսանողական շարժումը վարկաբեկումից փրկելու նկատառումով) Նաիրի Հունանյանը 1988-1990-ին բավական հեղինակություն էր վայելում ուսանողության շրջանում։ Իր ակտիվության շնորհիվ, առնվազն ճանաչված դեմք էր, համոզելու ունակություն ուներ, նրան լսում էին եւ հավատում։ Եվ, այնուամենայնիվ, որեւէ մեկը չէր կարող նրան արմատական լուծումների կողմնակից համարել։


Ընկերներից մեկը նրան «Ընկեր Փանջունի» էր անվանում։ Թերեւս, Նաիրիին դուր էր եկել այդ մականունը եւ նույն ընկերն ասել էր. «Մի՛ ծիծաղիր. ընկեր Փանջունին ողբերգական կերպար է։ Առաջին նամակում ասում է, որ Ծապլվարը հայկական շեն գյուղ է, իսկ վերջին նամակում պարզվում է, որ Ծապլվարն այրվում է»։ Ի դեպ, սփյուռքահայ ծաղրանկարիչ Սարուխանի ձեւավորումներում ընկեր Փանջունին պատկերված էր հենց այնպես, ինչպես եւ սովորաբար հագնվում էր Նաիրին՝ լայնեզր գլխարկով, երկար բաճկոնով կամ անձրեւանոցով։


Չմարսված ծրագրեր


ՀՈՒԴ-ի ծրագրում Նաիրին ընդգրկել էր մարդու կողմից մարդու շահագործման վերաբերյալ դրույթը։ Անընդհատ ծրագրեր էր գրում, որոնք վերափոխված, իսկ երբեմն ուղղակի արտագրված էին մարքսիզմի եւ ՀՅԴ դասականների աշխատություններից։ Վերլուծում էր Դաշնակցության ծրագիրը եւ հավակնում կուսակցության գաղափարախոսի դերին։


Հատկապես նրա հետ շատ շփվողները վկայում են, թե Ջոն Կիրակոսյան, Ստեփան Պողոսյան եւ նման հեղինակներ՝ խիստ որոշակի գրքեր էր կարդում եւ այն առանձնապես չէր էլ «մարսում»։ Սակայն շատ լավ հիշողություն ուներ եւ կարողանում էր վերարտադրել կարդացած գրականությունը։


Հիասթափությունների սկիզբը


Այնուամենայնիվ, բավական կարճ տեւեց նրա ազդեցության շրջանը։ Նրան նոր ճանաչողներն ինչպես նրա գաղափարականությունից տպավորվում, այնպես էլ, որոշ ժամանակ անց պարզում էին (եթե, իհարկե, խելացի էին), որ գործ ունեն միջին զարգացածության ու, մեծ հաշվով, դատարկախոս մեկի հետ։


Սկսեց ակնհայտ դառնալ, որ անգամ ամենապարզ իրողությունները նա ջանում է խորիմաստ տեսքով ներկայացնել։ Այս առումով Նաիրիի վերաբերյալ անգամ անեկդոտանման պատմություններ սկսեցին շրջել։ Ասենք, թե ցանկացել են նամակ ուղարկել, ու Նաիրին հայտարարել է. «Որքան նամակը շուտ ուղարկես, այնքան շուտ տեղ կհասնի»։ «Պա՞պդ է քեզ հայտնել», և հարցրել էին նրան։ Առանձնակի հեգնանքի առարկա էր նրա հետեւյալ նախաբանը. «Մարդկության փորձը ցույց է տվել, որ…»։ Շարունակությունն էլի կարող էր նամակագրությանը վերաբերել։


Առաջնորդի չբավարարված հավակնությունները


Այս առումով որեւէ տարակույս չկա նրան ճանաչողների համար, որ Նաիրին առաջնորդի վառ արտահայտված հավակնություններ ուներ։ Ի վերջո, բավական ինքնավստահ պիտի լինես ապուշությունները խորիմաստ տեսքով ներկայացնելու, դրանց հավատալու եւ ուրիշներին էլ այդ ամենի ճշմարտացիությունը հետեւողականորեն ապացուցելու համար։


Ի դեպ, եթե նրա հետ չհամաձայնեիր՝ կփորձեր վարկաբեկել, կասկածի ենթարկել քո մտավոր ունակությունները։ Նա չէր ընկալում, որ դիմացինը կարող է եւ լուրջ չընդունել իր ասածները կամ մտքում ծիծաղել դրանց վրա։ Ուստի նրան ճանաչողները շատ արագ դադարեցին վիճել նրա հետ կամ հակափաստարկներ ներկայացնել՝ անիմաստ համարելով այդ ամենը։ Նա շարունակում էր դա ընկալել որպես համաձայնության նշան։


Մեր զրուցակիցներից մեկն այսպես բացատրեց Նաիրիի տրամաբանությունը. կարող էր դատողություն կառուցել այնպիսի պնդումներից, որոնցից գոնե մեկն առնվազն կասկածելի է, բայց այս ամենից հետեւությունները իր համար միակ ճշմարիտն էին եւ առարկություններ չէր ընդունում։


Այսպես էր համոզված, թե ամբիոնից կոչով դիմելուց հետո ժողովուրդը պիտի անմիջապես խորհրդարան շտապի, եւ տեղի կունենա հեղաշրջում։ Որեւէ մեկը թերեւս մտահոգվեր, որ տրամաբանական այս շղթան կարող է եւ կտրվել՝ որ ժողովուրդը կարող է նաեւ չհետեւել իր կոչին։ Նաիրիի համար նման հարց չկար՝ նա վստահ էր, որ ժողովուրդն անպայման կգա ԱԺ։


Ընկերներիցս մեկն այս առնչությամբ մի համեմատություն արեց. «Այդպես մորեխներն են իրենց տաքացնում, տաքացնում ու ցատկում»։


«Մանկական» հիվանդություն


Աննա Իսրայելյանի ու Նաիրի Հունանյանի ընդհանուր ընկերներից մեկը հիշում է, որ ուսանողական շաբաթօրյակի ժամանակ բոլորն աշխատում էին, միայն Նաիրի Հունանյանն ու Ս.Մ.-ն էին իրենց աշխղեկ երեւակայում եւ աջ ու ձախ հանձարարություններ տալիս, թե ով ինչ պիտի անի։ Կուրսի առավել ամրակազմ տղաներից մեկի համբերությունն ի վերջո հատեց ու նա ապտակեց Նաիրիին։ Վերջինս անմիջապես սկսեց լաց լինել։


Նա ընդհանրապես փոքր-ինչ մանկական հատկություններ էր ցուցաբերում։ Ինչպես երեխան կարող է իր կոտրած բաժակը հավաքելով փորձել մեղքն իրենից հեռացնել՝ Նաիրին էլ ձեռնարկումների անհաջողության դեպքում փորձում էր հետ քաշվել եւ պատասխանատվությունն այլոց ուսերին բարդել։ Այդպես եղավ, ասենք, ՀՈՒԴ-ին կազմակերպական ձեւ տալու նպատակով համագումար հրավիրելու պարագայում։ Ամեն մեկն ինչ որ պարտականություն էր ստանձնել՝ ծրագիր կամ կանոնադրություն գրել, ակտիվիստներին համախմբել, աշխատել այլ բուհերի հետ եւ այլն։ ՀՈՒԴ-ի այլ ղեկավարների վկայությամբ, Նաիրին, որին եւս ինչ-ինչ հանձնառություններ կատարողի դեր էր վերապահված՝ ամեն ինչ անում էր համագումարը ձգձգելու, ձախողելու համար։ Բայց երբ համագումարն իսկապես չկայացավ՝ Նաիրին սկսեց մեղադրել այլոց, թե կանոնադրությունն ուշացրին, չհավանեցին իր գրած ծրագիրը եւ այլն։


Այդպես մի քանի ժամ անց արդեն նա ԱԺ-ի ղեկավարների եւ պատգամավորների սպանությունների մեղքը բարդում էր թիկնապահների կամ պատահական գնդակների վրա։


Անուղղակի հանձնարարական


Նաիրին աշխատում էր չհամաձայնել թեկուզ պետքական այն նախաձեռնություններին, որոնց առաջարկն ինքը չէր արել։ Եվ անպայման այլընտրանքային ինչ-որ նախաձեռնություն էր մեջտեղ բերում, որը կարող էր եւ գրեթե ոչնչով տարբեր չլինել։ Նրա բնավորության տվյալ գծին ծանոթներն այդ խոչընդոտին դեմ չառնելու համար այս եղանակն էին նախընտրում. անմիջապես չէին պնդում իրենց առաջարկը, սպասում էին մինչեւ որոշ ժամանակ անցնի եւ Նաիրին սկսի հավատալ, որ դա ի՛ր սեփական նախաձեռնությունն է։ Այլապես նա չէր ընկալում որեւէ միտք, որ իր գլխում չէր ծնվել։ Նա չէր հանդուրժի, որ իրեն հանձնարարեն՝ նա երբեք իրեն կատարող չի համարել։ Եվ նրան ճանաչողները ենթադրում էին, որ եթե նրան իրոք հատուկ ծառայություններից մեկը կամ չգիտես ով օգտագործել է, ապա դա շատ նրբորեն է արվել. առիթը տվել են, Նաիրին խոսել է, եւ նրան, այսպես ասած, ձայնակցել են։ Ուղիղ հանձնարարականին նա թերեւս ընդդիմանար։


«Առաջինը» հավասարների մեջ


Բոլոր այն մարդիկ, ովքեր ինչ-որ ժամանակահատված մտերիմ են եղել նրա հետ, այս կամ այն պատճառով հեռացել են նրանից։ Բայց խնդիրն այն չէ, որ նրանից հոկտեմբերի 27-ից հետո բոլորը երես էին դարձնում, ինչպես բորոտից: Պարզապես նրա հետ փոխհարաբերություններին հատուկ չէիր համարի ընկերական ջերմությունը։ Նաիրին կարող էր համախոհներ կամ ժամանակավոր գործընկերներ ունենալ՝ բայց նա չէր կարող կամ չէր ուզում որևէ մեկին որպես իրեն հավասարի վերաբերվել, որ հատուկ է ընկերությունը։


Թերեւս այս էր պատճառը, որ նա առավել լավ իրեն զգում էր հատկապես եղբոր՝ Կարենի հետ, որը նրանից գրեթե չէր հեռանում, որի համար Նաիրին կուռք էր։ Կարենը կրկնում էր եղբորը, նրա թիկնապահն էր, համհարզը՝ ինչ ասես։


Ընտանիքում Նաիրին, իրոք, բացարձակ հեղինակություն էր։ Պատահական չէ, որ հոկտեմբերի 27-ից հետո մայրը նրան Հիսուս Քրիստոսի հետ համեմատեց, մեսիայի, որ եկել էր փրկելու հայ ժողովրդին։


Ի դեպ, հիշեցնենք նաեւ, որ նրան լավագույն աշակերտն էին համարել Հարավ-արեւմտյան թաղամասի այն դպրոցի ուսուցիչները, որտեղ սովորել էին Նաիրի եւ Կարեն Հունանյանները։ Այսինքն, նա միշտ իրեն առաջինն ու լավագույնն էր համարել եւ չընկալեց, որ արդեն վաղուց դպրոցում չէր։


Սեւ խոռոչ


ՀՈՒԴ-ի, սկաուտական շարժման բախումներից, նրան ուղղված ամենատարբեր մեղադրանքներից հետո պարզվեց, որ Բուլղարիայի միջոցով Թուրքիայի չգիտես ինչ լրատվական կենտրոնի հետ կապեր է ստեղծել: ՀՅԴ կուսակցությունից հեռացվելուց հետո Նաիրին որոշեց լքել Հայաստանը։ Կարիերայի անպատիվ ջախջախո՞ւմն էր պատճառը, թե՞ որեւէ այլ բան՝ դժվար է ասելը։


Այստեղ կապը կտրվում է։ Կցկտուր տեղեկություններ են հրապարակվել, թե ինչով էր նա զբաղված Եվպատորիայում։ Սակայն շատ կարեւոր է նրա կյանքի այս ժամանակահատվածի վերաբերյալ հարցականներ չունենալը՝ հաշվի առնելով, որ Ղրիմը թուրքական հետախուզության սեւեռուն ուշադրության առարկան է։


Եվ մի չհաջողված կոմս Մոնտե-Քրիստո


1998-ին Եվպատորիայից վերադառնալով Հայաստան, Նաիրին հայտնաբերեց, որ շավղից դուրս է սայթաքել՝ նրան ոչ ոք առանձնապես չէր սպասում։ Կորցրել էր շրջապատի հետ կապը՝ շատերը թաքուն չներեցին նրան, որ երբ իր ընկերները զոհվում էին Ղարաբաղում՝ Նաիրին Սեւ ծովի ափին հովեկներին վարձով տալու համար տուն էր կառուցում։


Նաիրին բավական ծանր էր տանում իր հետ մնալը. դեսուդեն էր նետվում, փորձում կորցրածը հետ բերել, վերահաստատել իր դիրքերը։ Ամեն ինչ էր փորձում՝ անգամ առժամանակ գործարարությամբ զբաղվեց։ Աշխատանք էր փնտրում. ապարդյուն թակում էր ե՛ւ Ալեքսան Հարությունյանի, ե՛ւ զանազան փոքրումեծ պաշտոնյա ծանոթների դռները։ Ընդ որում, նվազագույնը, որ իրեն հարմար էր դիտում՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի կամ «Արմենպրեսի» տնօրենի աթոռներն էին։


Վերջինիս առիթով Նաիրին անգամ ազգային պետական քարոզչության հայեցակարգ մշակեց, որ պատրաստվում էր կիրառել «Արմենպրեսում»։ Այս առումով որպես օրինակ վկայակոչում էր Գեբելսի իրականացրած գաղափարական պայքարը։


Սակայն Նաիրիի առաջին քայլն, այնուամենայնիվ, ուսանողական շարժման տասնամյակի առթիվ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում ցերեկույթ կազմակերպելն էր (ի դեպ, որին ներկա գտնվեց նաեւ Վազգեն Սարգսյանը)։


Նաիրիի համար կյանքը կարծես կանգ էր առել 1988-90-ին։ Եվ նրան թվում էր, թե հիշեցնելով, որ առաջնորդն էր ներկա պաշտոնյաներից շատերի՝ նորից հայ քաղաքական կյանքի հորձանուտ կվերադառնա։ Ի դեպ, շատ էական էր այդ խանդը, որի մասին հարցազրույցում վկայել էր նաեւ Նաիրիի հայրը՝ Հրաչյա Հունանյանը։ Այն է, թե որդուց պակաս արժանիքներ ունեցողներն ինչևինչ դիրքերի էին հասել, իսկ ինքը մնացել էր նույն տեղում՝ մոռացված ու չգնահատված։


1998-ի փետրվարին անցկացված այդ ցերեկույթը ոչ միայն Նաիրի Հունանյանի վերադարձը պիտի նշանավորեր ծափերով՝ սա նրա անձնական բենեֆիսն էր։ Այս օրվա մասին է պատմում Ա1+-ի «Օրացույց» հաղորդաշարի հատվածը.



Ուրիշ որեւէ մեկի մտքով չէր անցել այդ միջոցառմանը հրավիրել իր մորը։ Նաիրիի մայրը եկել էր զուգված, զարդարված, որդին տոնական ու հանդիսավոր էր։


Միջոցառման գագաթնակետն էլ այս էր. ուսանողական շարժման հերոսներին բեմ հրավիրեցին ու ծափահարեցին։ Այնուամենայնիվ, բենեֆիսը չհաջողվեց՝ դե, 1998-ի փետրվարին հոգսերն առնվազն այլ էին։


Թուրքիայի հետ փոխհարաբերությունները բարելավելու փորձեր


Իրոք, թեկուզ նախկին դաշնակցականի եւ մշտապես ազգայնական հայացքներ ունեցողի համար, որ 1990-ին պնդում էր, թե Թուրքիայի կործանման պլան է մշակել՝ զարմանալի էր, որ իր առաքելությունը, կյանքի նպատակը սկսեց համարել Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները բարելավելը։ Նաիրին չէր թաքցնում իր, այսպես կոչված, ծրագիրը եւ բազմիցս արտահայտել էր այն։ Նրա տեսակետների մոտավոր վերաշարադրանքն այս է. «Ճիշտ է, մեր հարցերը պիտի պահենք, ունենանք եւ պետք եղած տեղը Թուրքիայի ճակատին ասենք կամ էլ տակից գործենք, բայց հիմա պիտի փոխհարաբերությունները լավացնենք, որ ինչ-ինչ հարցեր լուծենք»։


Այս ծրագրի բաղադրատարրերից մեկն էր թերեւս Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների միջեւ հեռուստակամուրջի գաղափարը, որն ընկերներից մեկին նա այսպես էր մանրամասնել. «Պետք է սկսենք խոսել այսպես. ենթադրենք, թե ցեղասպանություն չի եղել։ Դուք պնդում եք, թե եղել է տեղահանությո՞ւն։ Մենք համաձայն ենք՝ ձեր ասածն է։ Բայց այդ տեղահանված ժողովուրդն իրավունք ունի՞ վերադառնալ։ Այդ տեղահանության համար փոխհատուցում պիտի՞ լինի, թե՞ ոչ։ Տեսնենք թե ի՞նչ կանեն»։ Նաիրի Հունանյանը մտադիր էր իր այդ նոր հայեցակարգը ներկայացնել հեռուստակամուրջի ընթացքում։


Այստեղ երեւաց նաեւ, թե ծանոթներն անգամ թերագնահատում էին նրա հավակնոտության աստիճանը. նա պատրաստվում էր երկու երկրների նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Սուլեյման Դեմիրելի միջեւ կապող օղակը դառնալ… Նա, իրոք, չէր ցանկանում մանրանալ՝ նրա նախաձեռնություններն առնվազն տարածաշրջանային հարցերի շուրջ էին։ Նա իրեն սոսկ լրատվական գործակալության մի թղթակից երբեք չէր զգում։


Թուրքիա այցերը


Առաջին անգամ, այնուամենայնիվ, նա Թուրքիա այցելեց միայն որպես առեւտրական։ Այնտեղից «մայկաներ» էր բերել եւ բոլորին համոզում էր, թե դրանք չեն պատռվում։ Մեղմ ասած, առանձնապես չհաջողեց որպես գործարար. չպատռվող «մայկաները» չվաճառեց։


Սակայն նա չէր մանրանում նաեւ իր մասշտաբի համեմատ նման փոքր գործերը մինչեւ վերջ հասցնելու վրա։ Բայց Թուրքիայում նրան այնքան լուրջ էին ընդունել, որ իրենց վրա վերցրին նրա հաջորդ այցելության ծախսերի կեսը։ Այս ուղեւորությունը, երբ Նաիրի եւ Կարեն Հունանյանները բազմաթիվ նախարարների հանդիպեցին եւ քիչ էր մնացել, որ նրանց իրոք Սուլեյման Դեմիրելն ընդուներ՝ բավական լուսաբանվել է։ Այս առումով արժե փոխանցել միայն նրա հաղորդումը դիտած ընկերներիցս մեկի տպավորությունը. «Թուրք նախարարների հետ, ոտքը ոտքին գցած այնպես էր զրուցում՝ կարծես բանակցում էր նույնիսկ ոչ ցեղասպանության, այլ՝ թե երբ են նրան փոխհատուցումը վճարելու»։


Ինչեւէ, նաեւ հեռուստատեսությունում ռեպորտաժների անհաջող փորձերից հետո Նաիրին ասպարեզից անհետացավ։ Մեր զրուցակիցներից որեւէ մեկը տեղյակ չէր, թե ինչով էր նա զբաղված եղել 1999-ի մայիս-հունիսից։ Բայց նրանք գիտեին, որ Նաիրին ավտոմատից կրակելու փորձ չի ունեցել։ Գուցե այդ պակա՞սն էր լրացնում։


Թերեւս ամփոփենք. մի հարցում մեր զրուցակիցները համամիտ էին. Նաիրի Հունանյանն այնքան հավակնոտ էր, որ վստահ էր, թե ինքն ավելի լավ կղեկավարի կառավարությունը, քան ֆիզկուլտ ինստիտուտի կրթությամբ Վազգեն Սարգսյանը։


Եվ պատահական չէր, որ սպանությունից հետո պատգամավորներին առաջարկելով ժամանակավոր կառավարություն ձեւավորել՝ նա նաեւ «մեծահոգաբար» ասել էր, որ եթե վարչապետի խնդիր ունեն, ինքը պատրաստ է ստանձնել այդ պաշտոնը։


Մեր զրուցակիցները համաձայնելով, թե Նաիրի Հունանյանը արկածախնդիր է, չհամաձայնեցին, թե նա մահապարտ կամ հոգեկան հիվանդ է եւ առանց տեսանելի երաշխիքների, որ ԱԺ-ի այդ դահլիճից իրեն առոք-փառոք են հանելու՝ սպանություններից հետո կմնար այնտեղ ու առանց փախուստի փորձ իսկ անելու, տեւական ժամանակ կսպասեր... Ո՞ւմ։

ԱՄՆ-ում բուժվող Պարգև Սրբազանը՝ տարօրինակ պատերազմի, չկոտրվելու, պատմության ու ապագայի մասին

bottom of page