Հոռոմոսի վանքի հայոց թագավորի գերեզմանի գաղտնիքը


Հոռոմոսում է եղել Անիի հայոց թագավորական տոհմի՝ Բագրատունիների դամբարանավայրը։


Հոռոմոսի վանքային համալիրը կամ Ղոշավանքը 10-11-րդ դարերում կառուցված հայկական ճարտարապետական նշանավոր հուշարձանախումբ է: Այն տեղակայված է ներկայումս Թուրքիայի կազմի մեջ մտնող Կարսի մարզում՝ Հայաստանի միջնադարյան մայրաքաղաք Անիի ավերակներից 15 կմ դեպի հյուսիս-արևելք, Ախուրյան գետի աջ ափին, հայ-թուրքական սահմանի մոտ գտնվող փակ սահմանային գոտում։ Վանքը ժամանակին եղել է Անիի թագավորության ամենակարևոր կրոնական և մշակութային կենտրոններից մեկը:


Այժմ վանքային համալիրը կիսավեր վիճակում է, բայց մինչև 1920 թվականը, երբ Կարսի մարզի տարածքը նախ Ռուսական կայսրության կազմում էր, իսկ հետո Հայաստանի առաջին Հանրապետության անբաժան մասն էր կազմում, եղել է կանգուն և հիացրել բոլոր այցելուներին իր մի քանի եկեղեցիների զարմանահրաշ ճարտարապետությամբ: Հոռոմոսի վանքը, Կարսի մարզի շատ այլ հայկական պատմաճարտարապետական հուշարձանների նման, վերջնականապես ավերվել է 1960-ական թվականներին:


Քիչ հայտնի փաստ է, որ հենց Հոռոմոսում է եղել Անիի հայոց թագավորական տոհմի՝ Բագրատունիների դամբարանավայրը, որտեղ հուղարկավորվել են հայոց արքունիքի և հայ իշխանական տոհմերի բազմաթիվ ներկայացուցիչներ: Այստեղ է գտնվել նաև Բագրատունիների դինաստիայի հռչակավոր միապետ Աշոտ 3-րդ Ողորմած Բագրատունի թագավորի (թագավորել է 953-977 թթ.) մատուռ-դամբարանն ու գերեզմանատեղին: Հոռոմոսի վանքային համալիրի Սուրբ Գևորգ եկեղեցուց մի փոքր դեպի արևելք միանավ կամարապատ փոքր մատուռի ավերակ կա, որից ներկայումս մասնակի կանգուն են մնացել միայն երկու պատերը: Հենց այս տեղում է գտնվել Աշոտ 3-րդ Բագրատունու գերեզմանը՝ թվագրված 977 թվականով: 1909-ին հրատարակված Արամ Վրույրի Անիի տեսարաններով ստերեոսկոպիկ բացիկների շարքում կա նաև Հոռոմոսում գտնվող Աշոտ Ողորմածի գերեզմանի պատկերը:


Ինչպես երևում է հին լուսանկարների վրա, տապանաքարի գլխամասում գտնվող քարե կառուցահատվածն ամենայն հավանականությամբ բարձրադիր խաչքարի հիմք է հանդիսացել: Չորս աստիճաններից բաղկացած գերեզմանի վերին, բրգաձև հատվածում փորագրված է եղել «Աշոտ Թագավոր» արձանագրությունը: Նշենք, որ այս տեղանքում է եղել նաև Աշոտ Ողորմածի տիկնոջ` հայոց թագուհի Խոսրովանուշի գերեզմանը: 20-րդ դարի սկզբին հայոց արքայի գերեզմանին մշտապես ուխտագնացության են եկել և այստեղ լուսանկարվել հայ ականավոր շատ գործիչներ, այդ թվում՝ Մարտիրոս Սարյանը, Հովհաննես Թումանյանը և Ավետիկ Իսահակյանը:


Աշոտ Ողորմածի թագավորության տարիներին Հայաստանն ապրում էր տնտեսական և մշակութային մեծ վերելք, երկրում տիրում էր համեմատաբար խաղաղ իրավիճակ։ Նրա օրոք 961 թվականին հայկական արքունիքը Կարսից տեղափոխվում է Անի, որը հռչակվում է Հայոց մայրաքաղաք։ Անին հիմնովին պարսպապատվում է, կառուցվում են պալատներ և բազում այլ շինություններ: Աշոտ Ողորմածը Անիում և երկրի գլխավոր քաղաքներում բացել է տալիս դպրոցներ, հիվանդանոցներ, ապաստաններ և այդ բոլորի պահպանման համար սահմանում է որոշակի եկամուտների պարտադիր հատկացնում, որը բացառիկ երևույթ էր այդ ժամանակաշրջանի համար։


Աշոտ Ողորմած թագավորը պատմության մեջ մտավ որպես իսկական բարեգործ, որի համար էլ ժողովուրդը նրան «Ողորմած» անվանեց, և պատահական չէ, որ նրա արձանն այսօր կանգնեցված է Գյումրիում (քանդակագործ՝ Ֆերդինանդ Առաքելյան): Աշոտ Ողորմածի կինը՝ Խոսրովանուշ թագուհին, նույնպես մեծ գործեր հասցրեց անել. 966-ին նա հիմնում է Սանահինի, իսկ 976-ին՝ Հաղպատի վանքերը, որոնք դառնում են Հայաստանի խոշոր գիտակրթական կենտրոններ:


Ռուբեն Շուխյան

Sputnik Armenia

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan.Online-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ yvnonline@gmail.com

Գլխավոր խմբագիր՝ Աննա Սարգսյան