top of page

Մհեր Սեդրակյանից և մտերիմներից 2,5 մլն ԱՄՆ դոլարի 23 անշարժ գույք են ցանկանում բռնագանձել, նա դեմ է

27 мая 2023 г.
2 мин. чтения

27.05.2023

Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի ու նրա ընտանիքի անդամների դեմ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության հայցադիմումի քննությունը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով, գրում է Հետքը: Դատախազությունը Սեդրակյաններից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք կամ դրանց շուկայական արժեը, 1 ավտոմեքենա, 8 իրավաբանական անձում մասնակցության իրավունք և 10 մլրդ 40 մլն դրամ գումար:


Հայցադիմումը ներկայացվել է Մհեր Սեդրակյանի, կնոջ՝ Շուշանիկ Աֆյանի, որդու՝ նախկին պատգամավոր Դավիթ Սեդրակյանի, և վերջինիս կնոջ՝ Ելիզավետա Մարգարյանի դեմ:


Դատախազությունը ներկայացրել է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների պողոտայում գտնվող հողակտորի շուկայական արժեքի, Սասունցի Դավիթ փողոցում գտնվող 2 անշարժ գույքերի, Դավիթ-Բեկի փողոցում գտնվող 3 անշարժ գույքի, Գաջեգործների 1-ին փողոցում գտնվող անշարժ գույքի, Տիգրան Մեծի պողոտայի նրբանցքում գտնվող 6 անշարժ գույքերի, Գաջեգործների փողոցի անշարժ գույքի, Եկմալյան փողոցի 1/1-րդ շենքում գտնվող 6 տարածքների, Մ. Խորենացու փողոցում գտնվող անշարժ գույքի, Բագրատունյաց փողոցում գտնվող անշարժ գույքի, Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի Զովունի գյուղում գտնվող անշարժ գույքի բռնագանձման պահանջ:


Դատախազությունը պահանջում է բռնագանձել նաև 1 տրանսպոտրային միջոց, 8 իրավաբանական անձում մասնակցության և 180 մլն դրամի չափով փոխառության պահանջի իրավունք:


Դատախազության դիրքորոշումն այն է, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի իմաստով վերը թվարկված գույքերը պատկանում են Մհեր Սեդրակյանին: Երեք իրավաբանական անձում մասնակցությունները՝ սեփականության իրավունքով, Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների պողոտայում գտնվող հողակտորն ուսումնասիրվող ժամանակահատվածում անհատույց փոխանցվել է այլ անձի, այսինքն, օրենքի իմաստով համարվում է Մ. Սեդրակյանին պատկանող գույք և ներկայացվել է գույքի շուկայական արժեքի բռնագանձման պահանջ:


Մյուս գույքերը ձեռք են բերվել Մհեր Սեդրակյանի որդու՝ Դավիթ Սեդրակյանի անվամբ: Մեկ իրավաբանական անձի բաժնեմասը և տրանսպորտային միջոցը ձեռք են բերվել Դավիթ Սեդրակյանի կնոջ անվամբ, իսկ փոխառությունը տրամադրվել է Մհեր Սեդրակյանի կնոջ կողմից: Դատախազությունը պնդում է, դրանց իրական շահառուն, այսինքն, ֆիզիկական անձը, որի անունից, օգտին կամ որի հաշվին իրականացվել է գործարքը (գործողությունը) Մհեր Սեդրակյանն է:

Առանձին գումարի մասով դատախազությունը պահանջել է Մհեր Սեդրակյանից բռնագանձել ավելի քան 8.6 մլրդ դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված՝ օրինական եկամուտներով չհիմնավորվող դրամի հանրագումար:


Մհեր Սեդրակյանի փաստաբան Ալեքսան Խաչատրյանից փորձեցինք ճշտել, թե ինչ դիրքորոշում ունեն ներկայացված հայցադիմումի վերաբերյալ:


«Բնականաբար չենք ընդունում հայցադիմումը, այսքան բան կարող եմ ասել: Հայցապահանջն անհիմն է»,- ասաց Ա. Խաչատրյանը:


Հիշեցնենք, որ Մհեր Սեդրակյանի դեմ քրեական գործ էր հարուցվել և մեղադրանք առաջադրվել՝ նախկին Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը):


Քննչական կոմիտեն հայտնել էր, որ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Մհեր Սեդրակյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի մի շարք հանգամանքներ: Մասնավորապես՝ Մհեր Սեդրակյանը, 1999-2008թթ. զբաղեցնելով Երևանի Էրեբունի համայնքի ղեկավարի պաշտոնը, դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները՝ վարչական պատասխանատվության միջոց չի կիրառել համայնքապատկան՝ Վարդավառի զբոսայգու տարածքում իր որդու և եղբոր կողմից ընդհանուր՝ 2782,55 քմ տարածքով շինությունների ինքնակամ կառուցապատում իրականացնելու համար՝ նպատակ ունենալով դրանք հետագայում պաշտոնեական դիրքի չարաշահմամբ ներառել վերջիններիս սեփականության ֆոնդում:

 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

bottom of page