19.09.2023

Արցախի դեմ լայնածավալ գրոհը սկսվեց սեպտեմբեր 17-ի նողկանքից անմիջապես հետո: Ունենալով ռուս-թուրքական ազդեցության ֆորմալ տեսակետից միանգամայն լեգիտիմ ագենտ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, Հայաստանի ոչնչացմամբ շահագրգիռ կողմը ձեռնարկեց գրոհ Արցախի վրա, որին պիտի հետեւի ՀՀ չսահմանազատված սահմանագծի վրայով առաջխաղացումը երկրի խորք՝ Երեւանի պաշարումով:
Այս հիրավի աղետալի պատկերը ամենեւին անսպասելի չէ եւ բազմիցս նշվել է իբրեւ ամենահավանական սցենար: Առաջին երեք նախագահների, հատկապես դրանցից երրորդի անմիջական մասնակցությամբ իրականացված «Նիկոլ-2018» օպերացիան նպատակ ունի հենց այս հանգուցալուծումը: Միջազգային ընդհանուր եւ, մասնավորապես, շրջանային դրույքները չափազանց բարձր են, իսկ ՀՀ ղեկավարության 30-ամյա «մենք ոչինչ ենք, մեզ ձեռք մի տվեք» այսպես կոչված դոկտրինը մնացել է անփոփոխ: Սեպտեմբեր 15-ին վարչապետ Փաշինյանը վերահաստատեց այն, փաթեթավորելով «Հայաստանը չպիտի պրոքսի լինի» իրեն հատուկ հերթական իդիոտիզմով:
Միջազգային կյանքը չի ընդունում վակուում: «Մենք ոչինչ ենք» կարգախոսը նշանակում է հենց այդպիսի վակուում, որին մեծ հաշվով համաձայն է 10 միլիոն հայ հանրության ճնշող մեծամասնությունը: Ցեղասպանությունը, դավադիր պատերազմները այդ վակուումի անընդունելիության հետեւանքներն են:
Միջազգային հանրությունը, որն իրականացնում է միջազգային անցուդարձը, հետեւելով վերջինի բնական, անշրջանցելի կանոններին, մերժում է հայկական վակուումը: Եւ փոխարինելու է այն գիշատիչ, բայց գոնե հասկանալի բնազդներով առաջնորվող ցապար, թուրք, կամ մեր հանրության առավել սիրելի «ադրբեջանցի» անվան տակ հանդես եկող ցեղախմբերով:
2015-2016 թվականներին Մոսկվայից Երեւան ետեւ-ետեւի ժամանող փորձագիտական խմբերը փորձում էին պարզել՝ ինչ են ուզում հայերը: Եւ պարզեցին. հայրենակիցների կաշին քերթող վերնախավը՝ փող, իսկ ստորոտում գտնվողները՝ ուրախ-զվարթ բալագան: Ուրիշ ոչի՞նչ, այո ոչինչ: Ոչինչ էլ կստանանք:
Ավելի ճիշտ՝ ոչնչացում, եթե չսթապվենք օտարի կայսրական թեւի տակ ապրելու ու կոտորվելու սովորությունից: Առկա վերնախավը ագահ, բութ եւ շատակեր մարդուկներից է բուծվել նախ Մոսկվայում՝ այնուհետեւ Անկարայում: Նույնը վերաբերում է մամուլի 99 տոկոսին՝ ծախու եւ ապաշնորհ մի ամբոլջ բանակի, որ թշնամական պատվերով, 30 արծաթի դիմաց, օրնիբուն լվանում է հանրության ուղեղները թորքական եւ ռուսական ժավելաջրով:
Հայ բոմոնդի պերսոնաժները անհետաքրքիր են արտաքին աշխարհի համար: Անհետաքրքիր է մեր մեծ ազգը, որը դարերի փառահեղ բարձունքից գահվիժում եւ աչքի առաջ մանրանում, դառնում է 10 միլիոն բնածին կրետին «նիկոլ»: Կա՞ն ոչ նիկոլներ, թող առաջ գան, ամեն բան շտկելի է կամքի առկայության դեպքում: