top of page

Մարտի 16-ի ժամը 17:00-ից մեկ ամսով արտակարգ դրություն է հայտարարվում. ինչ է այն ենթադրում



Հայաստանի կառավարության արտահրթ նիստում Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ընթերցեց Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին կառավարության որոշման նախագիծը:


Ըստ այդմ, որոշում կայացվեց, որ այսօր՝ ժամը 17։00-ից մինչեւ ապրիլի 16-ը՝ ժամը 9։00-ը Հայաստանի Հանրապետությունում  հայտարարվում է արտակարգ դրություն: Արտակարգ դրությունը պայմանավորված է կորոնավիրուսի վարակով:


Որոշում կայացվեց ստեղծել պարետատուն եւ պարետ նշանակել փոխվարչապետ Տիգրան Ավինյանին։


Ներկայացնում ենք արտակարգ դրության մանրամասները.


Անցակետով թույլատրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք: Անցակետով արգելվում է այն անձանց մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք, որոնք Հայաստանի Հանրապետության տարածք են մուտք գործում Առողջապահության նախարարի հրահանգով սահմանված համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրների (տարածքների) ցանկում ներառված երկրներից (տարածքներից), բացառությամբ`

1) դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների.


2) այն դեպքերի, երբ պարետի որոշմամբ, հաշվի առնելով այդ երկրներում (տարածքներում) համաճարակային իրադրության իրավիճակը, թույլատրվում է սույն կետով նախատեսված երկրների (տարածքների) ցանկում ներառված երկրներից (տարածքներից) անձանց մուտք գործելը.


3) պարետի որոշմամբ` այլ առանձնահատուկ դեպքերի:


Ցամաքային սահմանի անցակետով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ելքը արգելվում է, եթե այլ բան նախատեսված չէ սույն հավելվածով:


Անցակետով անձանց՝ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո անհապաղ կատարվում է հատուկ զննություն վարակի ախտանիշների բացահայտման նպատակով, ախտանիշների առկայության դեպքում իրականացվում է հոսպիտալացում, մեկուսացում (ինքնամեկուսացում) և (կամ) այլ սահմանափակող միջոցառումներ: Անցակետով անձանց՝ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո բժշկական զննություն անցնելուց, հոսպիտալացումից, մեկուսացումից (ինքնամեկուսացումից) և (կամ) այլ սահմանափակող միջոցառումներից հրաժարվելու դեպքում անձինք կարող են ժամանակավորապես մեկուսացվել պարետի կողմից սահմանված համապատասխան վայրերում` հետազոտման, բուժման և վարակի տարածումը կանխելու նպատակով:


Առողջապահության նախարարի հրահանգով սահմանված` համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրների ցանկից ժամանած անձինք պետք է տեղափոխվեն հատուկ նախատեսված կարանտինային վայրեր կամ նրանց կարող է հրահանգվել անցնել ինքնամեկուսացման: Ինքնամեկուսացումը հիվանդի կամ հիվանդի հետ շփված անձանց (կոնտակտավորների) առանձնացումն է իր մշտական բնակության կամ իր նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի տարածումը կանխելու նպատակով:


Պարետի ցուցումով Հայաստանի Հանրապետության համապատասխան համայնքի (համայնքների) վարչական սահմաններում կարող են կիրառվել հետևյալ սահմանափակումները`


համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ` բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման դեպքերի, ինչպես նաև պարետի ցուցումով` արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների վերացման և այլ հրատապ հարցեր լուծելու անհրաժեշտությունից ելնելով կատարվող մուտքերի և ելքերի.

անձանց մեկուսացում (ինքնամեկուսացում) իրենց մշտական բնակության կամ գտնվելու վայրում կամ իրենց նախընտրությամբ` մեկ այլ վայրում, ազատ տեղաշարժի նորմավորում, և նրանց նկատմամբ անհրաժեշտ հսկողության իրականացում.

սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների իրականացում անձանց մշտական բնակության կամ գտնվելու վայրում.

անձանց մոտ վարակի առկայության կասկածի կամ դրա հայտնաբերման դեպքում անձանց տեղափոխում հատուկ նախատեսված կարանտինային վայրեր կամ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ.

տրանսպորտային միջոցների զննում, դրանց մուտքի և ելքի արգելք:

Համապատասխան համայնքի վարչական սահման մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմից բխող միջոցառումների իրականացումն ապահովում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները (այսուհետ` Ոստիկանություն), Հայաստանի Հանրապետության առողջապահության, արտակարգ իրավիճակների նախարարությունների, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, մարզպետարանի և համայնքապետարանի ներկայացուցիչները, իսկ պարետի ցուցումով` նաև պետական կառավարման համակարգի այլ մարմիններ:


Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու համար կարող են տեղադրվել հատուկ անցակետեր և զննման կետեր: Անցակետերում և զննման կետերում բժշկական հսկողությունն ու զննությունը կարող են իրականացվել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձանց (բուժանձնակազմի), Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և պետական կառավարման համակարգի այլ մարմինների ներկայացուցիչների կողմից: Անցակետերում և զննման կետերում անվտանգության և ռեժիմի պահպանությունն ապահովում է Ոստիկանությունը:


Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արգելվում է հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը:


Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է հանրային միջոցառումների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցությունը:


հանրային միջոցառումներ են 20 և ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող հետևյալ միջոցառումները.


կրոնական, ծիսական միջոցառումները.

համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները և սպորտային, մշակութային, կրթական այլ միջոցառումները.

ժամանցային միջոցառումները.

տոնական և հիշատակի միջոցառումները, ներառյալ, բայց չսահմանափակվելով` ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության), թաղման միջոցառումները.

պարետի ցուցումով որպես հանրային միջոցառում որակված այլ միջոցառումներ:

Պարետի ցուցումով համապատասխան համայնքներում արգելվում է հանրային սննդի օբյեկտների, առևտրի և զվարճանքի բազմաֆունկցիոնալ կենտրոնների գործունեությունը: Արտակարգ դրության ողջ ընթացքում դադարեցվում է պետական, համայնքային և ոչ պետական հանրակրթական (այդ թվում՝ նախադպրոցական), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններումներում, արտադպրոցական դաստիարակություն իրականացնող (մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոններ, երաժշտական, նկարչական և արվեստի դպրոցներ, ակումբներ, մարզադպրոցներ, առողջարարական ճամբարներ և արտադպրոցական դաստիարակություն իրականացնող այլ կազմակերպություններ) կազմակերպություններում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գործող միջազգային ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը, բացառությամբ այն ուսումնական հաստատությունների, որոնք ունեն հեռավար ուսուցման հնարավորության:

Բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող կազմակերությունները (անկախ սեփականության ձևից) բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացնում են` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ցուցումները:

Սահմանափակումներ են նախատեսվում նաև Զինված ուժերում ու քրեակատարողական հիմնարկներում:

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page