Մահացել է շոումեն Գևորգ Եղիազարյանը

26.06.2021, ԳԼԵՆԴԵԼ

Լոս Անժելեսում ուղեղի կաթվածից կյանքից հեռացել է շոումեն Գևորգ Եղիազարյանը։ Լուրը Yerevan.Online-ին հայտնեցին շոու-բիզնեսի մեր աղբյուրենը։


Դերասանի մասնագիտությամբ Եղիազարյանը 2000-ականների լոտոների բումի շրջանում հայտնի դարձավ իբրև «Ընտանեկան լոտոյի» հաղորդավար, ակտիվ զբաղվում էր հանդիսավարությամբ։


2011-ից բնակվում էր ԱՄՆ-ում։ Հարցին՝ ինչո՞վ է Ամերիկայի Միացյալ Նահանգներն այդքան գրավում հայ հայտնիներին, պատասխանում էր.


- Չգիտեմ այլոց ինչով, բայց ինձ լայն, մեծ ու անսահմանափակ հնարավորություններով: Այստեղ ես իմ կամքին հակառակ պարտավորություններ չունեմ, ընտրելու իրավունք ունեմ, իսկ ընտրության հնարավորությունը շատ մեծ է: Ասեմ նաև, որ ոչ միայն հայտնիներին է գրավում ԱՄՆ-ն, այլ շատ-շատերին: Մենք երկու միլիոնից ավել հայ ազգաբնակչություն ունենք այստեղ, ուղղակի հայտնիների քայլերն ավելի տեսանելի են:

Գևորգը մասնագիտությամբ դերասան էր, սակայն այդ ոլորտում այնքան էլ ակտիվություն չէր ցուցաբերում: Ինչո՞ւ նրան չգրավեց դերասանի կարգավիճակը հարցին ասում էր.


- Շնորհիվ մի քանի հետաքրքիր առիթների` կարողացա ներկայանալ իմ բուն մասնագիտությամբ, որն է դրամատիկ կինոյի և թատրոնի դերասան: Սակայն հաղորդավարությունը ևս հեռու չէ իմ մասնագիտությունից, չէ՞ որ այստեղ ևս պահանջվում է խոսքի կուլտուրա և ճիշտ առոգանություն, ինչն այսօր շատ է կաղում մեր հայկական հեռուստաեթերում:

Գևորգ Եղիազարյանը նաև բանաստեղծություններ էր գրում։ Ձեզ ենք ներկայացնում նրա ստեղծագործություններից մեկը.


ՓՈԽՎԵԼ Է ԻՄ ՇՈՒՐՋԸ ԱՄԵՆ ԻՆՉ,

ԿԱՐԾԵՍ, ԷԼ ԱՌԱՋՎԱՆԸ ՉԷ ՈՉԻՆՉ:

ԻՄ ՀԱՐԱԶԱՏ ԴՊՐՈՑԻ ԿՈՂՔՈՎ ՔԱՅԼԵԼԻՍ,

ՍԻՐՏՍ ՉԻ ԶԱՐԿՈՒՄ, ԷԼ ՉԵՄ ՇՏԱՊՈՒՄ,

ՈՒՍՈՒՑՉՈՒՀՈՒՍ ՏԵՍՆԵԼԻՍ, ԷԼ ՉԵՄ ԿԱՐԿԱՄՈՒՄ,

ԻՍԿ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՆՍՏԱՐԱՆԻՆ ՆՍՏԵԼԻՍ, ՉԵՄ ՏԵՂԱՎՈՐՎՈՒՄ:

ՓՈԽՎԵԼ Է ԻՄ ՇՈՒՐՋԸ ԱՄԵՆ ԻՆՉ....

ԻՆՁ ԾԱՆՈԹ ՈՒ ՀԱՃԵԼԻ ՓՈՂՈՑՆԵՐՈՎ ՔԱՅԼԵԼԻՍ,

ԳԱՐՆԱՆ ԱՆՈՒՇ ԱԿԱՑԻԱՅԻ ԲՈՒՐՄՈՒՆՔԸ ՉԻ ԳԱԼԻՍ,

ՔԱՂՑՐԱՎԱՃԱՌ ՏԻԿԻՆԸ, ԷԼ ՁԱՅՆ ՉԻ ՏԱԼԻՍ,

ԱՅՍ ԱՄԵՆԻ ԿԱՐՈՏԻՑ, ՍԻՐՏՍ Է ԼԱԼԻՍ:

ՓՈԽՎԵԼ Է ԻՄ ՇՈՒՐՋԸ ԱՄԵՆ ԻՆՉ....

ԸՆԿԵՐՆԵՐԻՍ ԱՉՔԵՐԻՆ ՆԱՅԵԼԻՍ,

ԱՌԱՋՎԱ ՊԵՍ ՓԱՅԼՈՒՆ ՇՈՂԵՐ ՉԵՆ ՏԱԼԻՍ,

ԾԻԾԱՂԻՑ ԹՈՒԼԱՑԱՑ, ՈՒՐԱԽՈՒԹՅԱՆ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԸ ՉԵՆ ԳԱԼԻՍ,

ՏԱՐԵՑ ՄԱՐԴԻԿ ԻՆՁ ՏԵՍՆՈՒՄ,ԲԱՅՑ ԷԼ ԲԱՐԵՎ ՉԵՆ ՏԱԼԻՍ:

ՓՈԽՎԵԼ Է ԻՄ ՇՈՒՐՋԸ ԱՄԵՆ ԻՆՉ....

ԵՐԿԱՐ ՍՊԱՍՎԱՑ ԳԱՐՈՒՆԸ, ԱՌԱՋՎԱ ՊԵՍ ՉԻ ԳԱԼԻՍ,

ՃԱՄՓԻՆ ՓՌՎԱԾ ՎԱՐԴԵՐԸ, ՀԻՆ ԲՈՒՐՄՈՒՆՔԸ ՉԵՆ ՏԱԼԻՍ,

ԻՆՁ ԱՐԹՆԱՑՆՈՂ ԱՌԱՎՈՏՎԱ ԱՐԵՎԻ ՇՈՂԸ,

ԱՉՔՍ ՉԻ ԾԱԿՈՒՄ, ՇԱՏ ՈՒՇ Է ՄԵՐ ՏՈՒՆ ԳԱԼԻՍ:

ՓՈԽՎԵԼ Է ԻՄ ՇՈՒՐՋԸ ԱՄԵՆ ԻՆՉ....

ԽՈՀԵՄ ՀՈՐՍ ՄԱԶԵՐԸ,

ԱՌԱՋՎԱ ՊԵՍ, ՍԵՎ ԱԼԻՔՆԵՐ ՉԵՆ ՏԱԼԻՍ,

ԻՍԿ ԻՄ ՔՆՔՈՒՇ, ՆՈՒՐԲ ՄԱՅՐԻԿԻՆ,

ԻՆՉ ՈՐ ՄԵԿԸ՝ ՏԱՏԻԿ ԱՆՈՒՆՆ Է ՏԱԼԻՍ:

ՓՈԽՎԵԼ Է ԻՄ ՇՈՒՐՋԸ ԱՄԵՆ ԻՆՉ....

ԱՄԵՆ ԹԵԹԵՎ ՄՏՔԻ ՎՐԱ ԷԼ ՉԵՄ ԾԻԾԱՂՈՒՄ,

ԱՄԵՆ ՍՏԱՑԱԾ ՆՎԵՐԻՑ, ՉԵՄ ԵՐՋԱՆԿԱՆՈՒՄ,

ԱՄԵՆ ՄԵԿՆԱԾ ՁԵՌՔ, ԵՍ ԷԼ ՉԵՄ ՍԵՂՄՈՒՄ,

ԱՄԵՆ ԱՍՎԱԾ ՔԱՂՑՐ ԽՈՍՔՈՎ, ԷԼ ԵՍ ՉԵՄ ՏԱՐՎՈՒՄ:

ՓՈԽՎԵԼ Է ԻՄ ՇՈՒՐՋԸ ԱՄԵՆ ԻՆՉ....

ՈՒՇ ԵՄ ՔՆՈՒՄ.....ՎԱՂ ԱՐԹՆԱՆՈՒՄ....

ԽՈՐՐՀՈՒՐԴ ԵՄ ՏԱԼԻՍ, ՈՒ ՈՉ ԹԵ ԱՌՆՈՒՄ:

ՓՈԽՎԵԼ Է ԻՄ ՇՈՒՐՋԸ ԱՄԵՆ ԻՆՉ....

ՄԵԾԱՑԵԼ ԵՄ ԳՈՒՑԵ... ՄԻ ՔԻՉ...