top of page

Հովհաննես Թումանյանի դստեր իրական թումանյանական ճակատագիրը

06.08.2024



Հովհաննես Թումանյանի հանճարի վկայությունները ոչ միայն նրա ստեղծագործություններն են, այլեւՙ զավակները, որոնք իրենց բարձր արժանիքներով, ոմանք էլ իրենց տխուր ճակատագրերով մտան մեր ժողովրդի պատմության մեջ որպես նրա նվիրյալ, թումանյանական ոգին եւ դաստիարակության պտուղները կրող դեմքեր: Յուրաքանչյուրի կյանքի պատմությունը մի ուսանելի, ճանաչողական, դաստիարակչական արժեք է ներկայացնում, որ բացում է ոչ միայն բարձր նկարագիր ունեցող այդ անհատների կյանքի էջերըՙ իրենց լույսով եւ ողբերգականությամբ, այլեւ կարեւոր է Մեծ բանաստեղծի մարդկային եւ ծնողական նկարագիրն առավել ամբողջականությամբ ու խորությամբ ճանաչելու համար:


Թամար Թումանյանը Հովհաննես Թումանյանի տասը զավակներից ամենակրտսերն էր: Ծնվել է Թիֆլիսում 1907 թվականին, սովորել տեղի Գայանյան օրիորդաց դպրոցում, ապա Երեւանի համալսարանի տեխնիկական ֆակուլտետում, 1931-ին ավարտել է Երեւանի նորաստեղծ շինարարական ինստիտուտը (որ 1933-ին դարձավ պոլիտեխնիկական)ՙ ճարտարապետի մասնագիտությամբ: 1931-36 թվականներին աշխատել է Ալեքսանդր Թամանյանի ճարտարապետական արվեստանոցում, մասնակցել է կառավարական տան, օպերայի եւ բալետի թատրոնի շենքի նախագծերի մշակմանըՙ անցնելով մասնագիտական ուսանելի բովով: Ավելի քան 35 տարի աշխատելով որպես ճարտարապետՙ նախագծել է մեծ թվով շենքեր եւ շինություններՙ ՔանաքեռՀէկի եւ թիվ 447 գործարանի բնակելի տները, Հիդրոմետծառայության վարչական շենքը, Սիսիանի հյուրանոցը, ժողդատարանը, ամառանոց Նորքում, հանրակացարանային, վարչական շենքեր, տիպային բնակելի տներ եւ այլն: Դրանցում հմտորեն լուծված են ճարտարապետական-քաղաքաշինական շատ խնդիրներ, շատերն էլ տեղ են գտել մասնագիտական գրքերում: Մասնավորապես Հիդրոմետծառայության շենքն իր հորինվածքով եւ կերպավորմամբ հետպատերազմյան հայ ճարտարապետության բնութագրական եւ արժեքավոր օրինակներից է:


Հոր՝ Հովհ. Թումանյանի ստեղծագործական ժառանգության մեջ կարեւոր տեղ են գրավում հայրենի ճարտարապետական հուշարձանների ճանաչողությունն ու արժեւորումը, դրանց խնամքի եւ պահպանության համար մտահոգությունը, ճարտարապետության տարբեր խնդիրներին, ճարտարապետ Թորոս Թորամանյանի գործունեությանը նվիրված հրապարակումները, որոնցից ակնհայտ է, որ բանաստեղծն օժտված էր նաեւ հայրենագիտական-ճարտարապետական որոշակի ձիրքով եւ տաղանդով, ինչն իր դրոշմն էր դրել նրա ստեղծագործական խառնվածքի վրա: Եվ, երեւի թե, այդ ճարտարապետական ոգու ժառանգորդական փոխանցման, պատկերավոր մտածողության եւ երեւակայության գեների դրսեւորումն է դստերՙ Թամարիՙ ճարտարապետի մասնագիտության ընտրությունը եւ այդ ոլորտում ունեցած ստեղծագործական արգասաբեր գործունեությունը:


Թամար Թումանյանը եղել է Հայաստանի ճարտարապետների միության քարտուղարը (1945-49), Հայաստանի ճարտարապետական ֆոնդի նախագահը (1947-51): Մասնագիտական տեւական, արդյունավետ գործունեությունից հետո նա 1966-ից ստանձնեց Երեւանի Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրենությունը (փոխարինելով քրոջըՙ Աշխենին) եւ մինչեւ մահը (1989) ողջ էությամբ եւ կարողությամբ նվիրվեց հոր գրական ժառանգության պահպանման, թանգարանի շենացման ու հարստացման, այն մշակութային առաջնակարգ կենտրոն դարձնելու խնդրինՙ 23 տարի անընդմեջ լինելով հայրական օջախի, ինչպես ասում են, ե՛ւ տերը, ե՛ւ ծառան:


Թանգարանի հնարավորությունները մեծացնելու նպատակով գոյություն ունեցող շենքի արեւելյան կողմին կիցՙ շենքի հեղինակ Գրիգոր Աղաբաբյանի որդուՙ ճարտարապետ Արա Աղաբաբյանի նախագծով 1969-ին կառուցվեց ցուցադրման լայն հնարավորություններով երկհարկանի մասնաշենքը, որի առաջին հարկում ցուցասրահներ են, «ձմեռային այգին», երկրորդումՙ ընդարձակ դահլիճը կից գրադարանով, բնական լուսավորությունն իրագործելով վերեւիցՙ հայկական ժողովրդական տների երդիկանման բացվածքների ձեւով: Ստեղծվեց նաեւ թումանյանական «Վերնատան» երեւանյան տարբերակըՙ նույնանման կահավորմամբ, հարդարմամբ, ինչպես ժամանակին եղել է Թիֆլիսի Բեհբուտյան փողոցի թիվ 50 տանը: Նորացվեց, հարստացվեց ողջ ցուցադրույթը, բարեկարգվեց, արդիականացվեց ձեւավորումն ու ներկայացումը: Բարձր հնչեղությամբ իրականացվեց Լոռվա ձորի ծավալատարածական գեղասքանչ համայնապատկերը (նկարիչներՙ Նիկոլայ Քոթանջյան, Վալերի Պողոսյան)ՙ ուղեկցվելով Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայի լուսեղեն եւ սրտահույզ երաժշտությամբ: Այդ ամենով մեծ բանաստեղծի աներեւույթ ներկայությունն առավել ներկայանալի դարձավ: Հատկապես մեծ եղավ Թամար Թումանյանի դերը բանաստեղծի 100-ամյա հոբելյանի միջոցառումների կազմակերպման եւ անցկացման գործում: Նա արդյունավետորեն իրականացրել է միջոցառումներՙ կապված բանաստեղծի կյանքի եւ ստեղծագործության տարբեր կողմերի հետ (թումանյանական ընթերցումներ, հրատարակչական, հավաքչական աշխատանքներ, հետազոտություններ, պրոպագանդ եւ այլն): Թումանյանի թանգարանը գործունեության ծիրի մեջ առավ թումանյանագետ-մտավորականների մի գործուն համախումբ (Արամ Ինճիկյան, Էդվարդ Ջրբաշյան, Լեւոն Հախվերդյան, Լուսիկ Կարապետյան, Վարազդատ Հարությունյան, Էդմոնդ Տիգրանյան, Սուսաննա Հովհաննիսյան, Ֆրիդա Հակոբյան, Լյուսի Թաշճյան, Մարինա Բաղդասարյան, Նաիրա Ազարյան եւ ուրիշներ), որ շատ օգտակար եղավ թանգարանի առջեւ դրված խնդիրների լուծման գործում: Թանգարանի մշտական հյուրերն են եղել եւ նրա գործունեությանն իրենց նպաստն են բերել Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Մարտիրոս Սարյանը, Սուրեն Քոչարյանը, Սիլվա Կապուտիկյանը, Հրաչյա Հովհաննիսյանը, Հրանտ Մաթեւոսյանը եւ ուրիշներ: Թանգարանը, Հովհ. Թումանյանի խոսքերով ասած, «բանում էր մեղվի փեթակի պես»ՙ գտնվելով հասարակության ուշադրության եւ հնչողության շրջանակում:


Թամար Թումանյանն արժանապատվորեն կրում էր Թումանյանների մեծ գերդաստանի բարի ավանդույթները եւ ծառայեցնում ժողովրդին: Իրոք, ժառանգել էր «ծով բարություն, շնորհք ու սեր»: Ժամանակակիցները վկայում են, որ «ուժեղ եւ ինքնատիպ բնավորություն էր Թամարըՙ լայնախոհ ու առատաձեռն, միշտ բարձր կանգնած կյանքի մանրուքներից, միշտ ուղղամիտ եւ սկզբունքային» (Էդվարդ Ջրբաշյան), որ «ընտանիքն ու հոր շրջապատն անջնջելի հետք էին թողել Թամարի խառնվածքում: Հորից էր ժառանգել այնպիսի բարեմասնություններ, որպիսիք են մարդամոտությունը, մարդասիրությունը, մարդկանց նկատմամբ կարեկցությունը, անխառն հայրենասիրությունը եւ, իհարկե, եռանդալից, պարտաճանաչ ու նվիրյալ գործունեությունը» (Վարազդատ Հարությունյան): Ավելացնենքՙ նաեւ հումորը եւ անմիջականությունը, որ դրսեւորվել են շատ վաղ հասակից: Քույրըՙ Նվարդը պատմում էր, որ Հովհ. Թումանյանի ծննդյան 50-ամյակի օրերին բանաստեղծը հագնում է իր նոր վերնաշապիկը, կապում շքեղ փողկապը, պատրաստվում դուրս գալու: «Հայրիկ, այդ ո՞ւր ես այդպես պատրաստվում,- հարցնում է իննամյա Թամարը: «Շաշ լոռեցիները» հավաքվել են, ինձ էլ հրավիրել: - Հայրիկ, դու ամենամեծ լոռեցին ես, ուրեմն ամենամեծ շաշն ես», վրա է բերում աղջիկը:


Թումանյանի հարաբերությունները զավակների հետ եղել է այնպես, ինչպես հավասարը հավասարի: Ծնողի եւ զավակների դասական, իդեալական հարաբերությունների օրինակ, լի սիրով, կիրթ, բարի, ազնիվ, նվիրական զգացումներով: Ընտանեկան բացառիկ երանելի միջավայր: Թամարի կրտսեր լինելը չէր խանգարում, որ նա էլ գրեթե համարժեք տեղ ունենար մյուս զավակների շրջանակում եւ նրանց հավասար արժանանար հոր ուշադրությանն ու ջերմագին վերաբերմունքին:


Թամարի անունը հոր կենսագրության հետ կապվում է ամենավաղը, երեւի թե, 1909-ի սկզբներին, երբ Մետեխի բանտում գտնվող Թումանյանը տեսակցության ժամանակՙ 1,5 տարեկան Թամարին գրկելիս, ծխախոտի ծալծլած թուղթ է դնում նրա հագուստի ծալքում: Պարզվում է, որ թղթի վրա գրված են բանաստեղծի «Մի կաթիլ մեղրը» բալլադը եւ «Վայրէջք» բանաստեղծությունը: Պատկերացնելի է, թե ինչ կստացվեր, եթե Թումանյանի այդ «կոնսպիրատիվ» քայլըՙ Թամարի ակամա մասնակցությամբ, հաջողություն չունենար:


Բանաստեղծը կազմել է հայրենագիտական խաղերի շարքՙ նվիրված հայոց գրերին, աստղերին, ծաղիկներին, ծառերին, քարերին, գույներին, առածներին, հանելուկներինՙ «որ մեր երեխաներն ու պատանիները ճանաչեն ու սիրեն իրենց հայրենիքը»: Զավակները ստեղծում են «Մանուկ» ընկերությունը եւ փորձում կյանքի կոչել հոր մտահղացումները: Թումանյանի խորհուրդներով եւ ավագ որդուՙ Մուշեղի ղեկավարությամբ բեմադրվեց «Ծաղիկների երգը» խաղը, որում Թամարը ներկայացել է կակաչի կերպարով: Բանաստեղծին հատկապես մեծ բերկրանք են պատճառել կրտսերներիՙ Թամար—կակաչի, Սեդա-աղջկա, Արփիկ-շուշանի դերակատարումները:


Թամարն ընդամենը տասը տարեկան էր, եւ ինչ «մեծական» նամակ է գրում եղբորըՙ Արտավազդին. «Ինչի՞ նամակ չես գրում: Էնպես լավ անցկացրինք հայրիկի տոնը (հունվարի 14-ըՙ անվանակոչության օրը- Գ. Շ.), վաթսունհինգ հոգի եկան, աթոռներս պակասեց, գնացինք Աշխենի տնից բերեցինք: Անդրանիկը հարբած եկել էր, էնքան ուշունց էր տալիս: Փետրվարի մեկին կամ երկուսին Բրյուսովը կգա» («Թումանյանի ընտանիքի նամականին», կազմեց եւ ծանոթագրեց Իրմա Սաֆրազբեկյան, Եր., 2002, էջ 90): Դեռ փոքր հասակից դրսեւորվել է ապագա ճարտարապետ Թամարի նկարչական ձիրքը եւ սերը գեղարվեստի հանդեպ: Այդ մասին Փարիզից Համլիկ եղբայրը վեցերորդ դասարանում սովորող քրոջը գրում է. «Արդեն ինձ հասա՞ր... VI դասարան, ես դրանից դենը չեմ գնացել: Ուրախացա, որ դու նկարում ես եւ սիրում գեղարվեստը... Կարդա, միշտ կարդա ռուսերեն, ճիշտ, ճիշտ, շատ եմ խնդրում, մի մոռանա հայերենդ եւ լավ սովորի ռուսերեն»: Համլիկը Թամարին ե՛ւ սովորելու ժամանակ, ե՛ւ հետագայումՙ արդեն որպես ճարտարապետ աշխատելիս, ուղարկել է գրքեր, նկարներ, նկարչական պարագաներ, նաեւ խորհուրդներ տվել մասնագիտության մեջ խորանալու ուղղությամբ: Թամարին ուղղված նամակը վերջացնում է հորՙ մահվանից առաջ արտասանած վերջին բառերովՙ «Ղոչաղ կացեք», որ թեւավոր էր դարձել ընտանիքի համար:


Բանաստեղծն ընծայական է թողել «Անուշ» պոեմի 1916-ի հրատարակության անվանաթերթի վրա. «Իմ Թամարիկին,/ Որ իր հայրիկին/ Ճանաչեց նոր/ Էսօր»: Դրա շարժառիթի մասին Թամարը պատմել է, որ «ինքը մի անգամ դասագրքից կարդացել է «Անուշ» պոեմի «Ամպերը դանդաղ, ուղտերի նման» տողով սկսվող հատվածը եւ արտահայտել է իր հիացմունքը: Բանաստեղծը ժպտալով ասել էՙ «Աղջիկս ինձ նոր ճանաչեց» եւ տեղնուտեղը գրել է այս ընծայականը»: Մայրըՙ Օլգան Թամարին կնքել է նաեւ Սեւուկ անունով: Այդ մասին Հովհ. Թումանյանը տիկնոջն ուղղված 1907 օգոստոսի 2-ի նամակում գրել է. «Մի ուլիկի հեքիաթ եմ գրել. անունը դրել եմ «Սեւուկ», դու էլ էդտեղ երեխի անունն ես Սեւուկ դրել» (նկատի ունի իր «Ուլիկը» հեքիաթը, որի վերնագիրը նախապես եղել է «Սեւուկ»): Քույրըՙ Աշխենը գրում է. «Թումանյանը առաջին շրջանի գրվածքներից շատերը չէր հավանումՙ համարելով թույլ բաներ: Լեգենդներից «Ախթամարը» չէր սիրում, ուզում էր հանել (ժողովածուից), կատակի ձեւով, թեՙ Թամարի խաթեր համար դեռ մնա»: 1917 հունվարի 1-ին Թումանյանը Թամարի ալբոմում գրել է շնորհավորանքի սրտառուչ խոսքեր:


Գրել է նաեւ 1920-ին, որ պատած է տխրության, կարոտի երանգով:


1920 թվականին սիրագորով հայրը Թամարի ալբոմում թողել է մի թանկագին, բայց տխուր մասունք եւս, որ մթագնում է նաեւ այսօրվա ընթերցողին մեծ լավատեսի տրտմալի թախիծով, «կայծակնահար կաղնու» վշտի ու հոգսի ահագնությամբ:


Լուսը լուսին քո ժպիտն է իմ երեսին ճառագում,


Երբ, ա՛խ, արդեն անբույժ զարկըված, դեպի մահն եմ ես հակվում,


Էսպես էն վառ արեգակի շողերի տակ կենսածոր


Կայծակնահար կաղնին ոտքի չորանում է օրեցօր:


***


Թամար Թումանյանի մահով (1989 թ.) դատարկվեց «Թումանյանի պալատը», ունեցանք, ինչպես Էդ. Ջրբաշյանն է գրում. «Ոչ միայն «կենդանի Թումանյանի» հետ շփվելու հնարավորության կորուստ, այլեւ մի ամբողջ դարաշրջանի եւ կուլտուրայի ավարտ, որոնք էլ երբեք ետ չեն դառնա...»:


Թամար Թումանյանը, մեծ չափով ընդլայնելով թանգարանի գործունեության շրջանակը, ձգտում էր բարձրացնել նաեւ թանգարանի դերը Հովհ. Թումանյանի կյանքի եւ ստեղծագործական ժառանգության ուսումնասիրության գործում, ինչն այսօր շատ կարեւոր է եւ անհրաժեշտ: Ակադեմիկոս Էդ. Ջրբաշյանն է գրել. «Ինչպես Պուշկինը եւ Գյոթեն իրենց ազգերի համար, այնպես էլ Թումանյանը մեր ազգի համար երբեք չի սպառվի, նա անընդհատ նոր դիրքերից կուսումնասիրվի»:


Դեռեւս կան մեծ գրողի կյանքի եւ գործունեության հետ կապված շատ խնդիրներ (կյանքի տարեգրությունը, գիտական կենսագրությունը, «Թումանյանական հանրագիտարան» եւ այլն), որոնց իրագործումը շատ կարեւոր կլինի թումանյանագիտության, մեր ազգային մշակույթի հետագա զարգացման համար:


Այսօր քիչ է Թումանյանի ժառանգության պահպանման եւ սերունդների սեփականությունը դարձնելու ուղղությամբ կատարվող աշխատանքը: Լիովին հասունացած է, որպեսզի թանգարանը հետայսու լինի ոչ միայն թումանյանական արժեքների պահպանության վայր, այլ նաեւՙ այդ արժեքների հետազոտման, հայտնաբերման, գնահատման կենտրոն, այսինքն պահանջ է առաջանում վերափոխել Թումանյանի թանգարանի կարգավիճակըՙ նրա գործունեությանը տալով նաեւ գիտահետազոտական ուղղվածություն, դարձնելով թանգարան-ինստիտուտ, ինչպես Երեւանի Մատենադարան-ինստիտուտը:


ԳԱՌՆԻԿ ՇԱԽԿՅԱՆ

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page