24.04.2020, ԿԻԵՎ
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը թվիթերյան գրառում է արել ապրիլի 24-ի կապակցությամբ, նշելով, որ Ապրիլի 24-ը հայերի ցեղասպանության տարելիցն է, եւ արձանագրելով, որ անպատժելիությունը ծնում է նորանոր այդպիսի ողբերգություններ:
Ուկրաինայի ներքին գործերի նախարարի գրառումը հույժ կարեւոր է ոչ միայն զուտ բարոյական տեսանկյունից, այլ նաեւ քաղաքական: Ուկրաինայի կառավարող կուսակցության՝ «Սլուգա նարոդա» ուժի պատգամավորուհի Դարյա Վոլոդինան գրառում էր արել, որտեղ ներկայացրել էր Ուկրաինայի փոխարտգործնախարարի նամակը պատգամավորներին եւ պաշտոնյաներին: Դրանում փոխարտգործնախարարը հորդորում էր չկիրառել ցեղասպանություն բառը եւ չմասնակցել հիշատակի միջոցառումների, քանի որ Թուրքիան Կիեւի համար կարեւոր գործընկեր է, իսկ Հայաստանը միջազգային ատյաններում Ղրիմին առնչվող հարցերում քվեարկում է Ուկրաինայի դեմ:
Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովն օգտագործում է ցեղասպանություն եզրը, անդրադառնալով իր հայրենակիցների հանդեպ Օսմանյան Թուրքիայում իրականացված ոճրագործության 105-րդ տարելիցին:
Միաժամանակ, Արսեն Ավակովի գրառման քաղաքական կարեւորագույն համատեքստը պայմանավորված է ոչ միայն Վոլոդինայի սադրանքի հանգամանքով: Ուկրաինայում կարեւոր զարգացում է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի փոխվարչապետի պաշտոնում նշանակելու առաջարկը: Սահակաշվիլին դեռեւս Պորոշենկոյի նախագահության շրջանում լինելով Օդեսայի նահանգապետ, հետո կոնֆլիկտ ունեցավ ներքին գործերի նախարար Ավակովի հետ:
Խնդիրը սակայն այստեղ կարող է միայն առերեւույթ լինել Սահակաշվիլի-Ավակով ինտրիգ, որ առաջանում է Վրաստանի նախկին նախագահին փոխվարչապետի պաշտոնին նշանակումով: Բանն այն է, որ Միխայիլ Սահակաշվիլին բավական սերտ հարաբերության մեջ է թուրք-ադրբեջանական տնտեսա-քաղաքական շրջանակների հետ դեռեւս Վրաստանի նախագահի պաշտոնից: Նա մեծ տնտեսական հնարավորություն տալով այդ շրջանակներին, կամա, թե ակամա մեծացրեց նրան ազդեցությունը Վրաստանում: Դա գուցե ունեցավ իր էական նշանակությունը նրա հետագա ճակատագրի, իշխանությունից հեռանալու հարցում, որ տեղի ունեցավ Արեւմուտքի եւ Ռուսաստանի ակնհայտ փոխհամաձայնությամբ:
Արդյոք խաղը ներկայում տեղափոխվում է Ուկրաինա: Հատկանշական է, որ նախօրեին տեղի է ունեցել հեռախոսազրույց Ուկրաինայի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ: Ի դեպ, դա նույնիսկ կարող է հետաքրքիր դիտվել արցախյան հարցում հետաքրքիր հայտարարությունների ֆոնին, որոնք Մամեդյարովին թիրախ են դարձրել Ալիեւի աշխատակազմում: Մամեդյարովը Ուկրաինայի արտգործնախարարին հրավիրել է Բաքու, որն էլ ընդունել է հրավերը:
Միաժամանակ, Սահակաշվիլու նշանակումն ակնհայտորեն անձնական է ընկալվելու Ռուսաստանում՝ Պուտինի մոտ, որի վերաբերմունքը նրա հանդեպ ակնառու է: Սակայն, եթե կա նրա թուրք-ադրբեջանական տնտեսա-քաղաքական հետագծի հանգամանքը, ապա Ուկրաինայի նախագահը հնարավոր է նաեւ այդ հանգամանքն է դնում Մոսկվայի դեմ: Այստեղ հատկանշական է Մոսկվա-Անկարա հարաբերությունը, որում Էրդողանը մեկ անգամ չէ, որ Պուտինին ցույց է տվել Ուկրաինայով հարվածի տարբերակը:
Այդ տեսանկյունից, Ավակովի գործոնը, որը ներկայում գուցե իր հակասականության պայմաններում ուկրաինական պետական սուբյեկտության թերեւս վերջին գործոնն է, ստանում էական նշանակություն: Ուկրաինայի համար ինքնիշխանության պաշտպանությունը էական է ոչ միայն ռուսական կողմից վտանգի, այլ նաեւ հնարավոր թուրք-ադրբեջանական ազդեցության առումով: Դա կարող է խնդիր լինել նաեւ Եվրոպայի համար: Ի վերջո, կա Վրաստանի պարզ օրինակը:
Հայերի ցեղասպանության մասին Արսեն Ավակովի գրառումը գործնականում գրառում է նաեւ ուկրաինական ինքնիշխանության համար պայքարի հաստատակամության մասին:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ԼՐԱԳՐԻ վերլուծաբան
Comments