top of page

Մեր խեղճուկրակ կինոն

06.06.2020, ԵՐԵՎԱՆ

Թվում է, թե մենք վաղուց արդեն պիտի ըստ ամենայնի ներկայացնեինք ցեղասպանության թեման հայկական ֆիլմերում՝ հենվելով հարյուրավոր վերապրածների հուշերի ու վկայությունների վրա։ Գրական ստեղծագործություններն էլ բազմաթիվ են ու բազմաբնույթ։ Սակայն մեր տառապյալ ժողովրդի ճակատագրին առնչվող հզոր ու դաստիարակչական ֆիլմի սպասելիք չենք կարող ունենալ, ցավոք։

Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին լծված մեր ժողովրդի համար այդ կարևորագույն թեման առայժմ արծարծելն անգամ հղի է պարտությամբ գաղափարախոսական դաշտում։ Հզոր ռեժիսորների և բազմահմուտ սցենարիստների մի ամբողջ փաղանգ է պետք այդ մեծ թեմային անդրադառնալիս։ Առայժմ չունենք այդպիսի փաղանգ... Այս պահին ոչ մեծ ռեժիսոր ունենք՝ հմուտ ու զարգացած, փաստերին քաջատեղյակ, և ոչ էլ խելքը գլխին սցենարիստ (վկա մեր ցածրաճաշակ սերիալները)։ Դրսում նկարված մի քանի ֆիլմերն էլ ասելիքն ապահովել են՝ շնորհիվ համաշխարհային հռչակ ունեցող դերասանների փայլուն խաղի։ Բայց ՀՀ-ն այս պահին շատ հեռու է պատմական անցքերրն ըստ ամենայնի լուսաբանող իսկական կինեմատոգրաֆ ունենալու հեռանկարից։


Պրն Անանյան, վերցնենք, օրինակ, Ձեր նշած՝ «Մարդու ճակատագիրը» հրաշալի ֆիլմը, որով բազում սերուդներ են դաստիարակվել։ Շոլոխովի պատմվածքը հիանալի ֆիլմի վերածելու համար Բոնդարչուկի ռեժիսորական և դերասանական հզոր տաղանդն էր անհրաժեշտ ունենալ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին վրացիների նկարած հոգեբանական փայլուն ֆիլմը՝ «Զինվորի հայրը», նույնպես հրաշալի էր՝ փայլուն ռեժիսուրայով և դերասանական խաղով։ Մերոնց նկարած «Զինվորն ու փիղը» արդյո՞ք համարժեք էր՝ թեկուզ և Մհեր Մկրտչյանն էր գլխավոր դերում։


Բայց չէ՞ որ 600 հազար հայ երիտասարդի պատերազմ ճանապարհած ՀԱՅ ՄԱՐԴԸ ավելին կարող էր ակնկալել իր կինեմատոգրաֆիստներից։


Մի խոսքով՝ ցավալի իրողություն է, որ պատմական անցքերին անդրադառնալու շնորհք հայ կինեմատոգրաֆն առայժմ չունի։ Հայ մարդուն առայժմ 19-րդ դարի վեպերը նորովի ներկայացնելու ճաշատեսակն է միայն հրամցվում՝ ապացուցելու համար, որ մարդկային թուլություններն ու բարոյականությունը վերջին 150 տարում նույնն են։ Վատ չէ, իհարկե։ Բայց հիմա ո՞վ պիտի ֆիլմեր ստեղծի մեր չքնաղ էպոսի՝ աշխարհի ամենաշքեղ ազգային դյուցազներգության թեմայով՝ հզոր սերունդ ու քաղաքացի դաստիարակելու առաքելությամբ։ Փարաջանով առաջիկայում հազիվ թե ունենանք...


ՋԵՄՄԱ ԲԱՌՆԱՍՅԱՆ

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page