Մհեր Մկրտչյանի լեգենդը

07.07.2020, ԳՅՈՒՄՐԻ

Եթե քո չարությանը չարությամբ պատասխանեմ, ապա ո՞րն է իմ ու քո տարբերությունը...

Մհեր Մկրտչյան


Մի անգամ Ֆրուզիկ Մկրտչյանը գնում է Մարտիրոս Սարյանի արվեստանոց։ –Ա՛յ տղա, բնիկ որտեղացի՞ ես…,–հարցնում է Սարյանը։

–Դժվարանում եմ ասել, Վարպե՛տ։ Հայրս մշեցի է, մայրս՝ վանեցի, ծնվել եմ Գյումրիում, ապրում եմ Երեւանում,–պատասխանում է Ֆրունզը։

–Ուրեմն դու իսկական հայ ես։ Մի երկու անգամ բեմում քեզ տեսել եմ՝ էնտեղ էլ հայ ես, որ կաս… Հա, ա՛յ տղա, անունդ ո՞վ է դրել, մշեցի ու վանեցի ծնողնե՞րդ… Չէ, անունդ փոխի՛ր… Մհեր դիր… Բայց Փոքրի պես ժայռում չփակվես, ժողովրդիդ հետ եղիր, նրանով ապրիր, մեծացիր…

Հայ թատրոնի եւ կինոյի ականավոր դերասան Մհեր Մկրտչյանն այսօր կդառնար 90 տարեկան։ Նրա մասին Սոս Սարգսյանն ասել է. «Նա այն մեծությունն էր, որի առաջ պետք էր խոնարհվել»։ Քիչ չեն մեր մեծանուն դերասանները, սակայն շատ քչերն են արժանացել ժողովրդի համընդհանուր սիրուն։ Մհեր Մկրտչյանն այդ եզակի արտիստներից է…

«Մեր ընտանիքում տիրում էր ջերմությունը, այն գալիս էր հորս եւ մորս կենսագրությունից... Ոչ մի ուժ չէր կարող մեզ բաժանել։ Ընտանիքով ապրում էինք Մուշով, Վանով, Վանա լճով եւ Արեւմտյան Հայաստանով»,— ասել է Մհեր Մկրտչյանի եղբայրը՝ անվանի ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը։ Սակայն մանկության անհոգ տարիներն այդպես էլ չեղան։ Մհեր Մկրտչյանը երազում էր փայլուն հեծանիվ ունենալու մասին. «Ժամերով կանգնում էի խանութի ցուցափեղկի առաջ ու նայում... երազումս էլ էի տեսնում»։ Եվ ահա նրա երազանքն այնքան մոտ էր, որ ծնողները որոշել են գնել այդքան սպասված երազանքը. «Դրամապանակից հանեցի փողը եւ ամուր սեղմեցի ափիս մեջ. այդպես երազանքս ասես ավելի մոտ էր թվում ինձ»։ Սակայն խանութի ցուցափեղկին հետեւյալ գրությունն էր. «Փակ է պատերազմի պատճառով»։ Տարիներ հետո մանկության անկատար երազանքը հաճախ էր հիշում Մհեր Մկրտչյանը, երբ որդուն նվիրում էր իր փափագած փայլուն, կարմիր, կանաչ հեծանիվները. «...Տղաս, մեկ—երկու րոպե քշելով, գնում էր «կռիվ—կռիվ» խաղալու։ Ու մի անգամ ես բարձրացրի հեծանիվը, նստեցի ու քշեցի հենց սենյակում... Հասկացա մի պարզ բան. մարդ ամեն ինչ պիտի ստանա ժամանակին՝ ե՛ւ օրորոցայինը, ե՛ւ առաջին հեծանիվը...»։

Մհեր Մկրտչյանը դարձել է կինոմեխանիկի աշակերտ, հաճախել է ինքնագործ թատերական խմբակ։ Սակայն հայրը չէր ցանկանում որդին դերասան դառնար։ Մի անգամ, երբ Մհեր Մկրտչյանը հերթական անգամ բեմում խաղում էր, հանկարծ հանդիսատեսի ուշադրությունը սեւեռվել է մուտքի դռան կողմը։ Մհեր Մկրտչյանի հայրն էր՝ եկել էր որդու խաղը դիտելու։ Ընտանիքն անհանգիստ էր, ինչպես նաեւ հանդիսատեսը։ Այն, որ Մուշեղ Մկրտչյանը դեմ էր որդու դերասան դառնալուն, հայտնի էր բոլորին։ Նա կանգնել եւ լուռ հետեւել է տղայի խաղին, ապա հեռացել։


Թատրոնից տուն վերադառնալով՝ երեխաները վախվորած վերմակի տակ են թաքնվել՝ սպասելով իրենց հոր վերադարձին։ Հայրը եկել, լուռ պառկել է Մհեր Մկրտչյանի ոտքերի տակ։ Այդ առիթով Ալբերտ Մկրտչյանն ասել է. «Այդ օրվանից Ֆրունզը դարձավ դերասան»...

Մհեր Մկրտչյանը նվիրվում է թատրոնին։ Մի քանի տասնյակի հասնող դերերն արժանացել են հանդիսատեսի անզուսպ ծիծաղին՝ միեւնույն ժամանակ կորզելով արցունքներ։ Նա այնպիսի հմտությամբ է ողբերգականից անցում կատարել կատակերգության, որ հանդիսատեսը զգացել է միայն խաղի հետեւանքները։ «Ես ուզում եմ մարդկանց ժպիտով լուրջ բաներ ասել»,— պատահական չէին դերասանի այս խոսքերը։ Նրա խաղի հոգեբանությունն էր սա՝ «կատակում» է վիշտը։ Նրա տարաբնույթ դերերը դժվար է ժանրայինի տարանջատելը։ Յուրաքանչյուր կերպարում խտանում էին բոլոր խաղային ոճերը, եւ ամենակարեւորը՝ նրա հերոսին հանդիսատեսը հավատում էր։

«Պատվի համար» ներկայացման մեջ մարմնավորում էր Անդրեաս Էլիզբարյանի դերը։ Ժամանակակիցները պատմում են, որ Էլիզբարյան—Մկրտչյանը չէր կարողանում կրակի տալ փաստաթղթերը։ Նա երկմտում էր հանցանքը կատարելիս՝ սիրում էր աղջկան, մյուս կողմից՝ փողերի մոլուցքը։ Ի վերջո, հաղթում է փողը, սակայն անգամ փաստաթղթերն այրելուց հետո Էլիզբարյան—Մկրտչյանին տանջում էր խիղճը։ Նրա խաղային կառույցը հոգեբանական լուծումներով էր, որով ազդեցիկ էր դառնում կերպարը։ «Դերասանը պիտի կարողանա ամեն ինչ խաղալ։ Դերասանը ներկայացնում է մարդուն, իսկ մարդու էության մեջ ե՛ւ լաց կա, ե՛ւ ծիծաղ, ե՛ւ հումոր».–Մհեր Մկրտչյանի այս «բեմական ճշմարտությունը» բարձրացել է նաեւ էկրան։

Հայ կինեմատոգրաֆիայի հաջողությունը մեծապես կապվում է այս դերասանի հետ։ «Խոշոր շահում», «Մեր մանկության տանգոն», «Կտոր մը երկինք», «Միմինո», «Մենք ենք, մեր սարերը»... Ֆիլմեր, որոնցում արտահայտվեց Մհեր Մկրտչյանի ստեղծագործական ողջ ներուժը։ Նրա արվեստի հրապույրը աչքերն էին, որը լավագույն կերպով արտահայտվեց կինոյում։ Եթե թատրոնի տարածության մեջ երբեմն չես կարողանում որսալ դերասանի հայացքը, ապա «խոշոր պլանով» տեսանելի դարձան կատակերգակի թախծոտ, խոհուն, մտածկոտ աչքերը։ «Դերասանի արվեստի ամենամեծ գործիքը աչքերն են, աչքերը»,–գուցե, Մհեր Մկրտչյանի խոսքերը հենց իրեն էին ուղղված…

…Պատերազմը չի խնայում ոչ ոքի։ Դա լավ գիտեր փոստատար—Մհեր Մկրտչյանը, ով ստիպված էր սեւ թուղթը չորրորդ անգամ հանձնել որդեկորույս մորը, բայց ինչպե՞ս։ Փոստատար Նիկոլը շրջում էր շուկայով՝ «գինին լավն էր, տնական», բայց ինչո՞ւ մոռացնել չէր տալիս «սեւ թուղթը»։ Դառը ծիծաղը փոխվում էր բողոքի՝ Կորյունը մահացավ, այն մյուսն էլ, այն մեկն էլ, օր օրի «սեւ թղթերից» ծանրանում էր փոստատար—Մկրտչյանի պայուսակը, իսկ առեւտրականը գինի էր վաճառում։ Փոստատարի նյարդերը տեղի են տալիս, նա վիճում էր, բղավում, հրմշտում, բայց դրանից չէր թեթեւանում ո՛չ իր հոգին եւ ո՛չ էլ «պայուսակը»։ Մտամոլոր քայլերը ու՞ր էին տանում, չգիտեր, միայն ոչ «սեւ թղթերի» հասցեատերերի մոտ...։ «Մի՛ խմի, Նիկոլ, քեզի կըսեմ մի՛ խմի, Նիկոլ»,–Մուշեղ—Շահում Ղազարյանի սթափեցնող հարվածը չէր կարող օգնել փոստատարին։

«Ինձի ձեռ չտա՛ս, Աստծուն կըսե՛մ»,–այդ բողոք—բղավոցը Մուշեղի դեմ չէր...։ «Դու կըրնա՞ս սեւ թուղթ բաժնել»,— փոստատար—Մհեր Մկրտչյանի հարցում թաքնված էր զայրույթը, ինչո՞ւ նա կարող էր... Փոստատար—Մկրտչյանը գառան աչքերի մեջ նայելով ինքն էր դառնում «քավության նոխազը»։ Նա նայում էր մթագնած հայացքով, թեեւ որքան էլ ջանար՝ գիտակցությունը չէր մթագնում...։ Նա ուտում էր «սեւ թուղթը» հոգին թեթեւացնելու մխիթարանքով, որ այլեւս աչքերը չտեսնեն չարաբաստիկ գրությունը, բայց զուր էր ամեն բան...

Մհեր Մկրտչյան կատակաբան դերասանը «Հին օրերի երգը» ֆիլմում կերպարանափոխվել էր հուզական, դրամատիկական տրամադրությամբ։ Նրա արվեստում որտեղ է վերջանում կատակերգությունը, եւ որտեղից է սկսվում ողբերգությունը՝ դժվար է ասել, գուցե եւ պե՞տք չէ տարանջատել…

Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan.Online-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ yvnonline@gmail.com

Գլխավոր խմբագիր՝ Աննա Սարգսյան