top of page

Մի քանի հարյուր զինվոր կեսգիշերին հրատապ տարհանվել է Արցախից

  • 3 авг. 2022 г.
  • 2 мин. чтения

03.07.2022

Երեկ երեկոյան Արցախի զորամասերում միանգամից խուճապային իրարանցում է սկսվել. հրամկազմը դիրքապահ ժամկետային զինծառայողներին տագնապ է տվել՝ արագ հավաքվել ու իջնել զորամաս․ հայտնել են, որ վաղաժամ զորացրում են:


Գիշերն ավտոբուսները արագ կազմակերպված մոտեցել են զորամասերին, որպեսզի հնարավորին շուտ ու աննկատ զորքին տեղափոխեն Հայաստան: Կեսգիշերն անց տասնյակից ավելի ավտոբուսներ միաժամանակ ճամփա են ընկել, ու, ինչպես զինվորներից մեկը Yerevan.Today-ի հետ զրույցում իրավիճակը նկարագրեց, այս գիշեր նոյեմբերի 10-ի լուսաբացի տեսարանն է կրկնվել իրականում։ Բերձորի ճանապարհը, ասում է, վերածվել էր Դեր Զորի գաղթի ծանր ու դաժան ճանապարհին:


Գիշերը զորքը բերվել է Երևան, «Բանվորի արձանի» մոտ իջեցրել են, խուճապային վիճակից ելնելով՝ ոչ բոլորի ծնողներին են հասցրել տեղեկացնել, որ «Բանվորի արձանի» նախկին տեղում դիմավորեն վաղաժամ զորացրված զավակներին: Զինվորների մեծ մասը, ասում են, լուռ, անհաղորդ ու անտրամադիր տեղավորվել են մայթեզրերին ու լուսաբացը դիմավորել Երևանում:


Yerevan.Today-ը կապ հաստատեց Կոտայքից, Արարատից վաղաժամ զորացրված զինվորների և նրանց հարազատների հետ․ հաստատեցին տեղեկությունը: Ընտանիքներում ուրախ էին, որ ողջ ու առողջ դիմավորել են իրենց զավակներին, բայց տագնապած էին, որ զորացրման ժամկետներ են խախտվել, ժամանակից շուտ և հարկադրաբար իրենց որդիներին ուղարկել են տուն: «Շոկի մեջ ենք, Մեկս օգոստոսի 11-ին, մյուսը օգոստեսի 16-ին էինք ռեստորան վերցրել, բեհ տվել ենք, որ բանակի քեֆ անեինք։ Բայց հիմա եկել են տասն օր շուտ ու պարզ է, որ Ալիևն է այդպես ցանցակել․.. Լարված վիճակ է, մեր տղերքին դիրքերից իջեցրել ուղարկել են տուն, որ Արցախը թևաթափ անեն, անպաշտպան մնա Արցախը»,- ասում են:

Փաստորեն, Ալիևն իրավիճակի տերն է... Այս գիշեր Արցախը լիովին դատարկվեց մեր զորքից: Զինծառակողներն իրենց ականջին հասածն էին փոխանցում՝ հաստատակամորեն պնդելով, որ հայկական իշխանությունը հերթական ու ծանր զիջումն արեց հենց այս գիշեր՝ մերկացրեց ու թուլացրեց Արցախը:


«Ադրբեջանը օգոստոսի 1-ին ժամանակ էր տվել, բայց հայկական բանակը մնաց իր դիրքերում, թշնամին օգոստոսի 2-ին հասկացավ, որ իրավիճակը պետք է սրել։ Տղերքից պատմում էին վերջին օրերին տարբեր ուղղություններով դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձերի, առանց կրակոցների ելումուտ անելու սադրանքների մասին: Պարզվում է՝ օգոստոսի 2-ին «դեդլայնի» հրահանգը հայկական իշխանությունն ընդունեց ի գիտություն, ու մեզ վախեցնում էին՝ խուճապ տարածելով, թե զորքին տարհանում ենք, որ նորից սեպտեմբերի 27 չսկսվի: Սա է իրականությունը։ Արցախը դատարկեցին, որ տանք թուրքին։ Ու դա իրականում արվեց առանց բանակցելու։ Արեցին մի քանի ժամում։ Չգիտեմ՝ ով ում պիտի պատասխան տա էսքան զիջումների համար»,- ասաց մեր զրուցակիցը։

Yerevan.Today-ն այս ամենի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար դիմեց ՀՀ ՊՆ, սակայն մինչ այս պահը պատասխան չենք ստացել։

Սյուզի Բադոյան

 
 

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Mag.-ը հայկական ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page