Հուսահատ թելը բռնածը

31.08.2020

Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սարդար Ջալալօղլուն բացահայտել է ներկայիս մերձկասպյան պետության էությունը, որը ստեղծումից 100 տարի անց կախված է երկու բարակ թելից։ Ուրիշի հողերի վրա շիա թյուրքական հիմքի վրա ստեղծված պետությունը պահպանվում է մի կողմից Թուրքիայի և Ռուսաստանի ու մյուս կողմից շիական Իրանի հակասությունների վրա։ Հիմա, երբ «Ադրբեջան նախագծի» ավարտի մասին միայն ծույլերը չեն խոսում, Բաքուն բռնել է թուրքական ու իրանական թելերը:


«Լեռնային Ղարաբաղը մեր հայրենիքն է, մի՞թե այն Իլհամ Ալիևի իրավասության տակ է: Ղարաբաղը պատկանում է ադրբեջանցի ժողովրդին, իսկ 40 մլն ադրբեջանցի ապրում է Իրանում: Ո՞վ կարող է Ղարաբաղը տալ առանց այդ ադրբեջանցիների համաձայնության: Հողը պատկանում է ժողովրդին, որի 90%-ն ապրում է Իրանի տարածքում: Ադրբեջանի կառավարությունը ցանկանում է այդ հարցը լուծել միայն իշխանությունների մակարդակով: Սակայն դա ամբողջ ազգի հարցն է: Ադրբեջանցի ազգը բաղկացած է ոչ միայն ադրբեջանցիներից, որոնք ապրում են Հյուսիսային Ադրբեջանում: Թուրքիայում ապրում է մոտ 10 մլն ադրբեջանցի թուրք, Իրանում՝ 30-40 մլն ադրբեջանցի թուրք կան նաև թուրքեր, որոնք ապրում են Ադրբեջանում, որոնք չեն համաձայնվել հայերին հանձնել Ղարաբաղի և ոչ մի քար: Մենք արդեն միասնական ենք Թուրքիայի հետ գիտակցական մակարդակում: Այսինքն մեր գիտակցությունը կոնֆեդերատիվ: Թող որ պաշտոնական պայմանագիր կնքվի, արտաքին քաղաքականությունը միավորվի բանակի հետ: Մենք սպասում ենք համադաշնության մասին պայմանագրի կնքմանը»,-հայտարարել է Սարդար Ջալալօղլուն:


Ադրբեջանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ադրբեջանցի ընդդիմադիրը բացահայտում է ադրբեջանական պետության միակ փրկությունը՝ Թուրքիայի հետ համադաշնությունը: Ընդ որում, ակնարկում է, որ եթե Իրանը դեմ լինի, ապա համադաշնությանը «կմիանա» 30-40 մլն Իրանի ադրբեջանցիները:


«Ռուսաստանը այլևս չի կարողանա Ադրբեջանին պահել իր ազդեցության գոտում: Կլանային հակամարտությունը զգալի թուլացրել է Ռուսաստանի ազդեցության գոտին: Երթից մեկ օր անց Ալիևն ասաց, որ եթե Թովուզի իրադարձությունները «5-րդ շարասյան» գործն է, ակա այն պետք է ամբողջությամբ զտվի: Հավանական է, որ ռուսական հետախուզական ցանցը ամբողջությամբ կզտի: Այսինքն, որոշակի առումով փոխվում է կառավարության որակը: Ադրբեջանի իշխանությունները չեն կարող գործել ադրբեջանցի ժողովրդի կամքին հակառակ»,-հայտարարել է Ջալալօղլուն:


Ըստ երևույթին, Թուրքիայի կողմից Ադրբեջանի կլանումը որոշված է արդեն, բայց թուրքերը չգիտեն, թե ինչ անել հայկական Նախիջևանի հետ, որը ժամանակավոր փոխանցվել է Ադրբեջանին։ Նախիջևանի բոլոր իրավունքները պատկանում են Հայաստանին, և դա հիանալի գիտեն Անկարայում։ 100 տարի առաջ Նախիջևանը ռուս-թուրքական ագրեսիայով պոկվեց Հայաստանից։ Ռուսաստանն այս անգամ կհամաձայնի՞ Կարմիր բանակ մտցնել, որ Թուրքիան «պահպանի» Նախիջևանը։

Ջալալօղլուն ասում է, որ Ալիևն սկսել է «ռուսական ազդեցության գործակալների» զտում՝ հավանաբար նկատի ունենալով արտաքին գործերի նախկին նախարար Էլմար Մամեդյարովին։


ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

Lragir

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan.Online-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ yvnonline@gmail.com

Գլխավոր խմբագիր՝ Աննա Սարգսյան