Հովհաննես Թումանյանն ու ռուս գրողները


Հայ եւ ռուս գրական կապերին առնչվող հետաքրքիր ու արժեքավոր աշխատություն


Բանասիրական գիտությունների դոկտոր, «Պատմաբանասիրական հանդեսի» գլխավոր խմբագիր Անուշավան Զաքարյանի գիտական հետազոտություններում առանձնահատուկ տեղ են գրավում հայ—ռուս գրական բազմաբնույթ առնչությունները։ Գրականագետի սեւեռուն ուշադրության կենտրոնում հիմնականում եղել են XX դարասկզբի, այսինքն՝ հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական շրջանի իրականությունը, ազգային—մշակութային կյանքը, որի կենտրոնում իր անօրինակ ազգային, գրական ու հասարակական գործունեությամբ կանգնած է Ամենայն հայոց բանաստեղծը՝ Հովհաննես Թումանյանը։


Այս շրջանն ուսումնասիրող ոչ մի հետազոտող չի կարող դարասկզբի գրական, պատմագիտական, մշակու—թաբանական որեւէ խնդիր արծարծելիս կամ լուսաբանելիս շրջանցել Թումանյանի վիթխարի դերը, առավել եւս, երբ խոսքը վերաբերում է հայ—ռուս պատմամշակութային փոխհարաբերություններին, Հայկական հարցին ու Հայոց ցեղասպանության հիմնախնդիրներին։ Հետեւաբար, նրանցից յուրաքանչյուրն այս կամ այն չափով, կամա թե ակամա իր խոսքն է ասում թումանյանագիտության ոլորտում։ Սակայն Ա. Զաքարյանի մուտքն այդ ասպարեզ պատահական բնույթ չի կրում։ Այն պայմանավորված է ոչ միայն գրականագետի հետաքրքրության շրջանակով, այլեւ մեծ բանաստեղծի կյանքի ու գործունեության ուսումնասիրության ոլորտին անկեղծ նվիրումով։ Հավաստումն ընթերցողի սեղանին դրված՝ նրա «Ռուս գրողները եւ Հովհաննես Թումանյանը» աշխատությունն է (հեղինակային հրատ., Երեւան, «Էդիտ—պրինտ» հրատ., 2019, 72 էջ)՝ նվիրված Հովհաննես Թումանյանի 150—ամյա հոբելյանին։


Մենագրությունն ընդգրկում է XX դարի 10—ական թվականներին Թիֆլիսի գրական կյանքի մի շարք հետաքրքիր դրվագներ։ Կովկասի մշակութային կենտրոնում՝ Թիֆլիսում, հայ եւ ռուս գրական—մշակութային նշանավոր իրադարձությունների համատեքստում ներկայացվում են ռուս նշանավոր մտավորականների ու գրողների՝ Կոնստանտին Բալմոնտի, Վալերի Բրյուսովի, Ալեքսանդր Կուլեբյակինի, Սերգեյ Գորոդեցկու, Բորիս Լազարեւսկու եւ Ամենայն հայոց բանաստեղծի գրական առնչությունները, հանդիպումներն ու մարդկային, բարեկամական ջերմ հարաբերությունները։


Աշխատությունը բացող «Երկու խոսք»—ում հեղինակը, անդրադառնալով հարցի նախապատմությանը, առանձ—նացնում եւ կարեւորում է հայ—ռուս գրական աղերսներին ու այդ համատեքստում Թումանյանի գործունեությանը նվիրված՝ բանաստեղծի դստեր՝ Նվարդ Թումանյանի՝ «Հովհաննես Թումանյանը եւ ռուս գրականությունը» արժեքավոր աշխատությունը։


Թումանյանի «Ախթամար» լեգենդի եւ «Համերգ» բանաստեղծության ռուսերեն առաջին թարգմանիչ Կ. Բալմոնտի՝ Թիֆլիս կատարած այցելությունների, դասախոսությունների ու Թումանյանի հետ հանդիպումների մասին է մենագրության առաջին՝ «Կ. Բալմոնտ. «Քեզ երկար կյանք, լո՛ւյս Թումանյան», բաժինը։ Վերնագրի ընտրությունը պատահական չէ։ Լինելով հայ պոետին ձոնված Բալմոնտի բանաստեղծության մի տողը՝ այն ընդգծում է ռուս բանաստեղծի հիացմունքը Թումանյանի ոչ միայն ստեղծագործության, այլեւ մարդկային կերպարի հանդեպ։ Ուշագրավ է, որ թեեւ Թումանյանը «խոսքի վիրտուոզ» Բալմոնտին տաղանդավոր բանաստեղծ չի համարել, այնուամենայնիվ, ռուս պոետի համար նա եղել է «Արեւելյան բանաստեղծների մեջ ամենեն ինքնատիպը եւ ամենեն գունագեղը» (էջ 13)։


Ուսումնասիրության հաջորդ՝ «Վ. Բրյուսով. Թումանյանը «ռուսական օրիենտացիայի» համոզված կողմնակից էր…», մասում հեղինակը շեշտադրում է հայ եւ ռուս բանաստեղծների՝ Բրյուսովի ու Թումանյանի բարեկամության անմոռանալի էջերը, Թումանյանի պոեզիային տրված բրյուսովյան բարձր գնահատականի գրապատմական նշանակությունը։ Աշխատանքի այս հատվածում հեղինակն անդրադառնում է թե՛ Բրյուսովի հայտնի դասախոսություններին, թե՛ երկու բանաստեղծների հանդիպումներին ու գրական զրույցներին, սակայն գրականագետն առանձնակի ուշադրության է արժանացնում այն, ինչն արտահայտված էր վերնագրում։ Գեներալ, բանաստեղծ Ա. Կուլեբյակինի եւ Թումանյանի համատեղ թե՛ ազգային, թե՛ գրական գործունեությունը լուսաբանվում է «Ա. Կուլեբյակին. «Ներշնչվի՛ր. մարդկանց պե՛տք է Թումանյան» բաժնում։ Այստեղ ներառված են Կուլեբյակինի կյանքի, նրա եւ բանաստեղծի որդու՝ Վանի վերջին պարետ Արտավազդի մտերմության, գեներալի եւ Թումանյանի հանդիպումների մասին ուշագրավ տեղեկություններ։ Զետեղված նյութերից վերստին հաստատվում է Թումանյանի գեղարվեստական թարգմանությունների կատարելությունը, մասնավորապես ռուս գրականությունից բնագրին համարժեք պոեզիա վերստեղծելու բանաստեղծի վիրտուոզ ունակությունը, անուրանալի տաղանդը։


Երբ Թումանյանը կարդում է Պուշկինի «Ջրահեղձ»—ի իր թարգմանությունը, Ա. Կուլեբյակինը, ով հայերեն չգիտեր, 2—3 տուն լսելուց հետո բանաստեղծության չափից, ռիթմից, հնչողությունից զգում է, որ Թումանյանի թարգմանությունը ոչ միայն Պուշկինից է, այլեւ հենց «Ջրահեղձ»—ն է։ Անշուշտ, այս հանգամանքն իր դերն է խաղացել, որ Կուլեբյակինը գայթակղվել է Թումանյանին թարգմանելու ցանկությամբ, որն իրականություն է դարձրել՝ ռուս ընթերցողին ներկայացնելով նաեւ Թումանյանի «Վերջին օրը» գործը։ Գեներալ բանաստեղծի կողմից ընտրությունը պատահական չէր։ «Վերջին օրը» Թումանյանը գրել էր 1915 թ. ապրիլի 24—ին տեղի ունեցած Դիլմանի ճակատամարտում հայ կամավորների հաղթանակի ազդեցության տակ ու արտահայտում էր հայ եւ ռուս ռազմական դաշինքով ու համատեղ պայքարով Արեւմտյան Հայաստանն ազատագրված տեսնելու Թումանյանի հավատը, ինչը, անշուշտ, Կուլեբյակինի սրտով էր։

Առաջին անգամ չէ, որ անվանի գրականագետն անդրադառնում է Արեւմտյան Հայաստանում եւ Անդրկովկասում Ս. Գորոդեցկու գործունեությանը։ Խնդրո առարկա աշխա—տության մեջ առանձնացվում է միայն Ս. Գորոդեցկու եւ Թումանյանի մեծ բարեկամության պատմությունը, որը ներկայացվում է «Ս. Գորոդեցկի. Ձեր անունը գաղափար է…» բաժնում։ Ընդգծելով երկու բանաստեղծների միջեւ եղած հոգեւոր կապը՝ հետազոտողը կանգ է առնում Թումանյանի եւ Գորոդեցկու փոխհարաբերություններում հայ բանաստեղծի ռուսական կողմնորոշման խնդրի վրա։


Ընթերցելով աշխատության՝ «Բ. Լազարեւսկի. «…Սերը մերձավորի հանդեպ ֆիկցիայից կդառնա իրականություն…» հատվածը՝ մեկ անգամ եւս համոզվում ես, թե որքան ուշադիր է եղել Թումանյանը այլազգի այն բոլոր մտավորականների, մասնավորապես, գրողների նկատմամբ, ովքեր թեկուզ շատ կարճ ժամանակով այցելել են Թիֆլիս, այլեւայլ թեմաներով դասախոսություններ կարդացել եւ, իբրեւ կանոն, հյուրընկալվել բանաստեղծի տանը։ Նրանց թվում է եղել արձակագիր Բորիս Լազարեւսկին։


Աշխատության մեջ քննության առնված՝ Թումանյանի մասին ռուս գրողների տված բարձր գնահատականների, նրան ձոնված ռուս պոետների՝ Բալմոնտի, Բրյուսովի, Գորոդեցկու, Կուլեբյակինի բանաստեղծությունների, տարբեր առիթներով Թումանյանին ուղղված ընծայագրերի շնորհիվ հառնում է մեծ լոռեցու մարդկային կերպարը եւ այն անսահման սերն ու հիացումը, որ տածել են ռուս գրողները նրա ու նաեւ Հայաստանի նկատմամբ, քանի որ առաջինը հենց նրանց ստեղծագործություններում ու բնորոշումներում Թումանյանը նույնացավ Հայաստանի հետ, հենց նրանք աշխարհին ներկայացրին Թումանյանին՝ իբրեւ մեր հայրենիքի խորհրդանիշ։


Ա. Զաքարյանի սույն ուսումնասիրությունը նրանում բարձրացված հարցերի, գրական—մշակութային մի շարք կապերի արծարծումներով ունի արդիական հնչողություն։ Գիտական շրջանառության մեջ է դրվում հայ եւ ռուս գրական կապերին առնչվող Թումանյանի եւ ռուս անվանի գրողների ու թարգմանիչների մարդկային բարեկամությունը։ Ըստ այդմ՝ ցանկալի է, որ գիրքն առաջիկայում հրատարակվի ռուսերեն։


Սուսաննա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Բանասիրական գիտությունների դոկտոր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan.Online-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ yvnonline@gmail.com

Գլխավոր խմբագիր՝ Աննա Սարգսյան