Մեղավորը

16.12.2020

Միթե ես ունեի Արցախի տարածքային ամբողջությունն ու անվտանգությունը ապահովելու բավարար հնարավորություն, դեկտեմբերի 16-ի իր ուղերձում հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա ասել է, որ գաղտնիք չէ, թե փաստացի որտեղից է կառավարվում Արցախի պաշտպանական բանակը եւ որքանով է Արցախի նախագահը ներգրավված այդ գործընթացում: Նա նշել է, թե արել է առավելագույնը՝ սահմանադրական իրավասությունների եւ իրական կյանքում գործառութային կոշտ սահմանափակումների տարբերության պայմաններում:

Այդպիսով, Արայիկ Հարությունյանը պատերազմի ընթացքի պատասխանատվությունը դնում է Հայաստանի ղեկավարության, վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա: Նա իրավացի է եթե ոչ ամբողջությամբ, ապա զգալիորեն: Միեւնույն ժամանակ, այդ հանգամանքն ամենեւին չի հանում հարցերը այն գործառույթների իրականացման արդյունավետության առնչությամբ, որ թե դե յուրե, թե դե ֆակտո ուներ Արցախի նախագահը: Հետեւաբար, պատերազմի ընթացքի համար պասխանատվության հարցը բաց է: Նիկոլ Փաշինյանն ունի պատասխանատվության իր առաջնային բաժինը՝ որպես Գերագույն գլխավոր հրամանատար, բայց պատասխանատվության իր բաժինն ունի նաեւ Արցախի նախագահը:

Ի վերջո, չի կարող լինել այնպես, որ նախագահի պաշտոնում հանդիսավոր երդման ժամանակ ամեն ինչ կարգին է, իսկ պատերազմի ժամանակ՝ ոչ:

Մյուս կողմից, Արայիկ Հարությունյանը շոշափում է խնդիր, որ խոսակցությունների մակարդակում արծարծվեց նաեւ ապրիլյան քառօրյայից հետո: Ապրիլյան քառօրյան հայկական պետություններն առերեսել էր դե յուրե եւ դե ֆակտո իրականությունների տարբերության՝ պատերազմական ժամանակ առաջացնող խնդիրներին:

Գուցե այդ խնդիրները լուծելուն պետք է ուղղված լիներ այն ռազմա-քաղաքական պայմանագիրը, որի մասին Սերժ Սարգսյանը հայտարարեց քառօրյայի ժամանակ ԵԱՀԿ դեսպանների հետ հանդիպմանը, որը սակայն այդպես էլ չիրականացվեց: Միաժամանակ, Արայիկ Հարությունյանի հայտարարությունը առաջացնում է հարց՝ արդյոք նա այժմ Երեւանի առաջ դնում է դե յուրե եւ դե ֆակտո լիազորությունների եւ գործառույթների խնդիր, Երեւանի հետ այդ քննարկումներում իրեն «անկախ» զգալով Արցախում ռուսական ռազմական ներկայությամբ, ռուսական առաջիկա ծրագրերի համատեքստում:

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan.Online-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ yvnonline@gmail.com

Գլխավոր խմբագիր՝ Աննա Սարգսյան