top of page

Հսկա Եռագույնը՝ Անիի դիմաց

26.04.2020, ԽԱՐԿՈՎ

Ապրիլի 24-ին հայ-թուրքական սահմանին՝ Խարկով գյուղում, տեղադրվել են Հայաստանի եռագույն դրոշն ու խաչքար: 21 մետր բարձրության վրա տեղադրված դրոշն ունի 10 մետր երկարություն և 5 մ լայնք:


Դրոշը տեղադրվել է Անի քաղաքի դիմաց. գյուղը Հայաստանի պատմական մայրաքաղաքից բաժանում է մի ձորակ: Խարկով գյուղը փակ տարածք է եւ հնարավոր է մուտք գործել միայն սահմանը հսկող ռուս սահմանապահների թույլտվությամբ: Սակայն այս տարի, ըստ Շիրակի մարզպետի, մուտքի ռեժիմը կթուլացվի, ճանապարհ կկառուցվի, եւ ցանկացողները կարող են այցելել գյուղ ու մոտիկից տեսնել Անին:


Դրոշի տեղադրման արարողության ժամանակ հնչել է հայտնի երգը, որում այսպիսի բառեր կան՝ տեսնեմ Անին ու նոր մեռնեմ: Հնարավոր է՝ երգի հեղինակը նկատի է ունեցել այլ բան, որովհետեւ հեռվից Անին բոլորն էլ կարող են տեսնել, առավել եւս եթե մարզպետի խոստումն իրականություն դառնա: Միեւնույն ժամանակ, դա կարող է չար կատակ դառնալ, եւ շատերն Անին չցանկանան տեսնել՝ մոտալուտ մահվան զգացողություն չունենալու համար: Կատակը կատակ, բայց դրանում խեղճության պես մի բան կա:


Հսկա Եռագույնի տեղադրումը հակասական զգացողություններ է առաջացնում: Մի կողմից, ռուսական ուղեկալի փակ հատվածում տեղադրվում է Հայաստանի դրոշը, ռեժիմը թուլացվում է, եւ մեր պետության տարածքի մի հատված դադարում է փակ լինել մեր քաղաքացիների համար:


Մյուս կողմից, Հայաստանի դրոշի կողքին ծածանվում է ռուսական դրոշը, ուղեկալի վրա: Խնդիրն այն է, որ Հայաստան-Թուրքիա սահման, որպես այդպիսին, գոյություն չունի:


Դա ռուս-թուրքական սահման է, որը որոշվել է 1921 թ. ռուս-թուրքական անօրինական պայմանագրերով, Հայաստանի Առաջին Հանրապետության օկուպացիայի արդյունքում:


Այդ պայմանագրերն անօրինական էին, որովհետեւ չկա Հայաստանի ստորագրությունը, եւ ըստ այդմ սահմանն էլ այսպես ասած լեգիտիմ չէ:


Իրականության մեջ, ռուս սահմանապահները պաշտպանում են 1921 թ. ռուս-թուրքական պայմանագրերով ստեղծված իրավիճակը: Ընդ որում, Հայաստանի անկախությունն ու Ղարաբաղում հայկական հաղթանակը հակասում են այդ իրավիճակին, եւ Հայաստանի ուղղությամբ Ռուսաստանի քաղաքականությունը հատկապես վերջին տասնամյակում ուղղված է Հայաստանի միջազգային մեկուսացմանը, ինքնիշխանության սահմանափակմանը եւ Ադրբեջանի պարտությունը թույլ չտալուն: Այսինքն՝ 1921 թ. պայմանագրերով ստանձնած պարտավորություններին:


Այդ պայմանագրերով Հայաստանի Առաջին Հանրապետության մեծ մասը՝ Կարսի, Արդահանի, Սուրմալուի շրջանները եւ Արարատ լեռը անցան Թուրքիային, Նախիջեւանը՝ Ադրբեջանին: Հայ բնակչությունը տեղահանվեց եւ 1921-23 թթ. ռուս-թուրքական զորքերի կողմից ոչնչացվեց արդեն սովետական Հայաստանի տարածքում, որպես երաշխիք այդ պայմանագրերի կատարման:


Հայաստանը չի ճանաչել այսպես կոչված հայ-թուրքական սահմանը, եւ այդ հանգամանքը նկատի առնելով՝ դրոշի տեղադրումը Անիի դեմ հանդիման երկիմաստ իրավիճակ է առաջացնում: Օրինակ, Ակնայում եւ Հորադիզում հայկական դրոշի պարզումը քաղաքական եւ ռազմական իրողությունների արձանագրումն է: Հայաստանը պատրաստվո՞ւմ է ճանաչել 1921 թ. ռուս-թուրքական օկուպացիան եւ այսպես կոչված սահմանը: Թե՞ սա դրոշի առաջին հանգրվանն է՝ այդ պայմանագրերի չեղարկման եւ Նախիջեւանի, Կարսի, Արդահանի ու Սուրմալու-Արարատի վերադարձի օրինական պահանջի ճանապարհին:

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page