24.12.2020
Այսօր ոստիկանության մեծաքանակ ուժերը հսկում էին կառավարության շենքը, որտեղ կառավարության հերթական նիստն էր, եւ որը փորձում էին շրջափակել ցուցարարները: Ոստիկանությունը մոտ 7 տասնյակ մարդ է բերման ենթարկել, ոստիկանական Գազել մակնիշի մեքենաներից մեկի դուռն այդ քաղաքացիներին տեղափոխելիս պոկվել էր:
Նիկոլ Փաշինյանի նախահեղափոխական սիրած արտահայտություններից մեկը «հուսահատության գազելն» էր. երեւանյան տրանսպորտի անմխիթար վիճակը նկարագրելով, Փաշինյանն այն ընդհանրացնում էր պետության վրա, պետության վիճակը համեմատում «հուսահատության գազելի» հետ:
Հատկանշական է, որ Երեւանի տրանսպորտի խոստացված լուծումն այդպես էլ չեղավ, եւ քաղաքապետարանը գնեց… մի քանի նոր գազելներ:
Սա էլ իր հերթին Նիկոլ Փաշինյանի իշխանության «խորհրդանիշը» դարձավ: Նրա ղեկավարումն անցավ նախկինի հետ հակադրության մեջ, մենք ավելի լավ կանենք հայկական ավանդական տրամաբանությամբ, այդպես էլ չիրականացնելով համակարգային բարեփոխումներ: Բայց հնարավոր չէ անել ավելի լավ՝ պատճենը չի կարող գերազանցել բնօրինակին: Այստեղ էլ դրսեւորվեցին ու այդպես էլ մինչեւ վերջ գերակշռեցին «հակադրվելով նմանակելու» Փաշինյանի բարդույթները՝ Սերժ Սարգսյանի ամառանոցի թանկ ռեմոնտ եւ նախկին մուգ գույների փոխարեն բաց գույներ, որը Փաշինյանը հպարտորեն ցույց էր տալիս լայվով, հին ծառայողական մեքենայի փոխարեն նորը, եւ այդպես շարունակ՝ մինչեւ 800 հեկտարի փոխարեն…
Ահա այս տրամաբանությամբ էլ Փաշինյանն ասում է, որ եռակողմը ստորագրել է Արցախը պահելու, սահմանները տեղորոշում են Սյունիքը պահելու համար, եւ այլն: Դրա վերջը պետք է լիներ նույն «հուսահատության գազելը» վարչապետի համար: Lragir